2020.11.20,

Տեսակետ

«Մենք պատմել ենք հզորների և գերմարդկանց մասին»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Պատերազմ լուսաբանելիս կարևոր է թիմային աշխատանքը, լրագրողից մինչև վարորդ հատուկ դերակատարում ունեն աշխատանքի ճիշտ պլանավորման գործում։ 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանն ասում է, խմբագրության որոշմամբ է ինքն Արցախ գնացել, սակայն պակաս կարևոր չի եղել Երևանում աշխատող գործընկերների աշխատանքը։

Պատերազմի սկզբից մինչև վերջին օրը իրենք աշխատել են թիմով, իրար օգնել և գոտեպնդել դժվարին պահերին։ Պատմել են պատերազմի բոլոր կողմերի մասին՝ սխրանքներ գործող զինվորի, իր տունը պաշտպանող ծերունու, խաթարված առօրյան կենսունակ դարձնող Շուշիի երեխաների, «Ժենգյալով հաց» թխող և տան տղամարդկանց սպասող կանանց մասին։

Ժիրայրն անկեղծանում է, նրանք, ովքեր անցան այս պատերազմով, անկախ իրենց դերակատարումից, դուրս եկան վերափոխված։ Ինքը բացառություն չէ։

Արցախյան պատերազմը լուրջ փորձություն էր նաև լրագրողների համար, պատրա՞ստ էիք դրան։ 

Հայրենական պատերազմը ի ցույց դրեց շատուշատ բացեր, թերի պատկերացումներ մեր, հարևանների, աշխարհի մասին, ինչը հատուկ է ֆորսմաժորներին։ Մենք վերլուծելու, հետևություններ անելու շատ բան ունենք, հսկայական անելիք ունենք։ 

Բացառություն չէր նաև ռազմական դրության պայմաններում լրագրությունը։ Իմ գրեթե բոլոր գործընկերները թե՛ կրակի տակ, թե՛ թիկունքում մնացել են հավատարիմ իրենց մասնագիտությանն ու, ամենակարևորը, մեր պետության պահանջներին։ 

Թեև կային մարդիկ, որոնք իրենց կամ գործունեությունը կառուցում էին ապատեղեկատվության վրա՝ ելնելով նեղ անձնական, խմբային շահերից, քաղաքական խնդիրների սպասարկման նպատակահարմարությունից։ 

Այն փորձառությունը, որն ունեցա պատերազմում որպես լրագրող, մեծապես փոխեց իմ մասնագիտական ընկալումները, տվեց վստահություն ու առանձնակի խորացրեց մասնագիտական իմ ճանապարհի անշեղությունը։

Ունեի՞ք աշխատանքային պլան, առաջնահերթություն, ի՞նչ էիք պատմում Ձեր լսարանին։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան մոտ ժամը 9-ի զանգը բոլորիս սարսափեցրեց։ Բնականաբար, առանց վարանելու մենք շտապեցինք խմբագրություն արդեն քննարկման ենթակա չէր, որ հասնելուն պես, սկսում ենք ուղիղ եթերում մեր արտահերթ ու անդադար աշխատանքը, և որ մեր թիմն ուղևորվում է Արցախ։ 

Աշխատանքային պլանը հստակեցրել ենք տեղում ու նույն օրը մեկնել Արցախ։ Կարևոր էր հնարավորինս մոտ լինել բուն ռազմական գործողություններին, տեղից պատմել եղելությունն ու մերոնց մասին, ում վստահված էր մեր հայրենիքի, մեր տան պաշտպանությունը։ 

Պատերազմում մեր թիմի աշխատանքը թերևս կբաժանեմ երկու կարևոր մասի պատերազմի առաջին մոտ երեք շաբաթը մենք բացառապես նվիրել էինք մարտադաշտին ու այնտեղ կյանքի և մահվան կռիվ տվող մեր քաջերին։ 

Լինում էինք հնարավորինս թեժ կետերում, դիրքերում, մեծամասամբ պամում զինվորի, սպայի սխրանքի ու ռազմական գործողությունների մասին՝ ականատեսի աչքով։ 

Շատ հաճախ թե՛ դիրքեր ուղևորվելիս, թե՛ մարտական գործողություններին հնարավորինս մոտ լինելիս, մեր թիմը հայտնվել է հրետակոծության, ռմբակոծության տակ։ Եղել են անգամ իրավիճակներ, որ մենք կարծել ենք, թե սա մեր վերջին տեսանյութն ու ասելիքն է լինելու և իրավիճակից հաստատ կենդանի դուրս չենք գալու։ 

Պատերազմի հաջորդող շաբաթներում մեր թիրախում եղել է թիկունքը։ Մենք պատմել ենք մարդկանց մասին, որոնք արժանի թիկունքն են եղել մեր բանակի համար։ 

Պատմել ենք մարդկանց մասին, որոնք չեն լքել պատերազմի առաջին իսկ օրվանից թիրախավորված քաղաքը, համայնքը, քանի որ պնդել են՝ իրենց ներկայությունը զինվորին ուժ է տալիս։ 

Նաև պատմել ենք մարդկանց մասին, որոնք 45 օր ապրել են խոնավ, գորշ, սառը նկուղներում, երեխաների մասին, որոնք Երևանում ստիպել են ծնողներին վերադառնալ Արցախ՝ իրենց գյուղ, հարազատ տանը, բակում սպասելու իրենց հորը, եղբորը, քրոջը։

Ներկայացրել ենք մարդկանց, որոնք հրետանու կրակոցի տակ «Ժենգյալով հաց» են պատրաստել, մարդկանց, որոնք անգամ մինչև 85 տարեկան, պատսպարվել էին իրենց քաղաքի անտառներում, որ հնարավորության դեպքում տեր կանգնեն իրենց տանն ու գուցե օժանդակեն զինվորին, եթե բանը հասնի դրան։ 

Մենք պատմել ենք մարդկանց մասին, որոնք անտառներում «Խաշլամա» էին պատրաստում ու պնդում՝ հնարավոր է թշնամուն հաջողվի իրենց տեղահանել, բայց երբեք չի հաջողի իրենց միջից հանել արմատները, հայրենիքը ու խաղաղության ձգտումը։ Մենք պատմել ենք մարդկանց մասին, որոնք իրենց վանքերում աղոթում էին նաև հակառակորդի մոր համար, ասում էին՝ թող որևէ կողմում զոհ չլինի, մայրը մայր է, ցավը՝ նույնական ու անբացատրելի․․․ 

Մենք պատմել ենք հզորների և գերմարդկանց մասին։

Ինչպիսի՞ երկընտրանքներ եք ունեցել Արցախում աշխատելիս։ Ի՞նչ կարևոր գիտելիք պետք է ունենա պատերազմ լուսաբանող լրագրողը։

Պատերազմ լուսաբանելը, որը ուղիղ վերաբերում է քեզ, քո ժողովրդին, հանրությանը, պետությանը, բավականին բարդ է։ Մենք կանգնած ենք եղել բազում երկընտրանքների առաջ հուզական չլինել նման պայմաններում անհնար է։ 

Չես կարող չկիսել հայրենակցիդ ցավը, որը դիմավորում է վիրավոր որդուն, հորը, մորը, քրոջը․․․ չես կարող չկիսել ցավը մարդու, որը ստանում է հարազատի մահվան բոթը, չես կարող մնալ զուտ լրագրող, երբ փորձում ես ուժ տալ կրակի տակ ապրող երեխային ու տարեցներին, չես կարող մնալ զուտ լրագրող՝ լսելով մերոնց առաջխաղացման ավետիսը։ 

Երբ դիրքերում ես, ուր չեն դադարում հրթիռների տարափն ու պայթյունները, երբ աչքիդ՝ տեսախցիկիդ, հասանելի են դիրքեր, մարդիկ, ռազմամթերք, տեղակայում, կոորդինատներ, ռազմատեխնիկայի աշխատանքի ընթացք, բավականին բարդ է չֆիքսել ամենը: 

Կարծում եմ՝ արհեստավարժությունը կայանում է հենց դրանում, երբ, ունենալով բոլոր հնարավորությունները աննախադեպ պատմություն ներկայացնելու, դու մնում ես հավատարիմ քո պետությանը, դրա կարիքներին, դրա անվտանգությանը, զինվորին ու չես վտանգում նրա ու մեր հայրենիքի կյանքը՝ հանուն էքսկլյուզիվ պատմության։ 

Բնականաբար, պետք է հետևել նաև անվտանգության կանոններին, որոնք սահմանում է երկիրը, ռազմական գերատեսչությունն ու լրագրողների աշխատանքը համակարգող կենտրոնը։

Պետք է հստակ իմանաս, որ քո անձն ընդամենը միջոց է, ոչ թե նպատակ։ Միջոց, որովհետև կարևոր ես ոչ թե դու նման սուր պայմաններում, այլ առաջնագծի զինվորն ու թիկունքի մարդը, որ պետք է այնպես աշխատես, որ չվնասես նրանց ու պետությանը։ 

Պետք է հստակ իմանալ աշխատանքի կառուցվածքն ու մի պարզ հարց տալ՝ ինչի՞ համար եմ անում սա, ի՞նչ խնդիր եմ լուծում սրանով ու նաև անկեղծ պատասխանել։ Մեծապես կարևորում եմ ռազմական գործից գլուխ հանող անձանց հետ կապի պահպանումը, պարբերաբար խորհրդակցությունները նրանց հետ, որոնք քեզ ուղղորդում են, քանի որ պարտադիր չէ, որ բոլորը գլուխ հանեն օրինակ շատ պարզ թվացող իրողություններից

Օրինակ, ես պատերազմի ժամանակ իմացա, որ չի կարելի նկարահանել զինվորականի, որը այդ պահին կրում է կապի միջոց։ 

Շուշիում Դուք բացահայտեցիք երեք փոքրիկ տղաներին, որոնք մի քանի օրվա ընթացքում դարձան պատերազմի խորհրդանիշ։ 

Շուշիի հայտնի երեխաների հետ շփումն ինձ անձնապես տվեց վստահություն, որ ես ճիշտ տեղում եմ՝ ճիշտ առաքելությամբ, տվեց մեծ հավատ, որ անկախ այս դաժան պատերազմի ելքից, մենք ապրելու ենք ազատ, վստահ մեր ուժերին։ 

Նրանց հետ հանդիպումն ու նրանց մասին պատմությունն իմ մեջ ամրապնդեց այն համոզումը, որ մենք բոլորս՝ անկախ մասնագիտությունից, կարգավիճակից ու հնարավորություններից, աշխարհագրությունից, պետք է մնանք մարդ՝ հավատով մեր ապագային, մեր պետությանն ու մեր ինքնությանը։ 

Ինձ անձնապես որքան որ փոխեց այս պատերազմը, նույնքան փոխեցին այդ փոքրիկները նրանք իմ մեջ ավելի կարծրացրին իմ համոզումները, արժեքները, որոնց ես անվերապահ հենվում եմ։

Ինչպե՞ս կամփոփեք Ձեր լրագրողական աշխատանքն Արցախում, եղե՞լ են թերացումներ և հակառակը։

Ես ու մեր թիմը արել ենք առավելագույնը, իհարկե, միշտ էլ կարելի է անել ավելին։ Բայց մենք պատերազմի ծանր օրերին երբեք չենք ընկրկել, թուլացել, իհարկե, ընկճվել ենք, սրտնեղել, բայց երբեք կասկած չենք ունեցել մեր աշխատանքի կարևորության, դրա անհրաժեշտության հարցում։ 

Եվս մեկ անգամ ընդգծելով նաև թիկունքում իմ անմիջական գործընկերների ոչ պակաս ծանր աշխատանքը՝ ես բաց ճակատով ասում եմ՝ մենք արել ենք կարևոր առաքելություն, մենք հաջողել ենք մեր գործում, մենք ետքայլ չենք արել։ 

Թիկունքի մեր հերոսների հանրայնացման արդյունքում հանրությունը դեռ շարունակում է հետաքրքրվել, աջակցել ինչով կարող է։ Թերություններ անշուշտ եղել են, չի թերանում նա, ով ոչինչ չի անում։ Դրանք մեր խմբագրությունում առաձին վերլուծելու, հասկանալու հարցեր են։

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *