2021.06.16,

Տեսակետ

«Ագրեսիվ են ոչ միայն քարոզարշավի խոսքերը, այլև տեխնոլոգիական հնարքները»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ընտրություններին ընդառաջ մարդկանց տրամադրություններն ու տենդենցները ճշտելու հիմնական գործիքը հանրային կարծիքի ուսումնասիրությունն է։ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասում է, որ իրենց հարցումների նպատակը մարդկանց այս կամ այն ուժի կողմն ուղղորդելը չէ։

Նրա խոսքով, ուսումնասիրելով տվյալ ժամանակաշրջանում եղած տրամադրություններն ու տեսակետները, կարևոր է աջակցել նախևառաջ քաղաքական ուժերին։ Օրինակ, այս ընտրությունների հարցումները ցույց են տվել, որ առողջապահական համակարգի ներկայացուցիչները չեն կողմնորոշել, թե որ քաղաքական ուժի են տալու իրենց քվեն, որովհետև դեռևս լավ ծրագրային առաջարկներ չեն եղել։

Ըստ Նավասարդյանի՝ սա լավ ցուցիչ է հասկանալու ինչ փոխել ծրագրում, ինչպես աշխատել թիրախային խմբերի հետ,  ինչպես ծրագրերը հասցնել լսարանին, մշակել ուղերձներն ու ընդհանրապես վարել քարոզարշավը։

Հետպատերազմյան շրջանում, երբ մարդիկ բազմաթիվ վախեր ու տրավմա ունեն, բարդ է խոսել քաղաքականության մասին։

Կամ հարցումներ պետք է անենք, կամ՝ ոչ, մեծ ընտրություն չունենք։ Ճիշտ է հուզականության, ատելության, ագրեսիայի նման ծավալների պարագայում մեծ է շեղումների հնարավորությունը։ Բայց եթե չանենք հարցումներ, չենք կարող լայն հայացք գցել ու պատկերացնել, թե ինչ ունենք։

Ընտրությունների համար դժվար ժամանակահատված է, լարումը մեծ է, քաղաքական ուժերը քիչ ժամանակ են ունեցել պատրաստվելու արտահերթ ընտրություններին։ Եվ եթե նման հարցումներ էլ չլինեն, գործն իսկապես կբարդանա։ Բոլոր կողմերի համար կարևոր է հասկանալ իրավիճակը և ժամանակի մեջ տենդենցների փոփոխությունը։

Մեզ մոտ, ցավոք, քաղաքական ուժերը մեծ վստահություն չունեն նման հարցումների նկատմամբ, սակայն զարգացած երկրներում շատ բան կախված է հենց նման ուսումնասիրություններից։

Այս թվում նաև քարոզարշավի ուղերձնե՞րը։

Շատ կուսակցություններ իրենք են պատվիրում հարցումներ՝ հասկանալու, թե մարդիկ կոնկրետ ինչ սպասելիքներ ունեն իրենցից կամ հասկանալու այս կամ այն ծրագրով առաջարդրվելու դեպքում ինչ շանսեր ունեն։

Կարելի է ասել, որ մեզնում չկա նման պրակտիկա։ Իսկ պատրաստի հարցման հետ կապված միշտ դժգոհություններ են լինում, որովհետև քիչ ձայներ ստացող քաղաքական ուժը հարցումը համարում է ոչ ստույգ, քանի որ ավելի մեծ ակնկալիք ունի ընտրություններից։

Եթե վերադառնանք մեր իրականություն, կարելի է ասել, որ առանց հարցման էլ հիմնական խաղացողների համար պարզ է, ով է իրենց ընտրազանգվածը և ինչպես պետք է խոսել նրա հետ։ Դա է պատճառը, որ հիմա ունենք բռնություն, հայհոյանք, ատելություն պարունակող նման բառամթերք։

Հիմնականում քաղաքական տեքստերը հայհոյախառն են, բռնության կոչերով, կարծու՞մ եք այս անգամ այլ կերպ հնարավոր չէր։

Ոչ միայն խոսքերն են ագրեսիվ, այլև օգտագործվող տեխնիկական և տեխնոլոգիական հնարքները։ Պայքարող հիմնական ուժերը՝ «Հայաստան» դաշինքը և Քաղաքացիական պայմանագիրն, ամեն քայլի դիմում են և այս ընտրություններին օգտագործում են տեղեկատվության տարածման հնարավոր ամեն միջոց։

Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածը, ըստ մեր հարցումների, գյուղական համայնքներում է, Ռոբերտ Քոչարյանինը Երևանում և մնացած մեծ քաղաքներում։ Այս երկու քաղաքական գործիչների իրենց լսարանին ուղղված խոսքը կտրուկ տարբեր է իրարից։

Այս երկուսի մեջտեղում է «Պատիվ ունեմ»-ը, որը սկզբում այդքան էլ կոշտ չէր իր հանրային ուղերձներում, սակայն քարոզարշավի վերջին օրերին ագրեսիվացրել ու կոպտացրել է ասելիքը։

Ստեղծված քաղաքական աղմուկի մեջ չեն լսվում այլ քաղաքական ուժերի ձայները։ Դա պայմանավորված է նաև քիչ ֆինանսական և մարդկային ռեսուրսներով։

Մեր հարցումները ցույց են տալիս, որ նախքան բուն քարոզարշավը, փոքր կուսակցությունների վարկանիշն աճում էր։ Բուն քարոզարշավի մեկնարկից հետո ոչ միայն չի աճում, այլ դանդաղում է կամ գնում նվազման։

Ճի՞շտ է օգտագործել բոլոր գովազդային հարթակները, նման քանակի գովազդը չի կարո՞ղ հակառակ էֆեկտ ունենալ։

Ճիշտ պլանավորված է «Հայաստան» դաշինքի գովազդային արշավը։ Գովազդային հարթակներում ամենաակտիվը «Պատիվ ունեմ»-ն է։ Խիտ պլանավորված է թե՛ արտաքին գովազդը, թե՛ սոցցանցային գովազդը։ Կարելի է ասել սա ագրեսիվ գովազդային արշավ է։ ՔՊ-ն «Պատիվ ունեմ»-ի հետ կիսում են գովազդային ակտիվության երկրորդ հորիզոնականը։

Կլասիկ գովազդային արշավ է իրականացնում  «Լուսավոր Հայաստանը», գիտի որտեղ է իր ընտրազանգվածը և թիրախային է աշխատում։

Փոքր կուսակցությունները թեև կրեատիվ գովազդային փորձարկումներ անում են, սակայն պարզ չէ այս աղմուկի մեջ իրենց ձայնը լսարանին հասնում է, թե ոչ։

Կարևոր է նաև, թե գովազդի միջոցով ինչ նպատակ են հետապնդում քաղաքական ուժերը։ Նրանցից շատերի համար պարզ է, որ գրեթե շանսեր չունեն անցնելու Ազգային ժողով։ Նրանց համար գովազդը ճանաչելի դառնալու միջոց է։ 

Օրինակ, «5165» շարժումը իր տեսահոլովակում ավելի շատ պատմում է իր անվանման մասին, կարծես ցանկանալով մարդկանց տեղյակ պահել իր գոյության մասին: Ինչը կարծում եմ այս քարոզարշավային ռիթմի մեջ ժամանակավրեպ է։

Այսինքն, ոչ հայտնի քաղաքական ուժերի համար այս ընտրությունները կանխորոշված ավարտ կունենա՞ն։ Ի՞նչու են այդ դեպքում ռեսուրսներ ծախսում։

Հնարավոր է ընտրությունները շատ ուժերի համար ուղղակի հնարավորություն են զարգացնելու իրենց քաղաքական կապիտալը:

Եթե քաղաքական ուժը գումար ունի և հետագայում ուզում է լրջորեն զբաղվել քաղաքականությամբ, օգտվում է այս շանսից։ 

Մեր հարցումների նպատակն էլ այն է, որ նման ուժերին աջակցենք գտնել իրենց ընտրողներին։ Հետևաբար նրանք իմանալով, թե ովքեր են իրենց պոտենցյալ համակիրները, կարող են թիրախավորված գովազդ ունենալ, քանի որ ի տարբերություն մեծ ուժերի՝ ավելի սուղ ֆինանսական հնարավորություններ ունեն։

Պոտենցյալ ընտրազանգվածի հետ կապը նաև կօգնի գտնել այն գաղափարական կորիզը, որի շուրջ քաղաքական նոր ուժը կարող է ձևավորել իր քաղաքականությունը։

Բացի ագրեսիվ խոսքից էլ ի՞նչով է առանձնահատուկ այս քարոզարշավը։

Հարցվածներից շատերը քաղաքական ծրագրերի մասին ցանկանում են տեղյակ լինել սոցիալական մեդիայից, իսկ բակային հանդիպումներն ավելի քիչ նախընտրելի են։ Մարդիկ ուզում են իրենց հարմար ժամին և պայմաններում, ասենք մի գավաթ սուրճ ըմպելիս, տեղեկանալ կուսակցության ծրագրերի մասին։

Մարդիկ դառնում են ավելի պասիվ, հնարավոր է դա պայմանավորված է նաև համավարակի գործոնով։

Շատ լավ է աշխատում արտաքին գովազդը։ Տիգրան Արզաքանցյանի դեպքը ցույց տվեց, որ շատ էֆեկտիվ են աշխատում բաներները։ 

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *