2020.06.09,

Տեսակետ

«Լրահոսից կախվածությունը նման է գիշերը սառնարանին մոտենալուն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վերջին օրերին իրավիճակը Հայաստանում լարված է: Լուրերը ահագնանում են, համաճարակը՝ թափ հավաքում, լրահոսն էլ լեցուն է հավանական ու անհավանական վարկածներով ու կոչերով:

Հոգեբան Իզաբելլա Ղազարյանը հիշեցնում է, որ մենք բոլորս տեղեկատվության սպառող ենք և ինչպես ցանկացած ապրանքի սպառման դեպքում, պետք է գիտակցենք, թե ինչ ենք ներս թողնում մեր հոգեկան աշխարհ: Որ հետո, մի քանի ամիս անց, տարակուսանքով չհայտնաբերենք, որ սպառելով՝ ինքներս ենք սպառվել:

Ռեժիմը, որը նա խորհուրդ է տալիս պահել, այն փրկօղակն է, որը օգնության է գալիս անորոշության ու տագնապի մթնոլորտում: Մանավանդ, որ սոցցանցերի խառը բովանդակությունը գերծանրաբեռնում է մեր հոգեկան աշխարհը:

Համավարակը նաև ստիպեց անընդհատ լուրեր կարդալ, տեղեկանալ, թե ինչ է կատարվում: Նաև արտահայտվել: Դա ազդու՞մ է մեր հոգեվիճակի վրա:

Սպառողական շուկայի բոլոր կանոնները, ցավոք, տեղափոխվել են նաև տեղեկատվական դաշտ: Այսինքն, մարդիկ դարձել են ոչ թե ինֆորմացիայի կրող, հասկացող, վերլուծող, այլ պարզապես սպառող, ինչպես, սպառում ենք ամենօրյա ուտելիքը:

Մյուս կողմից՝ յուրաքանչյուրն ունի հնարավորություն կոնտենտ ստեղծելու: Այն, ինչն առավելագույնը կտարածեին իրենց խոհանոցում, հարևանների ու ծանոթների հետ զրույցներում, շատերը հիմա դարձնում են հանրային: 

Ամեն ինչը խառնվել է իրար՝ կենցաղային-խոհանոցայինը, հասարակական-քաղաքականը, գիտական պնդումներն ու նախապաշարմունքները: Եվ ոչ միայն խառնված է, այլև սերտաճած, ինչից էլ թերևս շատ մարդիկ օգտվում են, նաև՝ մոնետիզացնում:

Բոլորս գիտենք, օրինակ, կոնտենտային գովազդի և մնացած այլ հնարքների մասին, որոնք օգտագործում են մեր մասին տվյալները:

Բայց սա հարցի ընդամենը մեկ կողմն է, որը վերջին երեք ամսվա հետ կապ չունի, և ավելի գլոբալ վիճակ է ներկայացնում:

Հոգեբանության մեջ կա պարզեցման հասկացություն, երբ թվում է, որ ամեն ինչը շատ պարզ ու հասանելի է՝ թե՛ մարդիկ, թե՛ հարաբերությունները: 

Բայց դա ընդամենը պատրանք է, իրականում մենք գործ ունենք ուժեղ ներքին կոնֆլիկտների հետ, որոնք հատկապես հիմա շատ են սրվել: Դեպրեսիվ վիճակում են հայտնվում մարդիկ, որոնց համար թեև շփումը հասանելի է, բայց բավարարվածություն այդ շփումից չկա: 

Այդ պատճառով էլ հակված են հավատալու հեշտ բացատրություն առաջարկող լուրերին, տարատեսակ դավադրության տեսություններին՝ ներքուստ ձգտելով, որ կյանքը լինի հասկանալի և պարզ:

Երբ իշխում է դրամատիզացիան, առավել կարևոր է պարզեցումը: 

Որքան պարզ ու հասկանալի, անգամ պրիմիտիվ հրահանգներ լինեն, այնքան ավելի արագ դրանք մարդիկ կընդունեն, քանի որ այս պահին բոլոր տեսակի բարդ ուղերձները (ասենք, համավարակի ժամանակ սա կարելի է, բայց միևնույն ժամանակ կան դեպքեր, երբ չի կարելի և այլն) հասարակական գիտակցությունն ի վիճակի չէ մարսելու: 

Պարզեցումն ունի իր դրական և բացասական կողմերը: Բացասականն այն է, որ միտքը այնքան է պարզեցվում, որ արժեզրկվում է կրթությունը, գիտությունը: Կարծես հիմա ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում, և գիտական, փաստարկների հիմք ունեցող պնդումները չեն արժանանում ուշադրության:

Դիմակ կրելու հորդորները նման պարզ հրահանգ են, բայց կարծես, ոչ արդյունավետ:

Այդ հրահանգը տալիս է հոգեբանական էֆեկտ, բայց մեր խնդիրները շատ ավելի խորն են, քան պարզապես դիմակ կրելու կամ չկրելու ցանկությունը:

Կարծում եմ, առաջնայինը սահման պահպանել չկարողանալն է: Դա շատ հատուկ է մեր հասարակությանը:

Օրինակ, մեր երեխաները չեն մեծանում փակ դռների հետևում: Եվ երբ երեխան փակվում է իր սենյակում՝ մի ժամ միայնակ մնալու ու ասենք, գիրք կարդալու համար, ծնողը սենյակ է մտնում ու հարցնում՝ ինչու՞ ես դուռը փակել:

Եվ ամեն ինչը այդտեղից է սկսվում, որովհետև մարդկանց միջև ոչ մի սահման չի պահպանվում, և անգամ չի ճանաչվում: Երբ օրինակ, ուզում ես հերթում մեկ մետր հեռու կանգնել մյուսներից, մեկն անպայման կգա ու կկանգի քո ու նախորդի արանքում: Հենց տեսնում են, որ կա ազատ տարածություն, միանգամից զբաղեցնում են:

Իհարկե, չենք կարող միայն պնդել, որ մարդիկ տգետ են ու չեն հասկանում, թե որքան կարևոր է հիմա սոցիալական հեռավորության պահպանումը: 

Սա տգիտության հարց չէ, սա մանկուց դաստիարկված այն մոտեցումն է, թե քո սահմաններում միշտ պետք է որևէ մեկը լինի:

Ճիշտ եք, մանկուց դիստանցիա պահելը չի խրախուսվում: Նրբանկատ չենք այդ հարցում:

Երեխան պետք է ունենա իր անձնական տարածքը, որտեղ կքնի, դաս կանի կամ էլ ոչինչ չի անի:

Այդտեղից է ձևավորվում միտքը, որ ես հարգում ու սիրում եմ իմ տարածքը, հետևաբար, կհարգեմ նաև դիմացինի տարածքը:

Ինձ թվում է, սա է մեր խորքային խնդիրը:

Իհարկե, հասկանալի է, որ հենց հիմա մենք չենք կարող դրան անդրադառնալ ու լուծումներ որոնել և այդ պատճառով էլ փորձում ենք ապավինել պարզեցման մոդելին: Օրինակ, ասել՝ դիմակ չեք կրում, վատն ենք, դիմակ կրում ենք, ուրեմն լավն ենք: 

Այսինքն, աշխատում է ծայրահեղ պրիմիտիվ տրամաբանությունը, բայց ցավոք, վստահ եմ, որ այլ տարբերակ մենք այսօր չունենք:

Երբ տեսնում ենք, որ հեռուստաէկրանին կամ կառավարությունում բոլորը դիմակով են, դա ազդու՞մ է մարդկանց վարքի վրա:

Ավելի ցայտուն օրինակը մեր սերիալներն են: Նայեք ու կտեսնեք, որ չկա որևէ սերիալի որևէ սերիա, երբ հերոսներն իրար վրա չեն գոռում, չեն հարձակվում, ձեռքն ու ոտքը չեն բռնում ու չեն քաշքշում: Համոզված եմ, որ նման սերիա չեք գտնի:

Եվ այդ բոլոր տեղեկությունները լցվում են մեր գիտակցության մեջ, ծնողները նայում են, երեխաները՝ կողքները, և թվում է, որ գեղեցիկ ընտանեկան միջավայրում ֆիլմ են դիտում: Բայց այդ ամենը թողնում է նստվածք:

Իսկ ամենավտանգավոր նստվածքն այն է, որը կուտակվում է անգիտակցականում, քանի որ սովորաբար մենք շատ բան անում ենք առանց հասկանալու ու գիտակցելու (պարզապես չենք կարող ամեն ինչ վերահսկել գիտակցությամբ): 

Եվ պատկերացրեք, որ նման դաստիարակություն ստացած ու նման վերաբերմունքի վարժված մարդկային զանգվածը հիմա հայտնվել է համացանցում և արտահայտվում է սոցցանցերում: 

Հասկանալի է, կարանտին է, աշխատանքի գնալ պետք չէ, կրճատվել են զբաղմունքները, ամեն ինչը կապված է համակարգչի հետ, բայց ժողովրդի մեծ մասը հայտնվել է համացանցում, ինչն իրականում գերծանրաբեռնվածություն է հոգեվիճակի համար:

Ցանկացած մարդ առավոտը սկսում է սոցիալական ցանց մտնելով, հատկապես Ֆեյսբուք, ու փորձում է մարսել տարաբնույթ ինֆորմացիա: 

Հիմա ակտիվացել է նաև կոմերցիոն հատվածը՝ տարբեր տեսակի օնլայն աշխատանքներ, ծառայություններ, տարօրինակ ներդրումային առաջարկներ, կեղծ բժշկական կայքեր՝ իրենց խորհուրդներով ու մասնակցության հայտներով (ես օրինակ, օրական 5-10 կեղծ բժշկական գովազդ եմ տեսնում՝ ինչ-որ բիոհավելումներ, ծառայություններ):

Մեզանից յուրաքանչյուրի գիտակցությունը հարձակման է ենթարկվում նվազագույնը երեք ֆրոնտով՝ կոմերցիոն առաջարկներ, քաղաքական-տնտեսական թեմաներ և մեր ամենօրյա աշխատանքը, որը հիմա հիմնականում ինտերնետում ենք անում: 

Դրան գումարվում է տագնապը՝ հիվանդանալու, վարակվելու, վարակելու և այլն: Նաև անորոշությունը ապագայի հանդեպ:

Եվ բոլոր հիմքերը կան, որ մարդու հոգեվիճակը ենթարկվի շատ ուժեղ ճնշման:

Հիմա դա դեռ չի երևա, քանի որ հիմա դիմակայելու համար ծախսում ենք մեր ռեսուրսները, բայց երբ կորոնավիրուսային իրավիճակը բարեհաջող ավարտվի, տագնապային և սթրեսային խանգարումների թիվը լրջորեն աճելու է: Մոտավորապես համաճարակից երեք ամիս հետո: 

Նույնը տեղի ունեցավ ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց: Դա հոգեբանական օրինաչափություն է: Մեր հոգեկան կառուցվածքը բավականին իներտ է, կարող է միանգամից չտալ հակազդում, բայց որոշ ժամանակ հետո կտա:

Կան խորհուրդներ, որ այս վիճակում ցանկալի է սահմանափակել տեղեկատվության սպառումը, որը վատնում է մեր ուժերը: Դա այդպե՞ս է:

Ցանկացած անկազմակերպ հոսքեր (թե՛ ինֆորմացիոն, թե՛ թեկուզ մեր մտքերի) տագնապային վիճակի աղբյուր են: Դա միանշանակ է: 

Եվ միակ բանը, որը կարող ենք անել, որքան էլ դա հնչի տարօրինակ և պարզ, ռեժիմի պահպանումն է: 

Երբ առիթ է լինում, միշտ ասում եմ՝ պահպանեք ռեժիմ, ինքներդ ձեզ համար որոշեք, թե օրական քանի անգամ եք հետևում նորություններին: Ընդ որում՝ քանակը կարևոր չէ, կարող եք օրական հինգ անգամ հետևել լրահոսին, բայց կարևոր է, որ դա լինի ռեժիմով, հստակ որոշված ժամերին: 

Մտնում եք այն կայքեր, որոնց վստահում եք, կարդում եք լրահոսն ու դուրս գալիս:

Այսինքն, տեղեկատվության չափաբաժինը անպայման պետք է սահմանափակել, և դա անել նախօրոք որոշած համակարգով: Չասել՝ ջնջում եմ ամեն հաշիվ, դադարում կարդալ ու դուրս գալիս ինտերնետից (ինֆորմացիայից լրիվ կտրվելն էլ լավ միտք չէ), բայց չափ դնել պետք է:

Ինձ համար, օրինակ, ամենակարևորը առավոտյան ԱՆ հայտնած թվերն են: Նայում եմ և այլևս փորձում չհետևել ոչ մի նորության, եթե իհարկե, մի շատ ակնառու ու արտակարգ դեպք չի պատահում:

Ի վերջո, երբ աշխատում ես մարդկանց հետ, ինքդ էլ պետք է հավասարակշռված վիճակում լինես:

Եվ երկրորդ կարևոր բանը, որը կարող ենք անել, միշտ գիտակցելն է, որ կա «հիմա և այստեղ»: Անորոշությունը միշտ ծնվում է ենթադրություններից՝ բա՞ որ հիվանդանամ, բա՞ որ հիվանդանոցում տեղ չլինի, բա՞ որ հանկարծ ստիպված լինեմ սա անել, կամ չկարողանամ անել և այլն:

Այդ մտքերը բավական են, որ առաջանա տագնապ: 

Օգնում է վերադարձը «հիմա և այստեղին»: Հիմա ապրում ենք, առողջ ենք, աշխատում ենք, ուրեմն սա է կարևորը: Իհարկե, յուրաքանչյուրս էլ հաջորդ պահին կարող է վարակվել, նույնիսկ եթե ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա (չենք շփվում, տնից դուրս չենք գալիս, պահպանում ենք հիգիենայի կանոնները):

Բայց եթե պարբերաբար ֆիքսենք, որ հիմա և այստեղ ես լավ եմ, ուրեմն մեր օրգանիզմին էլ ուղերձ կուղարկենք, որ կվախենանք ու կտագնապենք այն ժամանակ, երբ կլինի դրա իրական նախադրյալը:

Երևի բարդ է չմտածել ապագայի մասին, դադարեցնել պլանավորել կյանքը:

Բայց հարց տանք՝ եթե մտածեմ անորոշ վաղվա մասին, ի՞նչ է փոխվելու, բացի այն բանից, որ փչացնելու եմ իմ առողջությունը, տրամադրությունը, ընկնելու է իմ աշխատունակությունն ու, ի վերջո, իմունիտետը:

Իրականում, այս շթղայի վերջին ու ամենակարևոր օղակը հենց իմունիտետն է, որը բոլորովին էլ պետք չէ ենթարկել փորձության անիմաստ ապրումներով: 

Շատ օգտակար է միտքը, որ եթե կարգավորենք մեր ռեժիմը (նաև համացանցում գտնվելու ժամանակը) և պարբերաբար ամրագրենք ուղեղում, որ հիմա և այստեղ ինձ ու իմ մտերիմներին հետ ամեն ինչ կարգին է, ուրեմն ռեսուրսները չենք վատնի:

Իսկ հենց վտանգ լինի, ինքներս մեզ կհրահանգենք, որ հիմա և այստեղ պետք է մտածել վտանգի մասին:

Մեդիա դաշտում շատ լավ վաճառվող ապրանք է սկանդալը, սենսացիան, ցնցող լուրը: Մարդուն հատուկ է թաքնված, գաղտնի լուրերին հետևել: Ինչպե՞ս ֆիլտրել աղբյուրները:

Ինքս ինձ համար մշակել եմ լրատվամիջոցի վստահելիության չափանիշ, որը կարծես մանիպուլյացիաների ախտորոշում լինի:

Եթե լրատավամիջոցը կամ թեկուզ նորություն հայտնող մարդը (ի վերջո, հիմա կան օգտատերեր, որոնք ձեռք են բերել հեղինակություն և նրանց կարծիքը լսելի է ու տարածվում է նույնիսկ ավելի շատ, քան լրատվամիջոցները) ուզում է, որ ընթերցողի մեջ տագնապ կամ բարկություն առաջանա, ուրեմն նա մանիպուլյացիա է անում:

Եթե կարդում ես տեքստը կամ դիտում ես տեսանյութը և քեզ մոտ ցանկություն է առաջանում դուրս գալ փողոց ու որևէ մեկի վրա գոռալ կամ մուննաթ գալ, ուրեմն այդ նյութը միանշանակորեն մանիպուլյատիվ է:  Անգամ, եթե ամեն բան ճիշտ է ու առանց կեղծ փաստերի:

Ամենաօգտակար կոճակը «անֆոլոու»-ն է:

Պարզապես ջնջում ես մանիպուլյացիայի աղբյուրը, մտքում պահելով, որ կան շատ մարդիկ, որոնք նույն ինֆորմացիան կգրեն այնպես, որ մենք այն կարդալով՝ կսկսենք մտածել, համադրել, միգուցե նաև զգուշանալ, այսինքն, տալ ադեկվատ արձագանք:

Իսկ մանիպուլյատիվ նյութի թիրախը մեր էմոցիաներն են: Եվ պիտի սովորենք տարանջատել հույզը լուրից, այսինքն, ընդամենը գիտակից մոտեցում ցուցաբերենք: Թեև, իհարկե, դա ամենաբարդն է:

Լրահոսը նաև թմրանյու՞թ է:

Այն նման է գիշերը սառնարանին մոտենալուն: Ասենք, մարդը գիշերը արթանանում է ու միանգամից բացում է սառնարանը, որ մի բան ուտի: Չի դիմանում:

Եվ այդ կախվածությունը սենսացիոն, հուզական լուրերից, ի վերջո, հանգեցնում է սպառման: Մի օր էլ զգում ես, որ հոգեպես լրիվ սպառված ես:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *