2021.12.23,

Տեսակետ

«Լսարանին պետք է դանդաղորեն դեպի «կանաչ» դաշտ տանել»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մարդ-մեդիա ձևաչափը, երբ անհատական նախաձեռնությունը դառնում է տեղեկատվական հարթակ ու լսարան ձևավորում, այն ազատություն է, որը նախևառաջ պատասխանատվություն է։ 

Վլոգեր Հայկ Հովակիմյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր գործին։ Նրա հիմնադրած RepatRiarch ալիքը, որը ստեղծվել էր որպես իր անձնական մտքերի ու նախընտրած թեմաների հարթակ, արդեն ձեռք է բերում լիարժեք մեդիա ալիքի ձևաչափ՝ տարբեր ռեպորտաժներով, հարցազրույցներով ու առաջնահերթություններով։ Եվ արդեն հիմնականում հայերեն բովանդակությամբ։

Հայկը Հայաստան է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգից 2018-ի հեղափոխությունից հետո և դա համարում է իր համար բախտորոշ քայլ։ Նա վստահ է, որ հիմա ժամանակն է օրվա հետ ծագող ու արագ հանգչող քլիքաբեյթ բովանդակությանը հակադրել այլ բան։ Այսպես ասած՝ դեղին լրահոսը դարձնել կանաչ բովանդակություն, որը հետք կթողնի ու այդ հետքը ոչ թե կաթվածահար կանի լսարանին, այլ՝ հեռանկարներ կբացի։

Բովանդակություն, լսարան, ֆինանսավորում, ավելի լավ բովանդակություն. այս շղթան իրականում աշխատու՞մ է։

Կարծում եմ՝ դա ամենաճիշտ ճանապարհն է։ Երբ սկսեցի ալիք վարել, չունեի հեռակա նպատակներ, պարզապես ուզում էի որպես հայրենադարձ կիսել իմ փորձառությունը ուրիշ մարդկանց հետ։ Հետո ժամանակի ընթացքում ստացվեց, որ իմ փորձն ու մտքերը ձևավորեցին լսարան։ Եվ որոշեցի, որ պետք է անել ոչ թե անձի շուրջ կառուցված Յություբի վլոգ, այլ հենց մեդիա, որը կարտադրի տարբեր ֆորմատների հաղորդումներ ու կարևորը՝ առանց որևէ միջնորդների, ուղիղ կապով լսարանի հետ։

Այդ պատճառով էլ Patreon-ում  բացեցինք մեր էջը, որը թույլ է տալիս բաժանորդագրվել ու վճարել բովանդակություն ստանալու համար։ Երբ փողը սկսեց ավելանալ, կարողացանք այն ծախսել ավելի հետաքրքիր ֆորմատներ անելու համար։

Ինձ միշտ հետաքրքրում էր կրթությունը, ՏՏ ոլորտը, բիզնեսը, սոցիալական պրոեկտները։ Վստահ եմ, որ այդ ուղղությունների վրա (մանավանդ պատերազմից հետո) պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել։ 

Ի սկզբանե էլ իմ ալիքի գաղափարը պատկերացնում էի որպես ներդրում՝ ապագա փոփոխություններին։

2018-ի հեղափոխությունից հետո երբ տեղափոխվեցի Հայաստան, հենց փոփոխության սպասում էր կարևոր։ Եվ առաջին հերթին հանրային մտածելակերպի տրանսֆորմացիան։ 

ՌեպատՌիարքը սկզբից Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին էր։ Անցումը դեպի կրթական բովանդակություն ենթադրաբար բերեց լսարանի կորուստ։ Քաղաքականը միշտ հաղթում է՝ դիտվում, քննարկվում, բորբոքում։ Պատրա՞ստ էինք լսարանի գիտակցաբար կրճատմանը։

Ճիշտն ասած, ես դրան նայում եմ այլ տեսանկյունից։ Ոչ թե կորցրեցի լսարան, այլ ընդհակառակը՝ ձեռբ քերեցի։ 

Լսարանը բնորոշվում է ոչ միայն մարդկանց քանակով, այլև որակով։

Մենք դառնու՞մ ենք արագ ու անցողիկ լրահոսի ստրուկ։

Իմ ալիքում ունեմ վիդեո, որտեղ փորձում եմ ասել, թե ինչու եմ ատում նորությունները։ Բացատրությունը մոտավորապես սա է. եթե օրինակ, վերցնենք մեկ տարվա լուրերը, կհասկանանք, որ այդ ժամանակ մեր լսածի ու կարդացածի 99%-ը ոչ մի կապ չի ունեցել մեր կյանքի, մեր ապագայի ու մեր հանրապետության զարգացման հետ։ 

Դա ուղղակի աղմուկ էր, որը կոնկրետ այդ պահին ինչ-որ մարդիկ ստեղծել են ու առաջ մղել։

Եվ այդքան էլ կարևոր չէ, թե այդ մարդիկ Հայաստանի ներսում էին, թե դրսում։ Դա կարող է պարզ չլինել, բայց պարզ է, որ հայերի ահռելի տոկոս պատրաստ է սպառել այդ տեղեկատվական աղբը։ 

Եվ որպեսզի մեդիա դաշտում չխաղանք այդ աղմուկ արտադրողների կանոններով, պիտի անենք հակառակը՝ կենտրոնանանք այն բովանդակության վրա, որը կոնստրուկտիվ է ու դրդում է մտածել և, ի վերջո, զարգացնել մարդկանց փոփոխություններ իրագործելու ունակությունները։

Կարծում եմ՝ լուրերին հետևելը ընդհանրապես էական չէ, մանավանդ Հայաստանի պես երկրում, որտեղ բոլորն ամեն վայրկյան լրահոս են կարդում։ 

Ու բոլորովին անպայման չէ լուրեր կարդալ հասկանալու համար, որ քննարկվող թեմաների զգալի տոկոսը իրականում ֆեյք նարատիվներն են։

Սոցիալական մեդիան ունի իր կանոնները՝ ալգորիթմները տեսանելի են դարձնում բևեռացված կարծիքները, կոպիտ ու միակողմանի խոսքը։ Ինչպե՞ս դառնալ գործոն սոցիալական մեդիայում, եթե չես հայհոյում ու չես խոսում սկանդալի մասին։

Քլիքբեյթ հասկացությունն ավելի շուտ շոու է սարքում սոցցանցերում քննարկումները։ Բայց դա երևի միշտ էլ հատուկ է մարդկությանը, պարզապես սոցցանցերում դա ընդգծվում է։ 

Սոցիալական մեդիան ստեղծում է նաև տեղեկատվական փուչիկներ։ Մենք ներփակվում ենք մեր հետաքրքրությունների ու համախոհ լսարանի փուչիկում ու տեսնում հիմնականում մեզ համար ընդունելի կարծիքներն ու բովանդակությունը։

Ամեն դեպքում՝ մարդը պիտի հասկանա, որ բովանդակության սպառումը ոչ միայն զբաղմունք է, այլ նաև պատասխանատվություն։

Եվ այն, թե ինչպես ես ինֆորմացիան անցկացնում քո միջով (ֆիլտրու՞մ ես, թե՞ ոչ), ձևավորում է քեզ՝ քո անելիքներն այսօր, քո նպատակները վաղը։ 

Ի վերջո, եթե կարծում ենք, որ դեղին մամուլի նյութերը կարդալով ոչ մի վնաս չենք հասցնում մեզ, չարաչար սխալվում ենք։ Որովհետև իրականում մեր սպառած բովանդակությունն է մեզ ձևավորում։

Եվ նշանակություն չունի, թե որտեղ է այդ բովանդակությունը՝ սոցցանցերում, մեր ընտանիքի անդամների հետ շփումներոււմ, թատրոնում թե մեդիայում։ Այդ ամենը բովանդակություն է, և մենք ենք ընտրում, թե ինչ նայել, լսել կամ քննարկել։

Անգամ կասեի, որ բովանդակություն ընտրելը մեր առաքելությունն է։

Դեղին մամուլի հետ միասին հիմա հայտնվում են բովանդակության նոր բաժանում-պիտակներ՝ կանաչ (ստուգված ու օգտակար) ու կարմիր (վտանգավոր)։ Չկա՞ մտավախություն, որ կանաչ կոնտենտը կլինի անհետաքրքիր ու ձանձրալի՝ կորելով աղմուկի մեջ։

Ճիշտն ասած, այդ վախը միշտ կա։ 

Կարծում եմ, որ Հայաստանում բովանդակություն ստեղծող մարդիկ պետք է հասկանան նաև, որ ձևավորում են ճաշակ։ Եթե տասնյակ տարիների ընթացքում ստեղծվել է բովանդակություն, որի նպատակը լսարանը դեգրադացնելն էր, պետք չէ սպասել, որ անցումը դեպի «կանաչ» բովանդակություն կլինի արագ։ 

Լսարանին պետք է դանդաղորեն դեպի կանաչ դաշտ տանել։ 

Իրականում կանաչ բովանդակությունը այն կոնտենտն է, որը հիմնված է փաստերի վրա ու իր արդիականությունը չի կորցնում մեկ ժամ կամ մեկ օր հետո։

Այն պետք է հետաքրքիր լինի առնվազն երկար ժամանակահատվածում ու քայլ առ քայլ հավաքի լսարան։ Եվ դրա շնորհիվ էլ՝ աշխատի հեռանկարի համար։

Իհարկե, այդ բովանդակության կառուցման ու մատուցման որակն էլ պետք է աճի, քանի որ մենք ունենք բավականին փոքր շուկա ու բովանդակության մոնետիզացիան բարդ է, եթե որակը բավարար չէ։

Դեղին մամուլի կանոններով խաղալը (խայծերով, թեթև ոճով, նաև սենսացիայի պատրքանով) կարո՞ղ է հաջող պրովոկացիա դառնալ ու գրավել լսարանի ուշադրությունը։

Եթե նպատակը միայն ուշադրություն գրավելն է, կարծում եմ, որ  դեղին մամուլի ոճը հաստատ լավագույն լուծումը չէ։ 

Ու սոցիալական մեդիայի (մի կողմն դնենք Ֆեյսբուքը) ուսումնասիրությունները տարբեր երկրներում ցույց են տալիս, որ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է զարգացնող բովանդակությունը։ 

Օրինակ, Յություբում կամ այլ ցանցերում միլիոնավոր դիտումներ են ստանում այն ալիքները, որոնք օգտակար բովանդակություն են ստեղծում։ Եվ կարևորը՝ դա անում են լավ ու որակով։

Այսինքն, աահովում եմ էդութեյմենթ ձևաչափը՝ միաժամանակ կրթում ու զվարճացնում են։

Պարզապես պետք է սովորել պատրաստել այնպիսի բովանդակություն, որը հետաքրքիր է։ Եվ դեղին մամուլի տարրերը բոլորովին էլ անպայման չեն։ Կան շատ ավելի լավ գործիքներ։

Իսկ քաղաքականությունը էդութեյմենթ չէ՞։

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է լինի քաղաքականացված։ Այսինքն, ունենա իր քաղաքական տեսակետը, հասկանա, թե ինչպես բացատրել ու հիմնավորել այդ տեսակետը և լսի նաև ուրիշների տեսակետները։ Այդպես կկարողանանք ձևավորել առողջ հասարակություն, որը ինքն իրեն կկառավարի։ 

Իսկ երբ խոսում ենք այսօրվա քաղաքական իրադրության մասին, (օրինակ, թե ինչպես մեկ անձը պայքարեց մյուս անձին դեմ ու ի հեճուկս բոլորի հաղթեց նրան՝ վտանգի տակ դնելով ողջ երկիրը), դա քաղաքականության պարզունակ ընկալում է։

Այո, ես ուզում եմ, որ իմ մեդիայում լինի բովանդակություն քաղաքականության մասին, բայց դա պիտի լինի բոլորիս դերի մասին, այլ ոչ թե, ասենք, Ազգային ժողովի թատերականացված շոուների մեկնաբանություն։ 

Կթողնեմ, որ նման մեկնաբանող բովանդակությունն ուրիշները պատրաստեն։

Իսկ ի՞նչն է ամենից շատ ջղայնացնում այսօրվա լրատվական դաշտում։

Վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես պատերազմից հետո, ինձ շատ է մտահոգում հասարակության վերաբերմունքը։ Մենք մոռացել ենք, որ իրար ուտելով, իրար միս կրծելով, հայհոյելով ու իրար դեմ դուրս գալով, երբեք չենք կարողանալու կառուցել նորմալ գործող պետություն։ 

Երբ մեդիայի ներկայացուցիչը, քաղաքական գործիչը կամ այլ մասնագիտության տեր մարդը փող է վերցնում, որ իր համոզմունքներին հակառակ կարծիք հայտնի, պիտի առնվազն հիշի, որ կարևորը պետության կառուցումն է, մնացածը կարևոր չէ։

Երեսուն տարիների ընթացքում մեդիան ձևավորվել է որպես ինչ-որ ուժերի շահերը սպասարկող գործիք, և այդ մեդիան է այսօր թելադրում այն նարատիվը, որով ապրում է հասարակությունը։ 

Հենց այդ նարատիվն է բերել մեզ այսօրվա իրավիճակին։

Անգամ եթե մեդիան ընդամենը գործիք է, միևնույն է հենց մեդիայի ներկայացուցիչներն են պատասխանատու այսօրվա իրավիճակի համար, քանի որ նրանք են տարածել կաղապարված մտածելակերպ, վտանգավոր կարծրատիպեր ու, ի վերջո, հասցրել հասարակությանն այս օրին։

Հայաստանում ներքին մեդիա պատերազմները չեն դադարի, մանավանդ, որ լրատվամիջոցների մեծ մասն իր կամքին հակառակ դարձավ ընդդիմադիր։

Կարծում եմ՝ միայն մեկ լուծում ունենք. հասնել գիտակցաբար մեդիա սպառման։ Ուրիշ լուծում մեդիա պատերազմներում գոյություն չունի։ 

Եթե փորձենք գրաքննել բովանդակությունն ու փակել լրատվական հարթակները, միայն կհեռանանք մեր միակ փրկությունից՝ ժողովրդավարությունից։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *