2020.06.03,

Տեսակետ

«Կորոնավիրուսը զինաթափեց լրագրողներիս»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Կորոնավիրուսի օրերին Ռոբերտը փողոցում մարդկանց հետ շփվելիս հասկացավ, որ լրագրողները մարդկանց բացատրելու, պատմելու շատ բան ունեն:

Սա մի նոր իրավիճակ է, երբ անհրաժեշտ է փոխանցել ընթերցողին որոշակի գիտելիքներ վարակի մասին, ձևավորել վստահության մթնոլորտ, հետո միայն խոսել դեպքերի, պետության անելիքների և եղած խնդիրների մասին:

Առանց այդ ֆունդամենտի ստացվում է, որ մարդիկ չեն հասկանում, վստահում և փորձում ընկալել տեքստը: Եվ սա տեղ է բացում տարբեր միֆերի և կեղծ տեղեկությունների, որոնք ոչ միայն օգուտ չեն բերում մարդուն, այլև հաճախ վնասում են նրա հոգեկան առողջությունը:

Մյուս կողմից ընթերցողը սկսում է ինքնուրույն հետազոտել թեման, գտնել տարբեր տվյալներ ու պատմություններ արտասահմանյան մեդիայից, որովհետև ինֆորմացիա ունենալով նա իրեն ավելի ապահով է զգում:

Ի՞նչ է փոխել կորոնավիրուսը լրագրողի աշխատանքում, երբ գործ ունես պաշտոնական վիճակագրության և հազվադեպ խոսող հերոսների ու մասնագետների հետ: Լսարան կորցնելու վտանգ չկա՞։

Կորոնավիրուսը որոշ իմաստով զինաթափել է լրագրողներիս։ Սովորական այն միջավայրը, որը քեզ թույլ կտար նկարահանել պատմություն՝ հերոսների մասնակցությամբ, ստանալ շքեղ կադրեր, ազդեցիկ դարձնել ասելիքը, որսալ որակյալ ձայն ու աղմուկ, այսօր չկա։ 

Հեռավար աշխատանքը, եթե նույնիսկ հակառակ կողմից կորոնավիրուսով վարակակիր է խոսում, խանգարում է պատմությունն ավելի անմիջական ու լավ մշակված մատուցել։ 

Արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրերին խիստ սահմանափակումներ եղան նաև լրատվամիջոցների համար, բարեբախտաբար, այդ շրջանը կարճ տևեց։ Եվ այսօր բացի պաշտոնական վիճակագրությունից լրահոսում կան նաև լրատվամիջոցների սեփական աղբյուրներից ստացված տեղեկություններ։ 

Այսինքն, դաշտը փակ չէ, և քիչ չեն դեպքերը, երբ լրատվամիջոցներն են առաջինը հրապարակում որևէ տարածքում կորոնավիրուսի բռնկման օջախի առկայության մասին, հետո դրան հետևում է պաշտոնական հաստատումը կամ հերքումը։ 

Լրատվամիջոցներն այսօր մեծ մասշտաբներով ինտերգրված են սոցցանցերին, ընթերցողն ուղիղ կապի մեջ է ոչ միայն լրատվամիջոցի, այլև լրագրողի հետ։ 

Այսօր լրագրողի ու մարդկանց կապին ոչինչ չի սպառնում, եթե հարաբերություններն իրոք ազնիվ են։ 

Լրագրողները ռիսկային խմբում են, ինչպե՞ս գտնել աշխատելու ոսկե միջինը, շփվել բժիշկների ու վարակակիրների հետ:

Ձևակերպումս թող ռազմահայրենասիրություն չթվա, ոչ էլ չափազանցություն, բայց լրագրողներս սովոր ենք աշխատել վտանգի զգացողությամբ։ 

Երբ տարիներ առաջ լրագրողը գնում էր լուսաբանելու բողոքի ակցիաներ՝ գիտակցում էր, որ նվազագույնը մահակի մի հարված էլ իր գլխին կարող է իջնել, երբ պատերազմ էր լուսաբանում առաջնագծում, չկար ոչ մի երաշխիք, որ վերադարձողների շարքում ինքը կլինի։ 

Այսօր՝ առավել քան երբևէ, առաքելությունից հրաժարվելու իրավունք չունենք, մանավանդ, որ այս օրերին հարյուրավոր բժիշկներ մասնագիտությանը, կոչմանը նվիրվելու մեծ դաս են տալիս բոլորիս։ 

Երկրների ղեկավարները պատերազմի հետ են համեմատում կորոնավիրուսը։ 

Խրամատում կան պարզ կանոններ, որոնք քիչ հավանական են դարձնում հակառակորդից քո խոցումը՝ արգելված է գտնվել առանց սաղավարտի, զրահաբաճկոնի, չի կարելի գլուխը բարձրացնել հակառակորդին տեսանելիության չափով, չի կարելի մթության մեջ ծխել, հարկ է հեռավորություն պահպանել։ 

Կորոնավիրուսի լուսաբանումը շատ նման է այս նկարագրությանը։ 

Կան պաշտպանիչ միջոցներ ու կանոններ, որոնց կրումն ու պահպանումը լրագրողին թույլ կտա անել իր գործը, կարևորը՝ անվտանգ։ Մեզ միշտ պետք է ուղեկցի կարևոր գործ անողի զգացումը։

Ի՞նչը շեշտադրել կորոնավիրուսի թեմայով նյութերում, համընդհանուր այս պայքարում ի՞նչ կարող է անել լրագրողը։

Կորոնավիրուսին զուգահեռ ապրել, գործել սովորում ենք նաև լրագրողներս։ Միգուցե կորոնավիրուսով վարակակիր լինելը լրագրողին թույլ տա հասկանալ հիվանդների տառապանքը, ընտանեկան դժվարին կացությունը ու ստիպի թեմային նայել այլ դիտանկյունից՝ կարևորելով չվնասելու սկզբունքը:

Բայց կարծում եմ՝ պարտադիր չէ վարակվել՝ հասկանալու, տարանջատելու համար առաջնայինը երկրորդականից։ 

Լրագրողներս պարտավոր ենք առաջնորդվել չվնասելու սկզբունքներով, եթե նույնիսկ հակառակը շատ գայթակղիչ է։ 

Համաճարակային վիճակը օրեցօր վատանում է, լրագրողներն ի՞նչ կարող էին անել, որ չարեցին։

Համավարակի տարածումը չեն կարողացել կանխել աշխարհի հզորագույն պետությունները, և մեծ մեղավորներին պետք է փնտրել կառավարություններում։ 

Երբ ես՝ իբրև լրագրող, հանրային առողջությունը վտանգող հրապարակում եմ կատարում, օրինակ, տարածում եմ դիմակ չկրելու կոչ, ապա, այո, ես էլ եմ մեղավոր համավարակի տարածման մեջ։ 

Ինձ համար հասկանալի չէ այդպիսի լրատվամիջոցի շահը կամ մոտիվացիան։ 

Առանց այդ էլ հանրության շրջանում կան չհիմնավորված միֆեր, կասկածներ, և սնուցել դրանք դավադրությունների նոր տեսություններով, ընդունելի չէ։ Իսկ ո՞վ է պատասխան տալու այն մարդու մահվան համար, որը լրատվամիջոցի հրապարակումից հետո հրաժարվել է դիմակից, վարակվել է կամ վարակել է շրջապատին: Ո՞ւր մնաց չվնասելու սկզբունքը։ 

Քաղաքական մրցակցությունը երբեմն կարող է կուրացնել մարդկանց, հանրային առողջությունը ռիսկի տակ դնել, բայց լրագրողներս պետք է պատրաստ պահենք ողջախոհության ֆիլտրերը՝ տեղ չտալով հետադիմությանը, ոչ մասնագիտական մեկնաբանություններին։ 

Չե՞ք կարծում, որ համավարակը լավ առիթ է վերանայելու լրագրողական առաջնահերթությունները: Եթե մեր գործը միայն տեղեկացնելն է, ապա շատ դեպքերում մենք ուշանում ենք: 

Համաձայն եմ՝ լրագրողների վերափոխման պրոցեսը մի բան էլ ուշացել է, և դա ունի իր պատճառները։ Տեսնում ենք, որ լրահոս կազմելու գործում լրագրողի անելիքը գնալով պակասում է։ 

Այսինքն, ես չեմ տեսնում լրագրողի աշխատանքը, երբ նա պետք է արտատպի ու վերահրապարակի պաշտոնյայի գրառումը լրատվամիջոցում։ Սա մեխանիկական աշխատանք է և հատուկ ջանքեր, մտածելու պահանջ չկա։ 

Ընթերցելու կարողություն ունեցող ցանկացած մեկը դա ունակ է անելու։ Իսկ ո՞ւր մնաց լրագրողը, ոչ սղագրողը։ 

Իհարկե, չի կարելի անտեսել բացառիկ լուրերի հրապարակման կարևորությունը, բայց դա իմ սիրելի ժանրը չէ, ինձ չեն հետաքրքրում կարճաժամկետ էֆեկտները։ Նախընտրում եմ բացել թեման, մանրամասնել, քննել, վերլուծել, հասկանալ ու հետո նոր փոխանցել։ 

Մի բան է, երբ քաղաքացուն զուտ հաղորդում ես, որ դաշնակից համարվող պետությունը գազի գինը թանկացնելու հայտ է ներկայացրել պետական մարմնին, այլ բան է մանրամասնելն ու բացատրելը, որ էներգակիրների համաշխարհային գները նվազում են, ուրիշ պետությունների համար գինն իջնում է, և դրա ֆոնին է քո պետության դաշնակիցը ուզում «բարեկամություն» անել։ 

Եկել է ժամանակը, որ մակերեսային, «սկանդալային», շուտ մահացող, ակնթարթային բովանդակությունն իր տեղը զիջի մարդկանց մտածելու դրդող լրատվության։

Քաղաքականությունը լիովին կլանել է լրատվադաշտը, շարքային մարդը՝ որպես հերոս, գործող անձ, գրեթե դուրս է մղված, կամ եթե հայտնվում էլ է լրահոսում՝ մեծամասամբ քաղաքական ինտրիգների, օրակարգերի սպասարկման նպատակով։

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *