Գրականագետ, հետազոտող Տիգրան Ամիրյանը կարծում է, որ դավադրության տեսությունները թուլացնում են հասարակությանն ու դանդաղեցնում Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը։
Տիգրան Ամիրյանը Սոցիալական և մշակությանի նարատիվների լոբորատորիայի (CSN Lab) հիմնադիրն է։ Նա հետազոտում է դավադրության տեսությունները գրականության մեջ և հասարակական կյանքում։
Media.am-ի հետ զրույցում Ամիրյանը պատմեց արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ տարածվող դավադրության տեսությունների, հասարակության և մեդիա դաշտի վրա դրանց ազդեցության մասին։
Դավադրության տեսությունները կարծես դարձել են Հայաստանում քաղաքական պայքարի անբաժանելի մաս։ Ինչու՞ են դրանք այդքան կենսունակ։
Դավադրության տեսություններում միշտ առաջ է քաշվում երկակի հասարակության միտքը։ Սա միշտ հասարակության պառակտման դիսկուրս է՝ կա լայն հասարակություն, և կա գաղտնի փոքր հասարակություն, որը կառավարում է լայն հասարակությանը։
2018-ի հեղափոխությունից սկսած մեդիա դաշտում գրեթե ամեն ժամ նոր դավադրական գաղափարներ են առաջ քաշվում՝ կախված այն բանից, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը ու ինչ է խոսում։ Եթե հիշենք՝ նույնիսկ բուն հեղափոխության ժամանակ, երբ Փաշինյանին առևանգեցին, դավադրության տեսությունների մի մեծ հոսք սկսվեց․ ու՞ր են նրան տարել, ու՞մ հետ է հանդիպել, ո՞վ է նրա պատվիրատուն։ Նույն տրամաբանությունը պահպանվեց և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո․ ու՞մ շահերն է Փաշինյանը սպասարկում՝ Կրեմլի՞, Պետդեպի՞, Ե՞Մ-ի թե՞ Բաքվի։
Ամեն քաղաքական ուժ իր վարկածն էր առաջ քաշում՝ իրեն բարեհաճ մեդիայի օգնությամբ։
Նույնիսկ եթե տեղեկությունը հերքում են, միևնույնն է այն ժամանակահատվածում երբ դավադրության տեսությունը տարածվում է մեդիայում, այն արդեն իսկ խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։
Ինձ թվում է, մեր աջ քաղաքական ուժերը միշտ շատ լավ գիտակցել են, որ նպատակը ոչ թե մարդկանց համոզելն է, որ Փաշինյանը ֆինանսավորվում է Բաց հասարակությունների հիմնադրամից, Պետդեպից կամ Կրեմլից, այլ խուճապ տարածելն է։
Խուճապահար հասարակությունը կորցնում է ուղենիշները, կորցնում է իր հավատը որոշ անփոփոխ իրողությունների հանդեպ։ Այդպիսի հասարակությունից «օգտվելը» շատ ավելի հեշտ է։
Պատերազմի ժամանակ դավադրության տեսությունները շա՞տ էին։
Դեռ 2016-ի պատերազմում տեղի ունեցավ «իրականության» և «մեդիա իրականության» բաժանումը։ Օրինակ, հասկանալի չէր, թե ինչ ենք կորցրել․ մեկը խոսում էր 5 մետրի, մյուսը՝ 5 կիլոմետրի, երորդը՝ 5 հեկտարի մասին։ Եվ ոչ ոք երկար ժամանակ չգիտեր ինչ կատարվեց տարածքների հետ, գիտեինք միայն, թե ինչ կատարվեց քարտեզների հետ։
Ճիշտ նույն ոճը տեսանք երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ։
Մեր այսօրվա իշխանությունները ընտրված իշխանություններ են և կարծես թե ավելի լիբերալ են, բայց պետական քարոզչության ոճը գրեթե չի փոխվել։
Ինձ թվում է, առանցքային պահերից էր, երբ մեզ ասացին, որ չի կարելի զանգել Ղարաբաղ։ Մեզ համար կապը ընդհատվեց․ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Չզանգելու այս պայմանն ամենաշատն էր նպաստում համատարած չիմացությանը և դավադրապաշտությանը։
Մոտավորապես գիտենք, թե ինչ դավադրության տեսություններ են տարածում ընդդիմադիր ուժերը։ Վազգեն Մանուկյանը վերջերս նորից կրկնեց Ջորջ Սորոսի մասին թեզը։ Իսկ որո՞նք էին պատերազմի ժամանակ իշխանության կողմից տարածվող դավադրական նարատիվները։
Դավադրության տեսությունները միշտ նաև պայքար են գիտելիքի համար։
Պետական քարոզչությունը մանիպուլացնում էր իրականության մասին իր իմացածը։ Այդ ամենը, իհարկե, փշուր-փշուր եղավ նոյեմբերի 9-ին, բայց մինչ այդ մենք բոլորս հավատում էինք, որ կան թե՛ պարտություններ, թե՛ հաղթանակներ, որ ինչ-որ բարդ գործընթաց է տեղի ունենում, մինչդեռ միայն բացասական գործընթաց կար։
Ինչ-որ պահի առանցքային դարձան քարտեզները․ բոլորը սպասում էին նոր քարտեզի, զոհերի թվերը այլևս չէին ընկալվում։ Մեդիա դաշտում էլ այն իրավիճակն էր, որը Բոդրիարը նկարագրել է իր «Ծոցում պատերազմ չի եղել» գրքում*: Մեզ մոտ նույնիսկ սակավաթիվ չեզոք մեդիա ռեսուրսները սկսեցին ուղղակի կրկնել և մեկնաբանել պետական քարոզչությունը, որովհետև ուրիշ տեղեկություն պարզապես չկար։
Հետո Ղարաբաղից ուղղակի ֆիզիկապես հեռացրեցին բոլոր լրագրողներին, այն ժամանակ էլ սկսվեց դավադրության տեսությունների տարածման ամենաակտիվ շրջանը։ Կային թե՛ գլոբալ տեսություններ, թե՛ շատ լոկալ։
Օրինակ, նոյեմբերի 9-ին մոտ և հրադադարից հետո սկսվեցին դավաճանների մասին խոսակցությունները։ Ասում էին, թե ինչ-որ ուժեր մերոնց ստիպում են նահանջել։ Սկսեցին փնտրել, թե ով է այս ամենի ետևում կանգնած՝ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, առանձին գեներալները։
Հայաստանյան քարոզչությունն աշխատում էր ներքին լսարանի համար, ադրբեջանական քարոզչությունը՝ արտաքին։ Ադրբեջանը հերքում էր ռազմական հանցագործությունները, Հայաստանը հերքում էր իրականությունը որպես այդպիսին։
Ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում էր դավադրության տեսությունները։ Ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց տալիս Ալիևը Փաշինյանին անվանեց «Սորոսի դրածո»:
Ադրբեջանի իշխանությունները շատ լավ զգացին տարածաշրջանում տեղի ունեցողը և հասկացան, որ օդում կախված այդ միտքը հնչեցնելով կարելի է թուլացնել Հայաստանի լեգիտիմ իշխանություններին։
Հենց Ալիևն ասաց, թե Փաշինյանը «Սորոսի դրածո» է, ռուսական մամուլը միանգամից սկսեց կրկնել դա։ Այս հայտարարությունը շատ լավ ընդգրկվում էր ռուսական պետական մեդիա դիսկուրսի մեջ։
Ալիևի խոսքերը կրկնեցին նաև աջ քաղաքական ուժերին պատկանող հայկական լրատվամիջոցները։ Բայց դեռ պետք է բացատրել,թե ինչու է Փաշինյանը «Սորոսի դրածո»։ Նրանք չեն կարող ուղիղ ապացույցներ ներկայացնել, այդ պատճառով օգտվում են մի շատ պարանոիդալ էֆեկտից, որի հիմքում միտքն է, թե ամեն ինչ փոխկապակցված է։
Պարանոյայով տառապող մարդուն թվում է, թե ամբողջ մոլորակը, գոյություն ունեցողը ամեն ինչը փոխկապակցված է, քանի որ ամեն ինչ պտտվում է իր սևեռուն մտքի շուրջ։ Հենց այս մեխանիզմն է կիրառվում նաև դավադրության տեսություններում․ մեզ ցույց են տալիս Փաշինյանի մտերիմների, նրա կուսակցության անդամների կապը (իրական կամ հորինված) Բաց հասարակությունների հիմնադրամի հետ՝ մեկը ԲՀՀ կրթաթոշակով է սովորել, մյուսը հետազոտական գրանտ է ստացել և այլն։
Արտաքին թշնամու կերպարից արագ անցան ներքին թշնամիներ փնտրելուն։
Սկսեցին թիրախավորել այն հետազոտողներին, ակտիվիստներին ու արվեստագետներին, որոնք ներգրավված էին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Աջ և ծայրահեղ աջ մեդիան պնդում էր, որ բոլորը կապված են ու ներգրավված դավադրության մեջ, իսկ վերջնական նպատակն է դավաճանությունն ու Ղարաբաղի հանձնումը։
Արդեն երկար ժամանակ է Հայաստանը ապրում է անվերջ մեդիա սկանդալի մեջ, որտեղ դավադրության տեսությունները առանցքային դեր են խաղում։ Ինչպե՞ս է դա ազդում հասարակության վրա։
18-րդ դարից սկսած դավադրության տեսությունները հիմնված են մեղավորներ փնտրելու վրա։ Բոլոր տեսությունները հանգում են մի բանի․ ո՞վ է մեղավորը՝ հրեաները, մասոնները և այլն։
Երբ վստահ ենք, որ ամեն ինչում մեղավոր է ուրիշը, ուրեմն մենք ոչ մի բանում մեղավոր չենք։ Պատասխանատվությունը բարդվում է ուրիշի ուսերին։
Պատերազմում պարտվելը մեծ մեղք է, որը պետք էր մեկի ուսերին բարդել։ Ներկայիս լեգիտիմ իշխանություններն արեցին հենց այն, ինչ անում էին նախկին ավտոկրատները՝ փորձեցին ուրիշ մեղավորներ գտնել։ Եվ քանի որ Հայաստանը երիտասարդ ժողովրդավարական պետություն է, ռազմական և դիվանագիտական պարտության մեղքը բարդվեց բոլորիս, ամբողջ ժողովրդի վրա։
Կարծում եմ, որ դավադրության տեսությունները դեգրադացնում են հասարակությանը, գցում անկայունության ու ճգնաժամի մեջ՝ ստեղծելով անպատասխանատու մարդկանց հասարակություն։
Նույնը կարող ենք տեսնել, օրինակ, Ռուսաստանում, որտեղ ամենուր դավադրության տեսություններ են՝ մեղավոր է միայն ԱՄՆ-ն, միայն Պետդեպը, իսկ իշխանությունների ներսում մեղավորներ չկան։
Մարդիկ դադարել են զգալ իրենց անձնական պատասխանատվությունը և մտածում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Ու հենց այդ պատճառով է, որ ես դավադրապաշտությունը համարում եմ հակաժողովրդավարական, այն միշտ դանդաղեցնում է ժողովրդավարական զարգացումը։
Դավադրության տեսությունները նվազեցնում են քաղաքացու կամարտահայտման նշանակությունը, դելիգիտիմացնում են սուբյեկտին։
Արդյո՞ք իրադրությունը կփոխվի, եթե հայաստանյան մեդիա դաշտն ավելի անկախ լինի քաղաքական դերակատարներից:
Վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարացման գործընթացը տեղի էր ունենում նաև մամուլում։ Բայց Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց մեր մեդիա դաշտի թուլությունը։
Իհարկե, տեղեկություններ ստուգելը պատերազմի ժամանակ դժվար էր, բայց մեր մամուլը ուղղակի սկսեց կրկնել պետական քարոզչությունը։
Մենք վտարեցինք ռուսական «Новая газета»-ի լրագրող Իլյա Ազարին։ Ազարն ասում էր՝ դե լավ, եթե պրոպագանդիստ Պեգովին են ուզում, թող Պեգովը լինի։ Ու հայկական մամուլը իրականում քննադատում էր Ազարին, որովհետև մամուլը ընդունել էր պետական քարոզչության դիրքորոշումը։ Չնայած, ի վերջո, պարզ դարձավ, որ Ազարի նյութը ճշգրիտ էր և շատ ավելի հավասարակշռված, քան այն ամբողջ ֆեյք սերիալը, որ Պեգովն էր վարում։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը մեզ շատ տարօրինակ իրադրության մեջ դրեց։ Մենք դադարեցինք վստահել ոչ միայն իշխանություններին, այլև մամուլին։
44 օր շարունակ հայ հասարակությունը վստահ էր, որ ռազմի դաշտից եկող պաշտոնական լրատվությունը համապատասխանում է իրականությանը, որ տեղեկատվական շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցիները ստիպված են իրականությունը մեր մամուլից իմանալ։
Պատերազմի ավարտից անմիջապես հետո իրավիճակը կտրուկ փոխվեց․ բոլորը դադարեցին հավատալ հայկական լրատվականներին և սկսեցին տարածքների հանձման, ռազմագերիների և այլ քայլերի մասին տեղեկություն փնտրել ադրբեջանական սոցցանցերում։
Միևնույն ժամանակ լայնորեն տարածվում էին զինվորականների տեսաուղերձները Ղարաբաղից և առանձին փորձագետների վիդեոբլոգերը․ դրանք փոխարինեցին պաշտոնական տեղեկատվությունը։
Անտեսանելի թշնամիներ փնտրող անվերջ դավադրապաշտական դիսկուրսը հանգեցրեց այն բանի, որ մեդիան, ինչպես և իշխանությունները, ստիպված են լինելու վերականգնել հասարակության վստահությունը։
Հարցազրույցը Կարինե Ղազարյանի
* «Ծոցում պատերազմ չի եղել» գրքում ֆրանսիացի սոցիոլոգ Ժան Բոդրիարը համեմատել է այն, ինչ իրականում տեղի էր ունեցել 1991-ին Իրաքում և այն, ինչը ցույց էր տրվում որպես իրականություն։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: