2016.07.15,

Տեսակետ

Վրաստան. «Շատերն են փորձել մեդիայի վիզը ծռել, բայց դա շատ բարդ է»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

2016 թ. մայիսի 10-14-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր «Անցում թվային հեռարձակման․ Վրաստանի փորձը» ճանաչողական այցելություն։ Վրաստան այս այցին մասնակցելու էին հրավիրվել Հայաստանի մարզային հեռուստաընկերությունների, Ազգային ժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի, ինչպես նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչները։

Կազմակերպիչների նպատակն էր մասնագետներին ծանոթացնել հարևան երկրի հեռարձակման թվայնացման փորձին՝ հաշվի առնելով շուկաների, աշխարհագրության, տնտեսական իրավիճակի նմանությունը։ Բազմաթիվ հանդիպումներ կայացան ոլորտի պատասխանատուների, մասնագիտական հասարակական կազմակերպությունների, հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։

Այցի ընթացքում հին հարցերի պատասխաններ հնչեցին, նոր հարցեր ծագեցին, ինչպես նաև ծնվեց հոդվածների այս շարքը, որը մոտակա շաբաթների ընթացքում կներկայացնի media.am-ը:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի ռեգիոնալ հեռարձակողների ասոցիացիայի (GARB) գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլիին՝ շրջայցի ընթացքում խմբին աջակցելու համար:



2015 թվականի ամռանը Վրաստանն ամբողջությամբ անցավ թվային հեռարձակման: Թվայնացման ճանապարհին որևէ հեռուստաընկերություն չզրկվեց եթերի հնարավորությունից, ավելին՝ տեղի ունեցավ մեդիա դաշտի ազատականացում, որը հնարավոր է դարձնում նոր հեռուստաընկերությունների անխափան մուտքը հեռարձակման ոլորտ:

Ռեգիոնալ հեռուստաընկերություններն անվճար ստացան հեռարձակման հաճախությունների լիցենզիա և դարձան նաև մուլտիպլեքս օպերատորներ: Այս ազատականացման ողջ գործընթացի հետևում հասարակական այլ կազմակերպությունների հետ նաև  Վրաստանի ռեգիոնալ հեռարձակողների ասոցիացիան (GARB) էր, որը երկար պայքար է մղել ռեգիոնալ հեռուստաընկերությունների գոյության և հեռարձակման օրենսդրության բարելավման համար: GARB-ի գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլիի համոզմամբ՝ Վրաստանում անշրջելի գործընթացներ են սկսվել. անկախ իշխանությունների կամքից և ցանկություններից՝ վրացական մեդիան կշարունակի պայքարել իր զարգացման և ազատության համար:

2015 թվականի ամառվանից Վրաստանն անցել է հեռարձակման թվայնացման երկրորդ փուլ, որի ընթացքում նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել թվայնացման բոլոր աշխատանքները:

Ի՞նչ է իրենից ներկայացնում հեռարձակման թվայնացման երկրորդ փուլը, և ինչու՞ անհրաժեշտ եղավ այն:

Հեռարձակման երկրորդ փուլն անհրաժեշտ դարձավ այն պատճառով, որ մինչև 2015 թվականի հունիսը հնարավոր չեղավ ամբողջությամբ ավարտել հեռարձակման թվայնացման աշխատանքերը՝ մուլտիպլեքսները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Օրինակ՝ մուլտիպլեքս օպերատորները պարտավորություն ունեն տվյալների փոխանակման EPG համակարգ ունենալու, սակայն դեռևս որևէ ռեգիոնալ հեռուստաընկերություն, որը համատեղությամբ նաև մուլտիպլեքս օպերատոր է, այդ համակարգը չունի:

Բացի այդ՝ ռեգիոնալ հեռուստաընկերությունները հեռարձակում են սեփական հաղորդումները, սակայն պատրաստ չեն հեռարձակման ծառայություն մատուցել նաև այլ հեռուստաընկերությունների, քանի որ չունեն համապատասխան սարքավորումներ: Այսինքն՝ որոշ տեխնիկական խնդիրներ կան, որոնք դեռևս լուծված չեն:

Այսօր թվայնացման հարցը լուծված է այնքանով, որ այն ռեգիոնալ հեռարձակողները, որոնք կային անալոգային հեռարձակման ժամանակ, այսօր էլ եթերում են թվային ազդանշանով:

Ե՞րբ կարելի է ավարտված համարել թվայնացման երկրորդ փուլը:

Թվային հեռարձակմանն ամբողջությամբ անցնելու վերջնաժամկետ էր նշանակվել 2016 թվականի մարտը, սակայն մեր ասոցիացիան խնդրեց մեկ տարով հետաձգել այն, քանի որ ռեգիոնալ հեռուստաընկերությունները չէին հասցնում մուլտիպլեքսները միջազգային չափանիշներին համապատասխանեցնել:

Սակայն ես կարծում եմ, որ նույնիսկ այս վերջնաժամկետը սահմանելը ողջամիտ չէ:

Եթե չկա պահանջարկ (իսկ պահանջարկ այս պահին չկա), ինչու՞ պետք է մուլտիպլեքս օպերատորներն անիմաստ փող ծախսեն՝ միջազգային չափանիշներին համապատասխան դառնալու համար: Առաջնային խնդիրը լուծված է՝ հեռուստաընկերությունները թվային ազդանշանով հեռարձակում են իրենք իրենց: Իսկ վերջնաժամկետը պետք է լինի ոչ թե կոնկրետ ամսաթիվ, այլ կոնկրետ գոտում պահանջարկի առաջացումը: Պահանջարկի առաջացումից հետո նոր պետք է որոշակի վերջնաժամկետ սահմանել:

Եթե հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը թույլ չտա մինչև 2017 թվականի մարտը աշխատանքները ավարտին հասցնել, ստիպված կլինենք քննարկել վերջնաժամկետը հետաձգելու տարբերակը: Սակայն եթե պետությունը իրավիճակը հաշվի չառնի և քաղաքական կամք չդրսևորի, հեռուստաընկերությունները կզրկվեն իրենց հաճախություններից:

Որո՞նք են այս փուլում հեռուստաընկերությունների մյուս մարտահրավերները:

Վրաստանում դեռևս որևէ հեռարձակող, ցավոք, չի անցել բարձր որակով հեռարձակման (HD): Հեռարձակման թվայնացումը կարևոր էր նաև նրանով, որ այն պետք է ապահովեր տեխնիկապես բարձրորակ եթեր: Ակնկալում ենք, որ խոշոր հեռարձակողներից որևէ մեկը, գոնե՝ Հանրային հեռուստաընկերությունը, մոտ ապագայում կունենա HD պատկեր:

Ռեգիոնալ հեռուստաընկերությունների հետ կապված մեկ այլ խնդիր էլ կա. նրանք ունեն բարձր որակով հեռարձակման հնարավորություն, բայց չունեն լավ տաղավարներ: Գլխավոր մարտահրավերներից մեկը տեխնիկապես հագեցած, վերազինված տաղավարներ ունենալն է: Եթե տեխնիկապես բարձրորակ պատկերի պարագայում բարձրորակ արտադրանք չմատուցես լսարանին, աշխատանքդ ջուրը կընկնի: Սակայն դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որոնք հեռուստաընկերությունները չունեն:

Թվային հեռարձակման անցնելը ազդեց գովազդային շուկայի վրա. գովազդը պակասեց հատկապես փոքր հեռուստընկերությունների եթերում: Այդ պատճառով հեռարձակող մեդիան դժվարանում է թվայնացման աշխատանքները ավարտին հասցնել: Եվ լավ է, որ վերջնաժամկետը երկարաձգվել է մեկ տարով, սակայն մեկ տարին էլ շատ մեծ ժամանակ չէ աշխատանքները ավարտին հասցնելու համար:

Որքանո՞վ է այսօրվա օրենսդրությունը համապատասխանում հեռարձակման ոլորտի ներկա գործընթացներին:

Որոշակի հարցերին օրենսդրական կարգավորումներ տալու կարիք կա: GARB-ը Հաղորդակցման ազգային հանձնաժողովի հետ համատեղ թվային հեռարձակման անցնելու երկրորդ փուլի փաստաթուղթ է մշակել, որում, օրինակ, ներառել է, թե մուլտիպլեքս օպերատորը ինչպես և ո՛ր հեռարձակողին պետք է առաջնայնություն տա հեռարձակման սահամանփակ տեղեր ունենալու պարագայում:

Երկրորդ փուլի փաստաթղթին մենք կցել ենք նաև մեր խորհուրդները, որոնց համաձայն՝ գործընթացին մեծապես պետք է աջակցի պետությունը, որովհետև հեռարձակման թվայնացումը նախ և առաջ պետության պարտավորությունն է, ոչ թե հեռուստաընկերությունների: Մենք կարծում ենք, որ պետությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, ասենք՝ հարկային արտոնություններ տա հեռուստաընկերություններին այս անցումային շրջանում:

Բայց այս գաղափարը առաջ տանելուն մեզ խանգարում է նախընտրական շրջանը (2016 թ. հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են. – խմբ.): Եթե պետությունը հետևի մեր խորհրդին և դիմի այս քայլերին, շատերը դա կընկալեն որպես նախընտրական կաշառք հեռուստաընկերություններին: Այդ պատճառով սպասում ենք ընտրությունների ավարտին:

Ի՞նչ եք կարծում՝ առաջիկա ընտրություններն ի՞նչ ազդեցություն կունենան հեռարձակման թվայնացման ներկա գործընթացի վրա:

Կախված է նրանից, թե ով կգա իշխանության և ինչ մոտեցումներ կունենա, այդ թվում՝ հեռարձակման ոլորտի հետ կապված: Եթե քաղաքական կամքը փոխվի և իշխանությունն ուզենա սահմանափակել մեդիայի ազատությունը, կարող է օգտագործել 2017 թվականի մարտի վերջնաժամկետը՝ հեռուստաընկերություններին լռեցնելու համար:

Իհարկե, մեր երկրում ընտրություններից ընդհանրապես շատ բան է կախված, սակայն կարծում եմ՝ որոշակի գործընթացներ են սկսվել, որոնք այլևս անշրջելի են: Շատերն են փորձել Վրաստանում մեդիայի վիզը ծռել, բայց դա շատ բարդ է: Ով էլ գա իշխանության, դժվարանալու է դա անել: Ամեն դեպքում մենք կխանգարենք:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *