Հետաքրքիր է, թե ինչպես ենք դուրս գալու արտակարգ իրավիճակից՝ ինչ կորստներով ու ձեռքբերումներով:
Ազգագրագետ Լուսինե Խառատյանի համար կարևոր է հետազոտել ինքնապաշտպանական մեխանիզմները, որոնք բխում են թե՛ մեդիայի անդադար ներկայությունից մեր կյանքում, թե՛ պետության կայացրած որոշումներից:
Նրա կարծիքով՝ մեծ հաշվով հիմա անում ենք փիլիսոփայական ընտրություն անվտանգության ու ազատության միջև:
Հիմա մարդիկ ինքնամեկուսացված են, բայց կարծես ավելի են կապված՝ թեկուզ անընդհատ ներկա լինելով սոցցանցերում:
Ֆիզիկապես մեկուսացումը փակ տարածաքներում է, բայց փաստ է, որ ինֆորմացիոն հոսքերը մեզ կապում են: Կարելի է ասել, որ իրականում բոլորս թե՛ մեկուսացած ենք, թե՛ անընդհատ կապի մեջ:
Հա՛մ ստանում ենք, հա՛մ տալիս ենք ինֆորմացիա: Մեկուսացած առօրյան սոցցանցերում ուրիշների հետ կիսելու ցանկությունը հիմա նույնիսկ ավելի մեծ է, քան նախկինում էր: Մարդիկ փորձում են անընդհատ վավերացրել ներկա պահը, և հիմա դա անում են ավելի ինտենսիվորեն:
Մենք ստեղծում ու սնուցում ենք մեդիան և միաժամանակ՝ հայտնվում այդ ինֆորմացիայի բեռի տակ: Շատ դժվար է ասել՝ հիմա մարդիկ մեկուսացած են, թե ոչ: Կարծում եմ՝ ոչ:
Կա՞ կախվածություն լրահոսից, պահանջ անընդհատ թարմացնել իրավիճակի մասին պատկերացումը:
Վերջերս նկատել եմ, որ բացի կախվածությունից, մարդիկ նաև փորձում են պաշտպանվել լրահոսից: Այսինքն, գերադասում են մեդիայի այլ տեսակներով լցնել կյանքը, օրինակ, ֆիլմեր դիտելով:
Որքան երկար է տևում ինքնամեկուսացումը, այնքան ավելի շատ են սկսում աշխատել պաշտպանական մեխանիզմները:
Սկզբում մարդիկ հակված էին անընդհատ կարդալ ու կիսվել նորություններով (վարակվածների քանակով, մահերի դեպքերով և այլն), հետո անձնական տարածքում լուրերով կիսվելու ցանկությունը նվազեց:
Իսկ կա՞ վախ, որ անպաշտպան ենք, երբ պետությանը հասանելի են դառնում մեր անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերը:
Իմ կարծիքով՝ անհատական տվյալների հասանելիությունից վախենում են ու բողոքում հիմնականում հանրային տարածքում քիչ թե շատ ակտիվություն ունեցող և ավելի տեղեկացված մարդիկ:
Բայց կարծես, քաղաքացիների մեծ մասի համար այդ քննարկումը ակտուալ չէ:
Նրանք, ովքեր առանձնապես ակտիվ չեն, անգամ չեն արձագանքում այս օրենքին:
Նույնիսկ համարում են, որ օրենքը կարող է իրենց ինչ-որ կերպ պաշտպանել:
Այն երկներում, որոնք ունեն տոտալիտար կարգերի հետ շփման անցյալ ու բռնաճնշումների փորձառություն, սովորաբար ավելի են վախենում ինֆորմացիայի ցանկացած վերահսկողությունից:
Այդպես է, օրինակ, Գերմանիայում, որը երկար ճանապարհ է անցել: Այնտեղ մարդիկ ավելի քիչ են ընդգրկված սոցցանցերում և ավելի հակված են հանդես գալ կեղծանուններով, քան այլ մշակույթի կրողներ, որոնք տոտալիտար կարգերում չեն ապրել:
Հայաստանում տեղաշարժի վերահսկման օրենքի դեմ բողոքողները հիմնականում այն մարդիկ են, որոնք գիտեն, թե ինչի կարող է հանգեցնել անձնական տվյալների մատչելիությունը պետության համար:
Եվ խնդրահարույցն այն է, որ լսելով ԱԺ-ի քննարկումները օրենքը ընդունելու ժամանակ, հասկանում ես, որ այս օրենքն իբրև թե ուղղված է հիմնականում նրանց, ովքեր անզգույշ են, շարունակում են շփվել միմյանց հետ և այլն: Եվ հարկ է որոշել նրանց դիսլոկացիան ու կապերի շրջանակը՝ բացահայտելով պոտենցիալ վարակակիրներին:
Բայց իրականում ռիսկային վարք դրսևրում են հիմնականում այն մարդիկ, ում համար այս օրենքը բոլորովին նշանակություն չունի, քանի որ նրանք չեն տեսնում անձնական տվյալների հասանելիությունից բխող վտանգները:
Պարզապես չեն մտածում այդ հետևանքների մասին և չեն մտնում քննարկումների դաշտ:
Ստացվում է, որ օրենքը պաշտպանում է ռիսկային վարք դրսևորող և քաղաքացիական պատասխանատվության ցածր աստիճան ունեցողներին (ոչ միայն քեզ, այլև հասարակությանն ես պաշտպանում՝ հաղթահարելու համար վտանգավոր իրավիճակը), բայց այդ մարդիկ միևնույն է շարունակելու են շփվել նույն ինտենսիվությամբ և չեն հասկանալու այս օրենքի հնարավոր մյուս կողմը:
Իսկ ինչպե՞ս կարելի է գնահատել պրոֆեսիոնալ լրատվամիջոցների դերը: Որքան տեսնում ենք, ոչ ոք մանիպուլյացիներից ապահովագրված չէ:
Իհարկե, ես կարող եմ միայն ենթադրություններ անել: Հիմա լրատվամիջոցներում, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային, բոլոր լուրերը պտտվում են կորոնավիրուսի շուրջ:
Կարծես, աշխարհում ուրիշ ոչինչ չի կատարվում:
Կարծում եմ, Հայաստանում մանիպուլյատիվ էր նաև արտակարգ իրավիճակի օգտագործումը ֆեյք նյուզի՝ ապատեղեկատվության, դեմ տարվող պայքարը խստացնելու նպատակով:
Այլ հարց է, թե հետագայում այդ խստացումները կհանվեն, թե կպահպանվեն: Բայց տեսնում են, որ արտակարգ դրությունն օգտագործվել է ազատվելու համար լրատվական դաշտի այն խնդիրներից, որոնք առկա էին նաև մինչ համավարակը:
Հետաքրքիր է, որ այդ խնդիրները միևնույն է այդպես չեն լուծվի, բայց պետությունը որոշակի գործիք է ձեռք բերում՝ գրաքննության համար:
Իմ կարծիքով՝ 2018-ից հետո Հայաստանի լրատվամիջոցներն ունեն ինքնության ճգնաժամ:
Նրանք պետք է փոխվեն, բայց հիմա այդ փոփոխությունները չեն նկատվի, քանի որ բոլորը լծված են ընթացիկ իրավիճակը լուսաբանելով, բայց հաստատ լրատվամիջոցների ներքին խնդիրներն ի հայտ կգան ավելի ուշ:
Բոլոր լրատվամիջոցները վերադասավորվում են, վերադիրքավորվում: Եվ շատ հետաքրքիր է հետևել դրան:
Կորոնավիրուսը կարծես դառնալու է առանցքային կետ, որից հետո, վստահաբար, փոփոխությունները կլինեն տեսանելի:
Ու այս ճգնաժամի ընթացքում շատ ակնհայտ դարձավ, որ մեդիայի լեզուն չի հասցում փոխանցել իրավիճակը:
Հնացա՞ծ է:
Շատ է հնացել: Նաև առաջատար միջազգային մեդիայի մոտ: Կարծես մեդիայի լեզուն այլևս չի խոսում մեզ հետ: Նպաստում է բռնությանը, ապակողմոնորշմանը: Բարդ է ասել…
Կարանտինի սկզբում, օրինակ, կարդալով որևէ տեքստ վարակի մասին, չէի զգում խուճապ, քանի որ բոլոր դեպքերում տեքստերը ռացիոնալ էին: Հետո սկսեցի բարկանալ, քանի որ տեքստն ուղեկցող նկարները բոլորովին այլ բան էին ասում՝ պատկերելով վախենալի, դիմակավորված մարդկանց, սարսափելի դրվագներ:
Այսինքն, ակնհայտ էր, որ տարբերություն կա տեքստային ու վիզուալ լեզուների միջև:
Կարծում եմ, որ և՛ աշխարհում, և՛ Հայաստանում լրատվամիջոցները պետք է հասկանան, որ կա լեզվի ճգնաժամ, և խնդիր՝ սինքրոնացնելու վիզուալն ու տեքստը:
Կարծես, վիզուալը դառնում է ավելի ճնշող և ազդում նաև տեքստային լեզվի վրա: Եվ դա նպաստում է համատարած հիստերիայի տարածմանը:
Օրինակ, տեսնելով սուպերմարկետների դատարկ դարակների նկարներն ու վախեցնող միջավայրը, մարդիկ զգում են, որ կարիք ունեն մեկուսանալու ու պաշտպանվելու նաև մեդիայից, որը ուղղակի լցվում է նրանց տուն: Դառնում է տան մասը:
Կարող ես արթնանալ խաղաղ, լավ տրամադրությամբ, ու հանկարծ մեջդ են լցվում վախեցնող տեքստերն ու նկարները:
Ուզում ես այլևս չհետևել մեդիային, որովհետև ինչ-որ կետից հետո դա ուղղակի խենթացնում է:
Մարդաբանները, սոցիոլոգները, ազգագագետները կարծես հիմա շատ բան ունեն անելու: Դիստանցիա պահպանելը երբեք հատուկ չի եղել հայերին՝ հերթերում մտնում ենք իրար ծոծրակը, խոսելիս՝ գրեթե հպվում դեմքին: Կարելի՞ է ասել, որ փոխվում է շփման մշակույթը:
Մենք էլ հետևում, նույնիսկ խումբ ենք ստեղծել, որտեղ կիսվում ենք ընթացիկ վարքի փոփոխությունների նյութերով ու դիտարկումներով: Մեծ դաշտ է՝ հետոզությունների համար:
Իհարկե, մարդիկ ավելի զգույշ են հանրային վայրերում: Նույնիսկ սպասում են, որ խանութների դրամարկղի տարածքը մաքրվի նախորդ գնորդից հետո, նոր միայն մոտենում են:
Իհարկե, դա համատարած մոտեցում չէ, բայց նման փոփոխությունները ակնհայտ են:
Սկսած դիմակներ և ձեռնոցներ կրելուց: Դիմակակիր են դարձել այնպիսի տարիքային խմբերի ներկայացուցիչներ կամ ենթամշակույթների կրողներ, որ անգամ չէիր սպասի:
Բայց հիմա մենք կարող ենք ընդամենը ֆիքսել պահի փոփոխությունները, իսկ թե ինչ կլինի հետո (ինչ վարքային գծեր կմնան կամ անհետանան), դեռ պարզ չէ:
Անհասկանալի է, թե ինչպես պիտի տեղի ունենա վերադարձը նորմալ կյանքին, երբ նորմալի սահմաններն են փոխվում:
Միշտ կա փիլսոփայական երկընտրանք՝ անվտանգության ու ազատության միջև: Կարևոր է, թե դրանցից որի օգտին ենք կայացնում մեր որոշումները:
Շատ երկրներ այս իրավիճակում որոշումներ կայացրեցին հօգուտ անվտանգության և ի վնաս ազատության:
Բայց երկարաժամկետ կորուստները կարող են լինել շատ ավելի մեծ, քան պատկերացնում ենք: Եվ մեդիայի ճգնաժամը նաև դրա մաս է, քանի լրատվականները նույնպես կանգնած են ընտրության առջև՝ անվտանգությու՞ն, թե՞ ազատություն:
Աշխարհը կանգնելու է այդ գլոբալ հարցի առաջ, քանի որ իրավիճակը այլևս նույնը չի լինելու:
Ապագան էլ կախված է այն բանից, թե իշխանությունները ինչի օգտին են կայացնելու որոշումները:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: