ԱՄՆ Հանրային ռադիոյի ավագ պրոդյուսեր, լրագրող, Պուլիցերյան մրցանակակիր Գրեհեմ Սմիթը 25 տարվա մասնագիտական փորձ ունի։ Նա 2021 թվականին արժանացել է լրագրության բարձրագույն՝ Պուլիցերյան մրցանակին՝ «Առանց փոխզիջման» փոդքաստների շարքի համար։
Գրեհեմը ռազմական լրագրող է եղել Աֆղանստանում և Իրաքում, նախաձեռնել և վարել է մի շարք թոք-շուներ ԱՄՆ Հանրային ռադիոյի եթերում։ 1999-ին եղել է նաև Երևանում. սեմինար է վարել ռադիոլրագրողների և Ինտերնյուսի «Անիվ» ռադիոծրագրի աշխատողների համար։
Նրա հետ զրուցել ենք մեդիայի դերի մասին, հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում։
Ո՞րն է լրագրող լինելու առավելությունը:
Ես սիրում եմ խոսել մարդկանց հետ։ Մասնագիտությունս կարծես թե պատրվակ է մարդկանց հետ զրուցելու համար, որոնց հետ երևի որևէ պատճառ չէի ունենա խոսելու, եթե լրագրող չլինեի։ Դա մի տեսակ արտոնագիր է՝ նոր մարդկանց հետ կապ հաստատելու համար:
Ես նաև հետաքրքրասեր եմ` հաճույք եմ ստանում, երբ փորփրում, գտնում եմ բաներ, որոնք որոշ մարդիկ թաքցրել են ուրիշներից։ Ինձ լավ եմ զգում, երբ տեղեկություններ եմ գաղտնազերծում։
Կարծում եք, որ իսկապես կարևոր և արժեքավոր բա՞ն եք անում:
Դե, այո։ Տեղեկատվությունը չափազանց կարևոր է, որ մարդիկ ճիշտ որոշումներ կայացնեն՝ կառավարության և իրենց անելիքների վերաբերյալ:
Կա այս բանավեճը․ ինչ է լրագրությունը, և ինչ՝ քարոզչությունը:
Կառավարությունում դուք ունեք մամուլի պատասխանատուներ։ Կան նաև լրատվական գործակալություններ, որոնք պարզապես լսում են, թե ինչ է ասում կառավարությունը, և դա փոխանցում են ժողովրդին՝ առանց որևէ քննադատության կամ վերլուծության։
Մյուս կողմից, դուք ունեք մարդիկ, որոնք իսկապես փորփրում են, փաստաթղթեր են գտնում, գնում են իրադարձության վայրեր և խոսում են մարդկանց հետ տեղում։ Նրանք տեսնում են, թե ինչ է իրականում կատարվում և իրենց տեսածն ու լսածը կիսում են մարդկանց հետ:
Ես երկար ժամանակ աշխատել եմ Իրաքում և Աֆղանստանում։ Աֆղանստանում պատրաստված մեր շատ հաղորդումներ ցույց էին տալիս, թե որքան խառն ու անկազմակերպ էին այդ երկրի բանակը և ոստիկանությունը, բայց ԱՄՆ Զինված ուժերը ուզում էին բոլորին ներշնչել, թե ամեն ինչ հիանալի է, լավ կազմակերպված:
Եթե հավատայիք նրանց մամլո հաղորդագրություններին, կկարծեիք, թե ամեն ինչ կարգին է:
Բայց եթե գնում եք այնտեղ և ժամանակ եք անցկացնում զինվորականների, պարեկության մեջ գտնվող տղաների հետ, ինքներդ եք տեսնում իրավիճակը, ուրեմն կարող եք մարդկանց պատմել, թե իրականու՛մ ինչ է կատարվում։ «Կառավարությունն ձեզ մի բան է ասում, բայց ես եղել եմ այնտեղ և ահա, թե ինչ եմ տեսել»։
Ու դա կարող է օգնել մարդկանց ճիշտ որոշումներ կայացնել։
Ո՞րն է եղել մեդիայի դերը 21-րդ դարի ռազմական հակամարտություններում՝ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում, հիմա էլ՝ ռուս-ուկրաինական սահմանին: Արդյո՞ք լրատվամիջոցները պարզապես հարմար գործիք չեն քաղաքական գործիչների ձեռքում։ Լավագույնը, ինչ մենք կարող ենք անել, դա քննարկելն է՝ պատերազմ կլինի, թե՝ ոչ։ Կամ էլ կարող ենք պատերազմի անմարդկայնության մեջ մարդկային ճակատագրեր վերհանել: Բայց կարո՞ղ ենք մենք կանգնեցնել պատերազմը:
Ես չգիտեմ, թե արդյոք մենք կարող ենք պատերազմ կասեցնել, դժվար թե։ 2000-ականների սկզբին, երբ մենք մոտենում էինք Իրաքի պատերազմին, կային լրագրողներ, որոնք նշում էին, որ Ջորջ Բուշի և նրա վարչակազմի կողմից ներկայացված պնդումները՝ Սադամ Հուսեյնի միջուկային ծրագրի և նրա ենթադրյալ հրթիռների մասին, հիմնավոր չեն։ Մարդիկ այդ մասին պետք է որ լսած լինեին։ Այնուամենայնիվ, մենք պատերազմից չխուսափեցինք, ցավոք:
Նույնը Աֆղանստանում էր։ Մենք՝ լրագրողներս, վաղուց էինք նշել խամաճիկ կառավարության մասին, զինվորականների թվի ուռճացվածության մասին, մեծ թվով ուրվական զինվորների մասին, որոնք աշխատավարձի ցուցակներում կային, բայց իրականում գոյություն չունեին։
Նաև պատմել էինք, որ եղած զորքն էլ շատ վատ է պատրաստված և, ամենայն հավանականությամբ, չի կարողանա պայքարել թալիբների դեմ: Այդուհանդերձ, 20 տարի պահանջվեց, որպեսզի ԱՄՆ-ն վերջապես որոշում կայացնի և դուրս գա Աֆղանստանից, անկախ նրանից՝ դա լավ է, թե՝ վատ։
Դժվար է, երբ զգում ես, որ դու քո գործն անում ես՝ ճշմարտությունն ես ասում, բայց դա կարծես թե քիչ ազդեցություն է թողնում։
Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մեր գործը, քանի որ, կարծում եմ, ինքներս էլ չգիտեք, թե ինչ ենք կանխել։ Մենք տեսնում ենք միայն այն, ինչը կատարվել է։ Բայց հուսով եմ, որ ընթացքում ինչ-ինչ լավ որոշումներ էլ են կայացվել, գուցե նաև սարսափելի բաներ են կանխվել, քանի որ մեր շնորհիվ տեղեկացված հասարակությունը դրանք պարզապես չէր հանդուրժի:
Ձեր «Առանց փոխզիջման» փոդքասթների շարքն անցյալ տարի արժանացավ Պուլիցերյան մրցանակի։ Արդյոք այն բանավեճ առաջացրե՞ց և ի՞նչ ազդեցություն թողեց։ Ինչ-որ բան փոխե՞ց:
Կարծում եմ, երբեմն մենք ինքներս մեզ հույս ենք տալիս, թե դա այդպես է: Բայց այն ինչ «Առանց փոխզիջմանը» հաստատ արեց, դա մարդկանց ավելի խորը պատկերացում տալն էր, թե ինչ է տեղի է ունենում այս երկրում այդ պահին։
Ամերիկայում շատերն են տեղյակ հրազենային բանավեճի մասին: Ոմանք կարծում են, որ մենք պետք է զենք կրելու իրավունք ունենանք․ ցանկացած մեկը ցանկացած զենք կարող է ունենալ: Նրանք ուզում են լիակատար ազատություն դրա համար։
Այլոք կարծում են, որ դա պետք է վերահսկվի, քանի որ փողոցային կրակոցներ են լինում, դպրոցներում երեխաներն իրար են սպանում, գիտեք, սարսափելի իրադարձություններ են պատահում: Շատերի համար սա խորը և լուրջ հարց է։
Մեր արածն այն էր, որ խորացանք այն խմբերի մեջ, որոնք փորձում են փոխել մեր օրենքները՝ թուլացնելով զենքի իրավունքը։ Գտանք, թե ինչն է նրանց դրդում դա անել, ինչ նպատակներ են հետապնդում նրանք՝ զենքի մասին օրենք փոխելուց բացի:
Դա չհանգեցրեց նոր օրենքի ընդունման կամ նման մի այլ բանի, բայց հուսով եմ, որ մեր արածը կօգնի մարդկանց հետագայում՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար։
Կարծում եմ, որ պատճառներից մեկը, թե ինչու «Առանց փոխզիջմանը» արժանացավ Պուլիցերյան մրցանակի և նոր փուլ մտավ, այն էր, որ տեղի ունեցան 2021-ի հունվարի 6-ի իրադարձությունները։
Այդ օրը ամբոխը ներխուժեց Վաշինգտոնում մեր Կապիտոլիումի շենք, ընդհարվեց ոստիկանության հետ և սպառնում էր վնասել օրենսդիրներին: Նրանցից շատերը նույն մարդիկ էին, ում մասին մենք խոսում էինք մեր հաղորդումներում:
Մարդիկ տեսան, թե հունվարի 6-ին ինչ կատարվեց, և շատերը հասկացան, որ գուցե կարիք կա ավելի լավ պատկերացնելու, թե ինչ են ուզում այդ մարդիկ և ինչու են նրանք անում այն, ինչ անում են:
Դուք Աֆղանստանում պատերազմական լրագրող էիք 2010-ին:
Ճիշտ է։
Դուք այնտեղ կորցրեցիք ձեր մտերիմ ընկերոջը, եթե չեմ սխալվում։
Այո։
Դուք այժմ Պուլիցերյան մրցանակակիր եք։ Զգու՞մ եք, որ դուք և ձեր Պուլիցերյան թիմը իսկապես կարող եք ինչ-որ բան փոխել:
Մենք պետք է հուսանք, որ ինչ-որ բան փոխում ենք: Մեր ու ձեր արած շատ գործեր երբեմն կարող են չնչին ու պարզ թվալ։ Ասենք, մարդկային դեմք տալ նրանց, ովքեր պետական և ռազմական քարոզչության կողմից վերածվել են ծաղրանկարների։
Իշխանություններն ուզում են, որ մենք էլ ասենք, թե այս մեկն ու այն մյուսը, որ մեզնից տարբերվում են՝ վատն են: Նրանք անազնիվ են, գողացել են մեր փողերը, նրանք մեր թշնամիներն են, կամ էլ՝ նման մի այլ բան, և հետևաբար, նրանց հանգիստ խղճով կարելի է վերացնել։
Բայց երբ դու գնում և խոսում ես այդ ուրիշ մարդկանց հետ, փորձում ես հասկանալ նրանց, տեսնում ես, որ նրանք էլ ունեն ընտանիք ու երեխաներ, ում սիրում են: Կարծում եմ, որ դա հենց մեր արածի մի կարևոր մասն էր Աֆղանստանում:
Գուցե մարդիկ այդքան հեշտ չգնան պատերազմի, եթե նկատեն, որ դիմացինն էլ մարդկային դեմք ունի, չէ՞:
Մեր արածը միայն մարդկանց միտքը չէ, որ փոխում է։ Դա նաև փոքր-ինչ փոխում է մարդկանց սրտերը:
Դուք նշեցիք իմ ընկեր ֆոտոլրագրող Դեյվիդ Գիլկիին, որ զոհվեց Աֆղանստանում: Ես սիրում եմ Դեյվիդին։ Նրա գործերի հիմնական նպատակն էր մարդկային կապերը ցույց տալ՝ Սիերա Լեոնեի, Հարավային Աֆրիկայի, Աֆղանստանի, Արևելյան Եվրոպայի մարդկանց միջև: Նա այնտեղ էր, որ ձեզ տեղյակ պահի այն մարդկանց մարդ լինելու մասին, որպեսզի դուք զգայական կապ ունենաք նրանց հետ և միգուցե չզգաք էլ, որ… նրանք ձեզնից տարբեր են:
Մի բան ասեմ, որ երևի դժվար կթարգմանվի։ Մեր գործը ոչ միայն մարդկանց գիտակցության, այլ նաև նրանց սրտերի վրա ազդելն է։ Մենք փորձում ենք մարդկանց մարդկայնացնել, բացատրել, որ մենք բոլորով միասին ենք այս ամենի մեջ: Գոնե որոշ չափով։
Եթե հաջողում ենք, մարդկանց պառակտելը դժվար է դառնում։
Հարցազրույցը՝ Հարություն Մանսուրյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: