2020.07.10,

Տեսակետ

«Ինֆորմացիոն հոսքերն այնքան շատ են, որ ուղղակի չենք կարողանում ինքնուրույն վերլուծել դրանք»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սոցիալական մարդաբան Էվիյա Հովհաննիսյանը տեղեկատվության առատության պայմաններում ապրելը համարում է «նոր նորմալ», ինչը մեզ հուշեց ու պարտադրեց գլոբալ համավարակը:

Նա կյանքը նմանեցնում է մի պայմանական անտառի, որտեղ կան տարբեր բույսեր, թփեր ու ծաղիկներ: Ի վերջո, հասարակությունը բազմազան ու բազմագույն է: Եվ եթե տարածքը (նաև ինֆորմացիոն) մնում է չխնամված ու դատարկ, սկսում են բուսնել տարատեսակ դավադրության տեսություններ և ապատեղեկատվություն:  

Էվիյա Հովհաննիսյանը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգողն է: Նա կարծում է, որ հետազոտության վրա հիմնված վերլուծական շարքերն այն մեդիա արտադրանքն են, որոնք հիմա ունեն պահանջարկ:

Համավարակը ստիպեց մեզ լինել զգուշավոր ու կասկածամիտ: Նաև անընդհատ ստուգել լուրերը, փնտրել դավադրություններ, խաբեություն, դիմակազերծել դրանք, հետո որոնել կասկածի նոր աղբյուրներ: Դա՞ է «նոր նորմալ»-ը:

Բնական է, որ ճգնաժամերի և աղետների ժամանակ, երբ աշխարհը հայտնվում է բարդ իրավիճակում, ձևավորվում են ծայրահեղորեն տարբեր ինֆորմացիոն հոսքեր, որոնք փորձում են որսալ, հասկանալ, թե ինչ է կատարվում: Եվ միշտ էլ այդ հոսքերում տեղ են գտնում դավադրաբանություններ, խեղաթյուրումներ, որոնցից և օգտվում են տարբեր ուժեր:

Ներկա համավարակի ժամանակ էլ տեղի է ունենում նույնը: Կարծում եմ, որևէ արտառոց բան չի կատարվում:

Իհարկե, հոգեբանորեն շատ բարդ իրավիճակ է, ոչ ոք չէր պատկերացնում, որ 2020-ը, գուցե նաև 2021-ը մենք ապրելու ենք կիսամեկուսացված ու դիմակավորված: Այսինքն, անընդհատ գտնվելով վարակի սպառնալիքի ներքո (ինքս էլ մեկ շաբաթ ինքնամեկուսացել էի գրասենյակում և տուն չէի գնում, քանի որ կասկածում էի, որ վարակված եմ): Սակայն նման մտավախությունը կարող է անվերջ լինել, տարբեր մարդկանց հետ շփվելուց հետո չենք կարող անընդհատ վազել թեստ հանձնելու:

Հետևաբար, որքան էլ լարված ու զգուշավոր լինես, միևնույն է ինչ-որ պահից համակերպվելու ես այս նոր իրականությանը:

Կարծում եմ՝ նորն այն է, որ ինքնամեկուսացումը նաև պատասխանատվություն է, քանի որ զգում ես, որ կարող ես լինել վարակի աղբյուր և չես ուզում, որ այդպես լինի: Նույնիսկ դիմակ, կամ ավելի ճշգրտորեն՝ դիմակալ դնելն է դարձել առօրյայի անբաժան և օրգանական մաս, առանց դրա կարծես մերկ լինես: Բժշկական դիմակալը դարձել է մեր ամենօրյա հանդերձանքի սովորական բաղադրիչը, կայուն կերպով մտել է կենցաղային գնումների մեր ցանկի մեջ։

Բացի այդ, կյանքը կամ աշխատանքային ծրագրերը պլանավորելիս բոլորս նոր նորմալության մեջ ենք:

Մենք նաև մերկ ու անպաշտպան ենք լրահոսի առջև: Կա՞ պահանջ փոխաբերական իմաստով դիմակ կրելու, որը կֆիլտրի լրատվությունը:

Իհարկե, ֆիլտրելու պահանջ միշտ կա: Բայց ճիշտն ասած՝ կա զգացողություն, որ հիմա ինֆորմացիոն հոսքերն այնքան շատ են, որ ուղղակի չենք հասցնում ինքնուրույն վերլուծել դրանք: 

Թվում է՝ մեր փոխարեն ամեն ինչ ասվել է, վերլուծվել է, պատրաստվել, գրվել, ուղղակի պետք է կարողանանք հարաբերվել, աշխատել այդ գիտելիքի հետ: Դա է բարդը:

Նույն զգացողությունն ունեի նաև 2018-ի հեղափոխության ժամանակ, երբ թվում էր, որ ինֆորմացիոն առատությունն արդեն հոգնեցնում է: 2018-ին որոշեցի գնալ մարզեր, որ տեսնեմ, թե ինչպես են ապրում մարդիկ, որոնք մայրաքաղաքում տեղի ունեցող հանրահավաքների անմիջական մասնակից չէին: Դա շատ հետաքրքիր փորձառություն էր:

Կարծում եմ՝ հիմա էլ նմանատիպ իրավիճակ է: Ինֆորմացիայի առատությունը ստիպում է մարդկանց օգտվել մեդիայի տրամադրած պրոդուկտներից՝ միաժամանակ սովորելով ֆիլտրել լուրերը և ինչ-որ կերպ տարբերակել ճիշտն ու սխալը (իհարկե, անհատական պատկերացմամբ):

Հետաքրքիր է, որ հեղափոխության ժամանակ, կանայք (նույնիսկ տարեց) փորձում էին արագորեն սովորել բոլոր տեխնիկական հնարքները, որ կարողանան օգտվել սոցցանցերից ու ձեռք բերել նոր ինֆորմացիա: Այդ ժամանակ ես հետազոտություն էի անում, պարզելու համար գյուղական համայնքներում ապրող կանանց ներգրավվածությունը:

Եվ պարզ դարձավ, որ հենց սոցիալական մեդիան է փոխում մեր մոտեցումը կյանքի նկատմամբ, նաև կրթում և թույլ տալիս ահռելի ինֆորմացիայի հետ ապրել:

Մանիպուլյացիաները միշտ եղել են և կլինեն: Բոլորս էլ կերտում ենք մեզ համար մի միջինացված իրականություն, որի հետ կարողանում ենք ապրել ու… չգժվել:

Իսկ ի՞նչ տեսակի ինֆորմացիան այսօր կարող է պետքական լինել:

Երևի հետազոտության վրա հիմնված վերլուծական շարքերը: Հիմա այնպիսի իրավիճակ է, երբ դավադրության տեսությունները ձևավորվում են հիմնականում պետության կողմից արված սխալների շուրջ և դրանց հիման վրա: Եվ դա ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային միտում է:

Այսինքն, երբ իշխող ուժը որևէ բացթողում է անում, ձևավորվում է բաց տարածք կամ սև խոռոչ, որը միանգամից լցվում է դավադրաբանական վարկածներով ու խոսույթներով:

Եվ միշտ գտնվում են դրանից օգտվողներ:

Ստացվում է, որ քննարկման տարածքները չի կարելի թողնել անտեր: Կզավթեն: Բայց հաճախ պարզաբանումները ուշանում են ու տեղեկատվական հողի վրա ինչ մոլախոտ ասես, աճում է: Օրինակ, գույքահարկի մասին օրենքն իր հետ բերեց «բնիկների» իրավացի լինելու մասին տարօրինակ պնդում:

Կարծում եմ՝ խնդիրներից մեկը գործադիր, օրենսդիր և վարչական օղակների միջև թերի կոմունիկացիան է կամ նույնիսկ՝ հաղորդակցության բացակայությունը: 

Հաճախ պարզ չէ, թե ո՛ր մարմինը, ո՛ր պահին, ինչի՛ն պետք է արձագանքի: Նույնը տեսանք կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվությունը վերահսկելու փորձերի կամ բուն հակահամավարակային միջոցառումների կազմակերպման ժամանակ:

Այդպես եղավ նաև գույքահարկի օրենքի դեպքում: Կարծես փորձում են առաջ բերել օրենք, որը պետք է փոխարինի 1990-ականների օրենքը, բայց դրա մասին հանրության տեղեկատվական նախապատրաստումը լիարժեք չէ:

Ցանկացած հայտարարություն, առավել ևս օրինագիծ, պետք է հիմնվի գոնե նվազագույն հետազոտության վրա: Եվ նույն պահանջը պետք է կիրառվեր գույքահարկի օրենքի դեպքում:

Իրականում, «բնիկների» մասին խոսակցությունը լղոզեց մնացած բոլոր հարցերը, որոնք առկա են այդ հարկի շուրջ: Օրինակ, արդյո՞ք այս նոր օրենքը չի վնասի Ադրբեջանից տեղափոխված և երեսուն տարի հանրակացարաններում բնակվող փախստականներին, Հայաստան ներգաղթած սիրիահայերին ու այլ սոցիալապես անապահով պայմաններում ապրող մարդկանց:

Այսինքն, այդ հարցերը ոչ ոք չի քննարկում ու չգիտես ինչու՝ ջրի երես են դուրս գալիս հարցեր, որոնք շատ մանիպուլյատիվ են, կարծրատիպային և բացարձակ կարևոր չեն։

Վերջերս շատ հետաքրքիր փաստ իմացանք. ուսումնասիրում էինք, թե ինչ տեսակի ծառեր կան Երևանում և պարզ դարձավ, որ շատ ծառատեսակներ, օրինակ, թթենիները, սոսիները և այլն, հատուկ տնկվել են Երևանի կենտրոնում՝ կանաչապատման նպատակով: Երևանում անգամ ծառերը բնիկ չեն:

Եվ մեծ հաշվով ստացվում է, որ Երևանում որևէ բնիկ չկա՝ սկսած բույսերից:

«Բնիկ» ասելով, ավելի շուտ ենթատեքստում նկատի ունեն, որ դա վերնախավ է, էլիտա: Եվ եթե մի քիչ խորը փորփրենք պատմությունը, կտեսնենք, որ դա սովետական ժամանակաշրջանի կենտրոնում բնակեցված նոմենկլատուրային էլիտայի պատկերացումներն են: Այդ էլիտային հասու էին լավագույն դպրոցները, մանկապարտեզները, խանութները և այլ ծառայությունները, որոնցից զրկված էին ծայրամասերում կամ գյուղերում ապրողները:

Բնականաբար այդպես ձևավորվեց այն «բջիջը», որը հիմա իրեն թույլ է տալիս խոսել սեփական բարձր դիրքերից (մենք բնիկ ենք, դուք՝ ոչ):

Սոցիալական շերտավորումը այլ կերպ է դրսևորվում սոցիալական մեդիայում:

Սոցցանցերը մեզ բոլորիս դարձրեցին քիչ թե շատ հավասար, չկան կենտրոնաբնակ ու ծայրամասային օգտատերեր: Բոլորը նույն հարթակում են, իրար հետ զրուցում են այնպես, ինչպես կարող են և ինչպես ուզում են: Ընտրում են այն խումբը, որի հետ ուզում են ինչ-որ բան քննարկել, և անում են դա:

Այնպես որ «բնիկների» կոնստրուկտը կազմաքանդվում է սոցցանցերի տրամաբանության միջոցով:

Երկար տարիներ շարունակ տեղի է ունեցել հակառակ սելեկցիա, ասենք, կարևոր պաշտոններում նշանակվել են առանց ռեֆլեքսիայի, պարզապես կատարող ու ենթարկվող մարդիկ: Միգուցե այդ պատճառով էլ կարևորում ենք գենը, բունը, ոչ թե աճի գաղափարը:

Մեր հասարակությունը շատ բազմաշերտ է, բազմաձև, նույն երևույթի մասին բոլորս ունենք տարբերվող կարծիքներ:

Անհետացող Ֆիրդուս թաղամասի օրինակը շատ լավ ցույց է տալիս դա: Մի մասն ասում է, որ ճարտարապետությունը բիզնես է և դա լավ է, մյուս մասը վստահ է, որ հին շենքերը պետք է քանդվեն ու մի «լավ» նոր բան հայտնվի փոխարենը: Եվ վերջապես, շատերն ուզում են պահպանել ոչ միայն այդ պատմական շենքերը, այլև քաղաքի շունչը՝ վերնակուլյար քաղաքը:

Որքան էլ փորձենք հասարակությունը դարձնել միատարր, չի ստացվի: Ավելի շուտ կստացվի աբստրակտ, խառնիճաղանջ դիմանկար: Եվ հետաքրքիրն էլ դա է:

Իրականում, միշտ էլ այդպես է եղել, թեև Սովետական Միությունը փորձում էր ստեղծել «հոմո սեվետիկուս», բայց միևնույն է, դա չստացվեց:

Արհեստական էր սովետի հավասարությունը, որը միանգամից անհետացավ: Երևի դիմացկուն են այն բաները (բույսերը, մարդիկ, հանրային կապերը, հուշերը), որոնք տեղ կգրավեն բազամազան անտառում:

Այդ բազմազանությունը լավ երևում է համավարակի ժամանակ: Ու թեև շատերը, այդ թվում իշխող ուժի ներկայացուցիչները, ասում են, որ կարանտինի չպահպանման մեղավորը հասարակությունն է, և դրանով ողջ հասարակությանը վերագրում են նույնանման վարք, մտածելակերպ ու պիտակ, իրականում այս մոտեցումն արդարացված չէ, քանի որ այդպես չէ:

Ինչ-որ մեկը հավատում է կարանտինային միջոցառումներին, ինչ-որ մեկը չի հավատում, ինչ-որ մեկը հոգու խորքում հավատում է, բայց ցույց չի տալիս, որովհետև միջավայրն է դա իրենից պահանջում:

Միշտ այդպես է. երբ հղում ես անում ընդհանուրին, նույնատիպին, լղոզում ես խնդրի բուն էությունը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Ինֆորմացիոն հոսքերն այնքան շատ են, որ ուղղակի չենք կարողանում ինքնուրույն վերլուծել դրանք»”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *