2021.02.15,

Տեսակետ

«Մանիպուլյացիաները ձեռնտու են բոլոր քաղաքական բևեռներին»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի կարծիքով՝ Հայաստանում շատ բան կախված է կապիտալի բնույթից։ Այդ պատճառով էլ՝ մանիպուլյատիվ մեդիա գրոհները, որոնց մեջ ապրում ենք, քիչ են տարբերվում այն բիզնես մոդելից, որն ունենք։ 

Նա հիշեցնում է, որ խոշոր կապիտալը Հայաստանում գլխավորապես անօրինական ծագում և հանցագործ արմատներ ունի։ Այն ապահովում է իր գերշահույթները` իրականություն կեղծելով (թաքցնում աշխատակիցների քանակը, եկամուտ ստանալու իրական ձևերն ու ծավալները, հարկերը և այդպես շարունակ)։ 

Նման կապիտալը շահագրգռված է այնպիսի քաղաքական վերնախավի գոյությամբ, որն ապահովում է իրականության կեղծում՝ կառավարման համակարգի միջոցով։ Օրինակ,կեղծ վիճակագրությամբ, կոռումպացված ինստիտուտները ներկայացնելով որպես պետականամետ, պետական պաշտոնների ծառայեցումը անձնական շահերին որպես ազգանպաստ և այլն։ 

Աղասի Թադևոսյանն ասում է, որ տարիներ շարունակ Հայաստանի քաղաքական ու տնտեսական իրականությունն ու դրա նկարագրությունները եղել են արմատականորեն տարբեր։ 

Եվ այդ կեղծ իրականության կառուցման ու հանրայնացման գլխավոր դերակատարներն են քրեաօլիգարխիկ համակարգի կողմից սնուցվող և կառավարվող հայաստանյան լրատվամիջոցներն ու մեդիայի այլ միջոցները։ 

Մեդիան ազդում է հասարակական գիտակցության վրա։ Մենք բառիս բուն իմաստով լրահոսի մեջ ենք ապրում։ Ինչպիսի՞ն է այսօրվա մեդիա դաշտը։ Եվ ինչպիսի՞ն ենք մենք։

Մեդիան Հայաստանում միադեմ չի և արտացոլում է տարբեր շահեր՝ ամենաքիչն, իհարկե, լայն հասարակայնության շահերը, չնայած հաճախ հանդես է գալիս հենց այդ շահերի անունից։ Բայց կուզեի խոսել մեդիայի ամենածանր ու բացասական գործառույթի մասին, հատկապես, թավշյա հեղափոխությանը հաջորդած շրջանում։

Դա հասարակության հանդեպ մանիպուլյատիվ ահաբեկչության իրականացման առաջատարի դերակատարումն է։

Մեդիան Հայաստանում միշտ է եղել կլանային բնույթ ունեցող քաղաքական փակ վերնախավերի կողմից կեղծ իրականության կառուցման ու հասարակությանը մանիպուլյացիաների ենթարկելու գործիք։ Բայց թավշյա հեղափոխությունից հետո այդ վերնախավերն իրենց կողմից վերահսկվող մեդիա գործիքներով հասարակությանը ենթարկում են ինտենսիվ և ծանր գրոհների։   

Մանիպուլյացիայի նպատակը հասարակության լայն շրջանակներում իրականության ոչ համարժեք ընկալումներ ու արձագանքներ ձևավորելն է։

Մեկ այլ խնդիր էլ մեդիա աղմուկի մեջ առողջ ու արժեքավոր խոսքի լսելիությունը խլացնելն է։ 

Որպես հետևանք՝ չի ստացվում ձևավորել հասարակայնորեն նշանակալի ու կարևոր հարցերի շուրջ դիսկուրսներ և այնպիսի ճշմարտություններ, որոնք կհակակշռեն հանրությանը կախվածության մեջ պահող վերնախավերի ճշմարտություններին։

Հատկանշական է, որ ստվերային է նաև, այսինքն կեղծիքի մաս կազմող, այդ մեդիա դաշտի կառավարումը։ Չեն համապատասխանում փաստացի և ստվերային տնօրենները։ 

Այդ համատարած դարձած մանիպուլյատիվ մեդիա աղմուկի ետևում կանգնած գորշ կարդինալի անունը կապվում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի հետ։ Մեկ այլ նման ստվերային բևեռ էլ կապվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ 

Նրանք անհանգստացած են, որ հասարակությունը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից, և իրենք կկորցնեն իրենց իշխանությունը։ Խնդիրն այն է, որ նրանց իշխանությունը ուժ ունի միայն կեղծ իրականության պահպանման պայմաններում։ 

Իրականության համարժեքացումը կհանգեցնի նրանց իշխանության վերջնական կորստյան։ Եվ ընդհանրապես, կեղծիքի իրականությունից ազատագրման։ 

Շատ լրատվամիջոցներ հանգամանքների բերումով, ընդդիմադիր են ու խաղում են լսարանի էմոցիոնալ լարերի վրա։ Բայց հետաքրքիր է, որ նույն ոճը ընտրել է նաև իշխող ուժն ու պատասխանում է նույն վերացական-ազգային բառապաշարով։ Արդյունքում ոչ մի բանով չի տարբերվում նախորդներից։ 

Համաձայն եմ, որ այն քաղաքական ուժը, որի ձեռքում է այս պահին կառավարումը, հեղափոխությունից անմիջապես հետո սկսեց տուրք տալ պոպուլիզմին և պոպուլիստական մանիպուլյացիաներին։ 

Ստացվեց այնպես, որ Փաշինյանի կառավարությունը, նրա խորհրդարանական թիմը և նրանց կողմից վերահսկվող մեդիա միջոցները նույնպես գայթակղվեցին իռացիոնալ և կեղծ հայրենասիրական քարոզչությամբ։ 

Փաստացի, նրանք չցանկացան համագործակցել նոր արժեքների կամ նոր գաղափարների դիրքերում գտնվող ուժերի հետ։ Մյուս կողմից, նրանք ձև էին անում, թե հենց իրենք են այդ ամենի կրողները։ 

Դա մեծ շփոթմունք էր առաջացնում շատերի մոտ, այդ թվում նաև նրանց համակիրների, որոնք աստիճանաբար դիստանցավորվում էին «իմքայլականներից»։   

Հատկանշական է, որ 2018-ից քաղաքացիական կյանքը մի տեսակ մարեց։ Քչացան նաև արվեստային ակցիաները, գրական քննարկումները, լայն առումով ինտելեկտուալ դիսկուրսները, որոնք մինչ հեղափոխությունն ավելի աշխույժ էին։

Երևի հանգստացանք ու պատվիրակեցինք նոր ուժին խոսել մեր անունից բոլոր ոլորտներում։

Հեղափոխական թիմն իր մեջ ուներ մանիպուլյացիոն մի բան։ 

Թվում էր, թե իրենք են արդեն բարձրացնելու ու լուծելու այն բոլոր հարցերը, որոնք մինչև 2018-ը բարձրացնում և կարևորում էին ինտելեկտուալ շրջանակները։ 

«Հեղափոխական» թիմն ասում էր, որ դուք այլևս անելիք չունեք, ես սկսել եմ և ես էլ շարունակելու եմ։ Իսկ դուք մի խցկվեք։ Դուք չպետք է նաև ինձ քննադատեք կամ բանավիճեք ինձ հետ։ Ձեր միակ անելիքը մեզ վստահելն է։ 

Սկզբում շատերս իրոք մտածում էինք, թե ամեն ինչ արդեն արվում է։ Բայց միաժամանակ տեսնում էինք, որ շատ բան այնպես չի արվում, ինչպես որ հարկն է։

Իսկ երբ հնչեցին առաջին քննադատությունները, դրանք ընդունվեցին որպես թշնամական բանակի դավադրություն և հակահեղափոխություն։ 

Քննադատողներն էլ հաճախ հայտնվում էին հեղափոխական թիմի ստեղծած սոցիալական մեդիայի ֆեյքային զանգվածի թիրախում։

Կարծում եմ՝ քննադատության հանդեպ նման անհանդուրժողականության պատճառը, այն էր, որ նոր կառավարողների իշխանության տակ պոպուլիզմից բացի այլ բան չկար։ 

Նախորդ իշխանությունները, լինելով ավտորիտար, պոպուլիստական ու կեղծ օրակարգերից բացի, ունեին նաև իրական բիրտ ուժ ու հսկայական կապիտալ։ Իսկ նոր կառավարող ուժը կարծես օդի մեջ էր, քանի որ չհասկացավ, որ իր իշխանությունը իրականության համարժեքության ձևավորումն ու դրա վրա հենվելն է։ 

Խուսափելով դրանից, այն իրոք հայտնվեց օդի մեջ և ստիպված է իշխանությունը պահել գլխավորապես վարչական լծակների միջոցով։

Հիմա առաջարկվում են բավականին շատ օրինագծեր լրատվական դաշտի մասին (անանուն աղբյուրներին հղում անելու արգելք, զրպարտության համար տույժերի ավելացում և այլն): Բոլորը կարծես պաշտպանվում են մեդիայից: Ապահովագրությու՞ն են ուզում քննադատությունից։

Բանն այն է, որ Հայաստանում անկախ մեդիան շատ փոքր կշիռ ունի։ Անկախ մեդիան պետք է շահագրգռված լինի ձևավորել իրականության ճշմարտացի պատկեր։ Բայց հիմնականում զբաղված է իրականության ձևախեղմամբ։ 

Գործող կառավարությունը փորձում է իրականության մանիպուլացման իրավունքն իր ձեռքը վերցնել հակառակորդ խմբից։

Նրա մտահոգությունը իրականության ճշմարտացի պատկերի ձևավորումը չէ։ 

Այդ պատճառով էլ իր նման նախաձեռնությունները չեն գտնում հասարակության աջակցությունը։ Բայց հասարակությունը միևնույն ժամանակ չի ցանկանում ազատվել նախկինների մանիպուլյատիվ մեդիա-տեռորից։ 

Իմ կարծիքով, այդ պատճառով էլ գործող իշխանություններին հաջողվում է խաղալ հասարակության թույլ տեղերի հետ ու անցկացնել իրեն ձեռնտու օրենք։

Պատմության մեջ կան փուլեր, երբ հասարակությունը շատ ավելի զարգացած ու լայնախոհ է, քան իշխանությունները։ Այդպես էր 2018-ին, երբ հնարավոր դարձավ հեղափոխությունը։ Կարելի՞ է ասել, որ հիմա էլ է այդպես։

Հիմա փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ կառավարող ուժի նվիրյալ համակիրները շարունակում են պաշտպանել նրան`չնայած ծանր հետևանքների հանգեցրած կոպիտ բացթողումներին։ Կան նաև նախկինների պաշտպանությամբ հանդես եկողներ։ 

Ու կա հասարակության ծանրակշիռ մի հատված, որը գնահատում է իրականությունը բավականին ռացիոնալ ու համարժեք և ոչինչ չի անում, սպասում է։ Եվ այդ դիրքորոշմամբ ստեղծել է ներքաղաքական ցնցումները զսպող բուֆերային գոտի։ 

Ես չէի ասի, թե հասարակության այդ հատվածն ավելի կամ պակաս զարգացած է։

Այն պարզապես դադարել է ենթարկվել մանիպուլյացիաների և սպասում է այն ուժին, որը կդադարի իրեն հիմարի տեղ դնել։ 

Ով ճիշտ կգնահատի հասարակությունում ստեղծված այս իրավիճակը, կսկսի իրեն ադեկվատորեն պահել, նա էլ կստանա մեծամասնության աջակցությունը։

Հիմա ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ եթե չհայտնվի առաջնորդող նոր քաղաքական ուժ, մենք ցավոք, ունենալու ենք մի քաղաքական պայքար, որտեղ իրար հետ մրցելու են ներկա պոպուլիստական և նախկին ավտորիտար քաղաքական ուժերը։  Դա մեզ համար կլինի ամենից անցանկալի վիճակը։

Լրատվամիջոցները չունե՞ն պահանջ դիմելու հենց այդ հատվածին: 

Լայն առումով, մենք չունենք անկախ մամուլ։ Խնդիրը դա է։ Լրատվամիջոցների մեծ մասը նշածս քաղաքական բևեռների մանիպուլյատիվ գործիքներն են։ Նրանք ինքնուրույն չեն։ 

Հետևաբար, ինչպես և իրենց տերերը, առայժմ շահագրգռված չեն համարժեքորեն ընկալելու ու նկարագրելու ստեղծված իրավիճակը, հասարակության այդ հատվածի պահանջներն ու դերակատարումը։ 

Իր հերթին էլ՝ հասարակության այդ հատվածը չունի կազմակերպվածության այնպիսի մակարդակ, որ կարողանա ինքը ստեղծել ու ֆինանսավորել իր պահանջները բավարարող մեդիա: Շատ բան կախված է ֆինանսավորումից։ 

Հայաստանում, ընդհանրապես, շատ մեծ դեր ունի խոշոր կապիտալի բնույթը։

Մենք ունենք խոշոր կապիտալ, որն իր գերշահույթների աճի և գործունեության համար նույնպես կարիք ունի իրականության կեղծման։ 

Այդ կապիտալի ներկայացուցիչը կամ դրա դրածոները ԱԺ-ում կարող են խոսել օրենքների գերակայությունից, բայց իրականում գործել այլ, ստվերային հարթություններում։ 

Տպավորություն է, որ այս նոր կառավարությունը այդ կապիտալի մի հատվածի հետ նույնպես ինչ-ինչ գործարքների մեջ է։ Այնպես, որ այս բնույթի կապիտալի գերիշխանությունը սպասարկող քաղաքական ուժերը դժվար թե շահագրգռված լինեն ձևավորել անկախ մեդիա։ Մեզ պետք է օրինական դաշտում գործող նոր որակի կապիտալի ձևավորում։

Իսկ առայժմ, ամեն տեղ գործ ունենք կեղծիքի հետ թե՛ բիզնեսում, թե՛ քաղաքականությունում, թե՛ մեդիայում։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *