2021.05.06,

Տեսակետ

«Երբ լուրջ փորձագետները հրաժարվում են երևալ մեդիայում, մեր աշխատանքը տուժում է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում լրագրող լինելը թվում է շատ հեշտ գործ ու միաժամանակ՝ տիտանական ջանքեր պահանջող՝ նկատվելու ու կշիռ ձեռք բերելու համար։ 

Լրագրողները վաղուց արդեն չունեն տեղեկատվությունը առաջինը հայտնելու մենաշնորհ, այլ ավելի շատ գործ են ունենում ինֆորմացիայի երկրորդական ու երրորդական ալիքների հետ։ Ու ստիպված են մանևրել իրենց խմբագրությունների քաղաքականության ու սեփական սկզբունքների միջև։ Երբեմն այդ մանևրերը կրում են լուրջ փոխզիջումների հետքեր։

Արշալույս Մղդեսյանը այն լրագրողներից է, որը շատ է աշխատում՝ թե՛ իր ընտրած թեմաների, թե՛ ինքն իր վրա։ Նաև ընտրելով, թե որ լրատվական հարթակի հետ կարելի է համագործակցել (իսկ այդ ընտրությունը երբեմն իրոք մարտահրավեր է)։ 

Քաղաքական ականջները երևում են գրեթե բոլորի թիկունքից, այդ թվում լրագրողների։ Ինչպե՞ս անել, որ լրագրողական նյութը, հատկապես՝ հարցազրույցը լինի հետաքրքիր, բայց առանց քաղաքական ծուղակների թե՛ լրագրողի, թե՛ լսարանի համար։ 

Եթե խոսքը հյուր հրավիրելու կամ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու մասին է, քաղաքականությունից խուսափել չի լինի։ 

Նախ՝ պետք է լավ տիրապետել թեմային, հետո փորձել հասկանալ, թե հրավիրած հյուրն ավելի շատ ուզում է քո միջոցով իր շահերն առաջ տանել, պրոպագանդա անե՞լ՝ մեկին սևացնելով, մյուսին սպիտակեցնելով, թե՞ իրոք տալիս է օբյեկտիվ մեկնաբանություն հենց թեմայի շուրջ։

Իհարկե, դժվար է, քանի որ լրագրողին կարող է թվալ, որ լսում է օբյեկտիվ կարծիք, բայց եթե մի քիչ ավելի խորանա ու ժամանակ ծախսի, կարող է բոլորովին այլ պատկեր տեսնել։

Ասենք, համոզվի, որ տարածում է ոչ թե օբեյկտիվ խոսք, այլ շահագիգիռ կողմի դիրքորոշում։ Կարծում եմ՝ դրանից խուսափելը դժվար է։ Բայց հատուկ մի նոր բան մոգոնել պետք չէ, փորձենք լինել հնարավորինս բազմակողմանի ու խորը։

Իմ կարծիքով՝ հարցազրույցի ժանրը լուծում է մի քանի խնդիր։ Նախ թեման պիտի լինի հետաքրքիր, հետո մարդը, որը խոսում է, պետք է բացվի ու լսարանին պարզ դառնա, թե ինչ է նա արել  անցյալում և ինչ է ասում հիմա։

Պատին դեմ տալ հյուրերին արժի, բայց ոչ թե ցույց տալու համար, որ լրագրողն է հզոր, այլ, որ հյուրն ավելի պատասխանատու լինի իր ասածների հանդեպ, հատկապես, եթե ինքն իրեն հակասում է։ Ի վերջո, հասարակությունը պարտավոր չէ հիշել ու ծանոթ լինել բոլորի անցյալին կամ իմանալ հանրային հարթակներում ասած նրանց նախկին հայտարարությունները։ 

Հիմա, ինֆորմացիոյով հագեցած դարում, բարդ է ամեն ինչ հիշել։ Լրագրողը հիշեցնում է։

Եվ եթե խոսքը, ասենք, նախընտրական իրավիճակի մասին է, բնավ չէի ուզի ինքս դառնալ հարթակ, որտեղ հյուրերը քարոզ կանեն իրենց կուսակցության օգտին։ Պրոպագանդայի հարթակ չդառնալու համար կարևոր են լրագրողի հարցերը, որոնք կօգնեն իրատեսական պատկեր ստեղծել։

Չկա՞ տպավորություն, որ լրագրողի մասնագիտությունը բարձր չի գնահատվում, այդ թվում նաև ֆինանսական տեսակետից։ Կարծես ավելի շատ սպասարկման ոլորտ է լրագրությունը։

Երբ 2009-ին մտա լրագրություն, նման խոսակցություններ արդեն կային՝ մոտավորապես նույն դարդոտվածությամբ, որ մեր մասնագիտությունը չի գնահատվում, մենք խեղճացած ենք և այլն։

Հիմա իհարկե, ավելի են շատացել լրատվական ռեսուրսները, թեև շատերին դժվար է անվանել լրատվամիջոցներ, դրանք կայքեր են, որոնք կապ չունեն լրագրության հետ, պարզապես պտտում են իրենց բովանդակությունը տարբեր հարթակներով ու ալիքներով։ Ու թեև նրանց լրահոսի մի մասը կարող է թվալ նորմալ, բայց մյուս մասը՝ հստակ պրոպագանդա է։

Կան եզակի լրատվամիջոցներ և լրագրողներ, բայց ընդհանուր լրատվական դաշտը վատ վիճակում է։

Իհարկե, ընդհանուր աշխատավարձներն ու ֆինանսական միջոցների աղբյուրները որպես կանոն չեն բավականացնում։ Այդ պատճառով էլ շատ լրագրողներ փորձում են միաժամանկ մի քանի գործ անել։ Ես էլ մի քանի հարթակների հետ եմ համագործակցում, այդ թվում նաև արտասահմանյան։ Այդպես եմ փորձում իմ ֆինանսական հարցերը լուծել։ 

Այո, ինչ էլ անես, ուր էլ պտտվես, վաղ թե ուշ բախվելու ես ֆինանսական, կենցաղային խնդիրներին։ Եվ այստեղ է հարցը, թե որքան ամուր կլինեն քո ներքին սահմանները՝ մասնագիտության տեսանկյունից։

Ընտրում ես այն լրատվամիջոցները, որոնք մասնագիտական տեսանկյունից քեզ համար ընդունելի են։ Եվ աշխատում ես։

Հետաքրքիր է, որ հիմա միգուցե ավելի շատ են լավ լրագրողները, քան այն լրատվամիջոցները, որտեղ կարելի է աշխատել։ 

Դա երկրում ստեղծված քաղաքականությունից է։ Հինգ կամ տասը տարի առաջ չկար սև ու սպիտակ մեդիա, այսինքն, լրատվամիջոցներ, որոնք կոնկրետ դիրքավորվում են որպես լավ ու փափուկ կամ կոշտ ու վատ։

Հետո խաղի կանոնները մեդիա դաշտում փոխվեցին։ Նախկինում կարելի էր լրագրություն անել՝ լինելով կախված իշխանություններից, բայց փորձելով պահպանել հավասարակշռությունը, անգամ քննադատել պաշտոնյաներին և այլն։

Այսինքն, այդ ժամանակ մենք բոլորս մի փոքր ինքնախաբված վիճակում էինք, աշխատում էինք՝ կարծելով, որ դա է լրագրությունը։

Հիմա այդպես չէ։ Չեմ ասում, որ հիմա լավ է, պարզապես իրավիճակն է ուրիշ։ Լուրջ հարվածի տակ հայտնվեցին նաև մարդկային հարաբերությունները։

Կան գործընկերներ, որոնց հետ նախկինում կարող էիր հանգիստ աշխատել, իսկ հիմա տեսնելով նրանց գնահատականները՝ քաղաքական ուղղվածությունից ելնելով, անգամ մտածում ես՝ արժի՞ բարևել, թե՞ ավելի լավ է փողոցը անցնել ու հետը խոսակցության չբռնվել։

Ընդհանուր լարված իրավիճակը ազդում է բոլորի վրա, թեև իհարկե, լրագրողները պիտի փորձեն ավելի շատ լինել կենսաբանների նման՝ շրջապատը զննողներ։ Բայց ամեն դեպքում մենք էլ ենք լարված իրավիճակի ազդեցության տակ։ Եվ դա շատ վատ է։

2018-ից հետո ակամայից լրատվամիջոցների մեծ մասը դարձավ ընդդիմադիր։ Եվ դա նրանց ընտրությունը չէր, պարզապես այդպես ստացվեց։ Լրագրողներն էլ իրենց լրատվամիջոցի հետ միասին դարձան ընդդիմադիր։ Կրկին ակամայից։

Շատ բան որոշում են ֆինանսական աղբյուրները։ 

Լրատվամիջոցը, որն ունի միջին քանակի աշխատակիցներ, ստիպված է փնտրել լուրջ ֆինանսական միջոցներ՝ առնվազն եղածը պահպանելու համար։ Միայն գովազդով չի ստացվի պահել լրատվամիջոց։ Եվ ընդհանրապես որևէ լուրջ լրատվամիջոց աշխարհում չի սնվում միայն գովազդով, բոլորին պետք են կայուն ֆինանսական ներարկումներ։ 

Մեկ այլ հարցն էլ այն է, որ շատ լրատվամիջոցների ֆինանասական աղբյուրները թափանցիկ չեն։

Թեպետ Հայաստանում բոլորը լավ հասկանում են, թե որտեղից են գալիս նրանց գումարները և ում շահերն են նրանք առաջ տանում։

Իսկ ո՞նց կձևակերպեք, թե որն է լավ հարցազրույցը։

Ինձ համար կան կարևոր բաղադրիչներ՝ դիտելիություն ու արձագանքներ։ Ընդ որում՝ խելացի արձագանքներ, քանի որ կարող են լինել հազարավոր մեկնաբանություններ, բայց դրանց մեծ մասը լինի անբովանդակ հայհոյանք, որն անգամ կարդալ չի լինի։

Միշտ լավ է, որ արձագանքում են ոլորտի փորձագետները, գիտնականները, հետաքրքիր քննարկմանը պատրաստ մարդիկ։

Երևի այսպես ասեմ՝ կարևոր է հարցազրույցի հետո առաջացող խոսակցության բնույթը։

Արդյո՞ք փորձագիտական համայնքը նեղ չէ։ Եթե բացառենք ինքնահռչակ էքսպերտներին, բարդ կլինի գտնել ազատ մտածող ու բանիմաց մարդկանց, որոնք հանրային տարածքում ասելու բան ունեն։

Միանշանակ դա այդպես է։ Լինում են նույնիսկ դեպքեր, երբ զանգահարում ես որևէ ոլորտի գիտակի կամ փորձագետի, բայց նա հրաժարվում է խոսել կամ մեկնաբանել։ 

Հիշում եմ, որ քաղաքական սուր հակասությունների ու հերթական լարվածության ժամանակ չէի կարողում հրավիրել տնտեսական որևէ լուրջ փորձագետի։ Շատերն ասում էին՝ չեմ ուզում խոսել, քանի որ ինչպես էլ խոսեմ, փորձելու են խոսքս տեղավորել այս կամ այն ճամբարում։ 

Երբ լուրջ փորձագետները հրաժարվում են երևալ մեդիայում, մեր աշխատանքը իրապես տուժում է։ Առանց այն էլ այդ մարդիկ քիչ են։

Շատերը չեն ուզում քաղաքականացվել, այդ պատճառով էլ փորձում են լռել։ Եվ իրենց խոսքի փոխարեն հաճախ դաշտը լցվում է տեղեկատվական աղբով։

Երբ գնում եմ տուն ու լսում, թե իմ ընտանիքի անդամներն ինչպիսի հարցեր են տալիս, հասկանում եմ, որ ակամայից սկսում եմ մեդիագրագիտության դասեր տալ, քանի որ այդ աղբը կարդում են բոլորը։  

Կարդում են անգամ ամենաանհավանական տեղեկատվական աղբը, որը շրջանառվում ու ավելի է տարծվում ցանցերի ալգորիթմերի շնորհիվ։ Այն տրամաբանությամբ, որ մարդիկ որքան կարելի է երկար մնան ցանցում, այլ ոչ թե ստանան ճիշտ տեղեկատվություն։

Ընտրություններին ընդառաջ մեդիան փոխվու՞մ է։

Դաշտն ավելի է բևեռացվում։ Եվ դա բնական է, քանի որ լրատվական դաշտում գործողները մեծամասամբ լրատվամիջոց չեն, այլ քաղաքական դիրքորոշումներն առաջ բրդող կառույցներ ու միջոցներ։ 

Եվ երբ նրանց տերերն իրենց կյանքից գոհ են, այդ լրատվամիջոցները կարծես խնդիր չունեն լուծելու, կարող են կրճատել աշխատակիցների քանակը կամ ընդհանրապես փակվել։ 

Հայաստանում կան լրատվամիջոցներ, որոնք ժամանակին կանգնել էին փակման եզրին, որովհետև իրենց ղեկավարին կամ ֆինանսավորողին դրանք պետք չէին։

Բայց երբ ֆինանսավորողի մոտ ծագեցին խնդիրներ (քաղաքական և այլ), լրատվամիջոցները կտրուկ ակտիվացան։ 

Հիմա էլ տեսնում ենք, որ շատ հարթակներ ընդլայնվում են, լրագրողներ ընդունում աշխատանքի, նոր բովանդակության վրա գումար ծախսում, թեև մինչ այդ քնած վիճակում էին։

Այնպես որ, սպասելի է, որ ամեն ինչն էլ կշատանա, հատկապես ատելության խոսքը, որը կտարածվի հիմնականում չնույնականացված հաշիվներից՝ խուսափելու համար օրենսդրական խստացումներից։

Փոքր թիմերով նաև կսկսեն աշխատել Հայաստանի վրա՝ ինչ-որ մեկին սևացնելով, ինչ-որ մեկին սպիտակեցնելով, կախված պատվիրատուից։

Որքան տեսնում եմ դեռևս չհայտարարված քարոզարշավից՝ իշխանությունները փորձելու են ավելի շատ աշխատել ոչ թե Երևանի կամ խոշոր քաղաքների բնակչության հետ, այլ սոցիալական կենտրոններից դուրս, մարզերում ապրող մարդկանց հետ, որոնք արդարության մեծ կարիք ունեն, բայց պակաս գիտակից են իրենց սպառած ինֆորմացիայի տեսակետից։

Եթե ընդհանրացնենք, ի՞նչ մեդիա նախագծերի կարիք ունի լսարանը, որն առանց այդ էլ բևեռների բախման ականատես է ամենուրեք։

Կար ժամանակ, որ կարիք էի զգում լուրջ բազմակարծիք քննարկումների, հեռուսատատեսային թոք շոուների և այլն։ Բայց նման խորքային զրույցները, անգամ եթե արվեն ճիշտ մարդկանցով, վախենամ, որ չեն ունենա մեծ լսարան։ Դրանք կդիտեն մեկ կամ երկու հազար մարդ ու զգալի ազդեցություն չեն թողնի։

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ մարդիկ գիտելիք, տեղեկատվություն, վերլուծություն ստանու՞մ են հանրային քննարկումների արդյունքում, թե՞ չեն ստանում։

Ինքս շատ եմ սիրում քաղաքական երգիծանքի ժանրը, որի պակասը կարծում եմ՝ կա։ Բայց քաղաքական սատիրան չպիտի արվի տասը տարի առաջ եղած մեթոդներով, այլապես այն տուժելու է։ 

Քաղաքական թեմաները արագ են կորցնում հրատապությունը, հատկապես երբ տարածվում, անցնում են սոցցանցերի ֆիլտրերով։ Երևի այդ ժանրում պետք են ոչ թե դերասանններ, այլ լրագրողներ՝ թեմայի ավելի խորքային իմացությամբ։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *