2021.06.08,

Տեսակետ

«Հնարավոր չէ պատկերացնել, թե կարող են լինել նորմալ բանավեճեր»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այսօրվա իրավիճակում, երբ շատ լրատվամիջոցներ հստակ քաղաքական թիկունք ունեն, մեդիա շուկայում ծաղկում է ամենաթողությունը. մի կողմից՝ հայհոյանք, անեծք, պախարակելի բառապաշար, իսկ մյուս կողմից՝ այս կամ այն քաղաքական ուժի ակնհայտ գովազդ ու փառաբանում։ 

«Սիվիլնեթի» խմբագիր, միջազգայնագետ Ստելլա Մեհրաբեկյանի կարծիքով՝ այսօր մեդիան ու քաղաքականությունը ոչ միայն փոխազդում են իրար վրա, այլև իրար պայմանավորում։ Օրինակ, քաղաքական գործիչները լավ հասկանում են, որ լսելի ու դիտելի լինելու համար պետք է խոսեն այնպես, որ իրենց ասելիքը դառնա սկանդալային լրահոսի վերնագիր։ Եվ լավ տեղավորվի առաջին հերթին Ֆեյսբուքում։

Ստելլա Մեհրաբեկյանը տեսնում է, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Եվ լրագրության առաջին թշնամի է համարում պաթոսն ու կարծրացած մտածելակերպը։

Շատ լրագրողներ հիմա դարձել են քաղաքական մարտիկներ։ Ոչ միայն սոցցանցային հաշիվներում, այլև լրատվամիջոցներում ներկայանում են որպես այս կամ այն քաղաքական ուժի հստակ համակիրներ։ Նախկինում գոնե փորձում էին դա թաքցնել, հիմա անգամ հպարտանում են։ Զինվոր-լրագրողների ժամանա՞կն է։

Նկատելի է, որ ասուլիսների ժամանակ կամ հանրային հարթակներում լրագրողները հարցը չեն տալիս պատասխան լսելու համար, այլ միանգամից նախահարձակ են լինում ու ապրիորի իրենց դիրքորոշումը փաթաթում դիմացինի վզին։ 

Եվ անկարևոր է դառնում, թե տվյալ անձը ինչ է պատասխանում։ Լրագրողը միանգամից դեմ է տալիս նրան բարձրախոսն ու մեղադրում։ 

Իհարկե, փոխվել է նաև լրագրողների բառապաշարը։ Այսինքն, նույնիսկ այն նվազագույն ստանդարտները, որոնց մենք սովոր էինք, արդեն չեն աշխատում։ Օրինակ, միշտ կարող ես հարցդ այնպես ձևակերպել, որ զրուցակիցդ պատասխանի քո ուզած ձևով։ Բայց անգամ դա չի աշխատում։ 

Հիմա պատրաստի ձևակերպումներով, որակումներով, պիտակավորումներով են հնչում հենց լրագրողների հարցերը։

Օրինակ, հենց հարցի մեջ արդեն ասվում է, որ «կապիտուլյանտը» կամ «դավաճան իշխանությունները» այս կամ այն քայլն են արել։ 

Այո,  լրագրությունը հիմա հայտնվել է բավականին աբսուրդային դերում։

Արդյո՞ք լրագրողը ինքուրույն անձ է, եթե նման ոճ ունի նրա լրատվամիջոցը։

Վստահ եմ, որ լրագրողը ցանկացած իրավիճակում կարող է լինել ինքնուրույն։ Բայց, իհարկե, լրագրողին հանձնարարություն տվողը խմբագրությունն է, որն ունի սեփական օրակարգ։ Եվ շատ ցավալի է, որ այդ օրակարգը միայն օրվա սկանդալներ գտնելն ու տարածելն է։

Եթե խոսենք լրագրության ու քաղաքականության կապի մասին, ապա դրանք իրար վրա փոխադարձաբար են ազդում։ Անգամ ձևավորում ու պայմանավորում են մեկը մյուսին։ 

Քաղաքականությունը, մանավանդ Ֆեյսբուքի դարում, ավելի շատ վերածվել է մաչիզմի։ 

Քաղաքական գործիչներն իրենց հայտարարություններն այնպես են անում, որ դրանք տպավորիչ պրոյեկտվեն Ֆեյսբուքում՝ ստանալով ճչացող վերնագրեր ու մեծաքանակ դիտումներ։

Եվ դա իր հերթին պայմանավորում ու ստեղծում է լրատվական բովանդակություն։ Արդյունքում՝ լրատվական դաշտը լցվում է հայհոյանքներով, պիտակավորումներով ու վիրավորանքներով։ Դա ստվերում է իրական լրատվական օրակարգը, որը հիմա մեր հանրապետության համար առաջնային է։ 

Պատերազմից հետո կարծես պետք է ուշքի գայինք ու հենց մեդիայով ստեղծեինք լուրջ օրակարգ՝ առողջապահական, կրթական, անվտանգության հարցերի շուրջ։ Բայց ստացվեց, որ մենք այսօր միայն սպասում ենք, թե որ քաղաքական գործիչը մյուսին կասի՝ «ապուշ», իսկ նա էլ կպատասխանի՝ «ապուշը դու ես»։ Եվ դա կդառնա մեր օրվա լրահոսը։

Օրինակ, երբ քաղաքական գործիչն ասում է՝ «մինչև քոքը կմաշեցնենք», նա արդեն իսկ գիտի, որ իր ասածն արագ կտարածվի Ֆեյսբուքով, հետո արդեն լրատվամիջոցներով։

Իհարկե, հասկանալի է, որ վառ ու սենսացիոն վերնագիրը բերում է թրաֆիկ, հետևաբար նաև ապահովում լրատվամիջոցի կենսագործունեությունը։

Բայց պետք են կարմիր գծեր, որոնք չի կարելի անցել։

Եթե անցնում ես, հանրությունը վերածվում է թամաշա անող զանգվածի կամ գլադիատորական խաղեր դիտող հանդիսատեսի, որը կամ հաճույքից գոռում է, կամ զայրույթից սուլում։

Կան փուլեր, երբ հասարակությունն ավելի զգոն ու խելացի է, քան իր ղեկավարները։ Այդպես էր 2018-ին։ Հիմա այդպես չէ՞։

Կարծում եմ, հիմա մենք բոլորս կոտրված ենք։ Նաև գերլարված ու փոխկապակցված քաղաքականության հետ։ Այլևս գույներ չենք տեսնում։ Այն տխրագույն միտքը, որ բոլորս կամ սև ենք, կամ՝ սպիտակ, այսօր հանգեցրեց հանրության ծայրահեղ բևեռացված վիճակի։

Մարդը հիմա չի ուզում հարցեր տալ, վերլուծել, անգամ խոսել ու բանավիճել։ Եվ հաճախ նախընտրած քաղաքական ուժին այն աստիճանի է ֆետիշացնում, որ հնարավոր չէ պատկերացնել, թե կարող են լինել նորմալ բանավեճեր։ Դա հանգեցնում է համատարած թշնամանքի։ 

Իմ շրջապատում վիճում են ընկերները, հարևանները, նույնիսկ ընտանիքների անդամները։ Եվ այդ վեճերում չկա համերաշխության ձգտում, չկան գույներ, միայն բախում է և լարում։

Իհարկե, պատերազմը կտրեց մեր թևերը։ Սա ոչ միայն ռազմական, այլև մտքի պարտություն էր, մեր ունեցած միֆերի փլուզում։ 

Շատ ցավալի է գիտակցել ու զարմանքով հարցնել՝ ո՞նց պարտվեցինք, բա մենք վստահ էինք, որ ունենք ամենաուժեղ բանակը։ Ո՞նց ստացվեց, որ ադրբեջանցիները հաղթեցին, եթե անընդհատ լսում էինք, որ իրենք ոչխար են։ Ուրեմն, ոչխար չէ՞ին։ Բա մենք ամենախելացին ու ամենամարտունակը չէի՞նք։

Դա տարիների ընթացքում վարած պրոպագանդայի արդյունք էր։

Պրոպագանդան մեզ իջեցրել էր շատ ցածր մակարդակի՝ մեր գլխում տեղադրելով կարծրատիպեր, թե հաղթող ենք, ուժեղ ու խելացի, լավ զինված ենք և պատրաստ ջախջախել բոլորին։

Մենք այս միֆերի գերին էինք։ Անգամ հիմա, պարտությունից հետո չենք կարողանում ազատվել դրանցից։

Մենք այսօր ընկճված ենք, հուսալքված ու տեսնում ենք, որ քաղաքական գործիչները առաջարկելու շատ բան չունեն։ Նրանք միայն սպառնում են միմյանց ոչնչացնել։ Եվ այս իրավիճակում, երևի միակ բանը, որ կարող է անել պրոֆեսիոնալ մեդիան, դադարելն է շահարկել հուզական ֆոնը։ 

Եթե արդեն հասել ենք ծայրահեղ ծանր հոգեբանական վիճակի, մեդիան չի կարող դրանից քաղել դիվիդենտներ։

Շատ փոքրաթիվ են այն լրատվամիջոցները, որոնք քաղաքական ուժերի սպասակող չեն ու չեն ֆինանսավորվում որևէ քաղաքական խմբերի կողմից։ 

Եվ դրանք պետք է գիտակցեն, որ, օրինակ, «դավաճան» -«դավաճանը դու ես», «իդիոտկա» – «իդիոտկան դու ես» բովանդակությունը ոչինչ չի տալիս հանրությանը։ 

Եթե մեդիան ինքը դառնա լրատվական օրակարգ թելադրող, հնարավոր է փոխվի նաև միջավայրը։

Վերջին տարիներին անընդհատ սպասում էինք, որ նոր իշխանությունները ականջ կդնեն անկախ ու որակյալ մեդիայի բովանդակությանը, հետևություններ կանեն։ Բայց դա տեղի չունեցավ և հեղափոխական ուժի վարկանիշը նվազեց՝ անգամ մինչ պատերազմը։ Ի՞նչը խանգարեց նրանց։ Արդյո՞ք միայն նարցիսիզմը։

Նախկին ուժից ոչ մեկս էլ ակնկալիք չունեինք, քանի որ դա իրականությունից լրիվ կտրված նեղ շրջանակ էր, իսկ նոր ուժից սպասելիքները մեծ էին, այդ ուժի կազմում շատ էին լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, շատ բանիմաց մարդիկ։ Բայց նրանք երեք տարվա ընթացքում կտրվեցին իրականությունից։ 

Կարծում եմ, նրանց շատ խանգարեց գոռոզամտությունը և ոչ կոմպետենտությունը։

Իրականում նրանք մեծ հանրային վստահություն ունեին և պետք է հրապարակային խոսքի բարձր նշաձող սահմանեին։ 

Ի վերջո, մենք չպիտի հավասարեցնենք իշխանությունների և ընդդիմության պատասխանատվության չափը։ Նախարարի, պատգամավորի, վարչապետի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է։

Ընտրությունները պահանջում են լրատվամիջոցներից անաչառ լուսաբանում քարոզարշավի ընթացքում։ Դա բարդ է պատկերացնել 26 քաղաքական ուժի դեպքում, քանի որ դա կդառնա ֆեյք անաչառություն։ Շատ ուժեր կան, որոնց լուրջ հարցեր տալը անգամ ծաղր է։

Մեր լրատվամիջոցն, օրինակ, փորձելու է ձայն տալ այն ուժերին, որոնք քիչ թե շատ ունեն քաղաքական օրակարգ ու ասելիք։ Որքան էլ ուզես պահպանել հավասարությունը, միևնույն է չի ստացվի, այո, որոշ դեպքերում դա կդիտվի որպես կեղծ հավասարություն։

Երբ փորձում ես քաղաքական ուժերին կոնկրետ հարց տալ, թե, օրինակ, ինչպես են հասնելու իրենց հռչակած նպատակներին, հանդիպում ես մանիպուլյացիաների շարանի։

Օրինակ, հարցնում ես, թե ինչպես են տեսնում խաղաղության ու անվտանգության հարցերի լուծման բանաձևերը, ուժերը պատասխան չեն տալիս, միայն ասում են՝ իսկ նախկիննե՞րը։ Իսկ նրա՞նք։

Ու մենք հայտնվում ենք այս արատավոր շղթայի մեջ, չիմանալով, թե ինչպես դուրս գալ դրանից ու ինչպես շարժվել առաջ։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *