2021.09.13,

Տեսակետ

«Շատ դեպքերում տհաճ լուրերն ավելի կարևոր են, քան հաճելի լուրերը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Բացատրական լրագրությունը կարևոր է, երբ գերհագեցած լրահոսը իրար է խառնում երկրորդականն ու էականը, լղոզում է ուղենիշերը, և օրհասական պահանջ է դառնում բարդ հարցերի արագ ու հակիրճ պատասխաններ ստանալը։ Այսինքն, գրեթե միշտ։

Բացատրական լրագրությունը պարզ, երբեմն միամիտ ու սադրիչ հարցերով փորձում է աղմուկից զատել կարևորը ու պատմել այդ մասին մարդկային լեզվով՝ առանց ակադեմիզմի ու բյուրոկրատիզմի։ 

Ամեն ինչ կախված է հնչերանգից. այդպես է կարծում երկար տարիներ բացատրական տարբեր ֆորմատներ ստեղծող լրագրող Ալեքսանդր Բորզենկոն, որը Երևանում անցկացրեց դասընթաց՝ Մեդուզայի Разбор բաժնի փաստերի ստուգող Դենիս Դմիտրևի հետ։

Ալեքսանդր Բորզենկոն գիտամասնագիտական Arzamas հարթակի գլխավոր խմբագրի տեղակալն է, մի քանի փոդքասթների հեղինակ, իսկ մի քանի տարի առաջ՝ Մեդուզայի լրագրող։ Նա աշխատել է բացատրել հենց այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում և ինչը կարևոր է ընթերցողի համար։

Հատկապես հայաստանյան մեդիա դաշտի համար օգտակար է տեսնել, թե ռուսաստանյան այդ երկու հեղինակավոր հարթակներում ինչպես են թիմերով աշխատում լրագրողն ու փաստերի ստուգողը։ Դրանք երկու տարբեր մասնագիտություններ են, մեկն առանց մյուսի լիարժեք չեն։ Ամեն ինչն է ստուգվում (թվեր, համատեքստ, մեջբերումներ, հիմնավորումներ)։ 

Այդպես է անգամ Արզամասում, չնայած հարթակը գործ ունի պատմության ու արվեստի ժառանգության հետ, հրավիրում է լուրջ էքսպերտների ու թվում է, որ այդ դաշտում վրիպակներ չեն լինի։ «Այն էլ ինչպես են լինում»,- ասում է Ալեքսանդրը։

Քարտադարաններով ու բացատրական ձևաչափերով ներկայացնում եք տարբեր թեմաներ՝ հավերժ կամ զվարճալի հարցադրումներից սկսած, օրվա հրատապ անդրադարձներով վերջացրած։ Ի՞նչն է առաջնային բացատրական ֆորմատներում։

Բացատրական լրագրությունը հատկապես կարևոր է, երբ ինֆորմացիոն քաոս է և հայտնի չէ, թե ինչին կարելի է հղում անել։ 

Նաև այն ժամանակ, երբ գործում են արգելող օրենքները, որոնք շատ արագ են ընդունվում։ Երբ շուրջդ «սպիտակ աղմուկ» է, հարկավոր են ուղենիշեր, որ չկորչի համատեքստը, ծանոթ լինես դեպքերի շղթային, իմանաս՝ ինչ անել։ 

Մեծ հաշվով բացատրական լրագրությունը չի տարբերվում լրագրությունից, քանի որ կարևորում է ապացուցողական բազան, փաստերի ստուգումը, համատեքստի հետ ծանոթությունը, փաստաթղթերի հետ աշխատանքը, համեմատելու ունակությունը և այլն։ Բայց հիմնականը հնչերանգն է, որը բացատրական ձևաչափերում նման է երկխոսության, կարճ ու մատչելի հարց ու պատասխանի։ 

Եթե կա հարց, պատասխանը պիտի լինի հնարավորինս պարզ, հակիրճ ու ըստ էության։ Այսինքն, լինի իսկական պատասխան։

Երբեմն դա նման է ուղեցույցի կամ բացատրագրի՝ ինստրուկցիայի, թե ինչ անել։ Իսկ երբեմն փորձում ենք պատասխանել, այսպես ասած, ամոթալի հարցերի, որոնք մարդիկ կուզեին իմանալ, բայց ամաչում են հարցնել։ Կամ կարիք է լինում խառն ու խճճված փաստաթղթերն ու օրենքները շարադրել մարդկային լեզվով, այսպես ասած՝ ռուսերենից ռուսերեն թարգմանել։

Պարզապես բացատրական լրագրությունը ինտրիգ չի կառուցում ու չի սեթևեթում ընթերցողի հետ, և լավ է, երբ հենց առաջին իսկ նախադասությամբ ասում է հարցի պատասխանը։ Անգամ եթե այդ պատասխանը անհայտ է։ Կարծես դա զրույց լինի ինքդ քեզ հետ։

Օրինակ, երբ Ռուսաստանը Մեդուզային պիտակավորեց որպես «օտարերկրյա գործակալ», Մեդուզան նյութ պատրաստեց և «Ի՞նչ է լինելու հետո» հարցին պատասխանեց՝ ինքներս էլ չգիտենք։ 

Երբ նորությունները տագնապալի են, լրագրությունը փորձում է ոչ թե մանիպուլացնել այդ տագնապը, այլ նվազեցնել տագնապայնության աստիճանը՝ տեղեկացնելով։

Տագնապը լավ վաճառվում է մեդիայում, և լրագրողները հակված են հաճախ խտացնելու տագնապի, վախի, անկայունության զգացումը։ Եվ ի՞նչ անել, եթե լրագրող ես։

Երբ առավելագույն տագնապային իրավիճակ էր կորոնավիրուսի առաջին փուլում, ես որոշեցի ուսումնասիրել, թե ինչ էր գրում մեդիան հարյուր տարի առաջ բռնկված իսպանական գրիպի, նաև 19-րդ դարի, այսպես կոչված, ռուսական գրիպի (դա նույնպես կորոնավիրուսի տարբերակ էր), մասշտաբային տարածման մասին։

Փորփրում էի ամերիկյան ու բրիտանական թերթերն ու հայտնաբերեցի, որ թե՛ վերնագրերում, թե՛ նկարազարդումներում մանիպուլյացիաներն ավելի շատ էին, քան մեր օրերում։ Ենթադրում եմ, որ այդպես եղել է միշտ։

Եվ, այո, տագնապը, լավ է վաճառվում։

Կա շատ նուրբ երզրագիծ, որն իմ կարծիքով՝ բարդ է շոշափել, քանի որ երբ տագնապն իրականում կա՝ այն մեղմելով ոչ մի լավ բան չենք անում։ Այլ հարց է, որ լրագրողի գործը երևի գտնելն է հենց այդ եզրագիծը՝ տեղեկացման ու մանիպուլյացիայի միջև։ Եթե իրավիճակն իրոք վտանգավոր է, արդյո՞ք պիտի գրենք այնպես, որ մարդիկ ուղղակի վախից չկարողանան քնել։

Երբ անում ենք բացատրական ձևաչափեր, միշտ հաշվի ենք առնում այն սկզբունքը, որ գիտելիքը նվազեցնում է տագնապը, օգնում է կողմնորոշվել։

Բայց մյուս կողմից՝ ով բազմապատկում է գիտելիքը, մեծացնում է վիշտը, ինչպես ասված է հայտնի գրքում։ Երբեմն ինֆորմացիայով գերհագեցած՝ ընտրում ենք չիմանալը։ Երևի ինքնապաշտպանվելու բնազդ է նաև։

Կար մի պահ, որ հրաժարվեցի հետևել լրահոսին, քանի որ իրոք համավարակի մասին տեղեկությունն ամենուրեք էր։

Բայց հասականալի է, որ եթե որակյալ տեքստեր չենք կարդում որևէ թեմայի մասին, սկսում ենք ավելի շատ ենթադրություններ անել ու արդյունքում՝ վախենալ։

Իսկ հանգիստ, որակյալ բացատրական տեքստերը, որոնք պարտադիր չի լինեն լավատեսական, առնվազն օգնում են հասկանալ, թե ինչից կարող ենք վախենալ իրականում, այլ ոչ թե հնարենք ու խեղդվենք մեր հնարածի մեջ։

Ի վերջո, խելացի մարդիկ ասում են՝ վախենալ պետք չէ, պետք է իմանալ։ 

Կարծում եմ՝ երբ չգիտես, թե ինչ է պետք անել, բավական է իմանալ, թե ինչը անել հաստատ պետք չէ։ 

Իսկ ինչո՞վ կարող է օգտակար լինել բացատրական լրագրությունը քաղաքականացված լրահոսի դեպքում։

Ինձ թվում է, որ քաղաքական համատեքստը հասկանալու համար օգտակար է ցանկացած լավ լրագրությունը։ Այսինքն, գրագետ, բարեխիղճ աշխատանքը՝ հիմնված է հստակ հետազոտությունների, աղբյուրների, փաստերի և դրանց ստուգման վրա։ Միգուցե հիմա ասում եմ շատ ծեծված բաներ, բայց դա է միակ չափանիշը։ 

Իսկ բացատրական լրագրությունը երբեմն կարող է շատ անսպասելի կերպով օգտակար լինել։

Ռուսաստանում, օրինակ, այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ լուրերից կարող ես զարմանք ու միաժամանակ կաթված ապրել՝ չիմանալով, թե ինչ անել ստացած տեղեկությունների հետ։ 

Տեսնում ես, որ մեկին ձերբակալել են, մյուսին անվանել՝ օտարերկյա գործակալ (ընդ որում՝ նա արդեն չի էլ կարող իր ինստագրամյան էջը վարել, առանց նշելու, որ գործակալ է, թեկուզ այդ էջը միայն նորաձևության մասին է)։ Տեսնում ես, որ ծանոթներիդ տուն գալիս են խուզարկության, հետո քո տուն են գալիս խուզարկության ու քեզ են բերման ենթարկում։ 

Նման քաղաքական իրավիճակներում, կարծում եմ, կա միայն մեկ հանրահայտ հնարք, որը միշտ գործում է՝ պետք է օգնել ուրիշներին։

Կա հասկացություն՝ ձեռքբերած անօգնականություն (learned helplessness), երբ հիասթափված ես ու նպատակ չես տեսնում։ Պատահական չէ, որ մարդիկ այդ իրավիճակում սկսում են, օրինակ, նամակներ գրել բանտարկյալներին, օգնել նրանց ընտանիքներին, գումար հանգանակել իրավապաշտպան նախագծերին։

Եվ այստեղ մեծ դեր կարող են ունենալ բացատրական տեքստերը, որոնք սովորեցնում են, թե ինչպես լինել պետքական կոնկրետ իրավիճակում և ինչպես դիմադրել քաոսին ու խավարին։

Նման դեպքերում ինստրուկցիաները, մեծ պահանջարկ են ունենում։ Մարդն ուզում է ինքն իրեն կիրառել։

Եվ հատկապես անհասկանալի ու բարդ իրավիճակներում։

Վստահությունը պետության հանդեպ կարևո՞ր է։

Ցավոք, Ռուսաստանում այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ բնազդաբար ոչ մի լավ բան չեն սպասում պետությունից (շատ քիչ բացառությամբ)։ Բժշկական, սոցիալական և շատ այլ հարցերում պետությունը միևնույն է խաղում է մեծ դեր, բայց երբեմն ոչ թե պետության շնորհիվ, այլ ի հեճուկս պետության են արվում լավ նախաձեռնությունները։ 

Իրականում, դա շատ վիճելի ու բարդ հարց է, և երբ, օրինակ, որոշ բարեգործներ համագործակցում են պետության հետ, հաճախ արժանանում են քննադատության։ 

Հայաստանում լրատվամիջոցների մեծ մասը, լինելով ակամայից ընդդիմադիր, խտացնում է առանց այդ էլ մութ գույները։ Իսկ պետությունը ուշանում է, զլանում է, անկարող է տալ ճիշտ պատասխաններ, փոխարենը խստացնում է պատժամիջոցները։ Ի՞նչ անի լրագրողը, երբ պետական որոշումների հետևում մութն իրոք շատ է։

Ռուսական փորձից կարող եմ ասել։ Երբ աշխատում էի Մեդուզայում և այլ հասարակական-քաղաքական պարբերականում, հաճախ լսում էի՝ ինչու՞ եք միայն նեգատիվ ինֆորմացիա հաղորդում։

Բայց կյանքն այնպիսին է, որ նեգատիվ լուրերը ամենակարևորն են։ Եթե որևէ պետական ծառայող մի բարի գործ է անում, ասենք, կերակրում է անտուն շներին, դա իհարկե, լավ է, բայց դրա մասին հաստատ կգրի այլ մեդիա, իսկ եթե քեզ դիրքավորում ես որպես լուրջ հարթակ, չարժի այդ լուրի վրա ժամանակ ծախսել։ 

Իհարկե, տարօրինակ կլինի, եթե լրատվամիջոցը միտումնավոր չգրի հանրային նշանակություն ունեցող հաճելի լուրերի մասին, ասենք, վատ օրենքների չեղարկման։ 

Բայց, ի վերջո, լավ լրագրությունն այն է, երբ գրում ես մի բան, որի մասին մարդիկ կգերադասեին չիմանալ։ Այն մասին, ինչը թաքնված է։

Միգուցե ոմանք դա համարեն վիճելի պնդում, բայց այդպես է՝ շատ դեպքերում տհաճ լուրերն ավելի կարևոր են, քան հաճելի լուրերը։  

Համենայնդեպս Ռուսաստանում այդպես է, քանի որ հաճելի լուրերը պետական պրոպագանդայի մաս են։

Եվ ի՞նչ արած, ստիպված ես հիշեցնել լսարանին, որ, այո, մեր նպատակը լսարանի տրամադրությունը բարձրացնելը չէ, այլ պատմելը կարևորի մասին։ 

Արզամասը հիմա փորձում է գրավիչ դարձնել ակադեմիական գիտելիքը ճկուն ու մատչելի ձևաչափերով։ Ի՞նչն եք կարևորում առաջին հերթին։ Եվ որքա՞ն կարևոր է փողը։

Գիտելիքի հետ կարելի է տարբեր կերպ աշխատել։ Այստեղ էլ կա նուրբ եզրագիծ։ Երբեմն ուզում ենք մի նոր, կարևոր ու գեղեցիկ բան անել՝ շատ լավ հասկանալով, որ մեր արածը քիչ մարդ կդիտի ու կկարդա, և մեզ փող կամ ճանաչում չի բերի։ Բայց միևնույն է անում ենք։

Ունենք բովանդակություն, որը հասանելի է միայն բաժանորդագրությամբ։ Մեզ փող են բերում լուսավորչական նախագծերը, հիմնականում օնլայն կրթության ոլորտում։

Վաճառում ենք շարքեր, որոնք մեր ներքին խոհանոցում անվանում ենք՝ սեքսի կուրսեր։ Դրանք հետաքրքիր են անխտիր բոլորին։ Օրինակ, ստացվեց այնպես, որ Հիտլերի մասին շարքը հետաքրքրել էր բոլորին։ Եվ հենց այդ շարքից հետո կտրուկ ավելացավ բաժանորդագրության ծավալը։

Ստացած գումարով կարողանում ենք նաև այլ բովանդակություն ստեղծել, պատվիրել, կառուցել։ Բայց միևնույն է ինչ էլ անում ենք, պահպանում ենք մեր ստանդարտները՝ հետազոտում ենք, ստուգում, վերստուգում, համադրում։ 

Փողն, իհարկե, կարևոր է։ Բայց միայն բիզնեսի կանոններով չենք առաջնորդվում։

Ի վերջո, ամենաբարդ ու ոչ պոպուլյար թեմաները կարելի է վաճառել, եթե, կոպիտ ասած, նման նպատակ ունես։ Բայց կարևոր է, որ վաճառքը չլինի ինքնանպատակ, որ ոգևորության ու նոր բան ստեղծելու հաճույքի տեղ մնա։ 

Սովորաբար, երբ լավ ես վաճառվում, մեծ է հավանակությունը, որ կդառնաս լավ վաճառվող կոնտենտ արտադրող գործարան, որտեղ շատ հեշտ է  լղոզել որակը։ 

Անձամբ ինձ համար կարևոր է, որ գիտելիքի հետ գործ ունեցող հարթակները չդառնան մատչելի ձևաչափերի գերին, կոպիտ ասած՝ կախված չլինեն դիտումներից ու բաժանորդագրությունից։ 

Իրականում շատ ավելի հետաքրքիր է զբաղվել քիչ ծանոթ, բայց արժեքավոր բովանդակության ստեղծմամբ։

Կարծում եմ՝ կան ժամանակներ, երբ անհնար է անընդհատ լուրեր կարդալ։ Երբեմն հարկավոր է լսել Շեքսպիրի մասին։

Դա մի քիչ սփոփում է ու որոշ իմաստով հաշտեցնում  կյանքի հետ։

Երբ փոխում ես մասշտաբը, տեսնում ես, որ միշտ էլ եղել են բարդ ժամանակներ, բայց դա չի խանգարել, որ հայտնվի գեղեցկությունը։ Ինչ-որ առումով, դա սփոփում է։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *