2020.10.30,

Տեսակետ

«Թուրքիան վաղուց է վարում հակահայկական քաղաքականություն և քարոզչություն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մարդաբան Հրակ Փափազեանի հետազոտությունների հիմնական թեման ժամանակակից թուրքահայ հասարակությունն է` իր տարբեր շերտերով:

Նա Օքսֆորդի համալսարանի մարդաբանական գիտությունների թեկնածու է և այսօր տեղի ունեցող հայ-ադրբեջանական պատերազմը (որի անմիջական մասնակիցն է Թուրքիան) փորձում է դիտարկել նաև եղած մշակութային կարծրատիպերի ու սոցիալական մեդիայում ուժգնացող տեղեկատվական պատերազմների ֆոնին:

Քանի որ Թուրքիայում բարձրագույն մակարդակով գործում է հակահայկական քարոզ, իսկ «հայ» բառը գրեթե հայհոյանք է (ինչպես նաև «թուրք» բառը Հայաստանում), հիմա ընթացող պատերազմում ատելության խոսքն ու թշնամանքը ողողել է նաև սոցցանցերը:

Ինչպե՞ս է հայ-ադրբեջանական պատերազմը արտացոլվում թուրքական հասարակության մեջ: Կա՞ն սթափ ձայներ, որոնք իրավիճակը ընկալում են խորությամբ, ոչ ռազմատենչ կոչերով:

Նման ձայներ կան, բայց չնչին փոքրամասնություն են կազմում: 

Նախ պետք է հասկանանք, որ կա հստակ պետական գիծ, որը խիստ ազգայնական է: Թուրքական պետական քաղաքականությունը տասնամյակներ շարունակ շեշտակի ազգայնական է իր էությամբ ու նաև ինքնության մակարդակում: Եվ պատերազմի առաջին իսկ օրվանից այդ ազգայնական ձայները շատ կոշտ ու կոպիտ կերպով շարունակում են հակահայկական քարոզը: 

Ոչ թե դա հիմա են սերմանում, այլ արել են միշտ և անդադար, պարզապես հիմա բարձրացրել այդ դիսկուրսի չափաբաժինը:

Հայ-թուրքական հարաբերությունները և դրանցում ընդգրկված մարդիկ շվարած վիճակում են: Այս պահին կարծես ամեն ինչ կանգ է առել և ամեն մարդ սպասում է, որ պատերազմը կվերջանա և հետո կերևա, թե ինչի են վերածվելու այդ հարաբերությունները: 

Երևի հիմա ամենաբարձրախոս հակապատերազմական ձայնը Թուրքիայում Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությանն է, որի անդամ է նաև Կարո Փայլանը: Կան նաև ավելի փոքր խմբավորումներ և կուսակցություններ՝ ձախական, մարքսիստական, որոնք պատերազմի առաջին օրերին մի քանի հայտարարություններ արեցին՝ կոչ անելով Թուրքիային չսատարել պատերազմը: 

Բայց այդ ձայները կորան մեդիա դաշտում, որը ողողված է այն մտքերով, որ հայը թշնամի է, վատ, անմարդկային, բռնարար էակ է: Դա է իշխում հանրային խոսքում:

Բնականաբար, այս ամենն ազդում է նաև Թուրքիայի հայերի վրա, որոնք անդադար այդ աղմուկի մեջ են: Եվ ասում են, որ այս քարոզն իրենց արդեն պարզապես խեղդում է: Ոմանք, նաև մահմեդական հայեր, ցանկություն են հայտնում դուրս գալու Թուրքիայից: 

Ընկերներ ունեմ, որոնք գրում են, թե այս իրավիճակն այլևս տանելի չէ, քանի որ իրենց գործատերերն են ճնշում գործադրում ու թիրախավորում նրանց հայ լինելը:

Հակահայկական դիսկուրսը մեդիա դաշտում և հատկապես սոցիալական մեդիայում թռիչքային աճի մէջ է: 

Դա սպասելի էր, իհարկե: Թվիթերում պատերազմները շատ տհաճ են:

Օրինակ, Կարո Փայլանին հայհոյող ու նսեմացնող հեշթեգներն ուղղակի թրենդ դարձան Թվիթերում: «Անպատիվ Կարո Փայլյան» հեշթեգը թուրքական թվիթերյան տարածքում մի քանի օր առաջ ամենատարածվածն էր:

Թուրքիայում հակահայկականությունը ոչ թե որոշ հայերի մոտ եղած կարծրատիպային տպավորություն է, այլ պարզ իրականություն: 

Թուրքիան վաղուց է վարել էապես հակահայկական քաղաքականություն և քարոզչություն։ Եվ ճիշտ չէ դա շղարշով ծածկել՝ լավատես ու բարի, բայց իրականությունից կտրված երազային մի աշխարհ ցույց տալու գնով: 

Այնտեղից դրական ձայները չափազանց կարևոր են, երբեմն նույնիսկ օրինակելի, սակայն չպետք է կտրվել ավելի լայն համատեքստից:

Ատելության ֆոնի մեջ ու ագրեսիվ գրոհներում կորում են օբյեկտիվ վերլուծությունները: Ինֆորմացիոն պատերազմը խաղու՞մ է դեր, թե՞ այսուամենայնիվ, ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում, զենքով:

Կարծում եմ՝ ինֆորմացիոն պատերազմը երկու ազդեցություն ունի՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: 

Առաջինը, բնականաբար, կարող է ազդել պատերազմի ելքի վրա, և այդ պատերազմի արտացոլումը հստակ երևում է նաև միջազգային մեդիայում, սոցիալական ցանցերում: Կարևոր է դառնում, թե ով ինչ տեղեկություն է տարածում, որ տեղեկությունն է արագ տեղ հասնում, այդ թվում նաև՝ ֆեյք լուրերը: 

Օրինակ, թուրքական մեդիան հասկանալով, որ այլևս չի ստացվի թաքցնել փաստը, որ թուրքական կողմը ջիհադիստ վարձկան զինվորներ է հասցրել Ղարաբաղ ու հարձակումների մաս դարձրել, նույնիսկ պատերազմը չսկսած ակտիվորեն հակադարձող նյութեր էր հրապարակում: 

Դա փորձ էր ստեղծելու ամբողջովին կեղծ լրատվական դաշտ (և տակավին շարունակում է դա անել) առ այն, որ հայերը Քրդական աշխատավորական կուսակցության «ահաբեկչական» խմբեր են տեղափոխել Ղարաբաղ և օգտագործում են ռազմական գործողություններում:

Այդ մասին ակտիվորեն սարքվում են նյութեր, առանց որևէ հիմնավոր, թեկուզ կիսահիմնավոր, փաստի: Դա, օրինակ, կարճաժամկետ առումով ազդում է ինֆորմացիոն պատերազմի վրա:

Այդ առումով պետք է ուշադիր լինենք, որ չսնենք ինֆորմացիոն պատերազմի այդ փորձերը: 

Վերջերս սոցցանցերում հայտնվեց վիդեո, որտեղ Հայաստանի քաղաքացի եզդի զինվորը Ղարաբաղի դիրքերում, ճակատում, հայկական զինվորական տարազով քրդերենով (իր մայրենի լեզվով) երգ է երգում: Վիդեոն տարածողը դա արել էր որպես հայ-եզդիական եղբայրության փաստ, բայց ըստ իս՝ այդ տեսաերիզը չարժեր տարածել, որովհետև վստահ եմ, որ թուրքական մեդիան և հատուկ ծառայությունները օգտագործելու են այն իրենց կեղծ օրակարգը առաջ տանելու նպատակով՝ ասելով, որ ահա, տեսեք, սա փաստ է, որ Ղարաբաղում ներկա են Քրդական աշխատավորական կուսակցության ուժերը: 

Այդպես փորձելու են բալանսավորել հայկական կողմից արված հիմնավոր փաստարկները:

Կուզեի ավելի շատ խոսել խորքային և երկարաժամկետ ազդեցության մասին, հետպատերազմյան ժամանակներում: 

Իրական ազդեցություն է ունենալու այն ատելության քարոզը, որն այսօր սերմանվում է բոլոր կողմերում, ներառյալ հայկական սոցիալական մեդիան։ Իհարկե, Հայաստանում եղած ատելության քարոզը համեմատելի չէ թուրքականի ու ադրբեջանականի հետ, որոնց մասշտաբն ու պետական կազմակերպվածության մակարդակը բոլորովին այլ է (չընկնենք կեղծ օբյեկտիվության թակարդը), բայց այն ևս կա: 

Բնական է, որ թշնամանքի քարոզի ազդեցությունը չի վերջանա պատերազմի ավարտից հետո: 

Օրինակ, թուրքական հակահայկական քարոզչությունն ազդում է ոչ միայն Թուրքիայում այսօր ապրող հայերի վրա, այլև ազդելու է եկող մի քանի սերունդների վրա: 

Կարծրատիպերն ու նախապաշարումները հիմա ակտիվորեն վերալիցքավորվում են, ու դրանց վերադատարկումը շատ դժվար ու երկարաժամկետ գործ է։

Եթե վերջին 10-20 տարիներին պոլսահայ շրջանակների (Հրանտ Դինք, ԱԿՕՍ), նաև դեմոկրատ և բազմազանամետ թուրք կամ քուրդ մտավորականների կողմից կար որոշ փորձ կոտրելու «վատ հայի» տիպարը և ավելի շատ պատմական իրականության մասին խոսելու, ապա այս մեկ ամսվա ընթացքում այդ փորձերը կոտրվում են հերթական մեծ հակահայկական ալիքի լույսի ներքո: 

Բոլոր կողմերը պետք է գիտակից լինեն, և մեդիան, սոցցանցերն ու հատկապես հանրային խոսքը օգտագործեն ոչ թե որպես տվյալ պահի գործիք, այլև զգուշությամբ վերաբերվեն այդ զգայուն դաշտին։

Անկարելի է երևակայել, որ եթե նույնիսկ վաղը կանգ առնի այս պատերազմը, կվերջանա նաև ատելության քարոզը, առավել ևս՝ դրա ազդեցությունը: 

Ոչ, այն շարունակվելու է և ազդելու է մարդկանց ընկալումների ու կյանքի վրա:

Երևի, անգամ եթե հասկանում ենք վտանգները, խոսքը զենք համարելը օգնում է բուն պատերազմի ժամանակ: Ձեր ասած կեղծ օբյեկտիվությունը կարծես ավելի է բորբոքում կրքերը: Արդյո՞ք ստացվում է լինել չեզոք ինֆորմացիոն այս հեղեղում:

Սխալը սկսվում է, երբ մեդիայում ու սոցիալական մեդիայում փորձում են չեզոք լինել կողմերի հանդեպ, ոչ թե իրականության: 

Օբյեկտիվությունը չի նշանակում չասել այն, ինչը կարող է մի կողմին ցույց տալ ավելի մեղավոր, քան մյուսին: Ու չփորձել անպայմանորեն, անգամ իրականությունից շեղվելու գնով, հավասարեցնել կողմերն ու երկու կողմերին էլ հաճո բան ասել։

Պետք է փորձել նեյտրալ ակնոցով մոտենալ իրականությանը, ոչ թե կողմերին:

Խոսեմ սոցիալական մեդիայում մի թեմայից, որն իմ ուսումնասիրության շրջանակում է: Դա հակաթրքական և հակա-հակաթրքական դիսկուրսների բախումն է:

Հատկապես այս պատերազմում, որտեղ Թուրքիան ակնհայտ կողմ ու պատասխանատու է, բնական է, որ հայ հասարակության մեջ աճում են հակաթրքական տրամադրությունները: Կան, ցավոք, ֆանատիզմի կամ ֆաշիզմի հասնող արտահայտություններ: Թուրքիայի բոլոր քաղաքացիները որակվում են որպես «վատ թուրք», շեշտը դրվում է մեկ լայն դասակարգման՝ ազգային պատկանելիության վրա:

Եվ սրան որպես հակազդեցություն սոցիալական մեդիայում երևում է հակա-հակաթրքական դիսկուրսը, որը կարևոր է, եթե չի շեղվում իրական օբյեկտիվությունից։ 

Կարևվոր է որպես ցեղապաշտությանը դիմադրող դիսկուրս, երբ մարդիկ ասում են, որ պետք չէ թուրքերին (և ոչ մի ժողովրդի) ընդհանրական որակումներ տալ, պետք չի թուրքի ու հայի կերպարը կառուցել որպես ցկեանս և հարատևորեն անհամատեղելի ինքնություններ։

Բայց այս դիկսուրսը ընկնում է մեկ այլ ծայրահեղության մեջ, երբ հանգում է կեղծ հավասարությունների, անտեսում կամ մոռացության մատնում Թուրքիայի հակահայկական գործողությունները, քաղաքականությունն ու քարոզչությունը: 

Կարծես խաղաղության և եղբայրության հասնելու համար պետք է պարզապես անտեսել այդ երևույթները, փոխանակ պայքարելու հանուն դրանց վերացման…

Օրինակ, երբ ասվում է, որ թուրքերն ու հայերը կարող են միասին հաշտ ապրել ու նշվում է 1915-ից հետո Թուրքիայում համատեղ ապրելու փորձը իբր որպես դրա փաստ, դրանով ոչ թե լավ գործ է արվում, այլ պարզապես խեղվում է իրականությունը: 

Դա կեղծ ու մանիպուլյատիվ մեթոդ է: Այո, հայերը շարունակել են ապրել Թուրքիայում 1915-ից հետո ու մինչև հիմա էլ շարունակում են ապրել, բայց ինչպե՞ս են ապրել և ինչպե՞ս են ապրում:

Եթե այդ «ինչպես»-ի մասին փակագծերը չես բացում, արդեն համակեցության փաստարկդ դառնում է սին: Ստեղծվում է երազանք վարդագույն աշխարհի մասին, որը կտրված է համատեքստից, քաղաքականությունից և իրականությունից:

Հայերը շարունակել են ապրել Թուրքիայում… Եվ այստեղ պիտի դրվի ստորակետ ու ավելացվի՝ ապրել են համակարգային բռնությունների, անդադար ճնշումների, խտրականության և հակահայ պաշտոնական քաղաքականության իրավիճակում: 

Ու առաջին հերթին դրանք է պետք վերացնել, հետո միայն՝ կարելի կլինի վերացնել դրանցից ծնված և ծնվող անվստահությունն ու թշնամական վերաբերմունքը։

Դա կարելի է անվանել ինֆանտիլ խաղաղասիրություն, երբ ծանոթ չես պատմությանը, բայց ուզում ես լինել մանուկի պես խաղաղասեր: Եվ դա էլ ավելի է նյարդայնացնում: Մանավանդ, երբ ասում են, որ հայերը կարող են խաղաղ ապրել Արցախում, բայց Ադրբեջանի կազմում:

Երբ ամբողջությամբ անտեսվում և հերքվում է այդ երկրներում ապրող հայերի տառապանքը և փորձ է արվում եղբայրասիրական լոզունգներով շղարշել այն, կրկնօրինակվում է ագրեսոր պետությունների հերքողական քաղաքականությունը:

Թուրքիայի հայերը հիմա էլ ենթարկվում են ազգայնական ճնշման, բռնությունների և ստիպված հեռանում են երկրից, ինչը խոսում է համակեցության օբյեկտիվ անհնարինության մասին: 

Եվ ցանկալի համակեցության մասին երազելով՝ լռել մարդկանց պատմական և ժամանակակից տառապանքի մասին, ոչ միայն հեռու է գիտականությունից, այլև ուղղակի վիրավորանք է:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *