Այսօր առավոտյան Կիևում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է հայտնի հեռուստալրագրող Պավել Շերեմետը:
Շերեմետը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) հրավերով 2008թ.-ին Հայաստանում էր և վարում էր «Մարդու իրավունքները հեռուստատեսությունում» գարնանային դպրոցը լրագրության ֆակուլտետների ուսանողների համար:
Մենք վերահրապարակում ենք Media.am-ի՝ 2008 թ. հարցազրույցը Պավել Շերեմետի հետ:
Վաղուց չեք երևում հեռուստաէկրանին. ինչո՞վ եք զբաղվում։
Վերջին մի քանի տարիներին զբաղվել եմ հատուկ նախագծերով՝ վավերագրական ֆիլմեր եմ պատրաստել։ Դա շատ ժամանակատար է. հաճախ՝ 3-4 ամիս, երբեմն նույնիսկ մեկ տարի ես ծախսում մեկ ֆիլմի վրա։ Այդ է պատճառը, որ սկսել եմ քիչ հայտնվել հեռուստաէկրանին։
Իսկ ֆիլմերը ցուցադրվե՞լ են հեռուստատեսությամբ։
Հիմնականում՝ այո։ Մի քանիսն, իհարկե, այդպես էլ չցուցադրվեցին՝ քաղաքական կամ այլ նկատառումներով։ Օրինակ՝ Հայաստանի մասին ֆիլմը եթեր չգնաց, քանի որ այնտեղ միայն հայկական կողմն էր ներկայացված։ Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության ղեկավարությունն ինձ մեղադրեց ֆիլմում ադրբեջանական դիրքորոշման բացակայության համար, թեև իմ նպատակն ամենևին էլ Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ նկարելը չէր։ Ես պարզապես ցանկանում էի անդրադառնալ հայ ժողովրդի այն բարդույթներին, որոնք դրսևորվել են Ղարաբաղի կոնֆլիկտում։
Ի՞նչ բարդույթներ։
Հայ ժողովուրդն ունի ցայտուն արտահայտված 2 հիմնական բարդույթ։ Առաջինը՝ փառամոլության կամ ընտրյալ լինելու բարդույթն է, որը գալիս է այն մտայնությունից, որ հայերը Նոյի ժառանգներն են։ Եվ երկրորդը՝ զոհի բարդույթն է, որը ձևավորվել է ցեղասպանության հետևանքով։
Սակայն դրանք կարծես հակասում են մեկը մյուսին։
Այո, հայերի բոլոր հակասություններն էլ հենց դրանից են, ամեն ինչին, նաև Ղարաբաղի խնդրին այդքան ցավագին արձագանքելը՝ նույնպես։
Ֆիլմում ես վերլուծում եմ կոնֆլիկտի պատմական արմատները։ Ինձ հատկապես հայկական կողմը, հայ ժողովուրդն էր հետաքրքրում՝ հայկական գաղափարախոսությունը, հայկական առասպելաբանությունը՝ այն ամենը, ինչը դրդում է մարդուն այս կամ այն արարքը կատարել։
Բայց ֆիլմը հեռուստաէկրան դուրս չեկավ, որովհետև Ռուսաստանում ընդունված է՝ եթե դու արտասանում ես «Ղարաբաղ» բառը, ապա պետք է վկայակոչես և՛ հայի, և՛ ադրբեջանցու։
Միայն Ղարաբա՞ղի մասին ֆիլմը եթեր չի գնացել։
Ոչ, եղել է նաև, որ ներռուսաստանյան թեմայով ֆիլմերը եթեր չեն տվել… Այդ պատճառով էլ ես հիմա ուզում եմ կտրուկ փոխել իմ կյանքը և զբաղվել մամուլով կամ, ասենք, տնտեսական լրագրությամբ։ Նաև գրքերի հրատարակությամբ եմ զբաղվում։ Անցած տարի հրատարակեցինք Բորիս Նեմցովի «Խռովարարի խոստովանությունը» գիրքը։ Ռուսաստանում այն բեսթսելլեր դարձավ. իշխանության հասցեին սուր քննադատություն է։
Հիմա նաև դասագիրք եմ պատրաստում հեռուստալրագրողների համար… Այնպես որ՝ ինչ-որ առումով դեռ ճամփաբաժանի վրա եմ, չեմ կողմնորոշվել՝ ինչով զբաղվել։
Ամեն դեպքում՝ լրագրությա՛մբ եք ցանկանում զբաղվել, ո՛չ ուրիշ գործով, թեև այլ մասնագիտություն էլ ունեք։
Մասնագիտությամբ ես բանկիր եմ։ Բավականին ուշ և գիտակցված եմ սկսել լրագրությամբ զբաղվել և այս մասնագիտությանը մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Չեմ ընդունում լրագրությունը մարմնավաճառության հետ համեմատելու փորձերը։ 2-րդ ամենահին մասնագիտության մասին հիմար կատակները իմ մեջ դժգոհություն ու բողոք են առաջացնում։ Այնպես որ՝ այո՛, ես կմնամ լրագրության մեջ։
Պարզապես հիմա Ռուսաստանում քաղաքական լրագրություն չկա. քեզ ստիպում են ամեն տեսակ անհեթեթություններ գրել, դրա համար էլ հետաքրքրությունը լրագրության հանդեպ մարում է։
Իսկ ի՞նչ է կատարվում ռուսական ԶԼՄ-ներում։
Ռուսական լրատվամիջոցներում իրավիճակը շատ բարդ է, հատկապես եթե խոսենք էլեկտրոնային լրատվամիջոցների մասին, որոնք մեծ լսարան ունեն։ Ինչ-որ իմաստով վիճակը կրիտիկական է. լրագրողի վրա շատ հզոր ճնշում է գործադրվում պետության, չինովնիկների և այն քաղաքական գործիչների կողմից, որոնք կապված են իշխանության հետ։ Խոսքի ազատության մասին կարելի է միայն մեծ վերապահումներով խոսել։ Ես սա համարում եմ ռուսական լրագրության լուրջ ճգնաժամ։
Որևէ դերակատարում ունե՞ն այս իրավիճակում լրագրողները, թե՞ կարող են միայն հեռանալ մասնագիտությունից և վերջ։
Մասնագիտությունից դուրս գալը պարտություն է։ Շատ լրագրողներ չեն ենթարկվում ճնշումներին, շարունակում են կատարել իրենց պարտքը։
Արա՝ ինչ պարտավոր ես, և թող լինի՝ ինչ լինելու է. այս սկզբունքով շատերն են առաջնորդվում՝ գործարքի մեջ չմտնելով սեփական խղճի, հեղինակության հետ։
Հեռուստատեսությունից հեռանում են ինտերնետ կամ ռադիո, ռադիոյից՝ թերթ, մեծ թերթերից՝ փոքր թերթեր։ Շատ դժվար ընտրություն է յուրաքանչյուրի համար։
Այսինքն՝ առայժմ իշխանությունը հարձակվում է, լրագրողները՝ նահանջու՞մ։
Այո, դեռ այդպիսին է վիճակը։ Այդ պատճառով էլ այդքան կարևոր է լրագրողների մասնագիտական համերաշխությունը, կարևոր է շարունակել անդրադառնալ թեմաների, որոնք իսկապես հուզում են մարդկանց՝ վստահ լինելով, որ մարդիկ անպայման կարձագանքեն այդ հրապարակումներին։
Մի անգամ ես այս ամենն արդեն տեսել եմ Բելառուսում, հիմա փաստորեն 2-րդ շրջանով եմ վերապրում նույն բաները, ինձ համար նույնիսկ արդեն հետաքրքիր էլ չէ այս ամենին հետևելը: Բայց պետք է ինչ-որ կերպ հաղթահարել հուսալքությունն ու անտարբերությունը։
Եվ ինպե՞ս եք դա անում:
Նոր թեմաներ, նոր ձևեր որոնելով։ Եթե նոր թեմա ես գտնում, քեզ համար արդեն հետաքրքիր է և՛ աշխատելը, և՛ ապրելը։ Եթե նոր ձև ես գտնում, ուրեմն քո տաղանդը նորովի է դրսևորվում։ Կարելի է նաև նոր աշխատատեղի փնտրտուքով զբաղվել։
Ամեն դեպքում՝ չի կարելի տանը նստել ու նվնվալ, այլապես հարբեցող կդառնաս։
Պետք է գործել, շարժվել, այդ շարժման մեջ էլ հենց կգտնես այն ալիքը, որը քեզ դուրս կբերի ճգնաժամից ու առաջ կտանի։
Հարցազրույցը՝ Media.am-ի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: