2021.06.02,

Տեսակետ

«Շատ իրադարձությունների մասին իմանում ենք ոչ ցանկալի, անգամ կասեի՝ մերժելի, աղբյուրներից»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Փաստաբան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ այսօրվա իրարամերժ ու ատելությամբ լի լրատվական մթնոլորտը արդեն իսկ իր պտուղներն է տալիս. մարդիկ կարող են օրը ցերեկով իրար վրա հարձակվել մանր անհամաձայնության պատճառով։ 

Նա վստահ է, որ ապատեղակատվություն տարածող ու մերժելի աղբյուրներից ինֆորմացիա ստացող լրատվամիջոցների աշխատանքը հնարավոր էր կարգավորել, եթե կոռուպցիայի ու ապօրինի հարստացման դեմ պայքարը չլիներ ֆեյք։ 

Իսկ այժմ մեդիա դաշտի թույլատրելիի սահմանն արդեն այնքան է լղոզված, որ վերահսկելը գրեթե անհնարին է։ 

Այսօրվա անորոշ իրավիճակում ինֆորմացիան որտեղից ասես դուրս է գալիս, անգամ այն տեղերից, որոնք տաբու էին: Ի՞նչ է կատարվում լրատվական դաշտի հետ։

Իրականում մարդիկ արդեն ոչ այնքան հետևում են լրատվամիջոցների լրահոսին (ինչը պիտի ենթադրի ստուգված, ճշգրիտ ինֆորմացիայի հրապարակում), այլ ուղղակի մնացել են ինֆորմացիայի տեղատարափի տակ ու չեն կարողանում հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունը։ 

Եվ դրա մեղավորության զգալի բաժինը իշխանություններինն է։ 

Փաստը մնում է փաստ. շատ իրադարձությունների մասին մենք իմանում ենք ոչ ցանկալի, անգամ կասեի՝ մերժելի, աղբյուրներից։ Նկատի ունեմ հակառակորդի աղբյուրները։

Տեղեկատվություն տրամադրող պաշտոնական աղբյուրները տևական ժամանակ լռում են, հետո շրջանառվող ինֆորմացիան սկզբից հերքում, բայց որոշ ժամանակ անց՝ հաստատում։

Եվ դա ձևավորում է անվստահություն պաշտոնական աղբյուրների հանդեպ։

Մենք ունենք լրջագույն խնդիր, որը ֆեյքնյուզն է։ Թեև այն կա ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում դարձել է ուղղակի անվտանգային խնդիր։

Ինֆորմացիան շատ է ու իրարամերժ։ Հնարավո՞ր է լինի նախադեպ, երբ քաղաքացին դատի տա պետությանը՝ տեղեկացված լինելու իր իրավունքը ոտնահարելու մեղադրանքով։ Ասենք, մարդը կրել է բարոյական, հոգեբանական կամ նույնիսկ ֆիզիկական վնաս՝ հետևելով միայն պաշտոնական լրահոսին։

Ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես դա կարող է լինել։ Բայց իրականում մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ տևական ժամանակ չունենալով պաշտոնական տեղեկատվություն, բոլորս հայտնվել ենք լրջագույն հարվածի տակ։

Հատկապես պատերազմից հետո ստեղծված անկայուն իրավիճակում տարածվում էին կեղծ լուրեր, որոնց չէր հետևում պաշտոնական հերքում կամ հաստատում, ինչը կարելի է բնութագրել որպես հոգեբանական ճնշում։ Իսկ նման ճնշումը նաև խոշտանգման տարր է։ 

Մի ամբողջ ազգ սպասում է հասկանալու համար, թե օրինակ, մեր տղաները գերի ընկե՞լ են, թե՞ ոչ։ Կամ ինչ-որ տարածք կորցրե՞լ ենք, թե՞ ոչ։

Այսպես չի կարող շարունակվել, քանի որ սա սեփական ժողովրդի նկատմամբ անհարգալից և խոշտանգման երևույթներ պարունակող վերաբերմունք է։ 

Եվ երբ մեղադրանքներ ենք լսում, որ անցանկալի աղբյուրներից են տեղեկատվություն տարածում (ինչը, ես անձամբ, անթույլատրեի եմ համարում), կարելի է ասել՝ կներեք, բայց մարդիկ իրավունք ունեն տեղեկանալու իրենց, իրենց ընտանիքների կյանքի իրավունքի ու անվտանգության մասին։ 

Բայց արդյո՞ք դա միայն պետության մեղքն է։ Ի վերջո, այդպես էլ չունեցանք ազատ ու անկախ լրատվամիջոցների այն ծավալը, որը որակ կթելադրեր։

Մեդիա դաշտում հատուկենտ են այն լրատվամիջոցները, որոնք  պատասխանատու են իրենց հրապարակումների համար։ Իսկ զգալի մասը հստակորեն ուղղորդվում է կամ ունի ընդգծված դիրքորոշում։ 

Այս հարցը չի ստացվի ամբողջության բերել կարգավորումների դաշտ, քանի որ այն կարող է դիտվել որպես խոսքի ազատության սահմանափակման փորձ։ Բայց բոլոր դեպքերում՝ կարելի էր օգտագործել արդեն իսկ եղած կարգավորումները։

Այստեղ կա նա մի վերապահում՝ պատերազմի օրերին, օրինակ, գործում էին լրատվության տարածման լուրջ սահանափակումներ ու խիստ վերահսկում։ Բայց արդյունքում պարզվեց, որ պատերազմի մասին ամբողջական տեղեկատվություն չտրամադրելը (թշնամուն չօգնելու, իսկ մեզ չհուսալքելու նպատակով), իրականում օգտագործվեց, որ պաշտոնական մարմինները շրջանառեին կեղծ տեղեկատվություն։

Այնպես որ, խոսքի ազատության ու վերահսկողության եզրագիծը շատ նուրբ է։

Իմ կարծիքով՝ ելքը այլ պիտի լիներ։ Հեղափոխությունից հետո  իշխանությունները խոսում էին թալանված կամ գողացված փողերի մասին։

Այսօրվա լրահոս ստեղծող կայքերը, որոնք իրենց հռչակում են ազատ մեդիա, իրականում սնվում են հենց այդ ֆինանսական աղբյուրներից։ 

Եվ որպեսզի հնարավոր լիներ գոնե մասնակի դադարեցնել այս ապատեղակատվության խայտառակ հոսքն ու մանիպուլյացիների տարափը, անհրաժեշտ էր վերահսկողություն սահմանել հենց աղբյուրների նկատմամբ։ 

Եթե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականցվեին ապօրինի ձեռքբերումների ու ապօրինի հարստացումների դեմ նախաձեռնությունները, հնարավոր կլիներ գոնե այդ տարբերակով կանխել ապատեղակտվության հոսքը։ Հակառակ դեպքում, հիմա, երբ առանձին մեղադրանքներ են ներկայացվում, բան չի փոխվի։ 

Լրատվական հարթակներն այնքան շատ են, որ այս իրավիճակում նրանց վերահսկելն այլևս անհնարին է։

Հիմա իրոք սանձարձակություն է, ատելության խոսքի պահեստի դռները լայնորեն բացվել են։ Ի՞նչ հետևանք այն կթողի մեր կյանքի վրա, ասենք, մի քանի տարի անց։

Մենք արդեն տեսնում ենք ատելության խոսքի գեներացման հետևանքները։ 

Վերջերս եղավ դանակահարության դեպք՝ դիմակ կրելու-չկրելու անհամաձայնության պատճառով։ Կարծում եմ՝ սա նշանակում է, որ մենք իրոք հասել ենք վերջնագծի, քանի որ դրանից ավելի սարսափելի հետևանք դժվար է պատկերացնել։

Ատելության խոսքի դադարեցումը չի կարող որևէ կերպ կարգավորվել օրենսդրական ակտերով, նույնիսկ եթե լինեն փայլուն օրենքներ։ Ամենագործող տարբերակը սեփական օրինակն է ու սեփական վարքագիծը։

Նորից պիտի վերադառնամ իշխանությունների դերին։ Նախորդ հանցավոր ռեժիմից ես որևէ ակնկալիք չեմ ունեցել, բայց հեղափոխական ուժից ունեի սպասելիք, որ նրանք չէին անցնի կարմիր սահմաններն ու սեփական օրինակով ցույց կտային ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյանքի մերժումը։ Ցավոք, դա տեղի չունեցավ։

Մենք տեսանք, որ անհանդուրժողական խոսքը հնչում է անգամ թիվ մեկ ամբիոնից՝ ԱԺ-ից։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի իր աչքով տեսնում է ատելությամբ լի ու անգամ ծեծկռտուքի հասնող վարքագիծ։ Իսկ դրանից հետո ինչպե՞ս մտածի, որ իրենից ակնկալվում է այլ վարքագիծ։

Ատելը հեշտ է, միգուցե այդ պատճառով էլ թշնամանքի լեզուն մտնում է քաղաքական դաշտ որպես պոպուլիզմի բաղադրիչ։

Դա պոպուլիզմի տարրերից է, բայց անգամ այդ դեպքում պոպուլիզմը կարելի էր օգտագործել ի շահ հասարակության։

Ասենք, մատչելի, հասկանալի լեզվով բացատրել մարդկանց այն լավագույն վարքագիծը, որն ակնկալվում է իրենցից, այլ ոչ թե դրդելու ընդօրինակել վատթարագույն օրինակները։

Խոսելը բավարար չէ, պետք էր գործել, թույլ չտալով, որ մեր շրջապատում որևէ մեկը անցի հայհոյանքի ու վիրավորանքի անթույլատրելի սահմանը։ Այդ թվում նաև՝ սոցիալական մեդիայում։

Առաջնայինը սեփական օրինակն է։ Չես կարող վիրավորել, հայհոյել, չափ ու սահման անցնել, հետո ակնկալել, որ մնացածը կլինեն հանդուրժող։

Մինչև 2018-ը կար զգացում, որ սովորական քաղաքացուց ոչինչ կախված չէ, այդ թվում ընտրությունների արդյունքները։ Հետո հայտնվեց ներգրավավվածության հաճույք։ Հիմա կարծես քաղաքացին լրիվ խաղից դուրս է, նույնիսկ վաղվա օրը կախված չէ նրա որոշումներից։ 

Ես կասեի, որ վաղվա օրը կախված չէ անգամ Հայաստանի իշխանություններից, էլ ու՞ր մնաց քաղաքացուց։ 

Բայց իրականում քաղաքացին իր ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոց ունի, և դա ընտրություններն են։

Որքան էլ փորձեն շահարկել, խաղարկել, գնել, վաճառել ձայները, միևնույն է ընտրությունների ժամանակ կարևորագույն արժեքը հենց ձայներն են։ Այլապես ձայներ ստանալու համար ընտրությունների մեջ չէր նետվի այսքան մեծ ներուժ՝ վարչական ռեսուրսի չարաշահում, փողերի բաժանում, կաշառում և այլն։

Մարդը պետք է պարզ, հստակ վերլուծի իրավիճակն ու գիտակցաբար ընտրի։

Այլ խնդիր է, թե մենք ինչ վիճակի ենք հասցրել մեր քաղաքացուն և արդյո՞ք նա ցանկություն ունի ճիշտ քայլ անելու, հաշվի առնելով հիասթափության այս մեծ ալիքը։

Այո, այսօր ընտրությունը մեծ չէ, բայց ընտրություն կա։ Մարդիկ կարող են ընտրել իրենց պատեկարացումներին համապատասխանող որևէ ուժին։

Պատրա՞ստ ենք, որ անկախ ընտրությունների ելքից, լինելու է դժգոհության մեծ ալիք ու փոխադարձ մեղադրանքներ։ Իրավաբանները այստեղ ի՞նչ անելիք են տեսնում։

Այս վերջին երեք տարվա ընթացքում իմ վեճն ու կռիվը գործող իշխանությունների հետ, ու ի վերջո, նրանց մերժելու հիմքը եղել է այն միտքը, որ եթե չկան արդարադատություն իրականացնող մարմիններ, ոչինչ չես կարող անել։ 

Կարող ես ունենալ աշխարհի լավագույն օրենքները, որոնք կարգավորում են տարբեր ոլորտներ (սկսած ընտրություններից, վերջացրած կրթությամբ, ներդրումներով ու անվտանգությամբ), բայց եթե չկա զտված ու մաքրված արդարադատության համակարգ, չես կարող ակնկալել արդյունք։

Օրինակ, հիմա փոխվել է ընտրություններին առնչվող օրենսդրությունը, որն ավելի է խստացրել մոտեցումները տարբեր հանցագործությունների հանդեպ, ընդուպ մինչև օպերատիվ-հետախուսազական միջոցառումներ՝ գաղտնալսում, հետաքննում և այլն։

Բայց այս ամենը չի աշխատելու, քանի որ անհայտ է, թե ում է հանձնարարվելու այդ ոլորտների վերահսկողության վերահսկողությունը։

Կրկին այն համակարգերի՞ն, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ շատ գեղեցիկ կերպով կոծկելով բոլոր հանցագործությունները՝ արդարացնում էին կեղծված ընտրությունները։

Եվ խոսքը միայն դատարանների մասին չէ, այլ քննչական մարմինների, դատախազության և այլն։ Այնպես որ եթե դատախազը խրոխտ ձայնով ասում, որ պիտի պայքարենք ընտրակեղծիքների դեմ, ուզում ես հասկանալ, թե նա ու՞մ է ծաղրում՝ ինքն իրե՞ն, թե՞ մեզ։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *