2020.05.27,

Տեսակետ

«Հիմա մարդը զուգահեռ տեղեկատվական իրականությունների մեջ է»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հրանտ Միքայելյանը տնտեսագետ է, աշխատում է Կովկասի Ինստիտուտում: Զբաղվում է ժողովրդագրական ուսումնասիրություններով: Սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել, թե ինչ հնարավոր ռիսկեր, հաշվարկներ ու վերլուծություններ կան, որոնք չեն արվում կորոնավիրուսի վարակի երկիր մտնելուց ի վեր:

Աշխատում է բացառապես պետական վիճակագրության հետ, մոդելավորում է այն տարբեր ձևաչափերով: Նրա ուշադրության կենտրոնում է հատկապես վիրուսի տարածման դինամիկան, դրանով պայմանավորված մահացության թվերը: 

Միայն թիվը բավարար չէ գնահատելու իրավիճակը, ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ` ինչ է իրենից ներկայացնում այդ թիվը: Օրինակ, մայիսի 26-ի վիճակագրությունը նա համեմատում է ապրիլի թվային տվյալների հետ, արդյունքում ստանում է ապրիլի համար 1  դրական արդյունք 20 թեստից, մայիսին՝ 1 դրական արդյունք 3 թեստից։ Այս համեմատությունն օգնում է հասկանալ, թե ինչքանով է թեստերի ծավալն արտացոլում վարակի տարածվածությունը:

Նա ասում է՝ մեդիայում բացի սկզբնաղբյուրից եկող թվերից, վիճակագրության վրա հիմնված այլ վերլուծություն, հետազոտություն գրեթե չկա: 

Ի՞նչու, որովհետև տվյալների ու գրաֆիկների լեզուն պարզ չէ՞ մարդկանց:

Ավելի շատ՝ լրատվամիջոցները տվյալների հետ աշխատանքի փորձ չունեն։ Տվյալների վերլուծությունը շատ կարևոր է հասկանալու ոչ միայն ընթացիկ իրավիճակն, այլև սպասվողը: 

Նույն թվերը հազար ու մի ձև կարելի է վերլուծել և դրա համար հատուկ մասնագետներ են պետք: Սթորի գրող լրագրողները, որոնք հիմա ամենաշատն են հայկական մեդիայում, չեն կարող այս գործով զբաղվել։ Ասել, որ չկա պահանջարկ, ճիշտ չի լինի, մարդկանց կամաց-կամաց պետք է սովորեցնել թվերով վերլուծություններին:

Մի քանի լրատվամիջոցներ կան, որոնք փորձում են և վատ չի ստացվում: Տասը տարվա համեմատ իսկապես պրոգրես կա: 

Խնդիրն այն է, որ մեր հանրությունը դեռ խորհրդային շրջանից չի հավատում թվերին, չի ընկալում թվային վերլուծությունը: 

Եվ մարդը հայտնվում է զուգահեռ տեղեկատվական իրականության մեջ: Իրավիճակի պատկերն ադեկվատ ընկալելու համար տվյալներն ու գրաֆիկները, վիզուալ նյութերը շատ կարևոր են:

Բայց տվյալներով մարդկանց շփոթեցնելն էլ ընդունված մեդիա հնարք է:

Եթե տեղեկատվություն սպառողը սովոր է թվեր կարդալ ու դա հասկանալ, այդքան էլ հեշտ չէ նրան մոլորեցնելը: Թեև անգամ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն են հաճախ նման սայթաքում թույլ տալիս, երբեմն գիտակցաբար, երբեմն անգիտակցաբար: 

Նոր կորոնավիրուսի թեման հիմնականում տվյալների տեսքով է տեղ գտնում լրատվամիջոցներում, հետևաբար շատ է ապատեղեկատվությունը:

Բայց մարդուն զուգահեռ տեղեկատվական իրականությունից հանելու համար կարևոր  է նրա հետ խոսել տվյալներով, դրանք վերլուծելով, թեկուզ պարզ վիզուալ ձևավորումներով: Խմբագրությունները մեծ լսարան կարող են ունենալ, եթե կարևորեն թեմայի վիզուալ մատուցումը և դրա համար առանձին աշխատակից կամ թիմ ունենան:

Տվյալների վերլուծությունը կարող է շատերի համար հասկանալի չլինել, սակայն դրա վերջնական արդյունքը, եթե մատչելի վիզուալիզացվի, կարող է հետաքրքիր լինել ընթերցողների մեկ այլ խմբի համար:

The New York Times-ի վարակից մահացածների անուններով վիզուալ անդրադարձը շատ է ազդել լսարանի վրա, մարդիկ այդ անունների մեջ գտել են ծանոթների, հեռու բարեկամների և իրենց ինչ-որ ձևով նույնացրել նրանց հետ:

Կորոնավիրուսի թեմայի զարգացմանն ին՞չ լրատվամիջոցներով եք հետևում, մանիպուլյացիաները շա՞տ են:

Տպավորվել է Սանտա Կլարա քաղաքում անցկացված հակամարմինների թեստավորման արդյունքներով մոլորեցնող հոդվածը: Նյութում փոքր ընտրանքի միջոցով՝ 2,5%, ուզում էին կեղծ տպավորություն ստեղծել ընթերցողի մոտ:

Նկատել եմ, որ զարգացած երկրների մեդիան իրեն թույլ է տալիս որևէ երկրի մասին տվյալ հրապարակելիս ճշտել, ստուգել, համեմատել դրանք: Մեզ նման երկրների լրատվամիջոցները կարող են հրապարակել անհավանական թվեր Չինաստանի կամ Իրանի մասին, առանց դրանք ստուգելու:

Եվ այսօր The Economist-ը, Financial Times-ը և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ գիտնականների բեռը վերցրել են իրենց ուսերին, այն պարզ պատճառով, որ գիտնականներն ավելի դանդաղ են արձագանքում իրավիճակին և ռեալ թայմ ռեժիմ իրենց աշխատանքի համար չեն կարող ապահովել, ինչի արդյունքում տվյալները երբեմն սխալ են ներկայացվում:

Տեղական լրատվամիջոցները հաճախ բևեռացնում են տվյալները:

Այո, քաղաքական պատկանելությունից կախված ինչպես ուզում են, այնպես էլ մեկնաբանում են թվերը: Եվ դա բնական է, հակառակն էլ կա՝ ամեն ինչ անում են, որպեսզի չտեսնեն բացասական տենդենց:

Պետական մակարդակով արդեն հայտարարվել է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Սա իհարկե, լավ առիթ է քաղաքական շահարկումների համար, քաղաքական ճամբարները տարբեր քննարկումներ են առաջ տանում, որտեղ չկան ապացույցներ, վիճակագրություն, վերլուծություն: Թվերով չեն կարողանում հիմնավորել իրենց ասածը: 

Սակայն մեկնաբանության դաշտը տալիս է սահմաններ, թվերը նեղացնում և հստակեցնում խոսակցության նյութը: Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված թվերը մի աղբյուրից են գալիս, սակայն դա չի նշանակում, որ դա բավարար չէ այլ ուսումնասիրությունների համար:

Թվերն ի՞նչպես կարող են օգնել հասկանալ վարակի հետագա զարգացումը:

Ամենակարևորը հասկանալն է, թե ինչպես է վարակը տարածվում և ինչքան մահացություն է գրանցվում: Ամբողջ աշխարհում մոտավոր սցենարներ ստանալու համար վիճակագրության վերլուծություն են անում`վարակից մահացության հետագա պատկերը հասկանալու համար:

Օրինակ, նման մի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որքան շատ է վարակվածությունը, այնքան քիչ է մահացությունը տվյալ երկրում: Մեկ այլ երկրում կարող է հակառակը լինել, դրա համար պետք է ուսումնասիրել թվային տվյալները:

Նման ուսումնասիրություններն արժեքավոր են վարակի դեմ պայքարի քաղաքականության մշակման համար:

Իմ հետազոտության օրինակով բացատրեմ, եթե Հայաստանում վարակվածությունը կազմի 0,5-2%  կամ միջինը 1,5%, վիճակն առանձնապես ծանր չի համարվի, սակայն մահաբեր կլինի: Եթե 0,1-0,3% կազմի, դա արդեն այլ քաղաքականություն կպահանջի, հետևաբար կարևոր է հետևել թվերի դինամիկային:

Նման հաշվարկ, վերլուծություն տեղական մեդիայում չեմ հանդիպել:

Նման վերլուծությունը կառավարությանը կարող է օգնել հետագայում որոշումներ կայացնել:

Պետությունը պատրաստ չէ փորձագիտական աշխատանքի համար վճարել և այն իր որոշումների կայացման մեջ օգտագործել: Նման փորձ Հայաստանում ցավոք չկա:

Ինչպես մնացած ոլորտներում, այնպես էլ կորոնավիրուսի դեպքում պետությունը ուսումնասիրություններ չի պատվիրում, որովհետև Հայաստանի պետական կառավարման համակարգը սովոր է որոշումներ կայացնել քաղաքական իրադրությունից ելնելով:

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *