2019.02.08,

Տեսակետ

«Կան լրատվամիջոցներ, որոնց համար անհարմարավետ է հեղափոխության դեմ խոսելը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը այն քաղաքական գործիչներից է, որոնց շնորհիվ է նոր խորհրդարանը ձեռք բերել նոր երանգ ու նոր հավակնություններ:

«Նախորդ տարիներին քաղաքականության մեջ գործել են խաղի կոշտ կանոններ, տեղ եղել է միայն տղամարդկանց համար: Եվ կանայք խուսափել են խաղալ այդ կանոններով: Բայց դա անցողիկ է»,- ասում է նա:

Անին կարծում է, որ երիտասարդ կինը քաղաքականության մեջ պետք է առավել ինքնավստահ լինի ու պատրաստ լինի ինքնակրթվել. «Հաճախ ինձ ասում են՝ գեղեցիկ պատգամավոր: Եվ եթե ոմանք դա համարում են սեքսիզմի նշան, ապա ես խնդիր չեմ տեսնում, դա անկարևոր է»:

Մեդիա դաշտի խնդիրներից մեկը նա համարում է լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը: Եվ կարծում է, որ ֆեյքերի դեմ տարվող պայքարը երբեմն նմանվում է վհուկների որսի: Ըստ նրա՝ շատ բան մեդիայում իր տեղը կընկնի:

Վարչապետն ասաց, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ: Որքան տեսնում ենք, որոշ լրատվամիջոցներ ու նոր քաղաքական գործիչներ այդ մտքի հետ համաձայն չեն՝ հիշատակելով կեղծ լրատվական օրակարգն ու ֆեյքերի դեմ պայքարի կարիքը:

Կարծում եմ, որ այո, մամուլն ազատ է, և մամուլի նկատմամբ որևէ ճնշումներ չկան: Այլ հարց է, որ լրատվամիջոցների քննադատությունը, (երբեմն նաև շատ սուր) հակահեղափոխական մթնոլորտում դիտվում է ոչ նպատակահարմար:

Ստեղծված իրավիճակում նոր իշխանությունները զգայուն են քննադատության նկատմամբ: Նոր իշխանությունները երկար տարիներ եղել են ընդդիմություն և ունեցել են մամուլի աջակցություն, քանի որ կոռումպացված նախկիններին քննադատելը հեշտ էր:

Ընդդիմությունը ստացել է հանրության վստահությունն ու հովանավորությունը, և ցանկացած խոսք (նույնիսկ դատարկ ու անմիտ), որը հնչում էր ընդդիմադիրների շուրթերից, մամուլը ընդունում էր ի գիտություն ու հրապարակում էր: Այսինքն, կար համերաշխություն:

Հիմա երբ իշխանությունները փորձում են գլուխ հանել պետության մեխանիզմներից, մի կողմից մամուլը, իսկ մյուս կողմից՝ քաղաքական դաշտի մյուս խաղացողները փորձում են գտնել թերություններ: Այս միախառնության արդյունքում ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ իրականացվում է վհուկների որս:

Շատ անգամ ցավով լսում եմ, որ նոր քաղաքական գործիչներն ասում են, որ եթե լրատվամիջոցը կոնկրետ շահեր է սպասարկում, ուրեմն պետք չէ նրան տալ որևէ մեկնաբանություն:

Եկեք հիշենք, որ հեղափոխությունից առաջ այդ նույն լրատվամիջոցները սպասարկում էին բոլորովին այլ շահեր: Եվ այդպես եղել է շարունակ:

Կարծում եմ, դա ճիշտ չէ, քաղաքական գործիչները չպիտի դասակարգեն մեդիան: Մեզ պիտի չհետաքրքրի, թե ում շահերն են սպասարկում դաշտում եղած լրատվամիջոցները:

Կան լրատվամիջոցներ, և մենք դրանց հետ պետք է հաշվի նստենք: Այլ բան է, որ հարկավոր է մշակել սեփական խոսքն ու լրատվամիջոցներին փոխանցվող ուղերձները:

Լրատվական առիթ են դառնում տարբեր վրիպակներն և մանր թեմաները, որոնք երկար քննարկվում են: Օրինակ, պարգևավճարները կամ օրհներգը փոխելու միտքը: Դա բնակա՞ն է:

Իհարկե, կան թեմաներ, որոնք դաշտ են նետվում կարթի պես՝ այլ թեմաներից շեղելու համար:

Բայց պարգևավճարների թեման պարունակում է իրական մտահոգություն, այն չպիտի հիմնվի կամայական որոշումների վրա, այլ կառավարության օպտիմալացման շնորհիվ՝ բարձրացվեն մարդկանց աշխատավարձերը:

Չմոռանանք նաև, որ բարձր պարգևավճարները տրվել են նաև օրենքի խախտումներով:

Հաճախ լսում ենք, որ քաղաքական ուժերի մաս դարձած մեդիա սեփականատերերը ասում են, որ իրենց մեդիայի վրա ազդեցություն չունեն, որ այն ազատ ու անկախ է: Վերջերս տեսանք, որ ձեր կուսակցության անդամ, Արման Բաբաջանյանին պատկանող «Առաջին լրատվականը» հեռարձակել էր կուսակցության անդամների ու քահանայի հանդիպման գովազդային ռեպորտաժը, որը երկար, վիճելի ու լրագրողական ստանդարտներին դեմ էր: Դա նորմա՞լ եք համարում՝ ելնելով կուսակցության շահերից:

Այո, կան լրատվամիջոցներ, որոնք ունեն կախվածություն այս կամ այն քաղաքական ուժից: Մենք դրանից չենք կարող խուսափել, դա համաշխարհային երևույթ է:

Բայց կարծում եմ, «Առաջին լրատվականը» երբեք չի եղել կուսակցության լրատվամիջոց, այն ընդամենը պաշտպանել է կուսակցության գաղափարները:

Բայց քանի որ մեր կուսակցությունը չի խառնվում լրատվամիջոցի բովանդակությանը, չենք կարող ասել, որ մեզ քիչ լուսաբանեն կամ ընտրեն, թե ինչ տեսանկյունից լուսաբանեն: Դա լրագրողների ընտրությունն է:

Երևի ավելի ազնիվ լինի, եթե «Առաջին լրատվականը» դառնա «Լուսավոր Հայաստանի» պաշտոնական մեդիան: Ընդ որում՝ ինչպեսև «Հայկական ժամանակը»՝ «Քաղաքացիական պայմանագրի»: Դա կօգնի դաշտին ինքնամաքրվել:

Կարևոր է, որ մամուլը, թեև ունենալով համակրանք այս կամ քաղաքական ուժի նկատմամբ կամ էլ քաղաքական ուղղվածություն, կարողանա պահպանել հավասարակշռություն: Հիշում եմ նաև, որ Արման Բաբաջանյանի շատ խմբագրականներում կար մեր կուսակցության քննադատությունը:

Իսկ Ձեր նշած ռեպորտաժը ակցիայի լուսաբանում էր, որն արվել էր ի պաշտպանություն եկեղեցու, որպեսզի հասարակությունը չընկնի ծայրահեղությունների գիրկը:

Իհարկե, դա նուրբ թեմա է, որից ծագում են բազմաթիվ շահարկումներ:

Կարծում եմ, այս ռեպորտաժը հենց շահարկումն էր: Ընդհանրապես հիմա որոշ լրատվամիջոցներ դարձել են միակողմանի, քանի որ համարում են, որ հեղափոխությունը տեղի է ունեցել նաև իրենց շնորհիվ:

Լրատվամիջոցների մեծ մասի քաղաքականությունը լուրջ փոփոխությունների ենթարկվեց հեղափոխությունից հետո: Հույս ունեմ, որ դա ժամանակավոր է:

Կան լրատվամիջոցներ, որոնք ակտիվ մասնակցել են հեղափոխությանը և հիմա իրենց համար անհարմարավետ է հեղափոխության դեմ խոսելը: 

Կարծում եմ, որ սա որոշակի անցումային փուլ է, որն անցնելուց հետո բոլոր լրատվամիջոցներն այլևս արդեն չեն կարողանա փակել իրենց ականջները, բերանն ու աչքերը և ասել, որ ոչինչ չեն տեսել, չեն լսել ու ոչինչ չեն ասում:

Որոշակի պահից հետո դրանք պետք է խոսեն ու հաղորդ լինեն հանրության պահանջին: Հիմա հանրությունն ավելի շատ պահանջում է լրատվամիջոցներից չքննադատել նոր իշխանություններին: Հաճախ ենք լսում՝ թողեք, որ աշխատեն, մի խանգարեք: Այսինքն, դեռ պահպանվում է հեղափոխական էյֆորիան:

Անգամ մեզ են կշտամբում, որ երբեմն քննադատում ենք:

Կարծում եմ, իրոք լրատվամիջոցները հիմա անհարմարավետ են իրենց զգում, փորձում են չվանել լսարանին:

Այսինքն, դա շուկայի՞ պահանջն է:

Ամեն դեպքում, ժամանակավոր է:

Համաձա՞յն եք, որ լրատվամիջոցի ֆինանսական աղբյուրների բաց լինելու պարտադրանքը ամրագրվի օրենսդրորեն:

ԶԼՄ-ների մասին օրենքը մեծապես ենթակա է փոփոխությունների: Եվ, ինչպես կուսակցություններին է պարտադրվում ֆինանսական միջոցների հրապարակումը, այդպես էլ պետք է պարտադրվի լրատվամիջոցներին:

Մարդիկ պիտի տեսնեն ֆինանսական աղբյուրները, որպեսզի կարողանան ընտրել՝ ուզում են այդ լրատվամիջոցից լուր ստանալ, թե չեն ուզում:

Տարիներ շարունակ հեռուստատեսությունը կա՛մ պաշտպանել է գործող իշխանություններին, կա՛մ եղել կուսակցությունների շուրջ ստեղծված զանգվածային լրատվական միջոց: Եվ բնական է, որ օրենսդրական պարտադրանքը վախեցնելու է իրենց:

Ի վերջո, մենք հետինդուստրիալ հասարակությունից վերածվում ենք տեղեկատվական հասարակության: Եվ այս իրավիճակում տեղեկատվական հոսքերն արդեն դարձել են անվերահսկելի:

Կարևոր է, որ մարդիկ կարողանան իրենց գիտակցությունը պաշտպանել տեղեկատվական աղբից:

Երևի մեդիագրագիտությունն էլ սկսվում է հենց լրատվամիջոցի ֆինանսավորման հետ ծանոթանալուց, որից կախված է նաև լրահոսի բովանդակությունը:

Լսարանը վերլուծում է լրատվամիջոցի անաչառությունն ու կարողանում խուսափել կեղծ տեղեկությունից, եթե գիտի, թե որտեղից է սնվում լրատվամիջոցը:

Կարծում եմ, մենք հիմա բարդ փուլում ենք, քանի որ նոր իշխանություններին տրված վստահության քվեի դիմաց արդեն պահանջելու ենք քայլեր: Ո՞րն եք համարում առաջնային խնդիրը:

Մենք հիմա ամենալուրջ խնդիրներից ենք համարում սուպերվարչապետական համակարգը, քանի որ շատ կառույցներ, մասնավորապես՝ ուժային, կախված են եղել մեկ անձի որոշումներից, և նաև տարիների ընթացքում հենց այդ կառույցներն են խախտել մարդու իրավունքները:

Այդ կառույցներից հաշվետվողականություն պահանջելը կարևորագույն խնդիր է նաև կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում:

Հիմա դեռ չկա այն թուղթը, որը կօգնի հասկանալ, թե ինչ պատկեր և ինչպիսի ձևաչափ է ունենալու մեր կառավարությունը: Երբ լինի նախագիծը, քննարկումներն ավելի առարկայական կդառնան:

Բայց նկատելի է, որ պետական համակարգի գործողությունները արգելակում են: Խնդիրները բարձրացվում են, հասնում պատասխանատուներին և մնում օդում կախված: Եվ կայացման համար անհրաժեշտ ժամանակն էլ է սահմանափակ:

Պիտի հասցնենք զարգացնել տարբեր ինստիտուտներ, այլապես հետագայում չկայացած ու անձերից կախված ինստիտուտներով չենք դիմանա մարտահրավերներին:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *