2016.10.21,

Տեսակետ

«Շատ կարևոր է աշխատել թեմայի հետ նաև հրապարակումից հետո»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրագրող, մուլտիմեդիա նախագծերի պրոդյուսեր Արտյոմ Գալուստյանը լրագրությունը դիտարկում է որպես տարբեր բաղադիրչներից կազմված պատմություն, որտեղ կարևոր է ոչ միայն փաստը, այլև հուզական լիցքը: «Ինչպես»-ը նրա համար ոչ պակաս կարևոր է, քան «ինչը»:

Նա աշխատել է «Կոմերսանտ»-ում` որպես հատուկ նախագծեր թողարկող խմբագիր, պատրաստել է «Օտարման երկիր», «Օրը, երբ ավարտվեց պատերազմը» մուլտիմեդիա լոնգրիդերը (longread): Հիմա իր սեփական նախագծերն է իրագործում ու հանդես գալիս որպես խորհրդատու:

«Թվապատում» մեդիա կոնֆերանսի ժամանակ նա պատմեց մուլտիմեդիա պատմություններ ստեղծելու հմտությունների մասին և վարպետության դաս անցկացրեց հայաստանցի լրագրողների հետ:

Մուլտիմեդիա պատմություն պատրաստելու համար Արտյոմ Գալուստյանը պարտադիր է համարում մի քանի բաղադրիչ. էքսկլյուզիվ պատմություն, հուզական լիցք և վիզուալիզացիա անելու ներուժ: Եվ փորձում է նպաստել այդ թանկ արժեցող, մանրամասներով հագեցած ու ազդեցիկ ձևաչափի առաջխաղացմանը Հայաստանում:

Ինչու՞ եք կարծում, որ մուլտիմեդիա պատմությունները արդիական են: Հատկապես երբ ինֆորմացիա սպառողները թռուցիկ են կարդում արագ կազմվող լրահոսը:

Մուլտիմեդիա պատմությունների ձևաչափը, որն ինքնին շատ խտացված, մասշտաբային ու ծախսատար է և պահանջում է թեմայի խորը հետազոտություններ ու թիմային աշխատանք, հենց այն ձևաչափն է, որը բնութագրում է իսկական լրագրությունը:

Այս ձևաչափը հիբրիդային մեխանիզմ է, որը աշխատեցնելու համար հարկավոր է լինել բազմաֆունկցիոնալ:

Կարծում եմ՝ հիմա այն ժամանակն է, երբ պետք է վերադարձնել երկար ընթերցանության և թեմայի մեջ խորասուզվելու մշակույթը, որը, եթե անկեղծ խոսենք, հիմա անհետանում է ամենօրյա լուրերի հզոր հեղեղի ազդեցության տակ:

Հիմա լուրերը մատուցվում են որպես կարճ և փոքր «խորտիկներ» (news snacks), որոնք բոլոր դեպքերում ֆրագմենտացնում են իրականությունը: Ես բնավ էլ չեմ ուզում քննադատել լուրեր գրող լրագրողներին, քանի որ դա բնական երևույթ է իրադարձությունների արագ հոսքի և հաղորդակցության խողովակների աճի պարագայում: Իհարկե, մարդիկ ուզում են տեղեկանալ, թե ինչ է կատարվում իրենց կողքին գրեթե ռեալ ժամանակում, բայց բոլոր դեպքերում հարկավոր է վերադառնալ երկար նյութերի իմաստավորված ընթերցմանը:

Հին մեթոդներով (ասենք` ամսագրային երկար ռեպորտաժի տեսքով) դա անել չի ստացվի: Հին մեթոդերն արդեն մրցունակ չեն, քանի որ պայքարին է միացել մուլտիմեդիան:

Ինձ ու իմ գործընկերներին հաջողվում էր մուլտիմեդիա պատմություններով ուշադրությունը սևեռել կարևոր թեմաների վրա ավելի արագ և նպատակային, քան եթե դա փորձեինք անել թերթի կամ ամսագրի կարճ նյութերի շարքով:

Տարբեր լրատվամիջոցներ տարբեր կերպ են կիրառում այս ձևաչափը: Թերթերն ու խմբագրությունները, որոնք ավանդապես կապված են բառերի հետ, ստեղծում են տեքստակենտրոն լոնգրիդեր, իսկ հեռուստաալիքները շեշտը դնում են վեբ դոկերի (web documentary) վրա, որոնք վավերագրական տվյալները ներկայացնում են վիզուալ բաղադրիչներով:

Ընդհանրապես մուլտիմեդիա պատմությունների ձևաչափը շատ ճկուն է և հանգիստ ադապտացվում է նպատակներին: Իր արտադրությամբ այն ավելի շատ նման է կինոյին, քանի որ արմատները ձգվում են վավերագրական կինոյից և ֆիչըր (feature) լրագրությունից: Դա վավերագրության, PR-ի,մարքեթինգի մի խառնուրդ է, որն օգտագործում է արվեստի ներկայացուցչական ձևերը՝ լայն էկրանը, հատուկ էֆեկտները, ռիթմը և այլն:

Լրագրողը սովորաբար իր մտքերը, զգացմունքները թաքցնում է իր իսկ տեքստի մեջ, փաստերի կույտի տակ: Իսկ կինոն, ընդհակառակը, ընդգծում է հեղինակի ձայնը:

Մուլտիմեդիա պատմություններում կա նաև հեղինակային, գեղարվեստական վերաիմաստավորում (ինչը ավանդական լրագրության մեջ չի հանդիպում): Այսինքն` հեղինակները կարող են իրենց թույլ տալ որոշակի տրամաբանական հանգույցներ շեշտադրել, նոր իմաստներ թելադրել, սեփական տեսանկյունը փոխանցել:

Արտյոմ Գալուստյան <br>Լուսանկարը` Անի Հակոբյանի

Լրագրողը չի կարող նաև հաճախակի խաղալ այլաբանությունների հետ և միջամտել իրական դեպքերի զարգացմանը: Օրինակ բերեմ մեր լոնգրիդը Չեռնոբիլի աղետի մասին: Կար մի հատված, որը ցույց էր տալիս ատոմակայանի պայթյունի հետևանքները, մենք այն տեղադրեցինք՝ զուգակցելով վթարի մասին հայտնող առաջին հեռախոսազանգի հետ, որը կատարած դիսպետչերն ինքն էլ դեռ չէր հասկացել, թե ինչպիսի մասշտաբի սարսափ է տեղի ունեցել:

Ստացվեց, որ մենք սկիզբն ու վերջը միացրեցինք և դրանով իսկ խախտեցինք փաստերի հաջորդականությունը: Բայց այդ քրոնոտոփային խախտումը օգնեց ստեղծել տրամադրություն, էմոցիաներ և փոխանցել տագնապի զգացումը:

Լրագրողի աշխատանքում էմոցիաները բացակայում են, գործ են դրվում միայն փաստերը, իսկ մուլտիմեդիա պատմությունների ձևաչափում արդեն իսկ ներդրված է թեմայի լուսաբանման էմոցիոնալ ներուժ:

Իսկ անձնական վերաբերմունքն ու էմոցիաները չեն կարո՞ղ վնասել նախագծին:

Էմոցիաների չարաշահումներ պատահում են: Մուլտիմեդիա նախագծերը շատ փխրուն են, կարելի է մի փոքր դետալով ամեն ինչ ջնջել ու փչացնել: Բայց քանի որ դա միշտ համատեղ աշխատանք է, պատմության ողջ կառույցը անպայման ստուգվում ու վերստուգվում է թիմակիցների կողմից:

Քիչ լրատվամիջոցներ կարող են իրենց թույլ տալ ժամանակ ու մարդկային ռեսուրս ծախսել մուլտիմեդիա պատմություններ պատրաստելու համար: Հայաստանում մենք նման օրինակներ չունենք:

Իմ մենեջերն ասում էր՝ շատ լավ նախագիծ եք անում, բայց ձեր արտադրանքի դիտումները, համեմատած այլ նյութերի հետ, շատ չեն: Իհարկե, ես հասկանում եմ՝ նա մենեջեր է և պետք է այդպես ասի, բայց հարցն այն է, որ մուլտիմեդիա պատմությունների դեպքում ժամանակային և մարդկային ծախսերը անհամեմատելի են դիտումների քանակի հետ: Եվ այդպես լինելու է միշտ:

«Ռիա նովոստի»-ն, օրինակ, շատ մանրակրկիտ, հագեցած, ինտերակտիվ, 3D մոդելավորմամբ հսկայական մի նախագիծ դարձրեց «Տիտանիկ» նավի պատմությունը: Դիտելով այն` կարծես ճամփորդում եք հենց նավի ներսից, վավերագրական ճշգրտությամբ կահավորված տախտակամածներով: 30 մարդ կես տարի աշխատեց այդ հատուկ նախագծի վրա, բայց թրաֆիքը շատ փոքր ստացվեց:

«Տիտանիկը» շատ լավ իրականացված գաղափար էր… հանուն գաղափարի:

Իսկ, օրինակ, նույն ժամանակ մի շարքային ռուս ուսանող Նոր տարվա նախօրեին ինֆոգրաֆիկ պատմություն ստեղծեց «Օլիվյե» աղցանի մասին, որը մի քանի օրում միլիոնավոր դիտումներ ունեցավ: Մեկ մարդը մեկ ժամում արեց մի գործ, որը լիովին արդարացրեց բոլոր ծախսերը և անգամ ավելին:

Ասածս այն է, որ ոչ բոլոր թեմաներից կարելի է մուլտիմեդիա պատմություններ ստանալ: Նույնիսկ հարկավոր չէ փորձել, եթե վստահ չեք, որ թեման կարևոր է: Ընդհանրապես ոչ բոլոր լրատվամիջոցները պետք է ստեղծեն մուլտիմեդիա պատմություններ: Եթե բացառապես լրատվական կայք եք, դա ձերը չէ:

Թեման պետք է ցավոտ կետի՞ն հարվածի:

Ոչ միայն: Պետք է լինի սյուժե, իրադարձային շերտ, խնդրահարույց հանգույցներ, վիզուալ ներկայացում, որպեսզի հնարավոր լինի լսարանին դարձնել պատմության համամասնակիցն ու ապահովել ինտերակտիվ շփումը: Բովանդակությունը նույնպես պետք է լինի խորը, մասշտաբային և հուզող, ինչպես և այն ներկայացնելու ձևը:

Մուլտիմեդիա պատմությունների հաջողությունը չի ստացվի չափել վիճակագրական տվյալներով (դիտումների քանակով, թրաֆիքով), քանի որ բոլոր դեպքերում թրաֆիքն ու ծախսերը կլինեն անհամաչափ:

Այո, լրատվամիջոցը զգալի ներդրում անելով, թրաֆիքի տեսակետից պարտվում է, բայց շահում է որակական տեսակետից, քանի որ մուլտիմեդիա պատմությունները բարձրացնում են հարթակի իմիջը:

Մուլտիմեդիա պատմությունների պատվիրատուն սովորաբար խմբագրությու՞նն է, թե՞ այն պատրաստում են էնտուզիաստներն ու հետո առաջարկում տարբեր լրատվամիջոցներին:

Ես վստահ եմ, որ հատուկ նախագծեր անելու էնտուզիաստների ցանկությունը թեստի պես մի բան է, որն ապացուցում է գաղափարի կենսունակ ու կարևոր լինելը: Եթե այն հետաքրքրում է մարդկանց, ուրեմն դա լավ գաղափար է:

Արտյոմ Գալուստյան <br>Լուսանկարը` Սոնա Քոչարյանի

Օրինակ` դիզայներ, արվեստագետ Քսենիա Դիոդորովան լրիվ զրոյից և սեփական ուժերով արեց «Ցրտի մեջ» հատուկ նախագիծը Պամիրում ապրող թաթարների մասին: Նա գումար հավաքեց քրաուդֆանդինգի միջոցով, մեկնեց Պամիր, մեկ ամիս ապրեց այնտեղ՝ զրուցելով մարդկանց հետ ու լուսանկարելով նրանց կյանքը: Արդյունքում ստացվեց հիանալի տրանսմեդիա նախագիծ, այսինքն` մի պատմություն, որը ներկայացվեց տարբեր տեղեկատվական հարթակներում. թվային պատմությունից դարձավ ցուցահանդես, հետո՝ տպագիր գիրք, իսկ ավելի ուշ նաև՝ ռադիոհաղորդում: Քսենիան լրագրող չէր, նա պարզապես հավատում էր իր գաղափարին ու քայլ առ քայլ դարձնում այն իրականություն:

Իհարկե, հարկավոր է լինել բազմաֆունկցիոնալ՝ գաղափարը զարգացնել, հաշվարկել, միաժամանկ լինել թե՛ պրոդյուսեր, թե՛ դաշտում աշխատող հետազոտող:

Ընդհանրապես ես միշտ խորհուրդ եմ տալիս մտածել` եթե չլիներ ինտերնետը, ինչպե՞ս կուզեիք ներկայացնել ձեր պատմությունը:

Հայաստանի լրագրողների հետ վարպետության դասի ժամանակ տեսա, որ կան մարդիկ, որոնք արդեն նկարահանված վավերագրական ֆիլմն են ուզում դարձնել մուլտիմեդիա պատմություն: Ի վերջո, եթե թեման իրոք հուզում է հանրությանը, այն միայն կշահի, եթե ներկայացվի տարբեր հարթակներում, քանի որ յուրաքանչյուր հարթակ գործի է դնում մարդկային տարբեր զգայարաններ:

Մի խոսքով շատ կարևոր է աշխատել թեմայի հետ նաև հրապարակումից հետո: Եվ եթե զգում եք, որ թեման հետաքրքիր է, անընդհատ զարգացրեք այն:

Հայաստանում (կարծում եմ` նաև Ռուսաստանում) ամենաընթերցվողը քաղաքական դաշտի հետ առնչվող լուրերն են: Որքանո՞վ է այդ թեման պիտանի մուլտիմեդիա պատմության համար:

Քաղաքական վերադասավորումները ավելի շուտ կարող են ներկայացվել հատուկ նախագծերով, ասենք, ինտերակտիվ ակնարկներով, որտեղ կերևան տարբեր անձանց կապերը, ինտրիգային մանրամասները, սկանդալները: Չարժե այն դարձնել մուլտիմեդիա պատմություն:

Կարծում եմ՝ քաղաքականությանը պետք է անդրադառնալ սոցիալական թեմաների միջոցով: Կամ պատմական փաստերի զուգորդմամբ: Համաձայնեք, որ անցյալում կատարվածի մեջ կարելի է այնպիսի սցենար և սյուժե գտնել, որոնք կօգնեն դիվանագիտական, ռազմական, մարդկային, ճակատագրական և այլ գծերը բերել հատել ներկայում:

Իսկ ապագայում ո՞ր թեմաները կարող են պիտանի լինել մուլտիմեդիա պատմությանը, այսպես ասած, թեմատիկ թրենդեր դառնալ:

Մուլտիմեդիա դաշտը ավելի ընդարձակ է, քան լրագրությունը: Օրինակ` փայլուն նախագիծ արեց Վարշավայի թանգարանը, բայց այն ոչ թե լրագրողական, այլ զուտ թանգարանային է:

Այս ձևաչաձով աշխատելու մեծ ներուժ (թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ ֆինանսական) ունի հեռուստատեսությունը: Ալիքների ինտերնետային կայքերը միշտ հետ են մնում թրենդերից՝ կենտրոնացած լինելով իրենց «մայր» հեռարձակման վրա, իսկ հիմա կարծես թե իրենք էլ հասկանում են, որ մուլտիմեդիան մեծ ուժ է:

Ես վստահ եմ, որ մուլտիմեդիա պատմությունների  ապագան վավերագրողների և հեռուստատեսության ձեռքում է: Մանավանդ` հենց հեռուստատեսային վավերագրողների:

Մի քանի տարի առաջ ռուսական «Առաջին ալիք»-ը ֆիլմ նկարահանեց Հեռավոր Արևելքում տեղի ունեցած ջրհեղեղի ու հազարավոր զոհերի մասին: Այդ ֆիլմը ադապտացված էր վեբ դոկ ձևաչափին: Իհարկե, այն լի էր չարդարացված պաթոսով, սասպենսով, խտացված սարսափով, դինամիկան էլ ավելի շուտ հենց վազքային-լրատվական էր, բայց ամեն դեպքում դա հենց վեբ վավերագրություն էր:

Հրաշալի է աշխատում «Ալ Ջազիրա»-ն, որն, օրինակ, արեց ֆանտաստիկ ֆիլմ Լիբանանում հայտնված սիրիացի փախստականների մասին: Դա ավելի շուտ վավերագրական վեբ սերիալ էր մուլտիմեդիա ձևաչափում: Շատ հաջող են «ԲիԲիՍի»-ի կարճ մուլտիմեդիա պատմությունները:

Այնպես որ ապագան այն լրատվամիջոցներինն է, որոնք ավելի շատ ռեժիսորական ներուժ ունեն: Այսինքն` սովոր են աշխատելու պատկերի հետ:

Մուլտիմեդիա պատմություններ պետք է անեն ոչ թե բառերով, այլ պատկերներով, ավելի շուտ` պատկերային հաջորդականությամբ մտածող մարդիկ: Ես ինքս միշտ ձեռքով եմ նկարում կադրերը և նույնն էլ սովորեցնում եմ վարպետության դասերի ժամանակ: Մինչև չնկարես, չես կարող ստանալ պատմություն:

Մուլտիմեդիա պատմությունները ունեն նաև գովազդային մեծ ներուժ: Դրանք դիտող լսարանը աճելու է: Իհարկե, աճելու է դանդաղ, բայց դիտողների ընկալման որակը բարձրանալու է: Ինչն էլ, ի վերջո, կնպաստի գովազդատուների առաջարկներին:

Խնդիրն այն է նաև, որ չկա վստահություն, որ գովազդատուն չի միջամտի բովանդակությանը:

Իհարկե, փորձելու է միջամտել, բայց դա արդեն լրատվամիջոցի մենեջմենթի որոշման տիրույթում է: Անձամբ ես չեմ անում առևտրային մուլտիմեդիա նախագծեր: Երբեմն խորհուրդներ եմ տալիս, թե ինչպես դրանք անել, բայց ինքս աշխատում եմ կապ չունենալ գովազդային նյութերի հետ:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *