2021.02.18,

Տեսակետ

«Արցախցի դպրոցականները պիտի տեսնեն, որ իրենց գիտելիքը չի մնա օդում կախված»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայ-ադրբեջանական պատերազմից հետո հայկական կողմը կորցրել է նաև դպրոցներ, որոնք այլևս անվերականգնելի կորուստների ցանկում են։ Եվ խոսքը միայն տարածքի մասին չէ, այլև այն միջավայրի ու մարդկային կապերի, որոնք հիմա անհրաժեշտ է կառուցել արդեն խմբագրելով ու շտկելով լայն իմաստով կրթության մոդելը։ 

Ու թեև հիմա շատերն են խոսում կրթության փրկարար դերի մասին, բայց այդ խոսակցությունները թվում են վերացական, քանի դեռ այս էքստրեմալ իրավիճակում կոնկրետ քայլերն ու ապագայի մասին պատկերացումները չեն միացել իրար։

«Դասավանդի՛ր Հայաստան»` Teach for Armenia կրթական հիմնադրամը դեռևս հինգ տարի առաջ էր սկսել աշխատել Արցախում և հիմնականում սահմանային գյուղերում։ Բնականաբար, հիմա երբ սահմանը փոխվել է, փոխվել են նաև ծրագրերը։

Արդեն իսկ հայկական կողմի վերահսկողությունից դուրս են 20 դպրոցներ, որոնց հետ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը համագործակցում էր՝ ուսուցիչների առաջնորդության զարգացման ծրագրով վերապատրաստելով ուսուցիչներին ու լրացնելով մասնագետների բացը։ Շատ դպրոցներ չկան, բայց կան դպրոցականներ (Հադրութից, Շուշիից, ավելի փոքր քաղաքներից ու գյուղերից), և կարիք կա արտակարգ կրթության՝ Արցախից տեղահանված աշակերտների համար:

Արցախցի դպրոցականների միգրացիայի, գյուղերի պատանի բնակիչների խնդիրների մասին շատ զգուշորեն է խոսում հայոց լեզվի ու գրականության նախկին ուսուցչուհի Նարինե Վարդանյանը, որը երկու տարի աշխատել է Արցախի Քաշաթաղի շրջանի Վաղազինի միջնակարգ դպրոցում։

Հիմա նա Ստեփանակերտում է, համակարգում է ուսուցիչների աշխատանքը նոր պայմաններում։ Նարինեի համար կարևոր է, որ կրթության հիմքում լինի կապը գիտելիքի ու կյանքի միջև։ 

Նարինե Վարդանյանի տան դուռը Վաղազինում, 2019-ին

Հիմա տեսնում ենք, որ Արցախում մեծ դեր է ստանում ռուսերեն լեզուն։ Իհարկե, այդպես եղել է միշտ, բայց հիմա ի՞նչ է սպասվում տարրական կրթության օղակում։ Ռուսերեն կրթությունը կհամարվի՞ ավելի ցանկալի։

Բարդ է խոսել ապագայի մասին, երբ նախագիծ կա՝ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու դարձնելու։

Ինձ մխիթարում էր այն, որ գոնե պաշտոնական մակարդակում, հեռուստատեսությամբ, ռադիոյով լրացվում էր գրական հայերենի թերի իմացության հարցը: Հիմա, անկեղծ, չգիտեմ՝ ինչով մխիթարվեմ։ Հավանաբար կրկին հույսը դնելու ենք անհատների ստեղծած կապերի, մի քիչ էլ մեր ինքնապահպանման բնազդի վրա։ 

Այստեղ՝ Ստեփանակերտում, հաճախ եմ լսել՝ ներողություն, որ հայերեն դժվարանում են խոսել։ Եվ դա ինձ հույս էր տալիս, որ գոնե ապագայում հայկական միջավայրում հայերեն խոսքն ավելի շատ կհնչի, թեկուզ բարբառով, ինձ համար տարբերություն չկա Արցախի բարբառի ու Արարատյան բարբառի միջև։

Ամեն դեպքում, ինքնությունն ընտրություն է, ժամանակը ցույց կտա, թե ինչ ինքնություն մենք ընտրեցինք։   

Բայց որքան նկատել եմ, սպասարկման ոլորտում արդեն իսկ կա փոփոխություն և ռուսերեն լեզուն ավելի հաճախ է գործածվում։ Իսկ Արցախի դպրոցներում միշտ բարձր է եղել ռուսերեն լեզվի ուսուցման մակարդակը, քանի որ ուսուսցիչների մեծ մասն այն սերնդից է, որը ռուսական կրթություն ունի։

Բացի այդ էլ՝ արցախցիները հիմնականում խոսում են կամ բարբառով (այդպես իրենց հարմարավետ է) կամ ռուսերենով։ Շատ քիչ երեխաներ են վարժ խոսում գրական հայերենով։ Եվ միշտ եղել է կարիք այդ բացը լրացնելու՝ տարբեր առարկաների դասավանդման միջոցով։ Ոչ միայն հայոց լեզվի, այլև բոլոր առարկաների ուսուցիչները նաև որոշ իմաստով լեզվի ուսուցիչներ են։ 

Ի վերջո, երեխան դժվարանալու է սովորել կենսաբանություն հայերեն դասագրքերով, երբ վատ գիտի լեզուն։ Ու այստեղ լուծումը չպետք է լինի լեզուն ու դասագիրքը փոխելը, այլ մայրենիին տրվող ժամերն ու վերաբերմունքը փոխելը։

Գրականությունը դպրոցում, իհարկե, զարմանալի է դասավանդվում։ Կարծես համարվում է պարտավորություն, ոչ թե հաճույք։

Նկատել եմ, որ երեխաները չէին սիրում կարդալ գրականություն, և նշանակություն չունի՝ հայկական, թե արտասահմանյան։ Զուտ կարդալ չէին սիրում։

Բայց իրականում, խնդիրն այն է, որ երեխաներին միշտ ստիպել են կարդալ ու պատմել գրողների կյանքի մասին շատ սխեմատիկ, դասագրքային տեքստեր, անգիր անել ինչ-որ թվականներ, կյանքի դրվագներ։ Կարդալ չսիրելու պատճառն, իրականում, սկսվում է ոչ թե աշակերտից կամ սերնդից, այլ մատուցման ձևից, որը հետաքրքրություն չի առաջացնում։ 

Երբ դասավանդում էի Քաշաթաղում, խնդրեցի բարձր դասարանի աշակերտներին պարզապես մի քանի գիրք կարդալ՝ առանց հաշվի առնելու դասագրքի մեկնաբանությունն ու առանց գնահատական ստանալու պահանջի։ Պարզապես կարդալու հանձնարարությունը բավարար էր, որ սառույցը կոտրվի ու նրանք հաճույք ստանան կարդալուց ու հետո կարդացածը քննարկելուց։

Վաղազինցի աշակերտները

Վստահ եմ, որ հավեսով կարդալը շատ բան է փոխում ու ոգևորում երեխաներին։ Պարզապես, երեխան պետք է կապ տեսնի գրքի ու իր կյանքի միջև։ Օրինակ, զգացել եմ, որ ավելի մեծ հաճույքով կարդում են ժամանակակից գրականություն, քան պատմավեպեր։ Բայց հենց ժամանակակից գրականությունն է ճանապարհ բացում դեպի պատվավեպեր և ընդհանրապես գրականություն։

Երբ խոսում ենք կարդալու մասին, նկատի ունենք նաև տեքստերը՝ լրատվամիջոցներում ու սոցիալական մեդիայում։ Եվ ստացվում է, որ բոլորը միշտ կարդում են։ Տպավորություն է, որ անդադար ինֆորմացիայի մեջ ապրող դեռահասները շատ ավելի արագ ու լավ են կողմնորոշվում ամենօրյա լրահոսում, քան մեծահասակները։ Այդպե՞ս է։

Մեդիա տարածքում կողմնորշվելը, մեդիագրագիտությունը կապված է սովորելու ունակության հետ։ 

Աշակերտների համար կարող է լուրջ խնդիր լինել, եթե իրենց դաս տվող ուսուցիչն իրենցից պակաս է տիրապետում ստուգման տարբեր գործիքներին ու տեխնոլոգիաներին։

Հատկապես գյուղական համայնքներում է զգացվում մեդիագրագիտության ցածր աստիճանը։ Եվ հաճախ աշակերտներն ավելի հեշտ են տարբերում կեղծ տեղեկությունը, քան իրենց ծնողները կամ նույնիսկ ուսուցիչները։ Եղել են դեպքեր, երբ երեխաներն իրենց ծնողներին ստիպել են Ֆեյսբուքից ջնջել հղումները՝ ասելով, որ սուտ են տարածում։ Օրինակ այն, որ սոդան քաղցկեղ է բուժում կամ որևէ այլ չստուգված լուր։

Մեկնաբանելու իրավունքը միշտ ավելի թանկ է, քան անգիր անելը։ Սկսած պատմական անհերքելի փաստերից, վերջացրած հորինվածքներով։ Ինչպե՞ս կարելի է այդ նյարդը զարգացնել դպրոցականների մոտ։ Որ հետո այդ հմտությունը օգնի ճիշտ գնահատել ցանկացած հանրային խոսք։

Վստահ եմ, որ այս սերունդը շատ ավելի բաց է և ունի հմտություններ՝ տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալու, ինչը օգնում է նրանց ճիշտ մեկնաբանել ու տարբերակել տեղի ունեցածը։ 

Պարզապես նրանք չունեն դա անելու համար անհրաժեշտ գործիքներ։ Նրանց պետք են ուղղորդող գործիքներ, խորհուրդներ, քանի որ միայն հոտառությամբ, բնազդով չեն կարող ամեն ինչ ստուգել ու գնահատել։

Օրինակ, պատերազմի ժամանակ նույնիսկ այն երեխաները, որոնց հետ աշխատում էինք զարգացնել մեդիագրագիտությունը, շատ հեշտորեն էին ենթարկվում մանիպուլյացիաների։ Անգամ տպավորություն էր, որ այն ամենը, ինչ հազար անգամ քննարկել ենք, խորհուրդ ենք տվել, զարգացրել ենք, միանգամից անհետացավ, ասես չի էլ եղել։ 

Կարծես մոռացան, թե ինչպես է պետք լրահոսից օգտվել, ինչպես զերծ մնալ էմոցիոնալ ուղերձներից։ Շատերն առանց վարանելու տարածում էին ադրբեջանական աղբյուրների նյութերը։  Միայն պաշտոնական տեղեկատվություն տարածելու պահանջն էլ իր հերթին էր միակողմանի ու հուզական դարձնում բոլորին։

Իրականում, դպրոցահասակ երեխաներին մանիպուլացնելը հեշտ է՝ հաշվի առնելով ընդհանուր հուզական ֆոնը։

Բայց կա նաև ընդհանուր դաստիարակության մի շերտ, որը երեխաների մեջ թե՛ գրականության, թե՛ լրատվության միջոցով ամրապնդում է կարծրատիպեր։ Եվ դրանցից հիմնականն այն միտքն է, որ աշխարհում կանք մենք ու կան թշնամիներ։

Մենք երեխաներին ցույց չենք տալիս լուծումներ, ուժեղանալու ու զարգանալու օրինակներ։ Գրեթե միշտ առաջարկում ենք մեզ գտնել ընդդեմ լինելով, այլ ոչ թե հանուն։

Արցախի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի միջնակարգ դպրոցը, որը մնաց հանձնված տարածքներում

Դպրոցական ծրագրով էլ պահանջում ենք հիշել մի քանի թվական ու մի քանի իրադարձություն, որտեղ որպես կանոն մեղավորը միշտ թշնամին է, ուրիշը, մեզ ճնշողը։ Իսկ այդ դեպքում երեխայից վերլուծական միտք պահանջելը անհնարին է։

Օրինակ, երբ միջին դասարանցիներին հարց տվեցինք, թե ի՞նչ  թվական ու իրադարձություն եք համարում կարևոր, գրեթե բոլորը պատասխանեցին՝ 1915 թվականը և Եղեռնը։ Նրանց մեջ դա է դաջվել որպես ամենակարևոր իրադարձություն, քանի որ պատմությունը (հետո նաև նրանց մտքերը) դրա շուրջ է պտտվում։

Այսինքն, հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություն երեխաները համարում են ոչ թե առաջին հանրապետությունը կամ անկախությունը կամ անցած դարերից որևէ դեպք՝ վկայող մեր ազգային արժանապատվության մասին, այլ ցեղասպանությունը։

Եվ ուրեմն նրանք հիմնվում են այն գաղափարի վրա, որ մեղավոր է աշխարհը, և մեր ինքնությունը կառուցված է ուրիշին մեղադրելու վրա։ Այդպիսով, նրանք սովորում են մեղադրանքի վրա կառուցել իրենց պատկերացումները աշխարհի մասին։

Կրթական համակարգում շատ բան կախված է ուսուցչից։ Եթե նա լինի ճկուն, պրպտող, կարողանա երեխաներին հետաքրքրել նաև խորամանկորեն ենթարկելով պրովոկացիաների, երեխայի բախտը կբերի։

Այո, շատ բան կախված է անհատներից, իսկ անհատները քիչ են։ Համակարգը ուսուցչից պահանջում է փոխանցել դասագրքային, չոր ու ոչ քննարկելի ինֆորմացիա։ 

Մեր ուսուցումն ընդհանուր առմամբ հիմնված չէ բաց մտքերի, բանավեճի, քննարկումների , քննադատական մտածողության վրա։ Շատ երկար տարիներ հիմքում եղել է բացառապես անգիր անելու, թվեր ու թվականներ հիշելու պրակտիկան։

Դա լավ երևում է գրականության օրինակի վրա։ Երեխաներից պահանջվում է հիշել, թե այս կամ գրողը որ թվականին որ դպրոցում է սովորել, բայց կարևորություն չի տրվում այն միջավայրին, որը կար ստեղծագործությունը գրելու ժամանակ։ 

Այսինքն, լայն պատկերը, համատեքստը համարվում է երկրորդական։ Իսկ եթե երեխաները գրողին չեն տեսնում իր ժամանակի մեջ ու չեն նայում նրան նաև այսօրվա հայացքով, բացարձակապես չեն հասկանում, թե ինչու պիտի կարդան ու ուսումնասիրեն նրա գրածները։ 

Երբ, օրինակ, նրանց պատմում եմ Նար-Դոսի մասին, որը հաճախ էր խոսում լուսավորչության մասին ու հորդորում շրջապատին ոչ թե օգտվել հեքիմների ծառայություններից, այլ դիմել բժիշկներին, երեխաները շատ են զարմանում։ Նրանք զգում են, որ Նար-Դոսի մտքերը հիմա էլ են արդիական, հետաքրքիր, ոչ ձանձրալի։ Կամ տեսնում են, որ Րաֆֆին շատ վեպեր գրել է որպես աջակցություն ֆիդայական շարժմանն ու այդպիսի նպատակ դրել իր առջև։

Իսկ ի՞նչ նպատակ կարելի է դնել երեխաների առջև հիմա, այս անորոշ ու հակասական ժամանակ։

Երևի անորոշությունը հաղթահարելու լավագույն միջոցը երեխաներին հնարավորություն տալն է իրենց համայնքներում ինչ-որ բան փոխելու։ 

«Դասավանդի՛ր Հայաստան»-ը հիմա ունի ծրագիր, որով համագործակցելու է աշակերտների հետ շատ կոնկրետ ուղղություններով։ Երեխաները ընտրում են որևէ թեմա ու սկսում դրա շուրջ ստեղծել, ստեղծագործել, կառուցել նախագծեր՝ հեռանկարում փորձելով բարելավել համայնքի կամ դպրոցի կյանքը։

Այսինքն, գործ են անում այնտեղ, որտեղ ապրում են։

Այդ նախաձեռնությունը որոշ չափով կօգնի, որ իրենց ապագան պատկերացնեն իրենց հողում։ Ու վստահ լինեն, որ չնայած դեռ չափահաս չեն, բայց կարող են օգտակար լինել։ Ենթադրենք, ստեղծել լաբորատորիա, նախագծել որևէ ինժեներական կառույց կամ բարելավել ջրամատակարարման ցանցը։ Եվ ամենակարևորը, որոնել անհրաժեշտ գիտելիքն ու կիրառել այն։

Այդպես նաև գիտելիքը չի մնա օդում կախված, իսկ երեխաները հոգնած ու ձանձրացած չեն ասի՝ ինչու՞ պետք է սովորեմ, եթե միևնույն է այդ գիտելիքը չեմ օգտագործելու։

Զգալ պետքական, կարող, նախաձեռնող ու պատասխանատու ապագայի համար, անգամ, եթե փոքր գյուղի բնակիչ ես. ևրևի սա է այն կարևորը, որ պիտի հուշի կրթությունը։

Փորձենք անել այնպես, որ կրկին չհայտնվենք այսքան թույլ ու անօգնական իրավիճակում, ինչ վերջին ամիսներին էր։ 

Ես ինքս էլ կրթության ոլորտ եկա, երբ զգացի, որ միայն խնդիրների մասին խոսելով չի լինի, պետք է նաև գործել։ Թողեցի լրագրությունը և դարձա ուսուցիչ։

Վստահ եմ, որ կրթությունն է ամենալավ ու երկարաժամկետ ներդրումը, եթե ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, զարգացած տնտեսություն և մարտունակ բանակ։ Եվ չունենալ պատերազմ։

Ի վերջո, խաղաղության գրավականը կրթությունն է։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *