2019.06.03,

Տեսակետ

«Որքան հեշտ է գտնել տեղեկությունը, այնքան էլ հեշտ է կեղծել այն»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կա մի նախարարություն, որի հետ առնչվում է ցանկացած մարդ և կյանքի ցանկացած փուլում՝ ծնունդից մինչ մահ, ամուսնանալիս, աշխատելիս, դադարելով լինել ամուսնացած, աշխատող, նաև աշխատունակ: Մարդը սոցիալական էակ է :

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահ է, որ պետության դերը հոգատար հանրության ցանցի ստեղծումն է՝ պետության կողմից տրամադրված հասանելի ու մատչելի ծրագրերով: Դա է պետական երաշխիքը:

Անձամբ Զարուհի Բաթոյանը հաճախ է սոցցանցերում բախվում թիրախավորված ատելության դրսևորումներին:

Այսօր սոցցանցերի հայկական տիրույթում կարծես բացվել է ծորակը, ու առանց զսպումի հորդում է ժանգոտած ատելության խոսքը: Եվ հետադիմությունը հաճախ ցուցադրվում է որպես ազատության, անգամ քաջության նշան:  

Զարուհի Բաթոյանը գտնում է, որ երբ կա ազատություն, պետք է սովորել նաև այն նյութականացնել:

Ի՞նչ է փոխվելու նախարարության փիլիսոփայությունում: Այն կարծես պետք է նման լինի ցանցի, որը կապակցում է անխտիր բոլոր քաղաքացիներին:

Ցավոք, այսօր հասարակությունը և նույնիսկ այլ գերատեսչություններ նախարարությունը նույնացնում են թոշակ ու նպաստ բաժանող, խոցելի խմբերի մասին հոգ տանող կառույցի հետ:

Իհարկե, այս բոլոր գործառույթները ներառված են մեր աշխատանքում, բայց նպատակը միայն դա չէ:

Կարևոր է, որ նախարարությունը պատասխանատվություն կրի ոչ միայն այն մարդկանց համար, որոնք արդեն խոցելի խմբերում են, այլև բոլոր քաղաքացիների, որոնք ապրում են սոցիալական միջավայրում:

Օգնի, որ նրանք իրազեկված ու ապահովված լինեն սեփական իրավունքները իրացնելու տեղեկությամբ և իմանան, թե որ խնդրի դեպքում՝ ում պետք է դիմեն:

Դա կօգնի նաև կանխարգելել նրանց հայտնվելը դժվարին իրավիճակներում, քանի որ նախապես իրազեկման, անհրաժեշտ տեղեկատվության ու ծառայությունների տրամադրման դեպքում քաղաքացին ինքը կարող է ընտրել այն ծրագիրը, որի պահանջը զգում է:

Որքանո՞վ եք կարևորում սոցիալական մեդիան՝ սոցիալական իրազեկումը ապահովելու համար:

Սոցիալական մեդիան շատ մեծ կարևորություն ունի: Հատկապես մեծ է գիտահանրամատչելի, կրթության բաղադրիչ պարունակող ժանրերի պահանջարկը:

Ամենապահանջված մեդիա ժանրը հարց ու պատասխանի պարզ ձևաչափն է, որի կարիքը զգում են շատ պաշտոնյաներ:

Նախարարները, փոխնախարարները, որոնք անընդհատ գեներացնում են մտքեր, ծավալում քննարկումներ, թեմաներ են առաջ տանում ու դարձնում օրակարգային, լավ գիտեն, որ այսօր կան դրանք իրականացնելու բոլոր պայմանները:

Իմ առաջին առաջարկներից մեկը եղել է այն, որ պաշտոնյաները ունենան իրենց անձնական էջերը սոցիալական մեդիայում և դրանց միջոցով շփվեն քաղաքացիների հետ, պատասխանեն հարցերի ու տարածեն տեղեկություն:

Այլ կերպ բարդ է ապահովել արագ հետադարձ կապ: Իհարկե, դա չի բացառում օֆլայն հանրային հանդիպումներն ու համագործակցությունը գործող լրատվամիջոցների հետ:

Շատ կարևորում ենք թե՛ մեր ֆեյսբուքյան էջի, թե՛ նախարարության կայքի ակտիվությունը:

Բայց կարծես կայքը բավականին տխուր վիճակում է:

Դեռ այո, բայց շուտով իրավիճակը կփոխվի:

Ընդհանրապես առաջնայինը հաղորդակցությունն է և՛ քաղաքացիների, և՛ մեր գործընկերների հետ:

Սոցիալական մեդիայում շատ բուռն է լինում արձագանքը ցավոտ թեմաներին՝ երեխաների իրավունքների, ընտանեկան բռնության, սեռական դաստիարակության դեպքերին: Պարբերաբար տեսնում ենք, թե ինչպես է աճում ատելության խոսքն ու ձնագնդի էֆեկտի նման՝ ամեն ինչ ուռճացնում: Դա հաշվի առնո՞ւմ եք, աշխատաոճը փոխվու՞մ է:

Իհարկե, շատ են դավադրության վարկածները, չստուգված տեղեկությունները, բայց աշխատում ենք չարձագանքել ամեն բամբասանքի:

Կարծում եմ՝ այս իրավիճակում նախարարությունը պետք է պրոակտիվ լինի: Այսինքն, լինի ոչ թե միայն արձագանքող, ապատեղեկատվությունը հերքող, այլ ինքը թեմա առաջարկի ու խթանի դրա շուրջ քննարկումներ:

Այսօրվա իրականության մեջ հատկապես արժեքավոր է ստուգված տեղեկատվությունը, քանի որ գիտենք, որ հիմա Հայաստանում շատ լուրջ մեդիա միավորներ աշխատում են կառավարության դեմ:

Եվ ցանկացած լավ նախաձեռնություն, որը կարող է բնավ կապ չունենալ քաղաքականության հետ (օրինակ, մանկատների ապաինստիտուցիոնալացումը ու երեխաներին ընտանիք վերադարձը), կարող է ուղղակի աղավաղվել ու շահարկվել մեդիայի միջոցով:

Եվ շատ կարևոր է մի քայլ առաջ լինել ու արագորեն պատասխանել հնարավոր շահարկումներին:

Օրինակ, անձամբ ես հաճախ զգում եմ, որ պարզապես ստիպված եմ գրառումներ անել Ֆեյսբուքում ու պատասխանել տարբեր աղավաղումների: Քաղաքացիները առնվազն պետք է ծանոթ լինեն պաշտոնական աղբյուրներին ու ստուգված տվյալներին:

Բայց նաև տեսնում ենք, որ երբեմն հենց պաշտոնական աղբյուրներն են ոչ լիարժեք տեղեկության կրողներ: Տարիների ընթացքում կուտակված շատ տվյալներ հարուցում են կասկածներ. թվեր են խեղվել, կտրվել համատեքստից:

Այս պահին մենք չունենք ավելի վստահելի տվյալներ, քան վիճակագրական ծառայության տրամադրածն է: Այլ հարց է, որ պահանջվում է աշխատանք կատարել այդ տվյալները հասկանալու, ուսումնասիրելու, համեմատելու համար: Պետք է ուզես որոնել, գտնել, համադրել, մանավանդ, որ հիմա գրեթե չկա փակ տեղեկատվություն:

Իհարկե, բացի պետական վիճակագրական ծառայությունից կան այլ հիմնավորումներով ու ընտրանքով արված հետազոտություններ:

Վերջերս ես հրապարակել էի Քննչական կոմիտեի տվյալները՝ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ: Իսկ լրագրողներից մեկը, մանիպուլացնելով իմ ներկայացրած տվյալները, և իբրև թե հղում անելով դրանց, դիմել էր Ոստիկանություն՝ մեկնաբանություն ստանալու, նշելով, թե ես ասել եմ, որ այդ դեպքերն ավելացել են:

Արդյունքում՝ ոստիկանության մեկնաբանության մեջ նշվեց, թե ես սխալ եմ:

Խնդիրն այն էր, որ մենք մեջբերել էինք տարբեր վիճակագրական տվյալներ և աղբյուրներ: Բնական է, որ լրագրողը մանիպուլյացիա էր արել, իմանալով, որ քաղաքացիները դժվար տարբերեն աղբյուրները:

Հիմա տեղեկություն փնտրելն ու գտնելը շատ հեշտ է: Այլ բան է, որ անհրաժեշտ է լինել մեդիագրագետ, իմանալ, որ տեղեկատվությունը պետք է ստուգվի, դառնա հավաստի:

Եվ հիշենք, որ որքան հեշտ է գտնել տեղեկությունը, այնքան էլ հեշտ է կեղծել այն:

Ապախոշորացված տվյալները չափազանց անհրաժեշտ են, քանի որ դրանք են հուշում քաղաքականություն:

Բայց, իհարկե, կան դեպքեր, երբ գործ ունենք տվյալների հետ, որոնք մեզ ոչինչ չեն հուշում, բայց չգիտես ինչու, դրանք տարիներ շարունակ հավաքագրվում են:

Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է երջանկության գործոնը ներդնել հանրային ծրագրերի մեջ որպես ատելության մթնոլորտի հակակշիռ: Հայտնի է, որ աշխարհում կան երջանկության նախարարություններ:

Քանի որ երջանկությունը սուբյեկտիվ զգացողություն է, կարծում եմ, պետք է հնարավորություն ստեղծվի, որ մարդիկ կարողանան ավելի շատ կենտրոնանալ իրենց ներաշխարհի վրա, հասկանալու համար, թե որքանով են իրենց զգում ինքնաբավ, ինչպես են գնահատում շրջապատի հետ իրենց փոխհարաբերությունները:

Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ ազատ լինենք ոչ միայն որոշակի կենցաղային պրոբլեմներից, այլև զերծ լինենք անարդարության դրսևորումներից, խտրական վերաբերմունքից:

Այսինքն, լինի այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդը կկարողանա ստեղծագործել ու հարաբերվել առանց բացասական զգացողությունների:

Կյանքի վազքի ու կենցաղային խնդիրների բեռի տակ հաճախ դժվարանում ենք խորհել երջանկության մասին, մտածելով, որ եթե այս կամ այն բանը ունենանք, ավելի երջանիկ կլինենք:

Կարծում եմ՝ հեղափոխության հաջողություններից էր նաև անարդարության հաղթահարման ու փոխվստահության զգացումը: Դա ոչ պակաս կարևոր է, քան նյութական ձեռքբերումները:

Երբեմն մեզ մեղադրում են, որ ավելորդ հուզական կամ պոպուլիստական հայտարարություններ ենք անում, բայց կարծում եմ, որ երբեմն անհրաժեշտ է ազատվել զսպվածությունից, կապանքներից, վախից, ինքդ քեզ գրախոսելու պահանջից (վատ իմաստով) ու ավելի ազատ արտահայտվել:

Այն բացասական էներգիան, որը հորդում է շատերի խոսքից, նաև այն պատճառով է, որ, ստանալով ազատություն, մարդիկ չգիտեն, թե ինչպես կարելի է այն նյութականացնել:

Նպատակը մեկն է. մարդը պիտի ինքնաբավ լինի ու զարգացնի իր կարողությունները՝ անկախ տարիքից, սեռից, ֆիզիկական վիճակից:

Նորից սովորի, զբաղվի իր սիրած գործով՝ թեկուզ կամավորության սկզբունքով, ստեղծի մի միջավայր, որտեղ միմյանց օգնելը բնական է:

Եվ այս ամենի հիմքում ճիշտ հաղորդակցությունն է: Երկար տարիներ չի եղել կոմունիկացիա կառավարության և քաղաքացիների միջև, նկատի չունեմ ձևական քայլերը, երբ նախագծերը դրվել են e-draft ու հետո ասվել, որ եղել է քննարկում:

Աշխարհից չկտրվելու համար բոլոր պաշտոնյաներն էլ մեծ ուշադրություն են դարձնում շփումներին, կարդում են իրենց վերաբերող գրառումները սոցցանցերում, նաև իրենց հասցեին գրված թե՛ վատ, թե՛ լավ մեկնաբանությունները:

Ի վերջո, իրար հասկանալու համար պետք է խոսել նույն լեզվով:

Սոցցանցերում շատ են Ձեզ ուղղված տհաճ հարձակումները, վիրավորանքները: Չկա՞ ցանկություն ավելի փակ ու զգույշ լինելու:

Անձամբ ես չեմ վախենում: Ու գիտեմ նաև, որ կարևոր է ճիշտ ընտրել ժամանակը, թե երբ է պետք է խոսել, պատասխանել, իսկ երբ լռել: Ասեմ, որ լռելը ավելի դժվար է:

Բայց ես երբեք չեմ վախենում քննադատությունից, քանի որ վստահ եմ, որ մարդու իրավունքների վրա հիմնված ու ՀՀ սահմանադրությանը չհակասող քննադատությունը օգտակար է:

Լրագրողի մասնագիտությունը ինձ սովորեցրել է, որ եթե կա մեղադրանք (անգամ չակերտավոր), այն պիտի հնչի: Այդ օրենքը տարածվում է նաև ողջ հասարակական կյանքի վրա. եթե կա հարց, կգտնվի նաև մի քանի պատասխան:

Երբ եղան սոցցանցային հարձակումներ (նաև ֆեյքերի կողմից) ինձ վրա, նկատելի էր, որ առաջին հերթին ինձ թիրախավորել էին որպես հաշմանդամություն ունեցող անձ և որպես կին: Այսինքն, վատաբանումները ամբողջությամբ հղված էին դրան:

Գրառումներ են լինում, որ նախարարին հարիր չէ այնպես խոսել, ինչպես ես եմ խոսում, որ ճիշտ պատկերացումների նախարարը պետք է այլ լինի: Այս դեպքերում ես միշտ ասում եմ՝ ես չեմ համապատասխանում նախարարի ձեր պատկերացումներին՝ հենց միայն հաշմանդամություն ունեցող անձ և կին լինելու համար:

Այն, ինչը մարդիկ համարում են «թերություն» կամ «թուլություն», դա իմ մի մասն է, որը բացահայտ է ու երբեք որևէ մեկից չեմ թաքցրել, քանի որ կյանքի փորձով եմ կոփել չվախենալու իմ ունակությունը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *