2022.03.17,

Տեսակետ

«Ռուսաստանից հեռանում են ոչ միայն լրագրողները, այլև փորձագետները»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրագրող, հաղորդավար, տնտեսական խնդիրների մասին տարբեր շարքերի հեղինակ Մարգարիտա Լյուտովան վստահ է, որ տնտեսական գիտությունը կարող է լինել շատ հետաքրքրաշարժ ու օգտակար, քանի որ դա ոչ թե թվերի, աղյուսակների ու տնտեսական մոդելների մասին է, այլ մարդկանց։ 

Այդ գիտությունը պայմանավորում է մեր վարքագիծն ամեն րոպե, անգամ եթե մեզ թվում է, որ ոչինչ չգիտենք տնտեսագիտության մասին։ Օրինակ, երբ որոշում ենք առավոտյան կես ժամ ավելի քնել, մենք ընդունում եք տնտեսական որոշում՝ կառավարելով մեր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ ժամանակը։

Այդ մասին նա պատմեց «Թվապատում» մեդիա կոնֆերանսի ժամանակ։ Ու հիշեցրեց, որ եթե հասկանում ես, թե ինչպես են ընդունվում կարևոր որոշումներն ու ինչպիսի հետևանք են թողնում առօրյայում, ավելի պատրաստված ես դիմավորում ցնցումները։ Իսկ Ռուսաստանը հիմա ցնցվում է շատ ակնհայտորեն։

Մարգարիտա Լյուտովան, ինչպեսև իր գործընկերները, հիմա բարդ իրավիճակում է։ Ռուսաստանում արգելափակվել ու դադարել է աշխատել «Դոժդ» ինտերնետային հեռուստատեսությունը, որի թիմից էր նաև ինքը։

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով մեդիան Ռուսաստանում ենթարկվում է լուրջ տրանսֆորմացիայի, որը ոչ պակաս տագնապալի է, քան միջազգային պատժամիջոցների տակ ճկվող տնտեսության վիճակը։ Եվ դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու անգամ ոչ թե մի քանի տարի հետո, այլ մոտ օրերս։

Մարգարիտան ասում է, որ ռացիոնալ բացատրություն գտնելը բարդ է։ Գործում է իռացիոնալ քաղաքական ճնշման մեխանիզմը։ 

Ռուսաստանում կազմաքանդվում են շուկաներն ու մեդիա դաշտը հայտնվում է զսպաշապիկի մեջ։ Այս իրավիճակում ի՞նչ դեր կարող են ունենալ տնտեսության մասին գրող լրագրողները։

Հիմա թվում է, որ տնտեսությունը անցել է երրորդ-չորրորդ պլան, քանի որ պատերազմ է ու հումանիտար աղետ, իսկ մեր կորուստները (օրինակ, պլաստիկ քարտերի խնդիրները, ապրանքների թանկացումը, արգելափակումները և այլն) ոչինչ են, եթե համեմատենք մարդկային ճակատագրերի ողբերգության հետ։

Բայց արժե ընդունել, որ ստեղծված տնտեսական իրավիճակը տևելու է երկար։ 

Պատերազմն ունի գին, որը, ցավոք, վճարում է յուրաքանչյուրը, անգամ քաղաքականությունից բոլորովին հեռու մարդը։

Կարծում եմ, որ մենք՝ լրագրողներս, պատասխանատու ենք մեր լսարանի առջև, որին նաև ծառայություններ ենք առաջարկում։ Եվ քանի որ մարդիկ հարցեր ունեն (ի՞նչ անել), պիտի փորձենք գտնել պատասխաններ, որքան էլ դրանք թվան ոչ առաջնային պատերազմի ավերվածությունների, զոհերի մասին լուրերի ֆոնին։

Տնտեսական լրագրողները նաև թարգմանիչներ են։ Նրանք թարգմանում են տնտեսագիտական հաճախ ձանձրալի ու բարդ լեզուն ու դարձնում այն հասկանալի։ Թեև, իհարկե, հիմա դա անելը շատ բարդ է։

«Դոժդ»-ը կասեցրեց իր եթերը։ Հիմա կա՞ն լրատվամիջոցներ, որտեղ աշխատում եք, թե՞ ամեն ինչ շատ վատ է։

Հիմա համագործակցում եմ տնտեսական թեմաներ լուսաբանող VPost փոքր մեդիայի հետ, որը հիմնադրել են նախկին (լավ ժամանակների) «Վեդոմոստի» թերթի լրագրողները։ Մենք մեծ չենք, բայց փորձում ենք անել առավելագույնը։ 

Ասել, որ ռուսական անկախ լրատվական դաշտը դատարկվում է, այնքան էլ ճիշտ չէ։ Այսինքն այն միտքը, թե հիմա աշխատում է միայն պայմանական «Առաջինը ալիքը», մի քիչ չափազանցություն է։ 

Նաև չմոռանանք, որ կան անկախ լրատվականներ, որոնք ռուսալեզու լսարանի համար արդեն վաղուց աշխատում են արտասահմանից։

Տպավորություն է, որ պրոֆեսիոնալ լրագրությունը հիմա ստիպված է գործել ընդհատակում, եթե ուզում է շարունակել լսելի լինել։ Այդպե՞ս է։

Հույս ունենք, որ լիովին չի անցնի ընդհատակ, բայց ստացվում է, որ աշխատելու համար պետք է որոշակի հեռավորություն։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ երկրից հեռանում են նաև փորձագետները, որոնք մեկնաբանում են իրավիճակը արտասահմանից։

Շատ հայաստանյան լրատվամիջոցներ ունեն անգլերեն ու նաև ռուսերեն տարբերակներ։ Դիտարկու՞մ ենք հնարավորությունը, որ ռուս լրագրողներն ու փորձագետները կարող են նաև այստեղ աշխատել։

Ես էլ էի մտածում այդ մասին, հատկապես երբ կոնֆերանսի ժամանակ լսում էի հայ գործընկերների ելույթները։ 

Անկեղծ ասած՝ մենք Ռուսաստանում երբեք ուշադիր չէիք հետևում հայկական մեդիային։

Հասկանալի է, որ երբ Հայաստանից եկող հիմնական նորությունները պատերազմի մասին էին, տնտեսությունն ու փորձագետները անցնում են երկրորդ պլան։ Իսկ հիմա իրավիճակն այլ է։ 

Օրինակ, կան շատ կոմպետենտ ռուս փորձագետներ, որոնք մասնագիտացած են հետսովետական երկրների թեմաներով,  առաջին հերթին քաղաքական ու տնտեսական։ Եվ այդ փորձագետներին ներգրավելը շատ օգտակար կլինի երկու կողմին էլ։ Ուրախ կլինեմ հայ լրագրողներին ծանոթացնել ու կապել նրանց հետ։ Միգուցե կստացվի մեր փորձով ու կոնտակտներով օգտակար լինել հայկական մեդիա դաշտին։

Ես ինքս սովորել եմ Տնտեսական բարձրագույն դպրոցում, ու հիմա ընկերներով կատակում ենք, որ հինգ տարի սովորել ենք մի բան, որն այլևս գոյություն չունի Ռուսաստանում։ Իհարկե, դա դառը կատակ է, բայց նաև՝ իրականություն։

Պատերազմները առաջ են բերում նաև աղբյուրների իսկության հարցը։ Մենք Հայաստանում դա լավ գիտենք։ Հիմա երբ Ռուսաստանում միակ ու անբեկանելի աղբյուրը պաշտոնական տեղեկատվությունն է, որը լի է քարոզչությամբ, ինչպե՞ս կարելի է աշխատել։

Գործնականորեն, ոչ մի կերպ։ Ուղղակի իմ աչքի առաջ վերջին տասը տարիների ընթացքում, ինչ ես լրագրող եմ, մենք հասանք այն իրավիճակին, երբ ոչ մի պետական մարմին նորմալ չի շփվում լրագրողների հետ։ Անգամ պետական լրատվամիջոցների համար ճեպազրույցներ այլևս չեն կազմակերպում։ 

Հիմա գերատեսչությունները պարզապես թողարկում են որևէ տեքստ կամ տարածում են միայն մեկ տեսախցիկով նկարանած ուղերձ, որով պատմում են այն, ինչ համարում են, որ պետք է պատմեն։

Եվ այլևս ոչ ոք ոչ մի հարց չի տալիս։ 

Ռուսաստանի վերջին պետական մարմինը, որը գոնե որոշ մեկնաբանություններ է անում, Կենտրոնական բանկն է։ Այն հիմա գլխավոր նյուզմեյքերն է Ռուստանում, քանի որ ստիպված է բացատրել, թե ինչ է տեղի ունենում կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ Ասենք, բանկային քարտերի, տարադրամի, ավանդների և այլն։

Կենտրոնական բանկը գոնե որոշ մեկնաբանություններ տալիս է մեդիային, իսկ մնացած պետական մարմինները ընդհանրապես պապանձվել են։ 

Օրինակ, նախկինում ցանկացած լրագրող կարող էր զանգահարել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, նրա հեռախոսահամարը կար բոլորի մոտ։ Իսկ հիմա կան լրատվամիջոցներ, որոնց հետ Պեսկովը չի շփվում (այդ շարքում էր նաև «Դոժդ»-ը), և լրագրողները կարող են օգտագործել միայն այն մեկնաբանությունները, որոնք նա տվել է այլ լրատվամիջոցներին։ Այսինքն, ի սպառ վերացել է անգամ հարց տալու հնարավորությունը։

Իսկ այն լրագրողները, որոնք ունեին սեփական աղբյուրները պետական համակարգում, շատ լավ հասկանում են, որ իրենց աղբյուրները նույնպես վախենում են շփվել լրատվամիջոցների հետ, հատկապես՝ անկախ։ Լավագույն դեպքում, այդ աղբյուրները ընդհանրապես չեն խոսի։

Կարծու՞մ եք, կծաղկի էզոպյան լեզում։ «Նովայա գազետա»-ն, օրինակ, հայտարարել է, որ հիմա ստիպված է անցնել էֆվեմինիզմների։

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե պետական տեղեկատվությունից շեղումը դարձել է քրեական հետապնդման առիթ։ 

Ոչ ոք չի ուզում, որ գործը հասնի դրան։ Հաճախ լսարանը, ընթերցողները դժգոհում են ու կշտամբում են լրագրողներին, որ Ուկրաինայում տեղի ունեցածը նրանք չեն կոչում պատերազմ ու ճշմարտությունը թաքցնում են։ 

Բայց դա իսկապես պարունակում է իրական ռիսկ, որ լրագրողները կարող են համարվել քրեական հանցագործներ։

Կարծում եմ՝ հիմա ռուսական մեդիայի համար ավելի կարևոր է պահպանել սեփական թիմը։ Չանհետանալ։

Այն, ինչ հիմա անում է պետությունը լրատվական դաշտի հետ, առաջին հերթին վնասում է հենց պետությանը։ Սեղմելը, նեղացնելը օդը փակելը լավ բանի չի հանգեցնում։

Այն ամենն, ինչ անում է Ռուսաստանի պետությունը, և ոչ միայն տեղեկատվական, այլև բոլոր ոլորտներում, վնասում է Ռուսաստանի պետությանը։ Եվ արդեն վաղուց։ 

Պատերազմը, տնտեսական գործողությունները արդեն չեն տեղավորվում է որևէ ռացիոնալ բացատրության մեջ։ Եվ որքան էլ բացատրես, որ դա ի շահ պետության չէ, չես հասնի արդյունքի։ Իշխանություններն ունեն իրենց սեփական յուրահատուկ ռացիոնալությունը։

Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի Ռուսաստանից, մանավանդ էներգիայի ոլորտում։ Մենք էլ ենք փորձում հասկանալ, թե ինչ է սպասում մեր տնտեսությանը։ Միգուցե նաև վախենում ենք խոսել այդ մասին։ 

Հիմա ցանկացած տնտեսական որոշում սերտորեն կապվում է քաղաքականության հետ։ 

Եվ հասկանալի է, որ տնտեսական կախվածության պատճառով Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վերակոմնորոշվել դեպի այլ երկրների հետ համագործակցություն, քանի որ Ռուսաստանը դա կարող է ընկալել որպես ոչ բարեկամական քայլ։

Օրինակ, Ուկրաինան դիմել է Հայաստանի Կենտրոնական բանկին՝ կոչ անելով արգելափակել «Միր» ռուսաստանյան վճարային քարտերը, որոնք այժմ միակ աշխատողն են։ Եվ այստեղ մեծ հարց է ծագում՝ ի՞նչ է անելու Հայաստանը։ Ուղղակի չեմ պատկերացնում։ 

Դա նաև լուրջ կենսական հարց է մեզ համար, քանի որ «Միր»-ը միակ միջոցն է՝ մեզ կապող ռուսաստանյան բանկերի հետ, որոնց մենք անհեռատեսորեն վստահում էինք։

Ընդհանրապես հիմա տնտեսագետների գլխավոր բառը «անորոշությունն» է։ Մենք մի իրավիճակում ենք, որի նմանը երբեք նախկինում չի եղել։ 

Եվ այդ իրավիճակը չի ենթարկվում կանխատեսումների, քանի որ ցանկացած կանխատեսման համար անհրաժեշտ է հիմք, անցյալում տեղի ունեցած փաստերի համադրում։ Իսկ հիմա անհայտ է, թե ինչի վրա կարելի է հիմնվել։

Տնտեսության մեջ չափազանց շատ է քաղաքականությունը, որը միշտ նշանակում է իռացիոնալություն։ 

Հիմա ոչինչ կանխատեսելի չէ։ Եվ հարցը, թե ինչ է լինելու Հայաստանի տնտեսության հետ, կարծում եմ, առաջին հերթին պետք է քննարկեն հայ քաղաքագետներն ու միջազգային հարաբերությունների մասնագետները։ Եվ հետո միայն կարող են միանալ տնտեսագետները՝ վերլուծելով, թե տնտեսության որ հատվածում ինչ կապեր ու ռիսկեր կան։ Իսկ թե, ինչ ռիսկերից կարելի խուսափել կամ մեղմել, ոչ ոք չի կարող ասել։

Մենք էլ չէինք կարծում, որ Ռուսաստանում գործը կհասնի ծայրահեղ քայլերի՝ անջատմանը SWIFT-ից ու միջազգային վճարային համակարգից։ Անգամ պատկերացնել չէինք կարող, որ դա տեղի կունենա։ 

Եվ տպավորություն է, որ Ռուսաստանի ողջ տնտեսական հատվածը այդ ռիսկի մասին տեղեկացված չէր։

Իսկ սոցցանցերի արգելափակումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա ռուսաստանցի օգտատերերի վրա։ Օրինակ, Ֆեյսբուքի։

Ֆեյսբուքը Ռուսաստանում համարվում է ինտելիգենցիայի, քաղաքականությամբ հետաքրքվող մարդկանց սոցիալական ցանց։ Իսկ այն մարդիկ, որոնք պարզապես սիրում էին նստել ցանցում ու նայել, թե ինչ կա-չկա, ընտրում էին ՎԿոնտակտե-ն կամ Օդնոկոլսնիկի-ն։

ՎԿոնտակտե-ն անհամեմատ ավելի պոպուլյար է, քան Ֆեյսբուքը, որը կոպիտ ասած՝ «խելացի» մարդկանց էր հավաքում։ Եվ հիմա այդ «խելացիները» պարզապես միացրել են VPN-ն ու շարունակում են օգտագործել Ֆեյսբուքը։ Այդ թվում նաև լրագրողները, փորձագետները։ 

Այսինքն, Ֆեյսբուքի արգելափակման հետևանքները կզգան միայն նրանք, ովքեր առանց դրա էլ ամեն ինչ հասկանում էին։

Իսկ մնացածի համար Ֆեյսբուքի անջատումը ընդհանրապես խնդիր չէ, շատերը միայն ուրախ են, որ այն հասանելի չէ։ Շատ ավելի զգայուն հարված կհասցնի Յություբի ու Ինստագրամի արգելափակումը։ Բայց այս մտորումների հիմքում ևս քաղաքականություն է։ 

Այսինքն, անկանխատեսելին։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *