2020.10.03,

Տեսակետ

«Կոնֆլիկտը պարզեցնում են, որ հասկանան»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կարդալով, թե ինչ է գրում միջազգային մեդիան հայ-ադրբեջանական պատերազմի մասին, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ թեև ջանք է արված հավասարակշիռ ու ճշմարիտ լինելու, սակայն այս բարդագույն կոնֆլիկտը չի բացահայտվում: 

Երևի շատ տարողունակ է համատեքստն ու շատ բան է միահյուսված՝ քաղաքական շահեր, տարածքի հարց, մարդկային հարաբերություններ, պատմություն: մենթալիտետ: 

Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին շատ բան գիտի անգլիացի քաղաքագետ, վերլուծաբան, լոնդոնյան Conciliation Resources խաղաղարար ընկերության Կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսը (Laurence Broers): Նա մի քանի գրքերի հեղինակ է՝ Ղարաբյան հակամարտության (Armenia and Azerbaijan: Anatomy of a Rivalry), նաև թավշյա հեղափոխության մասին (Armenia’s Velvet Revolution: Authoritarian Decline and Civil Resistance in a Multipolar World):

Լոուրենս Բրոյերսն այս զրույցում խոսում է այսօր ընթացող հայ-ադրբեջանակն պատերազմի արձագանքների մասին: Հիշեցնելով, որ պատերազմը ապամարդկայնացնում է, և այդ դեհումանիզացիայի նշանները հետագայում դժվար է հաղթահարել:

Բավականին քիչ են լուրերը սեպտեմբերի 27-ին սկսած ու արդեն վեցերորդ օրը տևող հայ-ադրբեջանական պատերազմի մասին՝ միջազգային մեդիայում:

Առաջին օրը հասնում էին լուրեր, թե ինչ է կատարվում ռազմաճակատում: Բայց ռազմական դրություն ընդունելուց հետո, այո, լուրերը քչացան:

Մենք հիմա գրեթե ոչինչ չգիտենք, թե ինչ է կատարվում ռազմաճակատում: Հիշում եմ, որ 2016-ի ապրիլին, տեղեկատվությունն անհամեմատ շատ էր, քան հիմա: 

Այնպես որ կարող եմ ասել, որ վստահելի, ամբողջական նորությունները պատերազմից քիչ են, շատ բան կարծես թե կենտրոնացել է երկու կողմերի հայտարարությունների վիճարկման վրա, և դրանք գնալով դառնում են ավելի սենսացիոն:

Դեպքի վայրում աշխատող միջազգային լրատվամիջոցները հիմա շատ չեն Ղարաբաղում: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը:

Չեմ կարող ասել: Որքան գիտեմ, լրագրողները հնարավորություն ունեն հայկական կողմից մուտք գործել կոնֆլիկտի գոտի: Ադրբեջանի կողմից դա անելն ավելի բարդ է: 

Այսինքն, հասանելի են տեղեկության կրողները, զրուցակիցները, հարցազրույցի հերոսները և այլն:

2016-ին շատ ավելի մեծ ծավալի տեղեկատվություն կար նաև հենց հայ լրագրողների կողմից, որոնք առաջնագծից էր անում ռեպորտաժներ:

Իսկ հիմա ճիշտն ասած ծանոթ չեմ մանրամասների, թե ինչպես կարելի է լուսաբանել իրադարձությունները պարետային ժամի ու ռազմական դրության պայմաններում: 

Բայց կա նաև ավանդույթ, որ Ադրբեջանում (նույնիսկ երբ չկան ռազմական գործողություններ), լրագրողները դժվարությամբ են ստանում հասանելիություն տեղեկատվությանը: Դա հազվադեպ է պատահում: Երկար ժամանակ պետք է պայքարես, որ կարողանաս հասնել շփման գիծ ու աշխատել:

Որպես կանոն լրատվամիջոցները ներկայացնում են երկու կողմի հայտարարությունները, թվերը, զոհերի ու ավերվածությունների մասին տվյալները հայելային լուսաբանմամբ: Արդյունքում կոնֆլիկտին քիչ ծանոթ մարդը իրարամերժ լուրեր է ստանում:

Կարող եմ ասել, որ կա ձգտում որոշակի համաչափության, սիմետրիայի՝ տեղակատվության մեջ: Այն կար նաև 2016-ին և ավելի վաղ նյութերում:

Բայց հիմա քաղաքական հանգամանքերից ելնելով է տեղեկատվությունը պակասել: Եվ ավելի են շատացել սենսացիոն երանգով ներկայացվող դեպքերը, հայտարարությունները, ապատեղեկատվությունը և այլն:

Եվ այդ ամենը սկսում է գերիշխել նաև սոցիալական մեդիայում:

Օրինակ, Հայաստանն ասում է, որ թուրքական ինքնաթիռ է խոցել, Թուրքիան ասում է՝ չկա նման բան: Հաստատվում է վարձկանների մասնակցությունը, ասում են՝ դուք ունենք վարձկաններ, ոչ թե մենք: Իրականությունը անորսալի՞ է:

Իրականում, այդպես է, ճշմարտությունը ճանաչելի չէ: Շատ բարդ է վստահաբար ասել, իրականում տեղի ունեցե՞լ է այն, ինչի մասին հայտնում են, թե՞ ոչ:

Այդ պատճառով էլ որևէ հետազոտություն կամ վերլուծություն անելիս՝ սովորաբար ասում ենք, որ հղում ենք անում չհաստատված տվյալներին (uncomfirmed reports), որոնք ապացուցման կարիք ունեն:

Բայց դա իհարկե, նոր երևույթ չէ: Նույնը տեսել ենք հուլիս ամսին:

Եվ այս իրավիճակում նրանք, ովքեր ուզում են տեղեկանալ կոնֆլիկտի մասին, հետևում են իրադարձություններին Թվիթերում, Ֆեյսբուքում և այլ ցանցերում: 

Ի՞նչ վտանգներ եք տեսնում սոցցանցերում ծավալվող տեղեկատվական պատերազմում:

Այստեղ շատ վտանգներ կան: Երկու կողմն էլ, օրինակ, կարող են հրապարակել այնպիսի տեսանյութեր, որոնք նկարահաված են անօդաչու թռչող սարքերից և ցույց են տալիս, թե ինչպես են ոչնչացվում թիրախները՝ մարդիկ, շինությունները և այլն: 

Հասկանալի է, որ դա ռազմական քարոզչություն է, և ընդհանրապես քարոզչություն: Բայց այդպես է սկսվում ապամարդկայնացման (dehumanization) պրոցեսը:

Սոցցանցերը չեն կառուցում այն ֆոնը, որը կօգներ հասնել դեէսկալացիայի, փնտրել փոխզիջման ճանապարհներ: Այսինքն, եթե կարդում ես, որ արդեն հասել ես մեծ հաղթանակի եզրագծին, քեզ մոտ չի առաջանում ցանկություն կրակը դադարեցնելու: 

Ես դա համարում եմ շատ վտանգավոր, քանի որ մանիպուլացվում է հասարակություն տրամադրությունը: 

Բայց հասկանում եք նաև, որ հիմա այլ բան չի մնում, քան զենքով կռվելը, քանի որ պատերազմը պարտադրված է:

Իհարկե, հասկանում եմ, բայց հիշենք, որ առավելագույն սպասելիքները ռազմական գործողություններից կարճաժամկետ պլան է: 

Հիմա երկու կողմերն էլ տրամադրված են ակնկալել մեծ հաղթանակ, մտածելով, որ անհնարին է չհասնել նրան, ինչ ուզում են: Եվ դա իհարկե, կառավարությունների համար կստեղծի վտանգավոր ֆոն, քանի որ հետագայում նրանց դժվար կլինի հայտարարել, որ համաձայն են դադարեցնել կրակն ու քարոզել դեէսկալացիան ու զինադադարը:

Առավելագույնի սպասելիքը աշխատում է կարճաժամկետ փուլում, իսկ երկարաժամկետ պլանում, իհարկե, այդ տրամադրությունները դեհումանիզացնում են հասարակությունները:

Հիմա տեսնում եմ, որ խոսքը միշտ տարածքների, տարածաշրջանի խաղացողների, մեծ կայսրությունների շահերի մասին է: Եվ քիչ է խոսում զոհերի մասին, իսկ եթե խոսվում էլ է, հիմնականում էժանագին, քարոզչական տեսակետից:

Մենք մոռանում ենք, որ կան իրական մարդիկ, որոնք գտնվում են կրակոցների տակ: Ընդհանրապես սոցիալական մեդիան, և ոչ միայն պատերազմի համատեքստում, ինքն է նպաստում թե՛ մարդկանց, թե՛ մարդկային հարաբերությունների դեհումանիզացիայի գործընթացին:

Ես հիմա դա ասում եմ ոչ որպես փորձագետ, այլ պարզապես մարդ, որը տեսնում է այդ վտանգավոր ազդակները:

Համաձա՞յն ենք, որ հիմա լուծվում է Հայաստանի անկախության հարցը՝ լայն իմաստով, ոչ միայն ձևական, այլև իրական: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, ասաց, որ սա «էքզիստենցիալ» պայքար է, գոյատևման հարց:

Ես իհարկե, լսել եմ, որ Փաշինյանը հայտարարել է, որ սա ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև ողջ քաղաքակրթության պայքարն է՝ հանուն եվրոպական արժեքների:

Իհարկե, նման հայտարարությունները բնորոշ են փոքր պետություններին, որոնք գտնվում են մշտական պայքարի մեջ՝ հարևանների հետ: Հիշում եմ, որ նույնը ասաց նաև Միխաիլ Սաակաշվիլինի՝ 2008-ի օգոստոսին, ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Նա էլ ասաց, որ սա միայն Վրաստանի պայքարը չէ, այլ Եվրոպայի և եվրոպական արժեքների պայքարը Ռուսաստանի դեմ:

Այնպես որ, միշտ փորձ է արվում տեղական օրակարգը տեղադրել ավելի մեծ շրջանակի մեջ ու դրա շնորհիվ ստանալ միջազգային լսարանի արձագանք: 

Բայց միևնույն ժամանակ, իհարկե, բոլոր նման հայտարարությունների մեջ գոյություն ունի սենսացիայի որոշակի տարր: Օրինակ, սենսացիա է ակնակալվում, երբ ասվում է, որ ջիհադականները Ադրբեջանում են՝ պայքարելու համար քրիստոնյաների դեմ:

Ընդհանրապես կրոնական բախումների շեշտադրումը երբեք լավ բանի չի հանգեցնում: 

Եվ եթե հարցնում եք վտանգների մասին, կուզեի հատուկ շեշտել կրոնական թեմայի վտանգը:

Բռնության բռնկումը հայերի և ադրբեջանցիների միջև միշտ առաջացնում է հարց՝ արդյո՞ք սա կրոնական բախում է, և ի՞նչ դեր է կատարում դավանանքը պատերազմում:

Եվ քանի որ մարդիկ շատ բան չգիտեն Հայաստանի ու Ադրբեջանաի մասին, անգամ տեղյակ չեն, թե քարտեզի որ հատվածում են այդ երկրները, հաճախ օգտագործում են կրոնական ինքնության նշանները, որպեսզի պարզապես պատկերացում կազմեն այդ երկրների ու ժողովրդների մասին:

Կրոնը հեշտ է բացատրում իրականությունը, բայց դա իրականությունը չէ: Կրոնը հայ-ադրբեջանական կոնֆլիկտին փոխանցում է այն երանգը, որն իրականում գոյություն չունի:

Այնպես որ, կոնֆլիկտի պարզեցման փորձեր միշտ կլինեն:

Պարզեցնում ես, որ հասկանաս: Եվ դա նույպես վտանգ է:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *