Լրագրող, կինոգետ Կարեն Ավետիսյանը հայ-ադրբեջանական պատերազմի մասին գրելու շատ ինքնատիպ ու ազդեցիկ տարբերակ գտավ: Այն լրագրության ու հեղինակային վավերագրության հատման սահմանում է, զգացմունքային է ու փաստագրական միաժամանակ: Դա շատ հեղինակային հայացք է, և դրանով է այն արժեքավոր, թեև իհարկե, բարդ է խոսել պատերազմի ու հեղինակային դիտանկյան մասին, երբեմն դրանք ուղղիղ կերպով իրար հակասում են:
Մեծ պատերազմի փոքր պատմությունները, որոնք թաքնված են հեղինակային հայացքի տակ, շատ ավելի են փոխանցում, քան կարելի է սպասել սոցցանցային շարքից (այստեղ և այստեղ):
Կարենը երկար ժամանակ գտնվել է հրետակոծվող Արցախում, նյութեր է պատրաստել «Սպուտնիկ Արմենիայի» համար, և ասում է, որ թեև պատերազմից լրատվության պակաս չկար, բայց մթնոլորտն ու համատարած վտանգը գիտակցում ես միայն, երբ ներկա ես դեպքի վայրում: Երբ գոնե փորձում ես ոչ միայն գիտակցել, այլև զգալ իրավիճակը:
Շատ բարդ է ընտրել տեսանկյուն ու ամենակարևորը ճիշտ բառեր՝ պատմելու, թե ինչ է պատերազմը, որը եկել, հասել է մեր դուռը: Ինչպե՞ս է դա տեղի ունենում, հատկապես սոցցանային ձևաչափում:
Ես գնացել էի Արցախ զուտ որպես լրագրող, այսինքն՝ նկարելու, մարդկանց հետ խոսելու, աուդիո կամ տեքստ պատրաստելու նպատակով:
Բայց քանի որ կարելի է ասել, որ լրատվության պակաս չկար, ավելի ճիշտ՝ լրատվական ծածկույթը մեծ էր, փորձեցի հավաքել արանքում եղած դիալոգները, ձայնարկությունները, փոքր տեսարանները, որոնք կարծես իրադարձությունների հետ անմիջական կապ չունեն, բայց միևնույն ժամանակ հենց իրադարձություն են:
Բնական է, որ հիմա ռազմական դրություն է և գործում են սահմանափակումներ, որոնք իրավունք չունես խախտելու: Գումարած դրան շատ սուր է նաև էթիկական կողմը: Ցանկացած լրագրողի մեջ կա այդ ներքին կոնֆլիկտը, ամեն օր ծագող էթիկական հարցադրումները:
Իմ գրած կարճ տեքստերը չեն մտնում այն շրջանակների մեջ, որոնք կարող են կամ թույլատրվել կամ չթույլատրվել: Դրանք չեն առաջացնում ներքին, թեկուզ փոքր բախում:
Ուզում էի գտնել մի ձև, որը փոխանցում է իրավիճակի պատկերը, բայց միևնույն ժամանակ կոնկրետ ժամանակի ու նառատիվի հետ կապված չէ: Այսինքն, կառուցված չէ գործողությունների հերթականության վրա՝ ռազմական, պատմական և այլն:
Որոշ դեպքերում այդ պատկերը կարող է լինել անհոդաբաշխ, աբստրակտ ու մեծ հաշվով նաև հորինված (թեև այս դեպքում ոչինչ չեմ հորինել, գրել եմ, ինչ տեսել եմ):
Բայց ինձ թվում է, որ համագումարում այս դրավագները փոխանցում են իրավիճակը, թեև անժամանակ: Դրանք կարելի է կարդալ ցանկացած հերթականությամբ, քանի որ հատվածները կապված չեն պատերազմի կոնկրետ ընթացքի հետ: Եվ երկու ծայրահեղություններից՝ պաթոսից, ոգևորող կոչերից ու խուճապից, ընկճվածությունից դուրս են: Փորձում էի հենց այդ երկուսի արանքում լինել:
Մեծ իմաստով՝ պատերազմը հենց դա է, արանքները, որտեղ կուտակված է ամեն ինչը՝ մարդու բոլոր էմոցիաները սեղմվում, խտացվում են ամեն մի կետում: Եվ դրամատուրգիական առումով, ցավոք, դա ամենահետաքրքիր եզրագծային իրականությունն է, որը հնարավոր է պատկերացնել: Ամեն ինչն է մեկտեղված պատերազմում՝ չափազանցված և միևնույն ժամանակ այդ չափազանցվածությունը իրական է:
Եթե ուրիշ իրավիճակում դա կարող էր դիտվել որպես գրոտեսկ, պատերազմը գրոտեսկը դարձնում է վավերագրություն:
Թվում է, որ դասական, դասագրքային լրագրությունը այդքան էլ ունակ չէ փոխանցելու պատերազմական իրականությունը: Այն օգնում է տեղյակ լինել, բայց չի օգնում ճանաչել, ընդունել ինքներս մեզ, հուզվել ու գնահատել: Հույզերը լրագրոցի օգնականը չեն։ Լրագրության որոշակի ճգնաժամ կա՞:
Կարծում եմ՝ ընդհանրապես լրագրությունը ճգնաժամի մեջ է: Բայց այն առավել է զգացվում, երբ կա ռազմական դրություն: Թվում է, որ մենք սովոր ենք ռազմական դրությանը, և ցանկացած լուսանկար, ցանկացած բառ ու ձևակերպում անընդհատ մտքում համաձայնեցնում ենք, որ աշխատի չվնասելու սկզբունքը: Չվնասելը դառնում է արդեն շատ կոնկրետ պահանջ:
Եթե մինչև պատերազմը դա թվում էր անորոշ բան, հիմա այդ սկզբունքը կրում է բառիս բուն ու սարսափելի իմաստը: Եվ դա իհարկե, հոգեբանորեն էլ է ճնշում:
Չգիտեմ, թե ինչ պետք է անի դասական իմաստով լրագրությունը պատերազմի ժամանակ, որովհետև մեզ մոտ, օրինակ, ինչ-որ բաներ են միանում նաև գենետիկ մակարդակում: Վստահ չեմ, որ կարող եմ ճիշտ ձևակերպել, բայց կարծում եմ, որ հայ-ադրբեջանական պատերազմում հայը չի կարող լինել միայն դասական, բյուրեղացած լրագրող: Ինչպես նաև ադրբեջանցին:
Արտասահմանցիներին ավելի հեշտ է: Բայց այստեղ էլ ծագում են այլ հանգամանքներ՝ համատեքստի մեջ ներգրավված չլինելը, երկու կողմերից հավասար իրավիճակը դիտարկելու անհնարինությունը և այլն: Որոշակի փակուղի կա:
Բայց ինձ թվում է, որ լրագրողը պետք է լինի ճկուն: Ճկվի ընթացիկ իրավիճակի հետ: Ընդունի, որ եթե պայմաններն այսպիսին են, ինչպիսին կան, ուրեմն պետք է փոխանցել առավելագույնը, ինչ կարող է:
Իմ տեսքտերը, մեծ հաշվով լրագրություն չեն: Դրանք փոխանցում են մթնոլորտը, բայց դրա տակ հրատապ լուր կամ տեղային հստակություն չկա: Ավելի շուտ՝ պատկերներն են, որոնք կարող են լինել ցանկացած տեղ, օրինակ, Բալկաններում կամ այլ մի տեղ: Որքան էլ տարօրինակ հնչի, դրանք պատերազմի համամարդկային մթնոլորտի մասին են, թեև աութենտիկ ենք ու մենք մեզ ենք տեսնում դրանց մեջ:
Արցախ գնացի, քանի որ կար նպատակ ստեղծելու մի ընդհանուր բազա՝ լուսանկարների, տեսագրությունների, պատմությունների, որոնցից կարող էին օգտվել տարբեր միջազգային լրատվամիջոցներ, եթե ֆիզիկապես այնտեղ չեն: Երբ Ստեփանակերտը սկսեց հրետակոծվել, շատ քիչ մարդ մնաց: Եվ ես ստիպված լուսանկարում էի որքան կարող էի շատ, որ լրացնեմ բազաները: Բացի դրանից փոդքաստներ ու կարճ հարցազրույցներ էի անում:
Հետաքրքիր էր, որ անգամ հարցազրույցների բովանդակությունն էր ստացվում այնպիսին, որ կարծես էական չէր, թե ով է խոսողը:
Օրինակ, երբ պատրաստում էի հարցազրույցներն ու ուղարկում խմբագրություն, միշտ հարցնում էին, թե ով է ասողը, որտեղ է ասել, երբ է ասել, որպեսզի նշեին այդ տվյալները, բայց իրականում այդ տվյալները ոչինչ չէին փոխում:
Հենց իրավիճակն էր ունիկալ, և բոլոր այն մարդիկ, որոնք այդ իրավիճակում պարզապես ապրում ու գոյություն են ունենում, իրենք են դառնում ունիկալ՝ անկախ այն բանից, թե ովքեր են, ինչ են անում ու որտեղ են անում:
Գիտեմ, որ շատ էիր շփվում նաև միջազգային լրագրողների հետ: Իրենք ինչպե՞ս էին զգում իրավիճակը:
Նախ՝ բոլորը շատ վախեցած էին:
Ընդ որում՝ կային շատ լրագրողներ, որոնք ի տարբերություն, ասենք, ինձ կամ մյուս հայաստանցի լրագրողների, մասնագիտացած ռազմական լրագրողներ էին, եղել են աշխարհի տարբեր թեժ կետերում՝ Բաղդադում, Աֆրինում, Դոնբասում և այլն:
Բայց միևնույն է Ստեփանակերտում կար մի վախ, որը տարբերվում էր և որը նրանք շատ լավ բացատրեցին: Տարբեր տարածաշրջանների հակամարտություններում ու պատերազմներում լինում են գոտիներ, որոնք կարող ես ինքնուրույն գնահատել ու կառավարել:
Այսինքն, դու ես որոշում, թե որքան խորը գնաս և որքան լուրջ առևերեսվես վտանգի հետ: Գնա՞ս առաջնագիծ, թե՞ չգնաս, մտնե՞ս հրետակոծվող տարածք, թե՞ ոչ: Եվ այդ առումով ինքդ ես կառավորում քո քայլերը՝ ղեկավարվելով ինքնապաշտպանական բնազդով:
Իսկ Արցախի պատերազմի եզակիությունն այն է, որ թիրախ է ամեն ինչը:
Ստեփանակերտն ամբողջությամբ դարձավ ռմբակոծության թիրախ, և ոչ մի կերպ չէր կարելի կանխատեսել, թե ինչ է լինելու հաջորդ վայրկյանին: Չգիտես, թե որ կողմից է գալու հերթական արկը և որտեղ է այն պայթելու:
Այսինքն, պատերազմական զոնաները վերացել էին, և ինչ-որ պահին առաջին, երկրորդ, երրորդ ու չորրորդ գիծ հասկացությունները դարձան շատ հարաբերական: Ստեփանակերտում գտնվելը դարձավ նույնիսկ ավելի վտանգավոր, քան առաջնագիծը:
Քաղաքն ամբողջությամբ էր նշանակետ: Եվ դրան շատ լրագրողներ պատրաստ չէին, քանի որ սովոր էին, որ եթե վտանգ կա, կարելի է մի քիչ ետ մնալ, շեղվել դեպի ավելի ապահով ուղղություն, մի քիչ հանգստանալ, մտածել, շունչ քաշել:
Իսկ հիմա բոլոր կետերը նույն վտանգի տակ են, անվտանգ կետ գրեթե գոյություն չունի:
Իհարկե, կային մի քանի լրագրողներ, որոնք ձգտում էին լինել հենց վտանգավոր կետերում: Այդպիսին էր WarGonzo-ն (Սեմյոն Պեգովը): Կամ բասկ լրագրող Պաբլո Գոնսալեզը, որը հենց լսում էր օդային տագնապը, ոչ թե մյուս լրագրողների նման մտնում էր ապաստարան, այլ դուրս էր գալիս քաղաք: Կարծես այդպես էր փորձում հաղթահարել վախը: Ռիսկի էր գնում, ռիսկը չնկատելու համար: Բայց դա, իհարկե, չափազանցված աշխատոճ էր:
Մի հետաքրքիր բան էլ նկատեցի. շատ բարդ էր պահպանել դիստանցիան իրադարձություններից: Երբ, օրինակ, իմանում ես, որ Արցախ է եկել բասկ լրագրողը, ակամայից նա քեզ հետաքրքիր է դառնում հենց որպես բասկ, որը եկել է կոնֆլիկտի գոտի մեկ այլ կոնֆլիկտի գոտուց: Բնական է, որ նա ունի իր համակրանքները:
Նույնն էլ, օրինակ, Սան Պաոլոյից եկած բրազիլացի վավերագրողի դեպքում էր: Նա չէր եկել պարզապես սառնասրտորեն պատմելու իրականության մասին, այլ եկել էր որպես քրիստոնեական քաղաքակրթության ներկայացուցիչ: Նա նպատակ ուներ լինելու բոլոր այն հակամարտության գոտիներում, որտեղ քրիստոնյաների համայնքն ու ժառանգությունը ճնշվում են: Նա նաև կրոնական բաղադրիչ էր որոնում:
Այնպես որ շատ լրագրողներ եկել էին նաև մտքում ունենալով Հայաստանի ու Արցախի մասին գրելու կամ նկարելու իրենց գիտակցված դիրքորոշումը, նրանք ընտրել էին կողմը: Եվ պատճառը միայն այն չէր, որ չէին կարող գնալ Ադրբեջան ու այնտեղից նաև նյութ հավաքել:
Բավականին երկար մնացիր Արցախում, ի՞նչ էր պահում այնտեղ: Դա հաստատ միայն մասնագիտական աշխատանքը չէր:
Երբ այնտեղ ես այս շատ վտանգավոր ժամանակ, բնակաբար ինքդ քեզ հարց ես տալիս՝ լավ, ինչու՞ եմ մնում, ո՞րն է այստեղ մնալու գործնական իմաստը:
Իմ լուսանկարները, պատմությունները մեծ հաշվով դառնում են երկրորդական և առաջին պլան է գալիս մի շատ տարօրինակ միտք, որ իրականում ուզում ես որևէ ձևով կիսել այդ համընդհանուր վտանգը: Կիսել մարդկանց հետ, որոնք այդ վտանգի մեջ են:
Հասկանում ես, ոչ մի կոնկրետ ու աշխարհը փրկող կարևոր աշխատանք չես անում, ուղղակի ցանկություն ունես այստեղ գտնվելու: Այդ պահին զգում ես, որ սա աշխարհի քարտեզի վրա քեզ համար ամենակարևոր տեղն է:
Ու դու այստեղ գտնվելով՝ ընդհանուր վտանգի քո փոքր մասն ես ստանում ու միգուցե այդպիսով վտանգը մի քիչ թուլանում է:
Համաձայն եմ, որ դա հնչում է որպես անտրաբանական բացատրություն, բայց շատ ուժեղ զգացում է:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: