«Մանանա» կրթամշակութային կենտրոնը երկար ճանապարհ է անցել: Այն տարբեր տարիների (անգամ կարելի է ասել՝ ժամանակային գոտիների) միջով անցած մի հարթակ է, որը համախմբում է երեխաներին ու պատանիներին և սովորեցնում ինքնադրսևորվել լրագրության, կինոյի, լուսանկարչության ու անիմացիայի միջոցով:
Պատանիների համար ստեղծարար կենտրոն հիմնելու գաղափարը ծագեց 1990-ականներին, երբ նորմալ չէր գործում դպրոցը, չկային արտադասարանային խմբակներ, և ընդհանրապես կյանքն անհասկանալի ու բեկումնային փուլում էր:
Ռուզաննա Բաղդասարյանը որոշեց իր երեք որդիների ու նրանց ընկերների համար տարբեր զբաղմունքներ հնարել. «Թերթ էինք սարքում, նկարում, հոդվածներ գրում: Հետո տեսա, որ երեխաները շատանում են ու պահանջ է ծնվում կենտրոն ստեղծելու»,- պատմում է նա:
Այդպես 1995-ին ծնվեց «Մանանան»:
«Բոլորը հղում էին անում պատերազմի և մութ ու ցուրտ տարիներին ու ասում, որ պետք է համբերել, բայց ես տեսնում էի, որ իմ երեխաների ու նրանց սերնդի մանկությունը ավարտվում է, և նրանց գիտելիքներ են հարկավոր»,- ասում է Ռուզաննան:
Տեխնիկայի ու պատանիների նոր սերնդի փոխակերպումները ստիպում են «Մանանային» տարբեր առաջնահերթություններ սահմանել: Հիմա դա մարզային ծրագրերն են:
2014 թվականին ստեղծվեց Հայաստանի պատանի թղթակիցների մարզային ցանցը և 17.am կայքը, որտեղ 14-24 տարեկան պատանիները հրապարակում են նյութեր իրենց հուզող ամենատարբեր թեմաներով՝ կրթության, արտագաղթի, գործազրկության, ազատ ժամանցի, բնակավայրերի խնդիրների, պարզ ու հասարակ մարդկանց, մի խոսքով՝ այն ամենի մասին, ինչն իրենց շրջապատում է:
Սեփական փորձով ու մաշկով ունիվերսալ պատմություն կառուցելը թերևս ամենաբարդ ու շնորհակալ գործն է: Ռուզաննա Բաղդասարյանը վստահ է, որ կառուցումը, այսինքն՝ սցենարը, ամենակարևոր մեկնակետն է:
«Մանանայում» ընդունված է խմբերն ու դասերը կոչել «ստեղծագործական արվեստանոց»: Ինչպե՞ս են դրանք տեղի ունենում:
Փորձում ենք երեխաներին սովորեցնել ինքնաարտահայտվել և դա անում ենք մեդիայի միջոցով: Առաջին հերթին գրում ենք, լինի սցենար, հոդված, թե գեղարվեստական տեքստ:
Նույնիսկ եթե նկարում ես, պիտի իմանաս, թե ինչ ես ուզում ստանալ ու կարողանաս դա ձևակերպել, միևնույն է՝ պատկերներով թե բառերով:
Չենք սովորեցնում համակարգչային որևէ ծրագիր ու ասում՝ դե, գնա, կիրառիր: Մեզ մոտ գիտելիքը ստանում են քննարկման, գեղարվեստական, վավերագրական ֆիլմ կամ սոցիալական գովազդ նկարահանելու ընթացքում, մեդիա ճամբարներում և այլն:
Այսինքն, սովորելը ընթացք է, ինչպես արվեստանոցում: Ուզում ենք, որ երեխաները արտադրանք ստեղծեն ու հենց ստեղծելու պահին սովորեն:
Հավատում եմ, որ ամեն ինչին կարելի է հասնել, եթե սկսես փոխել երեխաների մտածողությունը: Մեծահասակները սովորաբար ունենում են կայուն պատկերացումներ, որոնցից դժվարությամբ են հրաժարվում, իսկ երեխաները արագորեն են ազատվում կարծրատիպերից:
Լրագրության դպրոցները Հայաստանում շատ են, կան բաժիններ գրեթե բոլոր բուհերում, նաև մասնավոր: Դա նորաձև՞ է, թե՞ իրոք պահանջարկ կա:
Գրեթե բոլոր կազմակերպություններն ու համալսարանները մեդիայի հետ կապված բաժիններ ու դասընթացներ ունեն, բայց մեր նպատակը լրագրող պատրաստելը չէ:
Կարծում եմ, որ լրագրությունը «մաքուր», աշխարհից կտրված մասնագիտություն չէ, այն կարող է համադրվել, ասենք, անիմացիայի կամ կինոյի հետ: Ի վերջո, գիտելիքը (ասենք, լրագրողական ժանրերի մասին) շատ հեշտ է ձեռք բերել:
Ավելի կարևոր է, որ երեխան տեսնի, հասկանա, գնահատի ու արժևորի իր շրջապատը: Մի խոսքով, դուրս գա կաղապարից:
Հաճախ երեխաներն ասում են՝ ախր, գրելու բան չկա, ոչինչ չի կատարվում: Իսկ երբ մի փոքր դրդում ենք մտածելու ու տեսնելու, որ իրենց շուրջը տարբեր հետաքրքիր մարդիկ են ապրում, շատ բան հոսում ու փոփոխվում է, միանգամից խանդավառվում են:
Տեսնելը, գնահատելը, վերլուծելը այն հատկանիշներն են, որոնք հարկավոր են բոլոր մասնագետներին: 23 տարվա ընթացքում շատ երեխաներ են եկել մեր կենտրոն, և անկախ այն բանից, թե ինչ մասնագետներ են, նրանք տարբերվում են: Նրանց մտածողությունն է ոչ ստանդարտ:
Շատ լրագրողական դպրոցներ ինչ-որ դասընթացներ են կազմակերպում, հավաստագրեր տալիս: Երևի, մարդիկ սիրում են հեռուստացույցն ու մտածում են, որ կարող են դառնալ սերիալի աստղ կամ հայտնի հաղորդավար:
Չգիտեմ, թե ինչ կարող են սովորեցնել երեխաներին: Ինչպե՞ս լուր գրել: Հետո էլ վստահեցնե՞լ, որ նրանք արդեն լրագրող են, քանի որ լուր գրել գիտեն:
Օրինակ, մենք մեր բոլոր երեխաներին ասում ենք՝ լուր մի գրեք, քանի որ մենք սկզբունքորեն լուրեր չենք հրապարակում: Եթե լուրը քեզ հուզում է, ապա այդ լուրի շուրջը գրիր վերլուծություն, ֆելիետոն, հարցազրույց արա և այլն:
Խրախուսում ենք, որ նյութի կենտրոնում պահեն «փոքր մարդուն», որը երբեք մեդիա- հերոս գուցե չի դառնալու: Մեր թղթակիցներին և ընթերցողներին էլ ասում ենք, որ գրեն «իրական պատմություններ իրական մարդկանց, իրական խնդիրների մասին»:
Մեր երեխաները բնավ էլ «մանկական» խնդիրների մասին չեն գրում, նրանց նյութերի հիմքում իրական ապրումներ են:
Օրինակ, վերջերս մի աղջիկ գրել է իր և հոր հարաբերությունների մասին, ու թեև թեման արտագնա աշխատանքն է, բայց խնդիրն ավելի անձնավորված ու խորն է, քան կարելի է պատկերացնել:
16 տարեկան երեխան հաշվել է, որ իր հորը տեսել է ընդամենը 2 տարի, 4 ամիս, որ իր հոր կյանքի 90%-ը կազմում է աշխատանքը, 10%-ը՝ ընտանիքը: Եվ այդ 10%-ը բաժանվում է իր ու իր մոր միջև: Բայց մայրը հասկանալով, թե որքան մեծ է հոր կարոտը՝ իր բաժին ուշադրությունը զիջում է երեխային:
Կյանքը՝ ներկայացված այդպիսի գրաֆիկով, շատ նուրբ բաների մասին է ակնարկում. մանկության, կնոջ զոհողության, ընտանիքի քայքայվելու նոր մոդելի և այլն:
Ժամանակակից դպրոցը ունի շատ խնդիրներ, բայց երևի, ամենակարևորն այն է, որ դպրոցը չի պատրաստում ինքնուրույն մտածող ու վերլուծող անհատների:
Մենք հենց դա ենք փորձում փոխել: Թեստային համակարգը, որն առաջարկում է ընդամենը երեք տարբերակ՝ այո, ոչ, չգիտեմ, երեխաներին կաղապարում է: Դպրոցը կարող է պարտադրել ընտրել ճիշտ տարբերակը, երբ ճիշտ տարբերակները շատ են, և երեխաների մեջ մահանում է «ինչո՞ւ» հարցը, վերլուծելու ձգտումը:
Ու ճիշտն ասած, ես համարում եմ, որ մեր հասարակության բոլոր չարիքների արմատը դա է: Փոփոխություններ տեղի չեն ունենում, քանի դեռ ուղղորդվում ենք ցուցում-հրամաններով: Ցավոք, երբ հետ ես վարժվում մտածելուց, կորցնում ես շատ ավելին:
Մտածել, առաջին հերթին, նշանակում է կոտրել կաղապարներն ու ինքնուրույն եզրահանգումներ անել:
Միգուցե այդ դեպքում աշակերտը ուսուցչին լուրջ չընդունի:
Հավատացնում եմ, որ երեխան շատ լավ կընդունի միասին պատասխաններ գտնելու ձևաչափը, թեկուզ միայն այն պատճառով, որ իրեն չեն խաբում: Շատ կարևոր է հեղինակություն ձեռք բերել՝ առանց խաբելու:
Ցավոք, այնպես է, որ վերևից ներքև ու ներքևից վերև ավելի հեշտ է աշխատել, երբ ցուցումներ ես ստանում: Այսինքն, ուսուցչին տալիս են ֆորմաներ, որոնցով պետք է աշխատել: Այդպես հեշտ է թե՛ վերևի, թե՛ ներքևի համար:
Շատ քիչ են այնպիսի ուսուցիչները, որոնք կարող են ասել աշակերտին՝ ինքս էլ չգիտեմ պատասխանը, եկեք միասին փնտրենք:
Մտահոգիչ համարու՞մ եք այն ռազմահայրենասիրական քարոզը, որը արվում է դպրոցում: Կարծում եմ, դա քննարկման դաշտ չի թողնում, որ երեխաները մտորեն կյանքի ու մահվան, բաց ճանապարհների շուրջ:
Ռազմահայրենասիրական քարոզչությունը պետական որոշում է: Ինչպես, օրինակ, Սպարտայում էր, որտեղ քարոզվում էր ինքնապաշտպանությունը՝ կյանքի գնով:
Երևի կարծում են, որ քարոզչությունը ոգեշնչում է, բայց տեղի է ունենում հակառակը. այն հոգնեցնում է:
Ինձ թվում է, որ հայրենասիրության մասին ընդհանրապես չեն խոսում, դա պիտի լինի ինքնըստինքյան:
Մի աղջիկ մեզ նյութեր էր ուղարկում, թե ուզում է դիպուկահար դառնալ ու մեկնել սահման: Ասում էր՝ պետք լինի, կյանքս էլ կտամ: Հարցրեցի՝ իհարկե, հասկանում եմ, որ մեծ բաների մասին ես ուզում գրել, բայց ինչո՞ւ ես կարծում, որ պակաս հայրենասիրական է լավ ուսուցիչ կամ թեկուզ լավ մայր լինելը:
Այս աշխարհում ոչ մի մայր չի երազում երեխա ունենալ, որպեսզի նա դառնա պատերազմող զինվոր: Մայրը երազում է, որ իր երեխան դառնա նկարիչ, գիտնական, բժիշկ: Եվ հայտնի «ատամհատիկի» արարողության ժամանակ ոչ ոք տարբեր առարկաների կողքին զենք չի դնում:
Երեխաների համար օրինակելի մոդել են դարձրել զոհված ազատամարտիկի կերպարը ու համոզմունքը, որ հայրենիքի համար պետք է միայն մահանալ, քանի որ դա պատիվ է: Ի դեպ՝ նույնն էլ ասում էր Էրդողանը, որը դեռահաս աղջկան համոզում էր, թե որքան կարևոր է ազգի համար մարտիրոսվելը:
Իմ կարծիքով, մենք նախ պետք է հայրենիքի համար ապրել սովորեցնենք:
Երեխաներն ուղղորդվում են անձնական վարքագծային մոդելներով. ինչ տեսնում, այն էլ սովորում են: Ցույց տաս վատը, կեղծը, դա էլ կընդունի որպես կանոն:
Կեղծը շատացե՞լ է:
Այն եղել է միշտ: Ինձ թվում է, ոչ միայն երեխաները, այլև մեծահասակներն են հոգնել կեղծ խոսքից:
Ամբիոնից խոսում են ծեքծեքուն բաներից, բայց ապրում են բոլորովին այլ կերպ: Եվ որպես դրա ականատես, լսարանն այլևս նրանց չի հավատում:
Գաղափարախոսությունը ազդում է հատկապես այն դեպքում, երբ չկան հակազդող ազդակներ:
Մեդիան ընդհանրապես շատ ազդեցիկ գործիք է: Օրինակ, աղջիկներից շատերը սերիալների ազդեցության տակ ուզում են գնալ ապրելու Հնդկաստան՝ բոլորովին չպատկերացնելով, թե դա ինչ երկիր է:
Հակաքարոզչական պատվաստումներն ինչպիսի՞ ն կարող են լինել:
Հիշում եմ, որ 1988-ին խնդրեցի երեք տարեկան աղջկաս հետևել նորածին եղբորը, մինչև լվացք անեմ: Հեռուստացույցը միացրած էր: Եկա տեսա, որ աղջիկս վախեցած, գունատ վիճակում ամուր գրկել է եղբորն ու պատրաստ է լաց լինել: Ասաց՝ մենք ուզում ենք ռուս դառնալ:
Պարզվեց, որ նայում էին ֆիլմ, թե ինչպես են թուրքերը հայերին կոտորում… Այդ օրվանից ինձ համար ակնհայտ դարձավ, որ գաղափարախոսությունը ակնհայտորեն ազդում է առաջին հերթին երեխաների վրա: Ազդում է, վախեցնում ու ստիպում է գտնել լուծումներ, որոնք այլ իրավիճակում բոլորովին այլ կլինեին:
Երբ երեխային միայնակ ես թողնում գաղափարախոսության հետ, նա մոլորվում է: Առանց ուղեկցի երեխան չի կարողանա թացը տարբերել չորից, հասկանալ, ինչին հավատալ ու ինչպես արձագանքել:
Պիտի սովորեցնել կասկածել: Եվ դա պիտի անի ուղեկիցը՝ լինի դա դպրոցը, ընտանիքը կամ որևէ կազմակերպություն: Ի վերջո, երբ երեխան սկսում է քայլել, նրա ձեռքից բռնում են, որ չընկնի, չվնասվի:
Այդպես էլ հարկավոր է սովորեցնել մեդիագրագիտության հմտությունները:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Երեխային ուղեկիցներ են պետք
Շնորհակալություն Նունե Հախվերդյանին և media.am-կայքին՝ հարցազրույցի, մանկապատանեկան մամուլին, մեդիա կրթությանը անդրադառնալու համար: Նաև՝ բոլոր նրանց, ովքեր իսկապես կարևորում են մանկության և պատանեկության հիմնախնդիրները: Նրանք, ովքեր աշխատում են այս ոլորտում, իրենք էլ ուղեկիցների կարիք ունեն: «Մանանա» կենտրոնի կողքին երկար տարիներ այդ ուղեկիցը «Փարոս» հիմնադրամն է: Տարիներ առաջ, ծանոթանալով մեր գործունեությանն ու դժվարին խնդիրներին, «Փարոսը» կանգնեց մեր կողքին, ասել է թե՝ բոլոր այն երեխաների, ովքեր աշխարհին փորձում են այլ հայացքով նայել, որոնել, պրպտել ու երբեք չհանձնվել: