Ուկրաինացի փոդքասթեր Կիրիլ Բեսկորովայնին ամեն ինչ անում է, որ գիտական ներուժը ներկայացված լինի ուկրաիներենով:
Նա Կունշտ (Kunsht) գիտահանրամատչելի ամսագրի համահիմնադիրն է և վստահ է, որ գիտությունը կարող է լինել ուրախ գործ՝ լի գաղտնիքներով, արկածներով ու արդյունքով:
Կիրիլը պատկանում է այն սերնդին, որը չի տեսել սովետական համակարգը և դրա շնորհիվ շատ ավելի ճկուն ու հիմնարար է մոտենում գիտության դերին: Նրա կարծիքով՝ նախևառաջ գիտությունը տալիս է աշխարհը հասկանալու լավագույն մեթոդը՝ ստուգել, վերաստուգել, փորձարկել ու նորից ստուգել: Այդ ունակությունը բոլոր ոլորտներում է պետք:
Կիրիլը, վարպետության դաս վարելով հայաստանցի փոդքասթերների համար, փորձեց հուշել, որ աուդիո ձևաչափը դառնում է արդիական, քանի որ խնայում է ամենաթանկը՝ լսարանի ժամանակը:
Ընդունված է մտածել, որ գիտությունը ձանձրալի է ու բարդ, նաև վատ է վաճառվում մեդիա դաշտում: Ինչու՞ որոշեցիք հենց գիտական կայք անել:
Հիմքում անձնական հետաքրքրությունն էր:
2013-ին, մի քանի ուսանողներով որոշեցինք, որ պետք է նոր տպագիր ամսագիր ստեղծենք, որ կարդանք: Հետո հասկացանք, որ ամսագիրը քիչ է և դուրս եկանք օնլայն, որ կարողանանք որքան կարելի է մեծ լսարանի պատմել գիտության ու տեխնոլոգիաների մասին: Ուզում էինք գտնել մի ձև, որը ազդեցություն կունենար հասարակության վրա: Եվ, ի վերջո, կանգ առանք փոդքասթի վրա:
Շատ կարևոր էր լեզվի հարցը: Ռուսերենով կան լավ և հզոր կայքեր և բոլոր ուկրաինացիներին հասանելի են, բայց ուկրաինախոս մեդիա ունենալը մեզ համար սկզբունքային հարց էր:
Որոշեցինք ավելի հեռուն նայել ու ստեղծել արտադրանք հենց ուկրաիներենով: Այն ժամանակ ուկրաիներենով գիտական հարթակներ չկային, իսկ հիմա հայտնվում են ավելի ու ավելի շատ նախաձեռնություններ: Մենք արդեն միակը չենք, թեև ամենախոշորն ենք:
Մենք էլ ունենք նման հայախոս գիտական հարթակ՝ Բուն ալիքը, որը լրացնում է մեդիա դաշտում եղած հայերեն գիտական խոսքի պակասը:
Լեզուն զարգացող, ճկուն օրգանիզմ է և մշակույթի մաս: Եթե քո լեզվով ես ստեղծում որակյալ արտադրանք, ավելի շատ մարդ է դրան հաղորդակցվում ու ամրացնում այդ մշակութային շերտը:
Կարծում եմ, միշտ պետք է սկսել տեղային նախաձեռնություններից՝ բայց մտածելով հեռանկարային:
Մենք պայքարում ենք այն կարծրատիպի դեմ, որ գիտությունը բարդ է:
Անգամ մեր կայքի անունը՝ «կունշտ», հին ուկրաիներենից թարգմանած նշանակում է արվեստ: Այսինքն, մենք փորձում ենք ցույց տալ, որ գիտությունը արվեստ է և համագործակցում ենք ոչ միայն գիտնականների, այլև նկարիչների հետ: Որպեսզի դա լինի նաև գեղեցիկ, իսկ բովանդակությունը ոչ թե վանի, այլ՝ գրավի:
Բա՞րդ չէ այնպես խոսել գիտնականների հետ, որ նրանց խոսքը լինի հասկանալի:
Իրականում, բարդ է: Հաճախ խնդրում ենք այնպես խոսել, կարծես պետք է բացատրեն հինգերորդ դասարանցիներին:
Գիտությունը շատ կարևոր է, քանի որ դա է առաջընթացի շարժիչը: Եվ որքան շատ մարդ աշխատի այդ բնագավառում, այնքան կզարգանա պետությունը:
Ընդունված է կարծել, որ հետսովետական երկրները հումքի մատակարարներ են՝ ցորենի, հանածոների և այլն, բայց եթե գլոբալ նայենք, կտեսնենք, որ արագ են զարգանում այն երկրները, որտեղ արվում են նոր հայտնագործություններ, աշխատում է գիտական միտքը:
Եվ մենք ուզում ենք ներդրում անել հետաքրքրասեր լսարան ունենալու համար, որ ստեղծվի գիտությամբ հետաքրքրվող մարդկանց համայնք, որ նրանք շփվեն, համագործակցեն ու նոր գաղափարներ գեներացնեն:
Հիմա, օրինակ, իրար ենք կապում գիտնականներին ու բիզնեսմեններին, որ լինի աջակցություն ու ներդրումներ:
Լայն իմաստով մեր նպատակը քննադատական մտածողության խթանումն է, քանի որ գիտությունն ինքնին հիմնված է գիտական մեթոդի վրա, ինչը նշանակում է հակված լինել կատարելու բազմաթիվ ստուգումներ:
Գիտությունն է տալիս բանալի, թե ինչպես է պետք ստուգել տեղեկությունը՝ հավատալով ոչ թե բառերին, այլ փաստերին: Դա օգտակար կարողություն է, որը պետք է ցանկացած ոլորտում:
Եթե տիրապետում ես գիտական մեթոդի, կարող ես զբաղվել ցանկացած գործով ու լինել հաջողակ: Ասենք, մեդիայում, քաղաքական դաշտում կամ բիզնեսում:
Ցանկացած ինֆորմացիա գնահատելով քննադատաբար, կարող ենք հասկանալ, թե ինչպես են ուզում մեզ վրա ազդել, ենթարկել մանիպուլյացիայի: Դրա զոհը չլինելու համար օգնության է գալիս գիտական օրակարգը, որը պատվաստում է քննադատական մտածողության ունակությունը:
Նաև կան շատ հակագիտական թեմաներ (օրինակ, դավադրության տեսությունները, կեղծ բժշկությունը և այլն), որոնք ապակառուցողական են, բայց տարածված են մեդիայում:
Ի տարբերություն մանիպուլյացիաների, գիտությունը չի ճչում ու աղաղակում, այլ հանգիստ ու հիմնավոր հայտարարում է: Ու թեև դրա պատճառով էլ երբեմն պարտվում է, բայց դա միակ միջոցն է դիմադրելու գոռոցներին, հայփին ու դրանց վիրուսին:
Մարդիկ սիրում են տարածել հիստերիկ ու սկանդալային նյութեր: Ավելի բարդ է լսարանին հասնել, երբ սկանդալ չկա:
Ստիպված ենք փնտրել նոր մեթոդներ, որ չնմանվենք գոռոցների ու հիստերիկային, բայց չկորցնենք լսարանը: Դա ենք փորձում անել՝ արվեստի, գիտության ու տարբեր նախագծերի միջոցով:
Միտքը սա է. գիտությունը ձանձրալի չէ, այլ ընդհակառակը՝ հետաքրիր ու հաճելի: Եվ պետք չէ վախենալ, որ հիմա մեզ կծանրաբեռնեն անհասկանալի բովանդակությամբ:
Կարծում եմ Ուկրաինայի ու Հայաստանի դպրոցները ունեն նույն խնդիրները, դրանք հետ են ընկնում երեխաների սպասելիքներից: Փորձե՞լ եք ձեր մոտեցմամբ ներխուժել դպրոց:
Հիմա աշխատում ենք ստեղծել երեխաներին ուղղված նախագծեր, քանի որ հասկանում ենք, որ որքան շուտ սկսենք, այնքան լավ արդյունքի կհասնենք:
Ուսուցիչներն ավարտել են մանկավարժական համալսարանները (ընդ որում՝ շատերը դեռ սովետական ժամանակ), որտեղ տարիներ շարունակ ոչինչ չի փոխվում: Աշխարհը անճանաչելիորեն փոխվել է, իսկ մանկավարժները՝ ոչ:
Երբ ես գնացի առաջին դասարան, հեռախոսներ չկային, հիմա մենք ըստ էության ունենք մինի համակարգիչ, որը մի քանի անգամ ավելի հզոր է, քան տիեզերք ուղարկած ու Լուսնի վրա վայրէջք կատարած «Ապոլլո» սարքը: Եվ այդ համակարգիչը հասանելի է բոլորին:
Այսինքն, աշխարհը շատ արագ է փոխվում, իսկ ուսուցիչներն ու ծրագրերը՝ ոչ: Անգամ ուկրաինական վերջին սերնդի դասագրքերում կարող ենք գտնել «լեզվի քարտեզի» առասպելը, երբ մարդու զգայարանները ներկայացվում են բաժանված հատվածների (երբ իբրև թե աղի կամ քաղցր համը մենք զգում ենք լեզվի տարբեր մասերով):
Այդ առասպելը վաղուց հերքված է, քանի որ ապացուցված է, որ լեզուն զոնավորված չէ, մինչդեռ դասագրքերում մինչև հիմա դա դասավանդվում է:
Եվ դրա նման շատ այլ խնդիրներ կան, որոնք կլուծվեն, եթե ուսուցիչները տեղյակ լինեն գիտական մտքից, կարդան հետազոտություններ և երեխաներին հասցնեն արդիական տեղեկություն, այլ ոչ թե տարիներ առաջ իրենց սովորածը համալսարաններում:
Իհարկե, չեմ ուզում ընդհանրացնել, քանի որ կան նաև շատ լավ ու ակտիվ ուսուցիչներ:
Խնդիրը ոչ թե ուսուցիչներն են, այլ համակարգը:
Դե, կրթական համակարգը մեր ուժերով փոխել չենք կարող: Բայց կարող ենք աշխատել երեխաների, ուսուցիչների ու նաև ծնողների հետ:
Եթե խոսքը հավասարակշռության մասին է, ապա, իհարկե, գիտական բովանդակությունը պիտի լինի ուրախ: Կարևոր է չկորցնել երեխայի ուշադրությունը, քանի որ երեխան շրջապատված է հազարավոր տեղեկատվական աղբյուրներով ու ալիքներով, հավելվածներով ու զվարճալի խաղերով:
Նա ապրում է անդադար աղմուկի մեջ և որպեսզի կարողանա նկատել ամբողջական ու զարգացնող ինֆորմացիան, այն պիտի լինի առնվազն նույնքան ուրախ, որքան նրան գրավող անօգուտ զվարճանքը:
Դա է երեխաների հետ աշխատելու բարդությունը:
Բայց լավն այն է, որ մենք ոչ թե աշխատում ենք ի հեճուկս կրթության նախարարության, այլ համատեղ, թեև իհարկե, պետական ապարատը միշտ դանդաղաշարժ է:
Իսկ ինչու՞ ընտրեցինք փոդքասթը, ոչ թե վիդեոն:
Երկար նյութերը դժվար է կարդալ ու դիտել, իսկ լսելը ավելի հեշտ է:
Լոնդգրիդները շատ են պետք, քանի որ թույլ են տալիս ներկայացնել համատեքստը: Մինչդեռ կարճ նյութերը ֆրագմենտացնում են ասելիքը: Եվ մենք հիմա դրա ականատեսն ենք, մեր գլխին են թափվում կարճ լուրերը, իսկ մենք անընդհատ քաղց ենք զգում, որովհետև կարճ լուրերը թույլ չեն տալիս հասկանալ համատեքստը:
Երկար հոդվածները լսելի դարձնելը ճիշտ քայլ է: Ի վերջո, մարդիկ շատ ժամանակ են ծախսում ճանապարհներին ու դա փոդքասթի լսելու լավ հնարավորություն է: Մարդիկ նաև սպասք են լվանում, տնային գործեր անում, մարզադահլիճ հաճախում: Այսինքն, անընդհատ շարժման մեջ են:
Փոդքասթը հնարավորություն է փոխանցել տեղեկություն շարժման մեջ գտնվող մարդուն:
Իհարկե, վիդեոն հեշտ է ընկալվում ու ամենապոպուլյար ձևաչափն է, բայց այն մարդուն սահմանափակում է՝ զբաղեցնելով աչքերը: Քայլելով վիդեո չես նայի, իսկ փոդքասթ կլսես:
Ընդհանրապես, հիմա ամենաթանկ բանը ժամանակն է: Բոլորն ուզում են, որ լինի արագ, բայց առանց ինֆորմացիոն աղմուկի, որն առաջացնում է գերհագեցվածություն ու դարձնում է մեզ անտարբեր:
Երբ փոդքասթ ենք լսում, չի առաջանում զգացում, որ կորցնում ենք մեր ժամանակը, քանի որ զուգահեռաբար այլ գործ ենք անում:
Մեկ այլ կարևոր բան էլ կա:
Մենք այնքան շատ բան գիտենք իրար մասին սոցցանցերի շնորհիվ, որ երբեմն կարիք ենք զգում առանձնանալու, կենտրոնանալու, ականջակալ դնելու ու մեկուսանալու:
Եթե վիդեո կարող եք նայել ողջ ընտանիքով, ապա փոդքասթը ենթադրում է մեկուսացում: Իսկ դա շատ կարևոր է հատկապես հիմա, երբ ամեն ինչ բոլորի մասին գիտենք ու անընդհատ կապի մեջ ենք:
Եվ այդ պահին բեմ են դուրս գալիս փոդքասթ ստեղծողները, որոնք գործի են դնում «ես ու դու» ձևաչափը, երբ պատմողն ու ունկնդիրը դեմ առ դեմ են:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: