Իրինա Ղուլինյան-Գերցը ազատ լրագրող, վերլուծաբան է Բեռլինում: Նա Արևելյան գործընկերության, Եվրամիության, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների և Ռուսաստանի դերակատարության մասին պատմող մի քանի գրքերի հեղինակ և համահեղինակ է:
Ամենօրյա ռեժիմով հետևում է գերմանական և հայկական մամուլին և գիտի, որ քաղաքական կարևոր փոփոխություններն այսօր հաջողում են միայն մեդիաուղեկցության պարագայում:
Իրինան ասում է, որ կողքից հետևելով՝ ավելի շատ է նկատում հայկական մեդիայի թերացումները. «Հրատապ շատ թեմաներ մնում են մակերեսին և այդպես էլ չեն բացվում, լսարանի, հասարակության համար չեն բյուրեղացվում դրանց լուծման ուղիները»:
Նա կարծում է, որ մեդիայում գերիշխում է քաղաքական խոսքը, որը գունեղ, էմոցիաներով համեմված ու լայն մեկնաբանությունների հնարավորություն բացող է, իսկ մասնագիտական, փորձագիտական խոսքը նվազագույն է:
Մեդիան թավշյա հեղափոխությունը հանրայնացրեց միջազգային մեդիայում, սակայն հետագայում վերլուծությունները կրճատվեցին: Ինչու՞:
Միգուցե սրընթաց ու անկանխատեսելի քաղաքական զարգացումները թույլ չեն տալիս մեդիային այս պահին կենտրոնանալ վերլուծության վրա, բայց դրա անհրաժեշտությունը մեծ է:
Կարծում եմ՝ հիմա կա վերլուծական տեքստի կարիք, բոլորը կրկնում են այն, ինչն արդեն ասված է, տեղապտույտի մեջ են:
Համաձա՞յն եք, որ նույն մոտեցմամբ է լուսաբանվում նաև Հայաստանի եվրաինտեգրումը:
2013թ-ից հետո եվրաինտեգրումը մեդիայում մշտապես ներկայացվում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության (ԵԱՏՄ) հետ հակադրումով:
Այս հակադրությունը կաշկանդում է երկու ձևաչափերում համագործակցության բովանդակային վերլուծությունները: Հասկանալի է, որ Եվրամիության ասոցացման համաձայնագրին Հայաստանում երկար էին պատրաստվել, և հանկարծակի կողմնորոշումը դեպի ԵԱՏՄ ստացավ բացասական արձագանք հասարակական շրջանակներում ու մեդիայում:
Ի դեպ՝ կարևորվում է ոչ այնքան ընտրության բովանդակությունը, որքան այն, թե ինչպես կատարվեց այդ անսպասելի շրջադարձը՝ առանց Ազգային Ժողովում և հանրության հետ որևէ քննարկման:
Դրանից հետո եվրոպական ուղղության ծրագրերի լուսաբանումը հիմնականում ուներ դրական շեշտադրում, իսկ եվրասիական տնտեսական համագործակցությանը՝ բացասական:
Սկզբում դա հասկանալի էր, քանի որ դեռ գործում էր անակնկալ շրջադարձի իներցիան: Բայց հետո պետք էր ազատվել դրանից և կենտրոնանալ բովանդակության վրա:
Առհասարակ, հայաստանյան հասարակության մեջ թեմաները քննարկվում են «կամ-կամ»-ի տրամաբանությամբ, ինչը թույլ չի տալիս ընդլայնել թեման:
Դա դարձել է մշակույթ, որն արտացոլվում է նաև մամուլում: Ցանկալի է, որ մամուլը ձերբազատվի դրանից:
Հանրային պահանջն ինչպե՞ս բավարարել:
Եվրոպական ինտեգրացիան կամ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի շարքային քաղաքացիների համար առաջնային թեմաներ չեն:
Նախ այն պատճառով, որ ընտրությունն արդեն կատարված է և համագործակցության սահմանները գծված են:
Ինչ-որ պահի հասարակությանը պարզ դարձավ, որ անկախ համագործակցության ձևաչափից, Հայաստանի առաջընթացը կախված է հայաստանյան իշխանությունների կամքից և ոչ թե որևէ եվրոպական կամ այլ կառույցի անդամակցությունից:
Լրատվամիջոցները կարող են հանրային պահանջ ձևավորել, եթե մեծ փոփոխությունները կապեն մարդկանց առօրյայի հետ: Օգնեն մարդկանց տեսնել այս կամ այն միությանն անդամակցելու օգուտների կամ վնասների կապը իրենց ամենօրյա խնդիրների լուծման հետ:
Մեդիան է ցույց տալիս, թե կյանքի կոնկրետ որ ոլորտում ինչ նոր փոփոխությունների դռներ են բացվում: Հակառակ դեպքում՝ դրանք հետաքրքիր չեն լինի մարդկանց:
Լրագրողները պետք է արհեստականորեն խթանե՞ն քննարկումները:
Սովորաբար արհեստական օրակարգ չենք կարող պարտադրել ընթերցողին, որովհետև շարքային քաղաքացին ունի իր օրակարգը՝ բաղկացած խնդիրների երկար շարանից:
Առհասարակ, անցումային խառնաշփոթ փուլում դժվար է մեդիայի բազմազան օրակարգ ձևավորել, քանի դեռ բոլորը սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ընտրություններից հետո արդեն ավելի լայն՝ մետամակարդակում օրակարգային կդառնան հարցերը, թե ո՞ր ուղղությամբ է շարժվում Հայաստանը, ո՞ր փորձված կամ նոր մեթոդներով է առաջնորդվում, այս կամ այն խնդիրը համագործակցության ի՞նչ լուծումներ ունի և այլն:
Այդ հարցերը սակայն պետք է անպայման քննարկվեն, լուսաբանվեն նաև շարքային քաղաքացու, այսպես ասած, միկրոմակարդակի, օրակարգի համադրմամբ:
Թավշյա հեղափոխության ժամանակ շատ լրատվամիջոցներ հակվեցին լուսաբանել՝ սատարելով նոր ուժին:
Եվ առաջ եկավ մասնագիտական խնդիր. միմյանց խառնվեցին լրագրողի՝ որպես տեղեկություն հաղորդողի և որպես անհատի պարտականություններն ու ցանկությունները:
Հաճախ դժվար էր տարբերակել՝ հաղորդողը քաղաքացի՞ է դեպքի վայրում, որը պատահաբար նաև միկրոֆոն ունի ձեռքին, թե՞ լրագրող: Իհարկե, հասկանալի է, որ լրագրողներն էլ քաղաքացիներ են՝ դժգոհ տասնամյակներ շարունակ տիրող իրավիճակից և նրանց ձայների մեջ բերկրանք չլսել հնարավոր չէր:
Դա իրադարձային մի հորձանուտ էր, որին շատ լրագրողներ պատրաստ չէին և ակնհայտորեն դժվարանում էին էյֆորիայի մեջ տեսնել մասնագիտականի և անձնականի սահմանը:
Փաստորեն փոփոխվելու կարիք կա՞:
Անցած տարիներին լրագրողները մեծամասամբ լուսաբանում էին այսպես ասած՝ ստատիկ, կանխատեսելի բովանդակություն և ընթացք ունեցող միջոցառումներն ու անցուդարձերը:
Պատճառն այն չէր, որ ծուլանում էին, այլ հանրային տաղտուկ, ճահճացած կյանքը, որտեղ ամեն ինչ կատարվում էր ի սկզբանե որոշված, սահմանված շրջանակում:
Հեղափոխությունը նոր իրավիճակ էր, սրընթաց ու անկանխատեսելի դինամիկայով:
Այսօր մեդիայից մեծ և արագ փոփոխություններ սպասել պետք չէ, դա դեռ ժամանակ կպահանջի: Փոփոխությունների շանսերը կմեծանան, երբ երկրում հաստատվի կայունություն, սահմանվեն և գործեն խաղի հստակ կանոններ:
Օրինակ, լրատվամիջոցները ձերբազատվեն ինքնագրաքննության նախկին պրակտիկան իներցիայով շարունակելու արդեն նկատվող միտումներից, պատրաստ լինեն թափանցիկ դարձնելու իրենց իրական ֆինանսական աղբյուրներն ու հոսքերը:
Այլապես դժվար է հավատ ընծայել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են որևէ կառույցի, քաղաքական ուժի, պետական պաշտոնյայի ֆինանսական հոսքերի ստվերային կողմերը, քանի դեռ հենց իրենք թափանցիկ չեն:
Իսկ ի՞նչ անել սոցիալական ցանցերի բուռն էմոցիաների հետ:
Լրատվական դաշտը մրցակցում է սոցիալական հարթակների հետ: Սոցիալական մեդիան դարձել է էմոցիաների պարպման անփոխարինելի և առաջատար միջավայր:
Լրատվամիջոցներն այդ առումով պարտվում են, քանի որ անպիտան են դրա համար, նրանք մեծ հաշվով շահագրգիռ են լսելու, տարածելու կարծիքներ, քան էմոցիաներ:
Եվս մեկ առավելություն՝ լրատվամիջոցները չեն հայհոյում, և բարեբախտաբար շատ են դա գնահատողները:
Սոցիալական հարթակները մեծ արագությամբ և մեծ քանակով ինֆորմացիա են արտանետում: Դրանց ահռելի մասի հավաստիության շուրջ կասկածը լրատվամիջոցների հաղթաթուղթն է:
Մատուցվող բովանդակության հնարավորինս համապարփակության առումով ավանդական մեդիան դեռ առավելություն ունի:
Բովանդակություն քննարկելը, վերլուծելը լսարանին եզրահանգումներ կատարելու հնարավորություն է ապահովում: Սոցիալական հարթակներում ներկայացվող դրվագային տեղեկությունները, դրանց հանդեպ արտահայտվող անափ հիացմունքը կամ հայհոյանքը չեն տալիս բովանդակային քննարկման հնարավորություն:
Սոցիալական ցանցերում արտահայտվող հայհոյանքը պետք է օրենսդրական միջոցներով սանձվի:
Դա խնդիր է բոլոր երկրներում և դրա լուծման համար կան տարբեր ուղիներ:
Բայց չմոռանանք, որ հայհոյանքը լայն կիրառման միջոց էր հայ հասարակության մեջ և մինչ սոցցանցերի հայտնագործումը: Եվ շարունակում է լինել:
Սա հասարակության մեջ միմյանց հետ հարաբերվելու քաղաքակրթական դեֆիցիտի դրսևորում է, որը հաճախ նույնիսկ դիտարկվում է որպես ազգային մենթալիտետի մաս և դրանով իսկ՝ ցավալիորեն արդարացվում:
Հետգրություն. Իրինա Ղուլինյան-Գերցի հետ հարցազրույցն անցկացվել է «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի շրջանակում:
Հարցազրույցը Գայանե Ասրյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: