2020.11.14,

Տեսակետ

«Հաղթահարենք կարծրատիպը, որ այս պահին ամոթ է գովազդ ունենալը»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Տարեսկզբից կորոնավիրուսը, իսկ տարեվեջին Արցախյան պատերազմը լրջորեն կրճատել են գովազդի ծավալները: «Մեդիա Սիսթեմս» գովազդային ընկերության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանն ասում է, որ միայն վերջին ամսվա ընթացքում գովազդի ծավալը կրճատվել է 70-80 տոկոսով։

Բիզնեսը պատերազմին արձագանքել է շատ կտրուկ՝ նպատակահարմար չգտնելով այս օրերին գովազդ ունենալ, հետաձգել արշավները մինչև ռազմական գործողությունների ավարտը:

Այս վիճակը կաթվածահար է արել ոչ միայն գովազդային դաշտն ընդհանրապես, այլ լուրջ վտանգել է որոշ լրատվամիջոցների հետագա աշխատանքը:

Տպավորություն էր, որ տնտեսությունը շատ չտուժեց պատերազմի բուն օրերին, բայց գովազդային շուկան շատ զգայուն գտնվեց: Ի՞նչու:

Հենց պատերազմի առաջին օրը ընկերությունները մեզ հետ կապ էին հաստատում, որպեսզի անջատենք իրենց գովազդները, խոսքը հատկապես, այսպես կոչված, ագրեսիվ գովազդի մասին է: Թեև մենք ինքներս էինք դա նախաձեռնել սեպտեմբերի 27-ին՝ առաջին օրը:

Եթե կորոնավիրուսային շրջանի հետ համեմատենք, պատերազմի ժամանակ անկումն ավելի մեծ էր ու ցավոտ։ Covid19-ի առաջին ամիսներին ընկերությունները ոչ թե տոտալ հրաժարվում էին գովազդից, այլ փորձում միջոցները վերաբաշխել, ավելի քիչ ծախսով, ավելի էֆեկտիվ գովազդել ապրանքներն ու ծառայությունները:

Այս դեպքում, գովազդային դաշտն ուղղակի կաթվածահար եղավ։ Պատճառը ֆինանսական չէր, պատերազմական վիճակում էթիկական խնդիր դարձավ գովազդ ունենալը։ Պատճառաբանությունն այն է, որ մարդիկ մտնում են տարբեր լրատվական կայքեր, սոցիալական ցանցեր նորություններ կարդալու և հանդիպելով գովազդի հակասական ռեակցիաներ են ունենում։

Ունեք մոնիթորինգ արդյո՞ք այս շրջանում գովազդ չունենալն ազդել է բիզնեսին:

Ընկերությունների շրջանառությունը կրճատվել է, որովհետև գովազդն ունենում է տեղադրման ստրատեգիա և արդյունք, իսկ արդյունքն արտահայտվում է շրջանառության ավելացման ձևով։

Բիզնեսը որոշեց սպասել, անորոշության պայմաններում զգուշավորությունը ինչ-որ տեղ հասկանալի է, բայց պատերազմի օրերին իրավիճակը մի փոքր այլ է, ոչ ստանդարտ: Գրեթե բոլոր ընկերությունները Համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ են անում և որպեսզի այդ փոխանցումները պարբերական բնույթ կրեն, իրենց բիզնեսը պետք է աշխատի: Հիմա ծախսերն ավելանում են, բայց եկամուտը՝ կրճատվում։

Վերադառնանք գովազդի և բիզնես դաշտին, մենք էլ բոլորս շահույթ հետապնդող կազմակերպություններ ենք, ունենք վճարման խնդիր մեր աշխատողներին, հարկեր պետությանը, ցանկություն փոխանցումներ անելու հիմնադրամներ։

Իրավիճակային լուծումներ առաջարկվե՞լ է բիզնեսին:

Լուծումն այն է, որ բիզնեսի ամեն ոլորտի և կազմակերպության համար պետք է անհատական մոտեցում, որին մենք պատրաստ ենք։ Պետք է հարմարվենք իրավիճակին և հաղթահարենք կարծրատիպը, որ այս պահին ամոթ է գովազդ ունենալը: 

Իսկ միգուցե հիմա ամենաշատն է անհրաժեշտ գովազդ տեղադրելը` օգնելու տնտեսությանը, լրատվամիջոցներին, որոնք աշխատում են շուրջօրյա ռեժիմով և պետք է անխափան տեղեկատվական հոսք ապահովեն։

Այստեղ կարևոր է հոգեբանության գործողը, մարդիկ փոխվել են, իրենց առաջնահերթությունները ևս, գովազդը պետք է այս տեսանկյունից ընդունելի լինի նրանց համար։

Ուզում եմ ասել, ամոթ չի հիմա որևէ բան գովազդելը։ Պետք է կամաց-կամաց վերադառնալ բնականոն կյանքի։

Հույս ունենք քննարկումներ սկսել դաշտի բոլոր ընկերությունների հետ։ Մենք ոլորտում առաջատար դիրք ունենք և մեզ վրա նաև պատասխանատվություն ենք վերցրել բարձրաձայնել խնդրի մասին, լուծումներ գտնել։

Հնարավո՞ր է վերանայվեն գովազդի գները, նոր սակագներ գործեն:

Մեր գործընկերները մեզ նման խնդիր չեն ներկայացրել, հիմա ավելի շատ նոր ռազմավարության և տեխնոլոգիական լուծումների ժամանակն է։

Անհրաժեշտ է հաղթահարել ամոթը, հասկանալ ինչպես կառուցել հետագա համագործակցությունը։ Կարևոր է ճկունությունը։ Պատրաստ ենք ընկերություններին խորհրդատվություն տալ, ընդունել նաև իրենց առաջարկները։

Սա բազմաշերտ խնդիր է, մի կողմից տնտեսությանն է վնաս հասցվում, մյուս կողմից լուրջ խնդիր ստեղծում լրատվամիջոցների գոյության համար։ Մեզ արդեն դեպքեր են հայտնի, երբ լրատվամիջոցները չեն կարողանում վճարել իրենց աշխատակիցներին։

Ոլորտներ կան, որոնց վրա գովազդն ուղիղ է ազդում, այսինքն եթե մի քանի օր գովազդ չունենան, խնդիր են ունենում և հակառակը, ոլորտներ, որտեղ գովազդ ունենալը հեղինակության և մեդիայում ներկայություն ապահովելու համար է։

«Սիրտ չկա» արտահայտությունն այլևս տեղին չէ, պետք է շարունակենք գնումներ անել, տնտեսությանն օգնել: Վճարված հարկերն այս փուլում կարևոր են պետության համար զինելու բանակը, ֆինանսապես օգնելու վիրավոր զինծառայողներին, աջակցելու զոհված զինծառայողների ընտանիքներին, սոցիալական և այլ ծրագրեր իրականացնելու համար։

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *