Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հստակորեն և շատ դիպուկ իր համար բնութագրել է լրատվամիջոցների տարբեր տեսակները: Սորտավորել է դրանք:
Եվ հիմա նրան ավելի շատ հետաքրքրում են այն հազվագյուտ ու բավականին թանկ արժեցող լրագրողական վերլուծությունները, որոնց պակասը Հայաստանում եղել է միշտ:
Դրանք կարևոր են հատկապես հիմա՝ 2020-ի հունիսին, երբ կորոնավիրուսը ամենուրեք ուղեղներում և սրտերում է:
Եվ բոլորս դառնում ենք ճգնաժամային կառավարիչներ, եթե, իհարկե, ինքնավստահությունը մեզ չի խանգարում ընդունել, թե երբեմն վատ կառավարիչ ենք:
Կորոնավիրուսը հունիսի սկզբին թափ հավաքեց, վարչապետն էլ ասաց, որ վիճակն աղետալի է: Թվերը որոշի՞չ են:
Չեմ կարծում, որ իրավիճակը կոլափսային է, թեպետ այն դրամատիկ ներկայացնելու ցանկություն ունեն շատերը, սկսած քաղաքական գործիչներից, վերջացրած շարքային քաղաքացիներով: Միգուցե ես եմ նաև շատ թեթև ու դինջ տանում էս ամբողջ դրամատիզմը, ապոկալիպտիկ մտքերը:
Անշուշտ, մեր երկրի թվերի աճը՝ համեմատ նախորդ շաբաթների հետ, շատերի մոտ կարող է խուճապ առաջացնել:
Բայց խնդիրն այն է, որ տարբեր երկրներ թեստավորումներն անում են տարբեր մեթոդանաբությամբ, չկա ունիվերսալ թեստավորման համակարգ ու ընտրանքի մոդել, որը թույլ կտա համեմատել մի երկրի պատկերը մյուս երկրի հետ:
Տեղի է ունենում կիսագրագետ բան, երբ համեմատում ենք երկրների վիճակագրությունը, ասելով, որ մի տեղ վիճակը լավ է, մյուս տեղ՝ ավելի վատ: Չի ստացվի համեմատել ու համադրել տվյալները, քանի որ դրանք հավաքվել են տարբեր մեթոդաբանության համաձայն:
Ասենք, մի երկրում միայն բարձր ջերմություն ունեցողներին են թեստավորում, մյուսում՝ թոքերի խնդիրներ ունեցողներին, երրորդում՝ կոնտակտավորներին էլ հետը:
Հետո թվերը դնում են իրար կողք ու ասում՝ տեսեք, էս մի երկրում վարակվածների տոկոսը բարձր է, մյուսում՝ ցածր: Դա հնարավոր կլիներ ասել, եթե բոլոր երկրները հաշվարկում անեին նույն կերպ:
Երկրորդ խնդիրը կառավարումն է: Կարծում եմ, վաղուց կար կարիք մշակելու այնպիսի պրակտիկա, որը ախտանիշներ ունեցող մարդկանցից զատ ուսումնասիրեր նաև Հայաստանի բնակչության տարբեր շերտերի, սոցիալական խմբերի վարակակրության աստիճանը կամ պարզապես առողջական վիճակը, և դա արվեր ամենօրյա ռեժիմով, որ հասկանալի լինեին միտումները:
Օրինակ, կայուն կերպով հետազոտվեին հազար մարդ, որոշակի ընտրանքով: Ըստ երևույթին սա թանկ գործ է:
Հիմա ակնհայտ է, որ թեստավորվում են կոնտակտավոր անձանց մի մասին, ախտանշաններ ունեցողներին: Իսկ սա ցույց չի տալիս հայաստանյան պատկերը և դրանից չի հասկացվում՝ մենք հասել ենք պիկին, թե ոչ:
Եվ բոլոր ենթադրությունները մաթեմատիկական տեսանկյունից մնում եմ սուբյեկտիվ, մասնավոր ենթադրությունների մակարդակում:
Կարծում եմ, որ դեռ նոր ենք հասնում պիկին: Բայց սա իմ մասնավոր և միգուցե անգրագետ կարծիքն է: Մասնագիտական կարծիքի համար պիտի աշխատեին գիտնականները:
Իսկ ինչու՞ են վերլուծություններն անում քաղաքական գործիչները և ոչ գիտնականները:
Դա վատ կառավարման հետևանք է: Մի պատճառը օբյեկտիվ է՝ կորոնավիրուսը բնությանը անհայտ կենդանի է, իսկ մյուսը իշխանությունների անփորձությունն է:
Նման ճգնաժամեր կառավարելը չի նշանակում միայն սնունդ հասցնել, էներգասնուցում մատակարարել, կա նաև այլ բաղադրիչ՝ հաղթահարման մեթոդների ընտրություն և կիրառում:
Նման փորձառություն այս իշխանությունները չեն ունեցել, եղել են չափազանց ինքնավստահ և հիմա տեսնում ենք, որ ափսոսում են այդ ինքնավստահության համար:
Իսկ ինֆորմացիայի մատակարարումը օպերատի՞վ էր: Որքան տեսանք, սկզբում հանգստացնող էր, հիմա աղետ գուժող:
Ամենայն հավանականությամբ, ռիսկը թերագնահատել են ու չեն կարողացել կազմակերպել պատշաճ ճգնաժամային կառավարում, մտածելով, որ ճգնաժամը արագ կհաղթահարվի:
Այս դեպքում, ի՞նչ կարող էր անել լրատվական դաշտը, որ չի արել:
Մեր լրատվական դաշտը շատ խայտաբղետ, բազմազան ու բազմաբևեռ է:
Մի խումբը, որին ես կոչում եմ «կոյուղի», անընդհատ սպասարկում է իշխանությունից զրկվածների, մեղադրյալների կամ քվազիմեղադրյալների շահերը, և նրանց փոխանցածը ոչ մի կերպ չի կարելի համարել տեղեկատվություն կամ լրատվություն: Բայց իհարկե, հասկանում ենք, որ նոմինալ իմաստով դրանք ևս լրատվամիջոց են, թեև՝ «կոյուղի»:
Լրատվամիջոցների մի մասը իշխանամետ դիրքորոշում ունի և մոտավորապես աշխատում է «Նիկոլը ոնց ասի» դոկտրինով:
Մյուս մասը կիսով չափ պարալիզացված է: Կան լրատվամիջոցներ, որ սկսեցին աշխատել հեռավար՝ տանը նստած հարցազրույց անելով և առավելագույնը սպասարկելով իշխանությունների տված ասուլիսներն ու բրիֆինգները (նա ասաց, սա ասաց, նա պատասխանեց, սա ասաց):
Այդ իմաստով՝ վերլուծական լրագրությունը շատ ցածր մակարդակի է:
Ընդհանրապես, անկախ այս համավարակից, վերլուծական, այդ թվում վիճակագրությունը մշակող, լրագրությունը մեր երկրում միշտ է եղել խեղճ վիճակում:
Պատճառները շատ են, բայց մեկն, օրինակ, այն է, որ լրագրողները ցածր են վճարվում: Այն վերլուծությունը, որը կուզեի կարդալ, կանի ամսական առնվազն մեկ միլիոն դրամ ստացող լրագրողը: Մենք այդպիսի լրագրողներ չունենք կամ նրանք հազվագյուտ են, հատուկենտ:
Իսկ պաշտոնական վիճակագրությունը վստահելի և ամբողջակա՞ն է:
Ճիշտն ասած, պաշտոնական տեղեկատվության կասկածների մասին ես գրեթե չեմ լսել: Չեմ նկատել, որ այս երեք ամիսների ընթացքում եղած լինի ինչ-որ երևելի կասկածամտություն պաշտոնական տվյալների հանդեպ:
Միգուցե սկզբում կարծում էին՝ թվերը ցածր են ասում, հիմա էլ, թե թվերը բարձր են ասում, որ ինչ-ինչ փողեր ստանան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, բայց դրանք ընդամենը երկու-երեք մարգինալ մտքեր էին, որոնք պտտվեցին ու հանգեցին: Եվ անգամ չէին եկել լրագրողներից:
Հարցն այն է, որ եղած տեղեկատվությունը մարդավարի՝ խորությամբ ու բարեխղճորեն, չի վերլուծվել:
Կրկնեմ՝ կուզեի, որ մի օր մեկը գրի, թե ինչ մեթոդաբանությամբ ու տրամաբանությամբ են թեստավորվում մարդիկ:
Թե չէ կստացվի հետևյալը. երկնքում թռչում էին երեք կոկորդիլոս, մեկը՝ դեպի հյուսիս, մյուսը՝ կանաչ, իսկ երրորդը՝ էգ: Եվ ո՞նց ենք համեմատելու այդ կոկորդիլոսներին:
Այդ մասին գրող չեղավ:
Հիմա, երբ բավականին շատ է լրատվական աղբը վարակի մասին, ի՞նչ նյութեր կարող են լինել օգտակար, բացի վիճակագրական հաշվարկներից:
Երևի թե, պետք է պաշտպանական որակյալ միջոցների իրազեկում ու քարոզ, առանց խուճապի հրահրման:
Նաև ճշմարիտ պատմություններ այն մասին, թե ինչպես և ով դարձավ վարակակիր, ինչպես բուժվեց կամ (հեռու բոլորիցս) մահացավ:
Մարդիկ պետք է տեսնեն պատմություններ, որպեսզի լուրջ ընդունեն նաև ինքնապաշտպանական միջոցառումները, որոնց մասին ամբողջ աշխարհը խոսում է: Սա ամենակարևորն է:
Եվ նաև իշխանությունները պիտի ավելի մեծ վարպետությամբ կառավարեն:
Իհարկե, հասկանում եմ, որ դա բարդ է: Բայց Պարետատան հրամանագրերը կաղում են, ունեն բազմաթիվ թերություններ՝ կիրառական պրակտիկայի տեսանկյունից:
Օրինակ, մարդը մտնում է որևէ հանրային օբյեկտ, նրան ջերմաչափում են ու տեսնում, որ ջերմությունը բարձր է: Պարետի հրամանագրում ասված է, որ պետք է զանգել այսինչ համարով: Եվ մինչև, ասենք, խանութպանը կահազանգի, ջերմություն ունեցող մարդը չի իմանում, ինչ անել: Եվ քանի որ ոչ մի տեղ չի գրված, որ խանութ գնալիս իր հետ պետք է ունենա փաստաթղթեր, նա ստիպված պետք է գնա իր փաստաթղթերի հետևից: Իսկ Պարետատնից կգան ու կսկսեն նրան որոնել:
Այսինքն, սա շատ անարդյունավետ կարգավորում է: Եվ էլի կան մի շարք բաներ, որոնք արժի կարգավորել ավելի լավ:
Բայց հավաստի մարդկային պատմությունները՝ հաջողության կամ ձախողման, իհարկե, ամենակարևորն են:
Նույն կերպ կարելի է պատմել հիվանդանոցներում գտնվողների մասին, առանց նրանց անձը բացահայտելու կամ բուժառուի ու բուժանձնակազմի համաձայնությամբ:
Ի վերջո, տեսնում ենք, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք մինչև հիմա համավարակը լուրջ չեն ընդունում:
Նաև իշխանությունները պետք է ստեղծեն հնարավորություն, որ այդ պատմությունները բացվեն ու տեղեկացնեն մարդկանց:
Կան ճշմարտություններ, որոնք պիտի լսելի լինեն ոչ միայն իշխանությունների շուրթերից, այլև հուսալի լրատվամիջոցներից (ոչ «կոյուղի», իհարկե):
Հաճախ վանում են լրատվամիջոցներին, ոչ թե դաշնակից սարքում:
Դա փորձի ու կառավարման գիտելիքների պակասից է:
Հիշենք, արտակարգ դրություն առաջին օրերի այն խայտառակ գրաքննության համակարգը, որը փորձ արվեց ներմուծել: Անգամ կարգադրում էին, որ հրապարակումներ հեռացվեն Ֆեյսբուքից:
Բայց մասնագիտական կազմակերպությունների շնորհիվ հաջողվեց հասկացնել իշխանություններին, որ նման սահմանափակումները և՛ սխալ են, և՛ անարդյունավետ գործիք:
Տեսանք, որ իշխանությունները փորձ կուտակեցին ու դարձան ավելի պրոակտիվ՝ ասուլիսներ կազմակերպելով: Սակայն միայն ասուլիսները բավարար չեն, հարկավոր է շատ ավելի սերտ համագործակցել լրատվամիջոցների հետ
Այո, աղետ է, բայց պետք է այդ անտեր աղետն, ի վերջո, հաղթահարել:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: