2018.02.09,

Տեսակետ

«Լրագրողների դատական գործերը կարող են դառնալ լավ նախադեպեր»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Փաստաբան Արա Ղազարյանը մասնագիտացած է լրագրողների իրավունքների պաշտպանության գործում:  Նրան հետաքրքիր են այն դատական գործերը, որտեղ խոսքի ազատության իրացման  պայքար կա: Պաշտպանելով լրագրողների իրավունքները Արա Ղազարյանը նախևառաջ օգնում է հանրությանը անաչառ տեղեկություն ստանալ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ լրագրողների գանգատներով երեք գործ ունի: Գևորգ Ղազարյանի, Հակոբ Կարապետյանի, Թեհմինե Ենոքյանի գործերի քննությունը միջազգային ատյաններում կարող է լավ նախադեպ դառնալ և ոգևորել այն լրագրողներին, որոնք չեն վստահում  ներպետական ատյաններին:

Լրագրողների գործերը առանձնահատու՞կ են:

Տեղական տարբեր դատական ատյաններում պետք է ամեն անգամ տարբեր կերպ ներկայացնես նույն գործը, քանի որ դատարաններն իրենց գործառույթներով  առանձնահատուկ են:

Շատ կարևոր է հայցվոր կողմի տրամադրվածությունը: Կան լրագրողներ, որոնք հետևողական են իրենց գործերի հանդեպ, պատրաստ են ժամանակ տրամադրել քննությանը և սպասելիքներ ունեն արդարադատությունից:

Իսկ որոշ լրագրողներ գործը կարճելու համար սկսում են այնպիսի անհեթեթ պատճառաբանություններ բերել, որ զարմանք է առաջացնում:

Չե՞ն վստահում արդարադատությանը:

Հարցն այնքան սպասելիքները չեն, որքան դատական գործընթացի ձգձգումը:

Լրագրողներն իրենց գերծանրաբեռնված առօրյայով տարվելով չեն հասցնում հետևել կամ մոռանում են իրենց գործերի մասին:

Պատկերացրեք, որ 2008թ-ից մինչև հիմա 120 դատական հայց է եղել, բայց ոչ մի արդյունք չունենք: Այսինքն, վճիռ չի կայացվել:

Բավարար քաղաքական կամք չեմ տեսնում այդ գործերը սեղմ ժամկետներում քննելու և վճիռներ կայացնելու համար: Որոշ դեպքերում էլ քննությունը կարող է երկուսուկես տարի տևել:

Ես այստեղ տեսնում եմ քողարկված անտարբերություն և անգործություն: Քողարկված, որովհետև ապացույցներ չունեմ քաղաքական կամքի բացակայության, բայց ունեմ բազմաթիվ ձգձգված գործերի վիճակագրություն: Այդ ձգձգումները միջազգային դատարաններում աշխատում են հօգուտ հայցվոր կողմի:  

Ի՞նչ վճիռներ եք սպասում Գևորգ Ղազարյանի, Հակոբ Կարապետյանի, Թեհմինե Ենոքյանի միջազգային ատյաններում քննվող գործերից:

Համոզված եմ, որ այդ դատերը շահելու ենք: Մենք առաջին անգամ ենք դիմել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե, այն բավականին ազդեցիկ կառույց է, որի վճիռներն ավելի շատ քաղաքական են: Ինչպես գիտեք, այս միջազգային կազմակերպությունն անցկացնում է մոնիթորիգներ կառավարությունների հետ՝ պարզելու բնակչության կենսամակարդակի, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր:

Պատկերացրեք ինչ պատկեր կստեղծվի, եթե մեր կառավարությունը ներկայացնի մի իրավիճակ, իսկ քննվող գործի արդյունքները փաստեն դրա հակառակը:

Անցյալ տարվա դեկտեմբերից «Էլեկտրիկ Երևանի» գործերը շրջանառության մեջ են դրվել` Մարդու իրավունքների կոմիտեն դիմել է Հայաստանի կառավարությանը՝ պարզաբանումներ ստանալու համար:

Հետագայում սա լավ նախադեպ կարող է դառնալ լրագրողների, միգուցե նաև դատական մարմինների համար:

Հայաստանից դուրս իրենց իրավունքների պաշտպանության ի՞նչ ճանապարհներ ունեն լրագրողները:

Կոնկրետ միջազգային ատյաններում իմ գործերը վարում եմ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի աջակցությամբ: Իրենց աշխատանքային գործունեությունը խոչընդոտելու համար լրագրողները ահազանգել էին կոմիտե, որն էլ ուսումնասիրել էր նրանց գանգատներն ու ընթացք տվել դրանց: Որոշ գործերի պաշտպանություն վստահվել էր ինձ:

Այսօր կան բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են որոշ գործերի պաշտպանության հարցերով զբաղվել: Թեև շատերը չունեն բավարար ռեսուրսներ, սակայն, եթե աշխատեն համակարգված, արդյունք  կլինի:

Արդեն վաղուց ժամանակն է, որ Հայաստանում լրագրողները ստեղծեն իրենց արհմիությունը, որը կարձանագրի և կզբաղվի ոչ միայն սոցիալական, այլև իրավական հարցերով:

Պարզապես արհմիություն ստեղծելիս պետք է կարիքները ճիշտ գնահատվեն, նպատակները հստակ լինեն, համագործակցող կառույցների ու մասնագետների լավ բազա լինի:

Իսկ ի՞նչ անել, երբ լրագրողներն են իրենց գործողություններում սխալվում:

Համաձայն եմ, որ հաճախ նաև լրագրողներն են ոչ օրինաչափ աշխատում հատկապես բողոքի ակցիաների, ցույցերի, հանրային միջոցառումների ժամանակ:

Իմ ուսումնասիրության մեջ հանդիպել եմ դեպքերի, երբ լրագրողը կոնկրետ իրավիճակում դարձել է իրավապաշտպան և ոստիկաններին ասել, թե ինչու են անձին բերման ենթարկում: Իհարկե, սա մասնագիտական գործառույթների խախտում է, որին ոստիկանները պետք է իրավաչափ արձագանքեն, այլ ոչ թե անցնեն հրմշտոցների:

Իսկ առավել տարածված է, երբ նման մասսայական միջոցառումների ժամանակ լրագրողները դառնում են քաղաքական ակտիվիստներ և սկսում ինչ-որ կոչեր հնչեցնել:

Նման դեպքերում նրանք թուլացնում են դատական ատյաններում իրենց պաշտպանությունը:

Ուրիշ որտե՞ղ է դժվարանում լրագրողների գործունեության պաշտպանությունը:

Ինտերնետում հեղինակային իրավունքի պաշտպանության ժամանակ հայտնվում են տարբեր հանգամանքներ, որոնք բարդացնում են քննությունը: Դրանք հիմնականում կախված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սրընթաց փոփոխությունների հետ:

Իրավաբանությունը չի կարողանում այս փոփոխություններին արագ արձագանքել և շատ դեպքերում հետ է ընկնում: Նույն գործի տրամաբանությունը կարող է ժամանակի ընթացքում փոխվել:

Նախկինում ավելի հեշտ էր, քանի որ համացանցում գործ ունեինք բովանդակության և սպառողի հետ, իսկ այժմ սպառողը նաև բովանդակություն ստեղծող է:

Կար տեղեկության փոխանակման մի դեպք (information sharing), երբ տեղեկությունը ցանցում էր, բանալին՝ սպառողի մոտ, սակայն դրանից օգտվելու որոշումը թողնված է սպառողի հայեցողությանը: Եվ անհասկանալի էր, թե օգտվելու դեպքում ինչպես քննել այս գործը, երբ բացակայում է մեղավորության գործոնը:

Ընդհանրապես, ես շատ եմ սիրում համագործակցել լրագրողների հետ, քանի որ դա լավ հնարավորություն է դուրս գալու իրավաբանական կատեգորիաներից և իրադարձություններին նայելու լրագրողների  տեսանկյունով:

Նոր հայացքը հեշտացնում է փաստաբանի աշխատանքը դատական գործի պաշտպանության ժամանակ: Եվ նոր շունչ տալիս գործընթացին:

 

Հարցազրույցը Գայանե Ասրյանի

Լուսանկարը Գագիկ Աղբալյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *