2021.12.06,

Տեսակետ

«Կարելի է շատ ավելի արդյունավետ օգտագործել հանրային մուլտիպլեքսի ռեսուրսը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Համավարակի ու պատերազմի պատճառով գովազդային շուկան լրջորեն ցնցվեց։ Հեռուստաընկերություններից շատերը ստիպված կրճատել են հաղորդումների քանակն ու աշխատակազմը, նաև պարտքեր կուտակել։ Ֆինանսական խնդիրները կարող է խորացնել շահումով խաղերի գովազդն արգելքող օրենագիծը։ 

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի տվյալներով՝ հանրային մուլտիպլեքսում ու FM տիրույթում հեռարձակող հեռուստա և ռադիոընկերություններն այդ օրենքով կարող են կորցնել իրենց գովազդային եկամուտների մինչև 15%-ը (երեք տարվա ընթացքում այն կազմել է տարեկան մոտ 900 միլիոն դրամ)։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է  2-3 տարով  հետաձգել շահումով խաղերի գովազդի արգելքը լիցենզավորված մեդիայի համար։ Բայց միաժամանակ գործնականորեն օգտագործել հեռուստառադիոդաշտը՝  պայքարելու խաղամոլության կործանարար հետևանքի դեմ։

Նա շեշտում է, որ լիցենզավորված հեռուստա և ռադիո ընկերությունները պետք է պետության դաշնակիցը լինեն, քանի որ ըստ օրենքի պարտավոր են իրենց եթերի 20%-ը տրամադրել հանրօգուտ բովանդակությանը՝ կրթական, մշակութային, սոցիալական, մանկական և այլն։ Իսկ մյուս լրատվամիջոցները նման պարտավորություն չունեն։ 

Եվ պետությունը կարող է խթանել համագործակցությունը հեռարձակողների հետ, այդ թվում նաև պետպատվերով։ 

Շահումով խաղերի գովազդի արգելքի ժամանակավոր կասեցումը կլինի՞ լուծում։ 

Առնվազն, կօգնի գտնել լուծումներ, ժամանակ կտա հանրային մուլտիպլեքսում ընդգրկված հեռուստաընկերություններին փնտրել ու գտնել եկամտի նոր աղբյուրներ։ Անցյալ տարի նրանք ներկայացրել էին մրցութային առաջարկ՝ ունենալով յոթ տարվա զարգացման ծրագիր, որը հիմնված էր նաև գովազդից ստացված եկամուտների հաշվարկների վրա։ 

Իսկ խաղի կանոնների կտրուկ փոփոխությունը կազդի ալիքների պլանավորման ու բովանդակության վրա։

Իրականում, մոլախաղերը շատ են տարածված ու սարսափելի հետևանք ունեն։

Այո, բայց մոլախաղերի դեմ պայքարը արդյունավետ չէ միայն գովազդի արգելքով։

Շահումով խաղերի գովազդն ամենուրեք է, և հեռուստատեսությունն այն տարածող ամենաթույլ միջոցներից է։

Ինտերնետը, քաղաքի պաստառներն ու գովազդային վահանակները, մետրոն ողողված են բուքմեյքերական ընկերությունների գովազդով ու խաղադրույք անելու հրավերով։ 

Հանձնաժողովում ուսումնասիրվել են մի շարք երկրների փորձը, որտեղ գործում են մոլախաղերի դեմ պայքարի լայնամասշտաբ ու մշակված ազգային ծրագրեր՝ բազմաթիվ բաղադրիչներով և մասնակիցներով։ Մեզ մոտ վերցրել են այդ բաղադրիչներից միայն մեկը։ 

Վստահ եմ՝ կարելի է շատ ավելի արդյունավետ օգտագործել հանրային մուլտիպլեքսի ռեսուրսը՝ մոլախաղերի դեմ լայն համազգային քարոզչական արշավ կազմակերպելու համար։ Եվ ոչ միայն սոցիալական հոլովակների միջոցով, այլև սերիալների, կրթական հաղորդումների։

ՀՌՀ-ն ուսումնասիրել է վերջին երեք տարվա գովազդի շուկան։ Ի՞նչ ծավալ ուներ շահումով խաղերի գովազդը։ 

Շահումով խաղերի գովազդը դժվար չափելի է, քանի որ բացի բուն գովազդից կա նաև քողարկված գովազդ՝ պրոդուկտ փլեյսմենթ։ Եղել են նաև կոմերցիոն ծրագրեր, որոնց հովանովորները շահումով խաղերի ընկերություններն էին։ Բայց այդ գումարը մեզ համար շատ դժվար հաշվելի է։

2019-ին շահումով խաղերի տոտալ գովազդը կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ։ Հիմնական գովազդատուները հինգն են՝ Աջարաբեթ, Տոտո, Ինտերլոտո, Վիվառո (ընդ որում՝ շրջանառվող գումարի գրեթե կեսը Վիվառոյինն է)։ 

2020-ին շահումով խաղերի գովազդից ստացված գումարը մոտ  700 մլն դրամ էր, իսկ 2021-ին (մինչև նոյեմբեր 1-ը)՝ 658 մլն դրամ։ 

Թեև այդ գումարը նվազել է, բայց խնդիրը նաև այն է, որ ընդհանուր գովազդի շուկան ավելի շատ է նվազել։ Եթե 2020-ին 1 մլրդ-ը ընդհանուր գովազդի 7%-ն էր, ապա 2020-ին 716 մլնը արդեն 15% էր։ 

Այսինքն մեծացել է շահումով խաղերից ստացած գումարի տեսակարար կշիռը։

Եվ եթե այս գումարը հանում ենք հեռուսառադիոշուկայից, ապա դժվարեցնում ենք հեռարձակողների լիցենզիոն պարտավորությունների կատարումը, նվազեցնում ենք որակյալ բովանդակությունը եթերում: 

Շատ կարևր է գիտակցել, որ համացանցում գործող լրատվամիջոցները, կայքերը օրենսդրությամբ սահմանված պարտավորություններ չունեն ստեղծելու հանրօգուտ բովանդակություն։ Եվ դրանով է պայմանավորված ՀՌՀ առաջարկը բացառություն անել հենց լիցենզավորված մեդիայի համար: 

Իսկ պետությունն ունի՞ պարտավորություններ, թե՞ ամեն ինչ ինքնակարգավորման հարց է։

Տարբեր պետություններ փորձում են հանրօգուտ և որակյալ հաղորդումների պատրաստման ու տարածման համար արտոնություններ տալ։ Կարող են, օրինակ, ազատել տարեկան տուրքից կամ կրճատել սփռման ազդանշանի համար վճարվող գումարը։

Կան նաև պետական հիմնադրամներ, որոնք տենդերների միջոցով փոխհատուցում են մուլտիպլեքսում գործող հեռուստաընյերություններին՝ որակյալ բովանդակություն տարածելու համար։

Մեզ մոտ նման գործիքներ չկան։ 

Մի քիչ շեղվեմ թեմայից ու բացատրեմ, թե ինչու եմ առանձնացնում հանրային մուլտիպլեքսն ու պնդում, որ այդ տիրույթում գործող հեռարձակողների հանդեպ պետք է առանձնակի ուշադիր լինել։  

Տեսեք, ողջ աշխարհում հանրային մուլտիպլեքսներ ստեղծելու նպատակը եղել է քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի բավարարումը։

Բոլորը վճարում են տեղեկատվություն ստանալու համար՝ կապի, ինտերնետին միանալու, կաբելային ցանցերին բաժանորդագրվելու, թերթեր գնելու և այլն։ 

Եվ միայն հանրային մուլտիպլեքսն է այն հարթակը, որտեղ տեղեկատվական հոսքերը լսարանին են հասնում անվճար։

Պետությունն այդպիսով նշում է, թե ինչ առաջնահերթություններ ունի՝ կրթական, դաստիարակչական, սպորտային, մշակութային, ժամանցային և այլն։ 

Դա ենթադրում է, որ հանրային մուլտիպլեքսը պիտի միավորի այն հեռուստաալիքներին, որոնք ապահովում են պետության և հանրության գործունեության տեղեկատվական ուղեկցությունը: Եվ հեռուստաընկերություններն էլ քաջ գիտակցում են, որ մուլտիպլեքսում հեռարձակվելու արտոնագիր ստանալով՝ պարտավոր են սպասարկել հանրային շահը: 

Կրկնեմ, սա է հանրային մուլտիպլեքսի գործունեության հայեցակարգը: 

Իսկ մեզ մոտ, երբ 2010-ին ստեղծեցին թվային մուլտիպլեքս, այդ սկզբունքը չպահպանվեց: Սլոթերը «նվիրվեցին» իշխանության մաս կազմող կամ իշխանությանը լոյալ քաղաքական ուժերին, անհատներին, որոնք սպասարկում էին կուսակցությունների և գործող իշխանությունների շահերը։

Եվ արդյունքում մեր միակ մուլտիպլեքսում հավաքված են նաև քարոզչական միջոցներ։ Սկզբունքային սխալը դա էր, որն ուղղելը շատ դժվար է։

Ավելացնեմ նաև, որ գովազդային մուտքերի կրճատումն առաջին հերթին հարվածում է այն հեռուստատեսություններին, որոնք իրենց գործունեությունը դիտարկում են որպես բիզնես, քարոզչամիջոցների գործունեությունը ֆինանսավորում են սեփականատերերը:

Իսկ հնարավո՞ր է, որ որևէ հեռուստաընկերություն տույժի ենթարկվի կամ եթերազրկվի, եթե խախտի արտոնագրային պարտավորությունները։ Նաև էթիկական։

Ցանկացած հեռուստաընկերություն, որն իր մրցութային առաջարկով շահել է մուլտիպլեքսի սլոթը, նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով ստանձնում է մի շարք պարտավորություններ, որոնք դառնում են լիցենզիոն պայմանագրի անբաժանելի մաս։ 

Այսինքն, այն, ինչ խոստացել են (բովանդակային, տեխնիկական, ֆինանսական առումով), հիմնականում պիտի կատարեն։ 

Հանրային մուլտիպլեքսը սահմանափակ ռեսուրս է, որտեղ արդեն իսկ կան արտոնագրային պահանջներ ու սահմանափակումներ։

Հիմա մենք պատրաստում ենք հեռուստաընկերությունների  անձնագրային տվյալները՝ հավաքելով նրանց առաջարկային պարտավորություններն ու այժմ տարվող խմբագրական քաղաքականությունը։ 

Պարզ ասած՝ այն, թե ինչ ծրագրեր ու պատկեր են խոստացել և այն, ինչ արել ու անում են։ 

Ի վերջո, մենք չենք զարմանում, որ դեղամիջոցներն ունեն արտոնագրային սահմանափակումներ, որոնք նվազեցնում են առողջությանը հասցվող վտանգը։ Բայց մոռանում ենք, որ ինֆորմացիան ևս կարող է վտանգավոր լինել։

Ինչպե՞ս օրինակ կարող է հանրային մուլտիպլեքսում գործող  հեռուստաընկերությունը եթեր տրամադրել այն մարդկանց, որոնք խոսում են պատվաստանյութերով չիպավորման, 5G կայանների վտանգի ու այլ դավադրական վարկածների մասին։ 

Այդ դեպքում մենք լիազորություններ ունենք ժամանակավորապես կասեցնելու հեռարձակումը՝ մինչև հեռուստաընկերությունը շտկի իր բացթողումները։ 

Բայց կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ այդ դեպքում այն մեդիան, որը բացարձակապես չի կատարում իր ստանձնած պարտականություները, մեծ աղմուկ կբարձրացնի՝ խոսելով խոսքի ազատության ոտնահարման մասին։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *