2018.10.08,

Տեսակետ

«Եկավ մի պահ, երբ լավ լրագրողները ձանձրացան»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արագ տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների ժամանակ լրատվական դաշտը ալեկոծվում է: Ավելի ճիշտ՝ փորձում է հարմարվել փոփոխություններին, առանց փոփոխվելու, ինչի արդյունքում սկսում են երևալ բացերն ու ճեղքերը:

Մոտավորապես դա է նկատվում Հայաստանում հեղափոխությունից հետո, երբ նախկինում ձևավորված աղբյուրները (տեղեկատվական, ֆինանսական, քաղաքական) այլևս դժվարությամբ են ապահովում անհրաժեշտ նյութերի հոսքը:

Լեռնիկ Դալլաքյանը, որը տարբեր տարիներ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում ու ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում» (որպես լրատվության փորձագետ), իսկ այժմ անում է թարգմանություններ, այս իրավիճակը անվանում է գլխիվայր շրջված:

Լրատվական դաշտը բավականին շփոթված ու կարծես մոլորված է: Ինչու՞:

Այդ իրավիճակը երկար տարիներ էր հասունանում:

Նախկինում փողն էր թելադրում կայքերին, թե ինչ գրել, ինչպես գրել և երբ գրել: Հիմա որքան հասկանում ենք, փողի խողովակը դանդաղորեն ցամաքում է և նոր աղբյուրներ չեն նշմարվում:

Ինձ թվում է, որ ոչ ոք չգիտի, թե հետո ինչ է լինելու լրատվամիջոցների ֆինանսների հետ: Եթե ունենայինք մեծ շուկա, կարելի էր մտածել, որ շուկան կարող է լուծել այդ հարցը:

Գովազդով հնարավո՞ր չէ գոյատևել:

Եթե անգամ կայքերում 30-40 գովազդատու լինի, չի ստացվի աշխատել ինքնածախս, քանի որ գովազդը էժան է: Կա հաշվարկ, որ մեկ որակյալ լրատվական կայքի աշխատանքի համար ամսական հարկավոր է 10-15 հազար դոլար:

Բայց կա այլ խնդիր: Նախկինում լրագրողները և լրագրողներ պատրաստող հաստատությունները շատ չէին, իսկ հիմա բոլոր համալսարանները արտադրում են լրագրողներ, որովհետև կա պահանջարկ և ցանկացած լրագրող ցանկացած խմբագրության դուռը կարող է շրխկոցով փակել ու գնալ մեկ այլ խմբագրություն, քանի որ վստահ է, որ գործ կգտնի:

Իսկ կայքի գլխավոր խմբագիրն իր ունեցած ռեսուրսով հանգիստ ու անցնցում կարող էր բացել նաև երկրորդ ու երրորդ կայքերը: Այսինքն, մեկ աշխատակազմի հաշվին ունենալ մի քանի կայք ու խաղալ այսպես կոչված՝ փոխանցումներով, ցրելով տեղեկատվությունը մի քանի կայքերի միջև: Եվ բոլորովին հարկավոր չէր վարձատրել ավելի շատ լրագրողների:

Այդ իրավիճակը հանգեցրեց այն բանի, որ լավ լրագրողները ձանձրացան:

Երբ ձևավորվեց ֆեյքերի համակարգը (ես դա անվանում եմ ֆեյք, քանի որ մեզ մոտ ամեն ինչն էր ֆեյք), այն լրագրողները, որոնք սովոր էին աշխատել քիչ թե շատ ազատ պայմաններում, հոգեբանորեն ճնշվեցին:

Շատերը գնացին աշխատելու պետական գերատեսչություններ, լրատվական ծառայություններ, արդյունքում խմբագրությունները դատարկվեցին:

Եվ միանգամից լրատվական դաշտ հոսեցին երիտասարդները, որոնք ոչ միայն գրագետ չէին, այլև ինֆորմացիայի կրողը չէին: Այսինքն, չունեին հիշողություն և պարզապես տեղյակ չէին, թե այս կամ այն գործիչը նախկինում ինչ է ասել և ինչպես է հիմա ինքն իրեն հակասում:

Չկար նաև այն բազան, որտեղ պահվում էր կարևոր դեպքերի ու ելույթների մասին տեղեկությունը: Ես անգամ առաջարկում էի ստեղծել յուրաքանչյուր քաղաքական կամ հանրային գործչի տեղեկատվական անձնագիրը, որտեղ կպահվեին այդ գործչի բոլոր ժամանակներում հայտնած տեսակետները: Դա կարող էր լրացնել տեղակացված լրագրողների բացը:

Հիմա մենք ունենք հիշողության կորուստ: Լրագրողները խարխափում են ու միաժամանակ նրանց հեշտ է մատի վրա խաղացնել ու խաբել:

Պարզ է, որ բոլոր ժամանակներում էլ լրատվամիջոցները սպասարկում են որոշակի շահեր, բայց դրանք կարող են նաև բացահայտումներ անել: Իսկ երբ լրատվությունը դառնում է կոռումպացված համակարգի բաղկացուցիչ մասը, բոլոր ճանապարհները փակվում են: Ինչն էլ տեղի ունեցավ մեզ հետ:

Իսկ դրա լուծումը կարող էր տալ միայն հեղափոխությունը:

Հեղափոխությունից հետո չենք տեսնում լրատվամիջոցների ֆիանանսական հոսքերի լյուստրացիայի նշաններ:

Կարծում եմ, բոլորս էլ գիտենք, թե որ լրատվամիջոցը ում է պատկանում, թեկուզ միայն տեսնելով, թե ում շահերն է արտահայտում:

Իհարկե, ամեն ինչը պիտի լինի թափանցիկ, նաև ֆինանսական հոսքերը: Եվ լրատվամիջոցը չպիտի ամաչի, որ արտահայտում է այս կամ ուժի շահերը:

Բայց մեզ մոտ շատ բան է անհեթեթ: Օրինակ այն, որ քարոզչություն իրականացնողները ոչ թե գնում էին կամ պատվիրում լրատվամիջոցներին (ինչը կարելի էր համարել նորմալ), այլ օգտագործում էին ֆեյք լրատվամիջոցները: Դա նոր մեթոդ էր:

Խոշոր իմաստով, սա նշանակում էր ամբողջ հանրային համակարգի այլասերում: Ինչն էլ տեղի ունեցավ: Գագաթնակետը վերջին խորհրդարանական ընտրություններն էին, երբ ժողովուրդը փողով էր ընտրում, քանի որ ոչ մի ելք չէր տեսնում:

Միևնույն է բոլորը կեղտոտ են, ընտրելու բան չկա, ավելի լավ է փող վերցրեք… Այդ իրավիճակը միանգամից վերացավ 2018-ի գարնանը: Այդքան արա՞գ ամեն ինչն ընկավ իր տեղը:

Իհարկե: Ժողովուրդը ստեղծել էր պետություն, որի դերն ու նշանակությունն իր աչքի առաջ նվազեց այնքան, որ իշխանությունը այլևս ժողովրդինը չէր: Ժողովուրդը ծայրահեղ նվաստացած էր, իսկ իշխանությունն իր լեգիտիմությունը ապահովում էր դրսից:

«Պետություն» նշանակում է արժանապատվություն: Եթե այն չկա, ուրեմն ոչ թե պետություն է, այլ վարչական մեքենա: Ի դեպ, սա սկսվեց Ռոբերտ Քոչարյանից, որն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ Հայաստանը պիտի լինի «կազմակերպված պետություն»՝ նկատի ունենալով կազմակերպված վարչական ապարատ:

Իրականում, նա հասավ իր երազանքին, քանի որ շատ բան աշխատում էր ժամացույցի նման (թոշակներն ու աշխատավարձերը չէին ուշանում և այլն), բայց պետության բովանդակությունը ոչնչացվել էր:

Հիշում եմ, որ Նիկոլայ Սվանիձեի հետ հարցազրույցի ժամանակ Քոչարյանը ոգևորված պատմում էր «գույք պարտքի դիմաց» խայտառակ ծրագրի մասին, ասելով, որ դա զարգացնելու է հայ-ռուսական հարաբերությունները:

Սվանիձեն վերջում նրան հարցրեց՝ դուք ռուսերե՞ն եք մտածում, թե՞ հայերեն: Այդ հարցով փորձում էր հասկանալ, թե ու՞մ շահերին է հետամուտ Քոչարյանը, Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի:

Այսինքն, մարդը պետության հիմնական ռեսուրսները տվել էր մեկ այլ պետությանը ու հիմա գլուխ էր գովում:

Սա նշանակում էր արժանապատվության նվաստացում: Հասկանալի էր, որ քանի դեռ կար ընդդիմություն, ժողովուրդը փայփայում էր որոշակի հույս: Իսկ երբ վերացավ նաև ընդդիմությունը, ժողովուրդը ոտքի կանգնեց:

Տեսնու՞մ եք հին ուժերի վերադարձի վտանգ:

Միանշանակ է, որ հինը լրիվ մաքրվել է, որովհետև նախկին իշխանությունները պարտվել են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ժամանակին: Իսկ ժամանակը երբեք հետ բերել չի ստացվի:

Նաև նոր ընդդիմություն է պետք: Հները երբեք չեն կարողանա լավ ընդդիմություն լինել (անգամ եթե հանրապետականները ճիշտ բաներ ասեն, դրանք ընկալելի չեն լինի), նորը պիտի ձևավորվի հենց «Իմ քայլի» ներսում: Սկզբից կլինի պառակտում, հետո կծնվեն ֆրակցիաներն ու ընդդիմությունը: Եվ դա նորմալ է:

Հեղափոխական ռոմանտիզմը կանցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որից հետո կձևավորվի բոլորովին նոր կառավարություն: Այսինքն, այս երիտասարդները, որոնք իշխանության եկան հեղափոխության ալիքով, կփոխվեն: Հիմա նրանց համար իշխանությունը խաղալիք է…

Նիկոլ Փաշինյանը հավակնոտ մարդ է: Մյուսները ուզել են գալ իշխանության փող ունենալու համար, իսկ նա ուզում է մնալ պատմության մեջ (այդպիսին էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը):

Իսկ ինչպե՞ս կարող է վերաձևավորվել մեդիա դաշտը, հատկապես հեռուստատեսությունը:

Հենց փողը ազատականացվեց, կիմանա, թե ուր է ուզում հոսել և կգնա դեպի այն մեդիան, որն ունի լսարան: Բայց պարտադիր է, որ այդ պրոցեսը լինի թափանցիկ ու հասարակությունն իմանա, թե ով է այդ փողը տալիս և ինչ շահեր է հետապնդում:

Հիմա հեռուստաալիքները միայն փող են խժռում, այլ ոչ թե բերում են: Ալիքի ծախսերը նախկինում հնարավոր էր կոմպենսացնել՝ օգտագործելով այն որպես քաղաքական գործիք: Բայց հիմա շատ փողատերեր այլևս քաղաքականության մաս չեն լինի ու ուրեմն ալիքներն իրենց պետք չեն:

Մասնավոր ալիքների հարցը մի կերպ կկազմակերպվի, ինձ ավելի է մտագոհում հանրային հեռուստատեսությունը, որը պետք է փակվի: Ինչպես նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

Հանրայինը պարզապես չի կարող լինել լավը, դա բացառվում է: Խնդիրը կառուցվածքն է:

Թող Ազգային ժողովում ձևավորվի հանրայինի խորհուրդ, որը կհրապարակի, թե ինչ է ուզում տեսնել Հանրայինի եթերում և հայտարարի մրցույթ: Եվ թող մրցույթը շահի այն թիմը, որը կկատարի առաջադրված ծրագիրը:

Ի վերջո, մենք մեծաքանակ մասնավոր ալիքներ ունենք: Մեր պետությունը ի՞նչ է ուզում հաղորդել, որը չի կարող անել առանց հանրային հեռուստատեսության: Այդ շենքը, աշխատողներին պահելը պահանջում է հսկայական գումարներ ու պարունակում է մեծ կոռուպցիոն ռիսկեր:

Այն փակելով ու գումարի մեկ երրորդի չափը ծախսելով՝ պետությունը կարող է տարբեր կարևոր ու կրթությանը ուղղված մրցույթներ հայտարարել:

Վստահ եղեք, որ մասնավոր հեռուստաընկերությունները նման հանրային պատվերը կանեն հազար անգամ ավելի լավ ու նվազ ծախսերով, քան հիմա դա անում է Հանրայինը:

Հասկանում եմ, որ BBC-ի գոյությունը ավանդույթի պես բան է, ինչպես Մեծ Բրիտանիայի թագուհին, իսկ ИтарТасс-ը Ռուսաստանի համար կայսերական ատրիբուտ է: Բայց այդ պետությունները փող ունեն ու պահում են դրանք: Իսկ մեզ ինչու՞ է պետք «Արմենպրես»-ը:

Նույն տրամաբանությամբ պետք է փակել նաև ՀՀ նախագահի (այժմ՝ վարչապետի) աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը», որտեղ մի քանի տարի առաջ նաև Դուք էինք աշխատում: Այդ կենտրոնը մեծ և հիմնականում ստվերային ազդեցություն ուներ մեդիա դաշտի վրա, բայց գործունեության մասին ինֆորմացիան հրապարակային չէր:

Կարծում եմ, դեռ հստակ չէ, թե ինչ պիտի արվի այդ հիմնարկի հետ: Գիտեմ, որ այնտեղ շատ մարդ էր աշխատում, կար մեծ բյուջե, որը գործի է դրվում լրատվական դաշտը կառավարելի դարձնելու համար:

Նոր կառավարությունը հայտարարել է, որ նախկինի գործը չի անելու, այլ կատարելու է լրատվականների մոնիթորինգ, որպեսզի ձևավորի խնդիրների օրակարգ: Բայց կարծում եմ՝ այդ գործի համար 20 մարդը լրիվ բավարար է:

Կար ժամանակ, երբ լրատվամիջոցները բողոքում էին, որ իշխանություններն իրենց ճնշում են (դատական գործեր, Ա1 և այլն) ակնկալելով հասարակական աջակցություն, հետո տեղի ունեցավ մի ֆենոմենալ բան՝ խմբագիրները հավաքվեցին ու տարածեցին հայտարարություն, թե իրենց ճնշում է հասարակությունը:

Եվ դիմեցին նոր իշխանություններին պաշպանության համար:

Դա խայտառակ, բայց նաև տրամաբանական էր, քանի որ հիմա մեր լրատվամիջոցները գլխիվայր վիճակում են, չգիտեն, ինչ անել:

Ի՞նչ կարող են անել:

Երևի պիտի հեռանան լրատվամիջոցների գլխավոր խմագիրները: Բայց եթե նրանց ասես՝ դուք սպառվել եք, հեռացեք, որպեսզի լրատվականները կարողանան շնչել կամ նորովի հանդես գալ, կասես՝ ոչ:

Իրենք դա չեն հասկանում: Ոչ էլ քաղաքական կուսակցություններն են հասկանում, որ եկել է հերթափոխի պահը:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *