Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը վերջին ամիսներին փոխել է իր լրահոսի ռիթմը, ոճը, նաև՝ լրատվական հաղորդաշարերի կառուցվածքը: Իսկ ամենանկատելի փոփոխությունը լրատվական ռեպորտաժների տեքստերի «բեռնաթափումն» է: Այսինքն, ծանրակշիռ ու հնչեղ խոսքերի հետևում թաքնվելու պրակտիկան այլևս արդիական չէ:
Այդ փոփոխությունները Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանը բնութագրում է որպես վերադարձ դեպի դասական հեռուստալրագրություն:
Լուրերի մատուցման այս ոճը ստիպում է արդեն ավելի ուշադիր լինել բովանդակության հանդեպ (միանգամից չանջատել հեռուստացույցը, երբ պաշտոնական կամ պաթետիկ առոգանություն ես լսում): Ընդհանրապես, «մերկ», առանց դեկորատիվ բառերի ներկայացված բովանդակությունը առավել սուր է ընկալվում ու կա՛մ դրդում մտորելու, կա՛մ առնվազն հուշում, որ մտածելը օգտակար է նույնիսկ այն դեպքերում, երբ բովանդակությունը ֆրագմենտացված է:
Արտակ Հերիքյանը այն լրագրողներից է, որոնք ունեն սեփական դեմքը (նաև՝ ձայնն ու իմիջը), և այդ դեմքը վանող ու վարկաբեկված չէ: Լինելով երկարակյաց լրագրող և հաղորդավար, նա աշխատել է դեռ նոր ձևավորվող Հանրային ալիքում, հետո եղել «Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն, մեկնաբան, որպես Առաջին ալիքի մշտական թղթակից աշխատել է Եվրոպայում (Փարիզ): Կես տարի առաջ նա կրկին վերադարձավ Հանրային հեռուստատեսություն արդեն որպես լրահոսի համակարգող:
«Իմ սիրած գործը դեպքի վայրում լինելն ու պատմելն է, բայց ստացվեց այնպես, որ ավելի շատ խոսել եմ տաղավարից: Ընդհանրապես միշտ զգուշացել եմ մեծ դերերից, բայց հիմա համարում եմ, որ կարող եմ»,- ասում է նա:
Արտակ Հերիքյանը կարծում է, որ այսօր, երբ ամբողջ աշխարհում է հեռուստատեսությունը լսարան կորցնում, հեռուստալուրերը կարող են պահանջված լինել, պարզապես պետք է ազնիվ լինել ու խոսել մարդկային լեզվով:
Թեև ազնվությունն այն անորսալի նյութն է, որի պակասին որպես սպառողներ վաղուց ենք ընտելացել, Արտակ Հերիքյանը համոզված է, որ կարելի է վերականգնել լսարանի վստահությունը:
Առաջին հերթին ինչը՞ փոխեցիք լրահոսում:
Մենք ոչ մի նոր բան չհորինեցինք, պարզապես վերադարձանք դասական հեռուստատեսության կանոններին: Այսինքն, պատրաստում ենք 1,5-2 րոպեանոց ռեպորտաժներ, լուրեր՝ կեսրոպեանոց տեսաշարով, առավելագույնը 3-5 րոպե տևողությամբ հարցացրույցներ ու մեկնաբանություններ, որոնք ներառված են հաղորդումների ու ռեպորտաժների մեջ: Ավելացրեցինք «Օրակարգից դուրս» շաբաթական հարցազրույցների շարքը և «360 աստիճան» կիրակնօրյա հաղորդումը:
Մենք գնում ենք պարզ, բայց ոչ պարզունակ լեզվով և լավ կառուցված կադրերով լուրեր ստեղծելու ճանապարհով: Նաև՝ հասարակական հնչեղություն ստացած թեմաների ու փաստերի պրոֆեսիոնալ ընտրությամբ:
Իրականում մենք մեծ ու կտրուկ բան չենք անում, եկել ենք Հանրային հեռուստատեսությունը վերադիրքավորելու՝ որպես որակյալ լրատվական բովանդակություն ստեղծող հեռուստաընկերություն:
Խորհրդային տարիների սովորություն է, որ պաշտոնական լրատվությունը պետք է մղվի առաջին պլան, բայց դա սրբազան կանոն չէ, որին պետք է հետևեն բոլորը:
Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչու են հեռուստատեսային լուրերը միշտ դրական: Իհարկե, նկատի ունեմ ոչ թե անդրադարձները աղետներին, մահերին, վթարներին, այլ կյանքի մասին պատմող ռեպորտաժները: Դրական երանգով ներկայացնելը ակամայից ծնվող ներքին մղու՞մ է:
Եկեք անկեղծ լինենք, դա կարծատիպ է: Կարծրատիպ է, որ հեռուստացույցով միայն «պուպուշ» բաներ են ցույց տալիս: Նայեք մեր լուրերի թողարկումները և կհամոզվեք դրանում:
Մեր նպատակը մոտենալն է համացանցային լսարանին, որն ավելի մտածող, իրազեկ, ակտիվ, նաև՝ քաղաքականացված է:
Ղժղժան ու հիստերիկ լինելը մի բան է, սթափ լրահոսը՝ բոլորովին այլ: Մենք ունենք հասուն թիմ, որը ողբերգության դեպքում վայնասուն չի բարձրացնում, իսկ ուրախ առիթի դեպքում չի հրճվում ու ցնծում, այլ փորձում է ազնիվ հայացք նետել իրադարձություններին: Միգուցե դա է պատճառը, որ ամրապնդվել է այն կարծրատիպը, թե մենք միայն վարդագույն ակնոցով ենք ցույց տալիս իրականությունը:
Այո, մեր լրագրողները դեպքի վայրում հայտնվելով չեն ճչում ու տագնապալի տեքստեր չեն ասում: Առաջին հերթին փորձեցինք լավ, մրցակցային նորություններ պատրաստել:
Ինչպե՞ս կբնութագրեք «լավ նորություն» հասկացությունը:
Միլիոնավոր բաղադրիչներ կան, որոնց մասին ամեն օր խոսում ենք մեր ժողովների ընթացքում: Սկսած լեզվից…
Մեր լրագրողները կարծես իրենք էլ չգիտեն, թե ինչպես են սկսել խոսել պաշտոնյաների նման՝ մոռանալով մարդկային լեզուն:
Եվ վերջացրած՝ տեսաշարով: Հաճախ մեր հեռուստատեսությունը մոռանում է, որ իր գործը ցույց տալն է, այլ ոչ թե բառաշատ պատմություններով հեռուստադիտողի գլուխը լցնելը: Այսինքն, հարկավոր է կադրը վերադարձնել հեռուստատեսություն, որպեսզի լուրը չնմանվի ընդամենը պատկերաշար ունեցող ռադիոհաղորդման:
Մեծ հաշվով՝ Հանրային հեռուստաընկերության նյուսրումը Հայաստանի առաջին նյուսրումն է, որտեղ լրագրողական ամենահասուն թիմն է աշխատում: Մենք հիմա ունենք թե՛ երեսունամյա աշխատանքային փորձ ունեցող լրագրողներ, թե՛ լրագրողներ, որոնք երեսուն տարեկան չկան: Նաև սերունդների այս համերաշխություն է օգնում ավելի հետաքրքիր ու բազմաշերտ լինել լսարանի համար:
Մյուս կողմից՝ ազդարարելով, որ ուժեղ լրատվական բովանդակություն ենք ստեղծելու, ամրապնդում ենք մեր ներկայությունը համացանցում: Հիմա գործարկման շրջանում է մեր կայքը: Ու դատելով դիտումների քանակից, որոշ իմաստով կարողանում ենք մրցակցել ինտերնետային հեռուստաընկերությունների հետ: Շուտով կգործարկենք նաև մեր ալիքը Յություբում:
Չե՞ք կարծում, որ հեռուստատեսային կյանքը երբեմն ճանաչելի չէ: Կարծես չկան հակահիգիենիկ տրանսպորտի խնդիրները, գյուղացիների ընկճված վիճակը, կրթության բացերը: Հեռուստալուրերը կարծես սահուն են մակերեսի վրա՝ առանց խորության:
Անկեղծ եմ ասում՝ չկա որևէ թեմա, որին մեր լրագրողները ազատորեն չանդրադառնան: Պարզապես մեր տեսանկյունն է տարբեր: Խնդրում եմ, մի համեմատեք մեր լուրերը որոշ կայքերի «կանչող», ճչացող վերնագրերի ու շեշտադրումների հետ: Մեզ համար «չի կարելի» չկա, անդրադառնում ենք ցանկացած թեմայի՝ կարևորելով, թե ինչ տեսանկյունով և ինչ լեզվով է դա արվում:
Այսօր ամբողջ աշխարհում հեռուստատեսային լուրերը ճգնաժամ են ապրում, նրանց մարտահրավեր է նետել համացանցը: Բայց վստահ եմ, որ ֆեյք նորությունների դարում շատ է մեծանում դասական, այսինքն՝ մի քանի անգամ ստուգված ու ամեն գնով արագ էֆեկտի հասնել չձգտող լրատվության դերը:
Լուրջ ու մտածող մարդիկ դիտում են հեռուստատեսությունը օրվա ընթացքում ստացված ահռելի տեղեկատվական հեղեղը միավորելու, սեղմելու ու կես ժամում այն հասկանալու համար:
Իհարկե, հեռուստատեսությունը միշտ վազք է: Երբեմն հազիվ ենք հասցնում անդրադառնալ օրվա թեմաներին: Եվ այո, հաճախ կաղում է հետևողականությունը, այսպես ասած՝ խորամուխ լինելը բարդ է հատկապես ընդհանրական ՝ ոչ լրատվական հեռուստաալիքի դեպքում: Անշուշտ, 24 ժամյա եթեր ունեցող ինֆորմացիոն ալիքն ավելի շատ հնարավորություն ու ժամանակ ունի՝ թեմաներն ավելի խորը ներկայացնելու համար:
Ինքներս էլ հասկանում ենք, որ չենք հասցնում լինել հետևողական, քանի որ ռիթմը ստիպում է մտածել նոր օրվա իրադարձությունների մասին: Այո, հեռուստատեսությունն իր ամենօրյա վազքի մեջ շատ բան չի հասցնում:
Բայց նույնը նաև լրատվական կայքերի դեպքում է, որոնք լուրեր թողարկելու համար ավելի շատ տարածք ու ժամանակ ունեն: Ո՞ր կայքերում եք տեսել խոր ուսումնասիրված ու վերլուծված ռեպորտաժներ կամ տեքստեր: Դրանք շատ քիչ են:
«360 աստիճան» հաղորդումը բավականին բարձր դիտելիություն ունի: Այդպես ծրագրավորվա՞ծ էր:
Ավելի շատ ջանքեր եմ ներդնում մեր առավոտվա և ցերեկային ժամերի լրատվական թողարկումները պատրաստելու համար: Սովորաբար դրանք պարզապես զբաղեցրել են լսարանը մինչև գլխավոր թողարկման եթեր դուրս գալը: Հիմա ուզում ենք, որ բոլոր թողարկումները լիարժեք և հավասարազոր լինեն:
Իսկ «360 աստիճան» հաղորդումը դեռ ձևաչափի փնտրտուքի փուլում է: Դա մի հաղորդում է, որը ես դադարել եմ անել 2008 թվականին, իսկ հիմա վերսկսել եմ:
Կարծում եմ, հաջող է հաղորդման կոնցեպտը՝ շաբաթվա իրադարձությունները ներկայացնել մարդկանցով: Մարդիկ (միգուցե հիմա հակալրագրողական բան եմ ասում), երբեմն ուզում են խնդիրներից բացի մարդկային պատմություններ տեսնել: Եվ շաբաթվա վերջում որպես ինֆորմացիոն հեղեղի ամփոփում հաճույքով դիտում են լավ պատմությունները:
Իսկ լավ պատմությունը բնավ չի բացառում խնդրի սրությունը: Պատմությունը լավն է նաև իր կառուցվածքով ու լեզվով:
Մենք ամեն օր ենք լեզվի մասին խոսում: Այսինքն, փորձում ենք խուսափել խրթին արտահայտությունից և որևէ բան չլղոզել: Եթե ինքներս չենք հասկացել որևէ տեքստի բոլոր դետալները, զուտ արձանագրելու համար եթեր չենք տալիս: Երևի, հենց դա է այն հիմնական փոփոխությունը, որին ձգտում ենք:
Այսօր համալսարաններից մեզ մոտ գալիս են երիտասարդ լրագրողները՝ այն ընկալմամբ, որ ռեպորտաժը նույնն է, ինչ կառավարության հաղորդագրությունը, որը պետք է ներկայացնել պաթոսով կամ խիստ ակադեմիական լեզվով: Հիմա մեր նյուսրումում կա բառերի շարք, որոնք պարզապես արգելված են: Սկսած, ասենք, «անափ սեր» արտահայտությունից…
Նյուսրումում գրեթե ամենժամյա ռեժիմով խոսում ենք տեքստի, կադրի, մոնտաժի որակից, լեզվի մաքրությունից ու դինամիկայից: Հայկական հեռուստատեսությունում ընդունված էր, որ լուրերի թողարկման մեջ կարող է մինչև 13 րոպե տևողության ռեպորտաժ լինել: Հիմա ուզում ենք, որ սուր ու ընդգրկուն ռեպորտաժները սահուն նայվեն: Թեթև, բայց ոչ թեթևամիտ:
Ամբողջ աշխարհում է հեռուստատեսությունը պայքարում ճգնաժամից դուրս գալու ու երկու ոտքով ամուր կանգնելու համար: Նույնը անում ենք նաև մենք:
Մի քանի տարի առաջ ակնհայտ դարձավ, որ հեռուստատեսությունը գնաց դեպի երիտասարդացում: Կար կարծիք, որ տարիքով մարդը կադրում գեղեցիկ չի դիտվում:
Բացարձակապես համաձայն չեմ: Իմ մասնագիտությունը նման է գինու. որքան հին, այնքան լավ: Հասուն հայացքը հենց այնպես չի հայտնվում, զուսպ ու հավասարակշիռ լինելու համար ժամանակ է հարկավոր:
Երբ եկանք Հանրային հեռուստատեսություն, չհայտարարեցինք, որ սրբում ենք հինը ու նորը կառուցում:
Ընդհանրապես հայկական հեռուստատեսությունը ունի լուրջ պրոբլեմ. սերունդերի կապը, կարծես, միշտ կտրվում է: Ինքս առաջին անգամ դուրս եկա եթեր 18 տարեկանում, այն ժամանակ նպատակ կար միանգամից փոխարինել հին հաղորդավարներին նորերով: Իսկ երբ այդքան երիտասարդ ես սկսում աշխատել, չես հասցնում տիրապետել անհրաժեշտ հմտություններին:
Ձեր կարծիքով, վերգետնյա սփռում ունեցող այդքան շատ հեռուստաալիքները պահանջվա՞ծ են:
Այսօր Հայաստանի ո՛չ տնտեսությունը, ո՛չ բնակչությունը այդքան շատ ալիքների պահանջ չունեն, քանի որ քիչ են թե՛ հեռուստաարտադրանքի սպառողները, թե՛ այդ արտադրանքը ստեղծող մասնագետները:
Դա նման է այն ժամանակներին, երբ Երևանում շատ էին բենզալցակայանները: Ինձ թվում է, դա նույն ֆենոմենն է: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում հազիվ երեք լավ ալիք պահելու հնարավորություն, գումար ու պահանջ կա:
Վերջերս BBC-ն հարցում էր արել ու պարզել, որ հատկապես երիտասարդ լսարանը կարևորվում է օգտակար լրատվությունը: Հեռուստատեսությունից և ընդհանրապես լրագրողներից, լսարանը ակնկալում է իր բարձրացրած խնդիրներից ելքեր:
Լուրը հանրային ծառայություն է, ինչպես, օրինակ, տրանսպորտը: Այսինքն, դիտողին լուրը պետք է որոշելու համար, թե հաջորդ օրն ինչ է անելու՝ քաղաքի որ հատվածում է հարկավոր զգուշանալ, ինչ սնունդ ուտել, ինչ կրթություն ստանալ կամ առողջապահական ինչ ծրագրից օգտվել:
Դա է պետք, ոչ թե արձանագրային տեղեկությունը, որը լցվում է լսարանի առջև գերպաշտոնական լեզվով:
Սովետական ժամանակ լրագրությունը հիմնականում քարոզչություն էր, մենք էլ հիմա լիովին դրանից ազատված չենք: Հիմա կարծես վերահայտնագործում ենք հեռուստալրագրությունը և ճակատագրի բերումով՝ հենց այն պահին, երբ դասական լրագրությունն ապրում է իր վատ օրերը:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: