2022.03.18,

Տեսակետ

«Բացատրական լրագրությունն ընթերցողին օգնում է չմանիպուլացվել»

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Բացատրական լրագրությունը լրատվական մեդիայի համեմատաբար նոր ալիքի արդիական ճյուղերից է։ Այն ժամանակատար է, երբեմն ծախսատար, բայց ինչպես «64»-ի Ջորջ Գոգուան է ասում՝ օգնում է մարդկանց մանիպուլյացիաների չենթարկվել։ 

Վրացական մեդիայի ունեցած ֆինանսկական խնդիրների ու բևեռացվածության  պայմաններում, հաշվի առնելով հասարակության հարցերն ու կարիքները, Գոգուան ու իր երկու թիմակիցները 2021-ի օգոստոսին ստեղծել են «64» բացատրական լրագրության  նախագիծը։ Այն մուլտիմեդիոն տեսանյութերով բացատրում է այս կամ այն երևույթը, հարցն ու խնդիրը։

Ջորջ Գոգուան Հայաստան էր ժամանաել «Թվապատում ԷկոնոմX» կոնֆերանսի շրջանակներում որպես բանախոս։ Նա պատմել է բացատրական լրագրության առանձնահատկությունների ու կարևորության, մարդկանց լսելու ու անսպառ տեղեկավական հոսքերի հետ ճիշտ աշխատելու մասին։ 

Ինչու՞ է բացատրական լրագրությունը կարևոր։

Դրա մասին շատ եմ կարդացել, երբ սկսում էինք մեր նախագիծը։ Բոլորը միշտ երկու բանի մասին են խոսում՝ ապատեղեկատվության ու բևեռացվածության։ Ամենից հաճախ տարբեր կազմակերպություններ ու լրատվականներ ապատեղեկատվության ու բևեռացվածության դեմ արշավներ են կազմակերպում։

Արդյունքում սկսում են պրոպագանդայի դեմ պրոպագանդայով պատասխանել, այդ պատճառով էլ արշավները չեն աշխատում։ 

Մարդիկ տարբեր երևույթներ հասկանալու կարիք ունեն։ Հենց այստեղ է օգնության գալիս բացատրական լրագրությունը։ Այն ոչ մի նոր բան չի անում և իրականում յուրաքանչյուր լրագրող պիտի նույնն անի։

Այս ժանրում մի կոնցեպտ կա, որը դրդում է քեզ խոսել այնպես, ինչպես կխոսեիր հինգ տարեկանի հետ, հետո դարձնես խոսքդ ավելի գրավիչ, հետաքրքիր ու ընդունելի։

Այն մարդկանց որևէ բան չի սովորեցնում, որովհետև ոչ մեկը չի սիրում խրատներ կամ դասախոսություններ լսել։ Նպատակն ընթերցողին գիտելիք տալն է, որպեսզի իրենք չմանիպուլացվեն։ 

Ե՞րբ եք հասկանում, որ հասել եք բուն նպատակին՝ ամբողջը լավագույնս բացատրելուն։ 

Դա շատ բարդ է հասկանալ։ Երբ ինչ-որ բան պիտի բացատրես, շատ տեղեկություններ ես հավաքում և որքան այդ տեղեկությունները շատանում են, ավելի ես հասկանում, որ ինչ-որ բան դեռ չգիտես։ Վերջապես, հավաքում ես այնքան ինֆորմացիա, որը դժվար է լինում մեկտեղել ու վրան կենտրոնանալ։

Նախևառաջ հենց կենտրոնանալ է պետք։ 

Օրինակ, մենք ուզում էինք պատվաստումների մասին հոլովակ պատրաստել, որովհետև Վրաստանում շատ հակավաքսերներ կան, որոնք նաև պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում պատվաստանյութերի ու դրանց ազդեցության մասին։

Ես երկու ժամ զրուցել եմ Իսպանիայում աշխատող վրացի կին պատվաստաբանի հետ։ Նա ամեն ինչ բացատրեց, ու ես հասկացա, որ դրանից ոչ թե մեկ, այլ երեք հոլովակ կստացվի, այլապես նյութի կենտրոնացումը կկորի։ Առաջինն ընդհանրապես պատվաստանյութերի ու դրանց աշխատանքի մասին էր, երկրորդն ամփոփում էր քովիդի դեմ պատվաստանյութերի մասին հարցերը, թե ինչու և ինչպես է այն այդքան արագ ստեղծվել, իսկ արդեն երրորդում խոսում էինք Վրաստանում հասանելի բոլոր չորս պատվաստանյութերի ու դրանց ազդեցության առանձնահատկությունների մասին։ 

Մեր աշխատանքային գործընթացը հետևյալն է․ սկզբում փորձում ենք կենտրոնանալ մի բանի վրա ու շատ չտատանվել, հետո ես գրում եմ տեքստ ու թիմով քննարկում այն։

Եթե թիմի անդամներից որևէ մեկը որևէ բան չի հասկանում կամ հարց է տալիս, նշանակում է՝ թերացել եմ։

Մենք գրում ենք այնքան, մինչև հասկանալի լինի բոլորի համար։ 

Ինչ եք կարծում, շա՞տ ռիսկային է օգտագործել ապատեղեկատվության զոհ դարձած հասարակության անդամների բարձրացրած հարցերը, որպեսզի հասկանաք՝ ինչ է պետք բացատրել։

Ե՛վ այո, և՛ ոչ։ Այո, եթե դու տեղեկություններ ես հավաքում այն մասին, որ իմանաս՝ ինչ հարցեր կան, որոնց պետք է պատասխանել։ Դա աշխատող տարբերակ է։ Սակայն երբեք այն չես կարող օգտագործել որպես լրատվական նյութ։ 

Հատկապես վրացական հեռուստաալիքները հիմա ինչ-որ խելագար փուլի մեջ են։ Նրանք սոցիալական ցանցերում բացիկատիպ հրապարակումներ են անում՝ տեքստով ու լուսանկարով ու հարցնում՝ ի՞նչ եք մտածում Պուտինի մասին, ի՞նչ եք ցանկանում Պուտինին կամ ի՞նչ եք կարծում, վաղը շաքարավազն ավելի՞ կթանկանա։

Ո՞րն է այս հարցերի նպատակը։ Մարդիկ այնքան տարբեր պատասխաններ են գրում, որոշներն անգամ հայհոյում են և այլն։

Արդյունքում, հեռուստաալիքները օգտատերերից ստանում են միայն ակտվիություն, ուրիշ ոչինչ։

Լրագրողական նյութ գրելիս պիտի մտածես՝ արդյո՞ք սրա կարիքը լրահոսում կա։ Եթե հարց եմ տալիս, ապա պետք է իմանամ, թե ինչպես կարող եմ դրանց պատասխաններն այնպես ներկայացնել, որ գրածս պատմությունն արժեք ունենա։ 

Ո՞րն է բացատրելու տեսանկյունից ամենաբարդ ոլորտը և ինչո՞ւ։

Կարելի է ասել՝ բոլորը։ Բացատրական լրագրությունը սկզբում շատ բարդ է լինում ու շատ ռեսուրսներ պահանջում։

Մենք նախագիծը սկսեցինք օգոստոսին, բայց դեռ 12 հոլովակ ունենք։ Ու, իսկապես, հարցը ոչ թե թեմաներն են, այլ գտածդ ռեսուրսները։

Ինտերնետի դարաշրջանում կարող ես համարյա ամեն ինչի պատասխանն էլ գտնել, բայց Վրաստանում շատ փորձագետներ չկան և թեմաների մեծ մասն անգամ քննարկված չէ։ 

Օրինակ, ի՞նչ է այս պահին տեղի ունենում սոցիալական մեդիայում, հիմա էլ Մետան է ստեղծվել, աշխարհը փոխվում է, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում։

Ես ուզում եմ բացատրել այս ամենը, բայց բոլորն ընդամենը եզրակացնելու են, իսկ ինձ եզրակացություններ պետք չեն։

Այնուհետև ես ավելի եմ խորանում ու վերջապես ինչ-որ տեղից գտնում ինչ-որ մեկին, ով ինչ-որ բան գիտի դրա մասին ու, հիմնվելով սեփական գիտելիքների վրա, կարող է վերլուծել։ Դա իր հետ մի նոր դժվարություն է բերում՝ մարդկանց գտնելն ու նրանց հասնելը։

Երրորդ դժվարությունը փաստերի միջև կապեր ու կորելացիաներ գտնելն է։ Եթե մի ոլորտի մասնագետ չես, կարող ես ինչ-որ բան սխալ հասկանալ կամ ասել մի բան, որը ճիշտ է, բայց ոչ այնքան։ 

Ո՞րն է ընդհանուր պատկերից ամենահաճախ բացակայող տեղեկությունը։ 

Հիմնականում կոնտեքստն է։ Մենք շատ փաստեր ունենք, ամենուր, որոնք կարելի է գտնել զուտ Ֆեյսբուքը թերթելիս։ «Ինչու՞» և «ինչպե՞ս» է որևէ բան տեղի ունեցել՝ այդ հարցերի պատասխաններն են գրեթե միշտ բացակայում։ Բայց դրանք միշտ կան, որովհետև ամեն ինչ պատճառ ունի։ Պատասխանները գտնելու ու հասկանալու համար պետք է ժամանակ տրամադրել։ 

Այս պահին ի՞նչ հարցերի պատասխանների կարիք ունի վրացի ժողովուրդը։

Այս պահին, այս իրավիճակում չափազանց կարևոր է բացատրել պատերազմը։

Այժմ մենք բացատրում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որովհետև այն ուղղակիորեն ազդելու է մեզ վրա ու դրա շուրջ մեծ քանակությամբ ապատեղեկատվություն կա։

Տեղեկությունը հաղորդելու երկու եղանակ կա․ առաջինը շրջանառվող հարցերը, հետո դրանց պատասխանները գտնելն է, երկրորդը՝ սեփական ուժերով հետաքրքրություն մտցնելն է մի թեմայի շուրջ, որը երբեք օրակարգում չի եղել, օրինակ՝ ինչպես է Սովետական միությունը ոչնչացրել վրացական գինին։

Երկրորդն ավելի հեշտ է, որովհետև գաղափարը քոնն է, դու ավելի սիրով ես խորանում, բայց դժվար է գրավել մարդկանց ուշադրությունը, հատկապես, երբ փոքր մեդիա ես։

Երբեմն մարդիկ ունեն այնպիսի տեղեկության կարիք, որ իրենք էլ չգիտեին այդ կարիքի մասին։ Այդպես ևս պատահում է, բայց, հիմնականում, կարիքներն ակնհայտ են։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *