2021.11.02,

Տեսակետ

«Վարակի ախտորոշման, բուժման մեջ ներգրավված բժիշկները մեդիայում երևալու ժամանակ չունեն»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Կորոնավիրուսային վարակի ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի ավելացումը, մահացության աճը, երիտասարդացումը չեն սթափեցնում մարդկանց։ 

Բժիշկ վարակաբան Լիանա Ղազարյանն ասում է, որ ինչքան ծանրանում է վիրուսի հաղթահարման հայաստանյան փորձը, այնքան պատվաստումների դեմ ալիքն ավելի է ընդարձակվում ու դուրս գալիս անգամ միֆերի տիրույթից։

Միֆը, ըստ նրա, որևէ կերպ հնարավոր է քննարկել, դիտարկել, հակադարձել դրան, սակայն հիմնականում համացանցային տիրույթում այս թեմայով ինֆորմացիայի գերակշիռ մասը նման է զառանցանքի։

Իհարկե, լավ կլիներ, որ մասնագիտական վերլուծության ենթարկվեր նաև նմանատիպ վարքը, գուցե շատ կարևոր բացահայտումներ անենք և օգտագործենք դրանք ճիշտ տեղեկատվական արշավ կազմակերպելու համար։

Եվ այս քաոտիկ իրավիճակը, մասնագետի կարծիքով, չի խաղաղվի քանի դեռ չի ձևավորվել կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական միասնական համակարգ։

Որպես մասնագետ ի՞նչ կարծիքի եք ինֆորմացիոն դաշտի մասին։ Իսկապե՞ս պետությունը տանուլ է տվել այս ճակատում պայքարը։

Սխալ կլինի ասել, որ ոչինչ չի արվում, մարդկանց չի քարոզվում, ուղղորվում և խորհրդատվություն մատուցվում։ Այստեղ երկու հարց կա մարդկանց որոշակի խումբ իրեն ամբողջապես փակում է պետական կառույցներից ու մասնագետներից եկող տեղեկատվության առջև։ Չի ուզում լսել ոչինչ, որովհետև այդպես իրեն հարմար է կամ այդպես իրեն ուղղորդել են այս կամ այն շրջանակները (անգամ մասնագիտական)։

Երկրորդը, մարդիկ չեն կարողանում իրենց հարցերի պատասխանները համակարգված ձևով ստանալ։ Գուցե ծուլանում են, իրականում համացանցում լավ փնտրելու դեպքում կարելի է ստանալ կորոնավիրուսի թեմայով ցանկացած տեղեկություն։ Տեղական բովանդակությունը, ցավոք, քիչ է։

Կարծում եմ, լավ կլինի, որ ամբողջ տեղեկատվությունը բերվի մի հարթակ, որտեղ իրենց ուժերը կկենտրոնացնեն պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները, բժշկական հաստատությունները։ Այսինքն, ունենանք միասնական տեղեկատվական համակարգ՝ պաշտոնական տեղեկատվությամբ, գիտական հոդվածներով, վիճակագրությումբ, մարդկանց հուզող հարցերի շուրջ հարց ու պատասխաններով և այլն։

Կարևոր է փորձել փոփոխել տեղեկատվության մատուցման ձևը, որակը, հաճախականությունը։ Հնարավոր է սխալվենք, բայց պետք է փորձենք։ 

Որոշ մարդիկ էլ կան, որ գալիս են, բուժվում, վերադառնում տուն՝ այդպես էլ չընդունելով, որ իրենք վարակվել և հաղթահարել են վիրուսը։ Նրանք ամեն ինչ պայմանավորում են ուղեկցող հիվանդություններով։ Ահա նման անտեղյակություն էլ կա։

Բժիշկներից շատ բան է կախված, նրանք քիչ են երևում վստահելի մեդիա հարթակներում։

Շատ բժիշկների համար կորոնավիրուսի թեման դարձել է հայտնի դառնալու, ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու առիթ։ 

Վարակի ախտորոշման, բուժման, կլինիկական փորձարկումներում ներգրավված բժիշկներն, անկեղծ ասած, մեդիայում երևալու ժամանակ պարզապես չունեն։ Եթե լինի իմ ասած միասնական տեղեկատվական համակարգը, գուցե որևէ պարբերականությամբ մենք տեսնենք վարակի դեմ պայքարող բժիշկներին։

Ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակն արդեն տարուկես հյուծում է բժիշկներին։ 

Բացի դա, կարծում եմ, անհնարին է, որ հիվանդանոցում աշխատող բժիշկը կարողանա ամեն պահի հասանելի լինել լրատվամիջոցներին, արձագանքել տարբեր ապատեղեկատվությունների, փորձել ծածկել քարոզչական բացերը։ 

Կան բժիշկներ, որոնք պատվաստումներին դեմ են և մարդկանց խորհուրդ են տալիս այդ քայլին չգնալ։ Ինչպե՞ս, ի վերջո, կողմնորոշվել։

Որոշ բժիշկների նման ոչ մասնագիտական կեցվածքը խանգարում է պատվաստումների միջոցով մեղմել համաճարակային վիճակը։ Այստեղ ասելիք չունեմ, դա քննարկման այլ նյութ է։

Այո, մարդիկ այսօր իրենց հարցերի պատասխանները չունեն։ Ֆեյսբուքում տարբեր մասնագիտական խմբերում կորոնավիրուսի թեմայով շատ գրառումներ կան, երբեմն հանդիպում եմ հարցադրումների և ուզում եմ մասնագիտորեն կողմնորոշեմ։

Բայց մինչև կգա արտահայտվելու իմ հերթը, հայտնվում են իրական և ֆեյք օգտատերեր և սկսում հակապատվաստումային քարոզ իրականացնել։ Եվ մեկնաբանությունների այս ահռելի քանակի մեջ իմ կամ այլ մասնագետների գրառումները այնքան քիչ են, որ հաճախ անտեսվում են։

Տեղացի մասնագետները ունե՞ն մարդկանց հուզող հարցերի պատասխանները։

Հիմնական պատասխանները կան, սակայն պետք է հաշվի առնել, որ գործ ունենք նոր, արագ մուտացվող, անկանխատեսելի զարգացող վիրուսի տեսակի հետ, որն ուսումնասիրվում է ամբողջ աշխարհում ամեն րոպե։

Արտասահմանյան մասնագիտական հարթակները հաճախ են թարմացնում ուսումնասիրությունների արդյունքները։ Կարելի է որոշ թարգմանություններ ներկայացնել նաև տեղի լսարանի համար։ Դա երևի մեդիայի գործն է, որն այսօր այս թեմայով կարծես լրջորեն հետաքրքրված չէ։

Ի՞նչ կարևոր բան ենք բաց թողում, գուցե խնդիրը միայն տեղեկատվական դաշտում չէ։

Վստահաբար կարելի է ասել, որ խնդիրը միայն տեղեկատվական դաշտում չէ։ 

Եվրոպական երկրներում բժիշկների հանդեպ վստահության հսկայական ռեսուրս կա։ Մարդուն բժիշկը կոչ է անում պատվաստվել, և նա առանց երկար-բարակ մտածելու, վստահելով  իր բժշկին, գնում է այդ քայլին։

Նույնը չենք կարող ասել Հայաստանի պարագայում, բժշկի ինստիտուտը կա, բայց դրա հանդեպ հարգանք չկա, քանի որ այն շատ է նյութականացված, հաճախ ասոցացվում է փողի, կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների հետ։

Արտասահմանում պատվաստումային գործընթացին օգնում են տարբեր լծակներ, այդ թվում՝ ապահովագրական համակարգը։

Որոշ երկրներում եթե մարդը պատվաստված չէ, նրա համար ապահովագրավճարը մի քանի անգամ բարձրանում է։ Իսկ առանց առողջապահական ապահովագրության զարգացած երկրներում քիչ մարդկանց կհանդիպեք։

Կարծիք կա, որ մարդկանց սթափեցնելու համար պետք է հաճախ ցույց տալ վարակված մարդկանց, որոնք կյանքի և մահվան կռիվ են տալիս հիվանդանոցներում։

Համաձայն չեմ, որովհետև դեռ գնահատված չէ, թե իրականում ինչ ազդեցություն դա կարող է ունենալ լսարանի վրա։ Գուցե մարդկանց մոտ առաջանան ավելի շատ հարցեր, սրվի տագնապի զգացողությունը, կասկածները, ինչն ավելի կբարդացնի վիճակը։

Այստեղ գործ ունենք մարդկանց անձնական տարածքի ու իրավունքների հետ։ Իմ պրակտիկայում հիմնականում միշտ եղել է այնպես, որ մարդիկ հրաժարվել են մեդիայի հետ շփվել, որովհետև լրագրողների հետ խոսակցության պատրաստ չեն եղել նաև ֆիզիկապես։

Ինձ թվում է՝ արժե մտածել ինֆորմացիան ֆիլտրելու շուրջ։

Տեխնիկապես չեմ պատկերացնում, թե ինչպես,  բայց կարելի է հավաքել մասնագետներին և նրանց հետ քննարկել նաև այս տարբերակը։ Դեպքերը գնալով շատանում են, վաղուց ազատ մահճակալներ չկան և մարդիկ հերթի մեջ սպասում են հոսպիտալացման։

Ի վերջո, պետությունն ունի տարբեր լծակներ, պետք է գործադրել մի քանիսը միաժամանակ։ Հապաղումը կյանքեր է արժենում։

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *