2021.05.24,

Տեսակետ

«Բոլորը քննադատում են այն, ինչ իրենք արել են, բայց դա տեսնում են միայն ուրիշի մեջ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այն, ինչ կատարվեց լրատվության ընկալման հետ 2020-ի պատերազմից հետո, շատ բարդ է բացատրել։ Պարտությունը պատերազմում ու անորոշ ապագան ծնեցին սարսափելի մեծ հուսալքության ալիք, որտեղ ատելության խոսքն ու ագրեսիան հասել են աներևակայելի աստիճանի։ 

Լրագրող, հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը, որը նաև կրթությամբ հոգեբան է, նկատում է, որ հանրային լուրջ տրավմա ենք ապրում՝  առանց որևէ մեկի ասածին վստահելու։ Վստահության այս ճգնաժամի ընթացքում մեդիայի մակերեսին են հայտնվում ամենազազրելի ոճի ու բովանդակության ուղերձներ։ Լուսինեի ասած՝ ազգային անդաստիարակությունը փայլում է իր ամբողջ հմայքով։

Հիմա կարծես լուռ սպասում ենք ամենավատ զարգացման սցենարների։ Չգիտես՝ խոսե՞ս, լռե՞ս, ի՞նչ ասես։ Կարծես քեզանից ոչինչ կախված չէ։

Երբ պարտվեցինք ու հենց հաջորդ շաբաթվանից սկսած արձագանքը շատ պասիվ էր, մտածեցի, որ դա կարելի է բացատրել շատ պարզ հոգեբանական վիճակով՝ հերքումով։ Մարդը չի ուզում ընկալել սարսափելին (չի ուզում ու վերջ) ու հերքում է իր տեսածը։ 

Բայց եթե հոգեբանության մեջ հերքումը տևում է մեկ ամսից ավելի, ուրեմն խնդիրը փոխվում է հոգեբուժական ոլորտ։ Եվ հիմա ամիսներ անց ձևավորված ու ընդգծված վիճակ է՝ նույնիսկ մեկ վայրկյան առաջ կարդացած վատ ու սարսափելի լուրը մենք միանգամից հերքում ենք։

Եվ այդ հերքման մեջ ենք ապրում արդեն յոթ ամիս։ 

Խելագա՞ր եք։ Չէ։ Քանի որ սթափ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք առօրյա կյանքում, օրինակ հիգիենան պահպանում ենք, փողի մասին մտածում ենք և այլն։ Այսինքն, մենք հոգեկան հիվանդ չենք։

Հավանաբար, վերջին քսանհինգ տարիների ընթացքում մարդիկ շատ հանգիստ են ապրել և ոչ ոք կռիվ չէր ուզում։ Անգամ կռվին դեմ դիմաց նայել ոչ ոք չի ուզում` մտածելով, որ կռիվն այլևս իրենը չէ։

1990-ականներին իրավիճակն այլ էր։ Սովետական տարիները հարաբերական խաղաղ էին, ապրում էինք վերացարկված պատերազմից, Թուրքիան մեզ համար մի միֆ էր։ Բայց հետո մեր բոլոր սպասելիքներն ու միֆական հատկանիշները խտացան ու շատերը գնացին կամավոր կռվելու Ղարաբաղ՝ մտածելով, որ բոլորս զինվոր ենք։

Նրանք գնացին կռվելու՝ սրտանց։ Ու հաղթեցին։

Ես շատ երկար էի մտածում վերջին տարիներին՝ եթե հանկարծ լինի պատերազմ, ո՞վ է լինելու այդ սրտանց կռվող զինվորը։ Այս երեխանե՞րը, որոնք հավեսով ապրում են անկախ երկրում՝ չպատկերացնելով, թե ինչ է կռիվն ու պետություն չունենալը։ Որոնք ուզում են ազատվել իզմերից ու մտածում են մարդ-անհատի երջանկության ու ազատության մասին։ Էդ երեխաները ինչու՞ պետք է ուզեն գնալ կռվելու։ Նրանց համար արդեն ինչ-որ մեկը կռվել է ու բերել հաղթանակը։

Մարդու ազատությունների մասին մտածող երեխան ինչու՞ պիտի ուզի գնալ կռվելու ու միգուցե մահանալու։ Նա ուզում է ապրել։ 

Ընդ որում՝ պատերազմի վերջին, ամենածանր օրերին, մի բարձրաստիճան զինվորական ինձ ասաց՝ այս սերունդն այնքան երկար է ապրել լավ, որ չի ուզում մեռնել։ Ու բերեց օրինակ, թե ինչպես էին առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ 13-14 տարեկան երեխաները դիրքեր հասցնում վառելիք, ջուր, ուտելիք։ Ոչ ոք չէր փախչում գյուղից, նույնիսկ ամենածանր օրերին։ Ձմռանը փոքր երեխաները սառցակալած ձեռքերով էշերի վրա էին բարձում նավթն ու ուտելիքը ու բերում դիրքեր։ 

Իսկ երկրորդ պատերազմի ժամանակ, այդ երեխաները շատ արագ տարհանվեցին ավելի ապահով վայր։ Իհարկե, խոսք չկա, այդպես էլ պետք է լինի։ Բայց այն ժամանակ, երեխաները ուզում էին գալ օգնելու, իսկ հիմա նրանք էվակուացմանը ենթակա բնակչության հատված են։

Ես շատ մարդկանց հետ եմ խոսել, հարցազրույցներ արել, ու բոլորը նշում են, որ մեր 18 տարեկան զինվորները հրաշալի են կռվել։

Այսինքն, լավ ու խաղաղ պայմաններում մեծացած սերունդը, որը ոչ թե կռիվ, այլ նույնիսկ բանակ գնալ չէր ուզում (անկեղծ լինենք, ոչ մի տղա բանակ գնալ չի ուզում, պետությունը զորակոչում է, նա գնում է), կռվում էր համարձակ, նվիրված իր ընկերներին, հրամանատարին։ Բայց մեծ հաշվով ի՞նչ կարող էր անել։ Կռվե՞լ ինքնաձիգով Բայրաքթարի դեմ… 

Ու այդ հարցը տալու են նաև հաջորդ սերունդները։

Պատրաստ չլինելու պատճառը գաղափարախոսությու՞նն է, որը թաքցրել է իրականությունը։ 

Ես փորձել եմ այնքան մաքրել, զտել իմ ուղեղը ավելորդ, վերացական ու սիրուն գաղափարներից ու «ություն»-ով վերջացող բառերից, որովհետև այս պատերազմի ժամանակ արդեն զինվորների սերնդի մայրիկի կարգավիճակում էի։ Ուզում եմ ամեն ինչից ազատագրել ուղեղն ու հասնել մեզ հետ պատահածի ողնուծուծին։ 

Երկրի համար կարելի է պատրաստ լինել զոհվել, եթե շատ ես սիրում այդ երկիրը։ Իսկ երկիրը շատ ես սիրում միայն մի դեպքում՝ եթե այդտեղ լավ ես ապրում։ 

Երբ շունչդ չի կտրվում անարդարությունից, երբ դատարանը ապահովագրում է քեզ անարդար դատական որոշումներից, երբ դպրոցում դաս են տալիս ոչ թե հիստերիկ ու անդաստիարակ կանայք, այլ մարդիկ, որոնց հարգում ես և որոնց ներկայությամբ տաք է, երբ բժշի մոտ գնալիս, չես հանդիպում անտարբեր ծամոն ծամող մեկին և այլն։

Ուզում եմ շատ պարզ խոսենք, առանց հայրենասիրական հղումների նախնիների սուրբ հողին։

Դրանք վերացական բաներ են, քանի որ ոչ մի նախնու ձեռք քեզ չի պաշտպանի կրակ թափող Բայրաքթարից։ Այդ ժամանակ ոչինչ չի օգնում։ Աստված էլ չի օգնում, եթե հավատացյալ ես։

Կա լռության մի ծանր բեռ (նկատի չունեմ լրատվամիջոցների աղմուկը)։ Շատերս լռում էինք պատերազմի ժամանակ, քանի որ չգիտեինք, թե ինչ կարելի է ասել։ Հիմա էլ լռում ենք, քանի որ էլ ավելի չգիտենք, թե ինչ է լինելու։ 

Ինձ թվում է, որ անմիջապես պատերազմից հետո խոսում էին միայն մտավոր չծանրաբեռնված ու մակերեսային մարդիկ, քանի որ դա այնպիսի շոկ էր ու տապալում, որ մտածող մարդը կորցրել էր խոսելու ունակությունը։ Դա մանթրաշ էր՝ իր ամբողջ խորությամբ։

Մտածում ես, որ ի վերջո, դու այն սերունդն ես, որը չորս հազար երեխայի սպանություն է թույլ տվել։

Եվ կարևոր չէ, որ դա քո հրամանով չի եղել, որ դու չէիր գեներալը, շտաբի պետն ու վարչապետը։ Կարևորը, որ դու այն սերնունդն ես, որի օրոք չորս հազար երեխա մահացավ։

Այնպես որ, լռելը բնական էր։ Լռում ես, երբ ծանր վիճակում ես։ Հերիք չի պարտվել ես, նաև չգիտես, թե էլ ինչ է գալու գլխիդ։ Մտածող մարդն իրեն իհարկե մեղավոր է զգում։

Միգուցե նաև լռում ես, քանի որ տեսնում ես, հիմնականում խոսում են  հստակ շահեր ունեցողներն ու արտահայտվում են ծայրաստիճան ագրեսիվ ու գռեհիկ։ 

Իհարկե, եթե համապարփակ լռություն լիներ, և բոլորը լռեին, մի խելացի կսկսեր խոսել։ Բայց հիմա այդ խելացին չի խոսում, քանի որ խոսում են բոլորը՝ սրիկան, գողը, անբարոյականը, կաշառակերը… 

Բոլորը քննադատում են այն, ինչ իրենք արել են, բայց դա տեսնում են միայն ուրիշի մեջ։ Ու այո, այդ իրավիճակում էլի ես լռում։

Այնքան ես լռում, որ դառնում ես արդեն լռող խլուրդ։ Ու խոսելիս զգում ես, որ ասում ես ոչ թե ամենակարևորը, այլ ինչ-որ ածանցյալ բաներ։ 

Երբեմն մտածում եմ, որ եթե ինչ-որ մեկը կարդա իմ սոցցանցային ստատուսները, կպատկերացնի, որ ցանցառի մեկն եմ։ Լռում-լռում եմ, ժամերով մտածում ու օրվա վերջում գրում մի աննշան բանի, որևէ հուշի մասին։ Եվ ստացվում է, որ ամենաշարքային գրառումները փքված, լցված մտքերի մի փոքր դրվագ են։

Իսկ կա՞ մտահոգություն, որ ինչ էլ գրես, միշտ կգտնվի ինչ-որ բևեռ, որը դա կօգտագործի։ Ասենք, կտարածեն այն մարդիկ ու լրատվամիջոցները, որոնց կողքը հայտնվել չէիր ուզի ոչ մի դեպքում։ 

Այն, ինչ հիմա կատարվում է մեր լրատվական դաշտում ու սոցցանցերում, կարելի է անվանել հիմնարար ազգային անդաստիարակություն, որի համար պատերազմը դարձավ պրովոկացիոն առիթ։

Հիմա ազգային անդաստիարակությունը բացվել է իր ամբողջ հմայքով։

Եվ երբ կարդում եմ նման բացվածքով գրածները, միանգամից տեսնում եմ գրողների մայրիկներին՝ նրանց նստելու, ճաշելու, աղբ թափելու, հայհոյանքով խոսելու ձևը, նրանց խոհանոցը, հեռախոսով տեգոր կնոջ կռիվ անելու, հարսին այլանդակ խոսքերով դիմելու սովորույթները… 

Ես այդ ամեն ինչը տեսնում եմ, քանի որ չի կարող մարդու մայրը լինել դաստիարկված, եթե մարդը կարողանում է նման հայհոյախառն բառերով խոսել անգամ իր չսիրած նախագահի, ամենաայլանդակ վարչապետի կամ ամենավատ իրականության մասին։ Մարդը պարզապես չի կարող նման դրսևորումով գալ հրապարակ։

Երբեմն մտածում եմ՝ ինչ լավ էր Սերժ Սարգսյանի ժամանակ, քանի որ ոչ մի պատասխանատվություն չէի զգում։ Կարծես ոչ մի կապ չունեի պետության ու պետության պատճառով տեղի ունեցող այլանդակությունների հետ։ Պարզապես իմ կյանքով ապրում էի։ 2018-ից հետո շատերս արդեն տեսանք այդ կապը, մենք ուզում էինք հեղափոխություն (Նիկոլ Փաշինյանը այստեղ ընդհանրապես կարևոր չէր)։

Ու նաև պատասխանատու էինք զգում իշխանության եկած նոր մարդկանց համար։ 

Ես, օրինակ, նրանց ամեն խոսքի հետ լարվում էի, կարծես այբբենարանի տոնին երեխադ է բարձրացել բեմ ու հիմա պիտի խոսի, իսկ դու նրան դահլիճից հուշում ես՝ դու կարող ես, մի հուզվիր, մի մոռացիր, ամեն ինչ լավ կստացվի, դու գիտես, ինչ պիտի անես։ Ու ամեն անգամ տեսնելով, որ մի հիմարություն են ասել ու սխալ են արել, հասկանում էի, որ հիմա վրա են տալու։ 

Բայց երբ տեսա, որ սխալներն այնքան շատ են ու անտանելի, որ դեմն առնել չի ստացվի, նորից սկսեցի վերացարկվել՝ մտածելով, որ արդեն կապ չունեմ կատարվածի հետ։

Ու նորից եկա այն վիճակին, որ կապը պետության հետ կտրվեց, ու մտա իմ խխունջի մեջ։ 

Համակերպվու՞մ ենք։

Երևի դա այնքան էլ կապված չէ պատերազմի հետ, այլ ավելի շուտ բանահյուսության, որը մեր ծննդյան վկայականն է։ Եթե մի ժողովրդի բանահյուսության մեջ կա «Ով էշ, ես փալան» ասույթը, դա արդեն ողբերգության նշան է։

Այո, ժողովրդի մեծ մասը, երևի 80%-ը, կարծում է, որ ինքը փոքր մարդ է, ինչ-որ բան անելու ու փոխելու համար։ 

Մարդը որոշում է, որ ինքը փոքր է ու որոշումների վրա չի կարող ազդել։ Եվ ուղղորդված քաղաքական լուրերը ազդում են առաջին հերթին հենց նրանց վրա, քանի որ մի քիչ ավելի գրագետ մարդը հասկանում է, թե այս կամ այն կայքի կամ վերնագրի հետևում ինչ շահեր ու մանիպուլյացիաներ կան։  

Եվ դա լավ օգտագործում են քաղաքական տարբեր բևեռները։

Կարծես, ոչ ոք հիմա հենց այնպես չի խոսում։

Կա Ֆեյսբուքի հետաքրքիր վիճակագրություն՝ մի կեսը մյուսին մեղադրում է, որ թուրքական փողերով աշխատող գործակալներ են։ Իսկ մյուսը կեսը մեղադրում է ռուսական փողերով գործակալներ լինելու մեջ։ Եվ եթե ընդունենք, որ կեսը թուրքական, իսկ մյուսը կեսը ռուսական գործակալներ են, տակը ոչինչ չի մնում։ 

Մեծ կապիտալը լուրերով գումարներ է պտտում ու դա, իհարկե, ազդում է հենց այն 80%-ի վրա, որը միշտ ասում է՝ ես փոքր մարդ եմ։

Ասում ենք, որ խելացի ազգ ենք, բայց շատերս նեղություն չեն տալիս հասկանալ, թե ով է, օրինակ, նման լուրեր տարածող կայքը կամ մարդը։ Մինչդեռ անգամ դպրոցական մակարադակի տրամաբանություն, տարրական գրագիտություն պահանջող գործ է։

Հանրային հեռուստատեսությունը կարող էր դառնալ որակյալ լրատվության աղբյուր, բայց այդպես էլ չեղավ։ Ի՞նչի է այն նման հիմա։ 

Հանրայինը նման է հին ու ժամկետանց ապրանքի՝ նոր ժապավենով կապած։ 

Եվ եթե էն ժամանակ ասում էին՝ դե, վերևներից չեն թողնում, որ լուրերը լավը լինեն, հիմա էլ բոլորը հասկանում են, որ նորից վերևներից չեն թողնում, որովհետև եթե ուզում ես նորություն իմանալ, հաստատ Հանրային չես միացնում։ Իսկ դա արդեն չափանիշ է։

Եթե երկրում կարևոր բան է տեղի ունենում և դու չես միացնում Հանրայինը, ուրեմն այդ ալիքը պիտանի չէ։

Ամենալարված պահերին, երբ ասենք, լուրեր էին տարածվում, որ սահմանին բախումներ են, ադրբեջանցիները արդեն Սևանում են, համարյա հասել են Շորժա, իներցիայով միացրել եմ Հանրայինը, որ տեսնեմ, թե ամեն դեպքում ինչ է հաղորդում առաջին ալիքը։

Երբ միացրել եմ այդ ալիքը, միշտ տեսել եմ պիջակը ուսերին գցած Հրաչուհի Ութմազյանին։ Ես չգիտեմ, թե դա ինչ զուգադիպություն է, բայց հենց մեր երկրում մի վատ լուր է տարածվում, Հանրայինի եթերում Հրաչուհի Ութմազյանն է, որը հարց է տալիս իր հյուրերին կյանքի նշանաբանի մասին կամ փորձում լինել օրիգինալ, հարցնելով, թե հյուրը ում հետ է լռում։

Նոր ու թարմ շունչ չհայտնվեց Հանրայինում, թեև հեղափոխությունից հետո մենք դա սպասում էինք։ Սպասում էինք այնտեղ գնացած մարդկանցից։

Կենսական նշանակության հարց՝ ինչպե՞ս իմանանք, թե ինչ է կատարվում։ 

Այնպես, ինչպես մենք իմացանք, թե ինչ է կատարվում պատերազմի ժամանակ, կարելի է համարել դասագրքային, հանրագիտարանային նյութ։

2016 թվականի քառօրյա պատերազմից անմիջապես հետո ես եղել էի Թալիշում ու լավ պատկերացնում էի տեղանքն ու իրավիճակը (շատ տեսանյութերեր էինք արել նաև)։ Եվ երբ 2020-ի պատերազմի առաջին օրերին կարդում էի, որ ադրբեջանցիներն արդեն Թալիշում են ու քայլում են զոհված հայ զինվորների հուշարձանի մոտով, ես՝ իբր գրագետ ու տեղյակ լրագրող, որը Թալիշը լավ գիտի, նայում էի ադրբեջանական տեսանյութերն ու ասում՝ չի կարող լինել նման բան, հաստատ սուտ են խոսում։ Որովհետև ես չէի ուզում հավատալ, որ դա այդպես է։ 

Այսինքն, տեսնում էի, գիտեի, բայց չէի ուզում հավատալ։

Պատերազմի ժամանակ կարծես ուղեղի մեծ մթագնում էր։ Հետո հասկացանք, որ ադրբեջանցիներն ինչ ասում են, անում են։

Հիմա ինչ էլ ասեն մեր պետական հարթակներից, չեմ հավատա։ Ինչպե՞ս հավատաս։ Այս որակի խաբեություն ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Իհարկե, միշտ էլ թաքցրել են, փորձել են տեղեկատվությունը ոչ ամբողջական ու ավելի մեղմ ներկայացնել, բայց նման ծավալի ու որակի խաբեություն չի եղել։ Նայել ժողովրդի աչքերի մեջ ու խաբե՞լ։

Արտահերթ ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ այս իշխանությունները շռնդյունով տապալվել են ու պարտվել պատերազմը՝ մեծ թվով զոհերով ու մեծ տարածանքերի կորստով։

Ինչպե՞ս կարող է այս իշխանությունն նորից դնել իր թեկնածությունը։ Ընտրությունները աբսուրդ են, քանի որ դրանց չի կարող մասնակցել մի ուժ, որի պատճառով կայանում են այդ ընտրությունները։ 

Երևի միակ ելքը կլիներ կոալիցիոն ուժ ստեղծելը, քանի որ բոլորը ունեն որոշակի գիտելիք, ներուժ, հնարավորություններ, ի վերջո, շնորհք, որը կարող են օգտագործել ի շահ պետության։

Հիմա ով ինչ ունի, պիտի բերի։ Այդ վիճակում ենք։ 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *