2016.06.10,

Տեսակետ

«Բանաստեղծը կարող է իրականությանը լրագրողական հստակ և զննող աչքով նայել, բայց նաև ազատ է այլ կերպ վարվել իրականության հետ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Փիթեր Բալաքյանը Քոլգեյթ համալսարանի (Հեմիլթոն, Նյու Յորք) գրականության դասախոս է և «Ստեղծագործ գրավոր խոսք» ծրագրի տնօրեն: Ու թեև նրա բանաստեղծությունները հրապարակվում են ողջ աշխարհում, հայ ընթերցողները դեռևս չեն հասցրել բացահայտել Փիթեր Բալաքյանի պոեզիան: Հայաստանում նա առավել հայտնի է ցեղասպանության վերաբերյալ իր գրքերով:

Փիթեր Բալաքյանի բանաստեղծությունների նոր ժողովածուն՝ «Օզոնային օրագիրը» («Ozone Journal») արժանացել է 2016 թվականի Պուլիցերյան մրցանակի՝ պոեզիայի բնագավառում: Հանձնաժողովի ձևակերպմամբ՝ «վտանգների և անորոշությունների դարաշրջանում մարդկության կրած կորուստների և ողբերգությունների ականատեսը լինելու համար»:

Պոեզիան սովորաբար արժանանում է սակավ հանրային ուշադրության, քան արձակը, քանի որ պետք է թարգմանվի ու մի լեզվից մյուսը փոխակերպվի ոչ միայն իմաստը, այլև բառերի ռիթմը, մեղեդին, ֆոնետիկ պատմությունը: Իսկ դա անկորուստ անելը շատ բարդ է:

Փիթեր Բալաքյանի խոսքերով՝ «պոեզիան ունի նրբերանգներով և հանգերով օժտված կատարյալ լեզու, որն ունակ է կլանել հոգեբանական ցնցումները»:

Նա պոեզիան օգտագործում է ուսումնասիրելու համար «մեր ժամանակների գիտակցության պարամետրերը»:

Ոչ ոք չգիտի, թե ինչպես է պոեզիան տարածում իր զգայական «շոշափուկները» և ձայնային ու պատկերային տատանումների միջոցով վերածվում ամենօրյա կյանքը պատկերող կտավի: Պոեզիան կոլաժի պես մի բան է՝ ընդարձակ մի արկղ, որտեղ բանաստեղծը հավաքում ու լցնում է ինչպես ասել է Թոմաս Էլիոթը՝ «պոպուրի խառնուրդը» (mish-mash potpourri):

Փիթեր Բալաքյանն իր «Գրել հորիզոնական» («Writing Horizontal») էսսեում գրում է «Ես սիրում էի աշխատել նոր բանաստեղծությունների վրա քաղաքային կյանքի ամենօրյա թոհուբոհի մեջ, որտեղ սպիտակ աղմուկի և հոծ բազմության մշուշի մեջ կարողանում էի սուզվել իմ մտքերի և տողերի մեջ»:

Երբեմն պոեզիան խաղում է նաև մեդիայի դերը՝ ընթերցողներին տեղեկացնելով առավել հուզական և անձնական տարբերակով: «Պոետները ուղիներ են փնտրում ճկուն դարձնելու համար բանաստեղծությունը, որտեղ համատեղում են անսպասելի իրադարձությունները, մշակութային դժվարամարս փորձը և ես-ն իր բոլոր շերտերով», – գրում է Փիթեր Բալաքյանն իր էսսեում:

«Գրել Հորիզոնական»-ը Փիթեր Բալաքյանի համար պարզապես գեղագիտական ծրագիր չէ: Այն ավելի շուտ տարածությունը ընդարձակելու ուղի է (լեզվագիտորեն և մտովի): «Ես զգացի, որ բանաստեղծության հորիզոնական տարբերակը դեռ պահում է մտքի ինքնաարտահայտման ուղղահայաց ձևը, այսինքն՝ բանաստեղծության սկզբում դրված ծիլը կարող է այնպես բացվել, որ մշտապես պահպանի իր կապը սկզբի հետ», – ասում է նա:

Ես-ի և աշխարհի, մասնավորի և հանրայինի, անձնական վշտի և զանգվածային բռնության հատման կետը միշտ հայտնվում է արդի արվեստի թիրախում: Այդ թվում՝ նաև Փիթեր Բալաքյանի պոեզիայում:

Շնորհավորում ենք Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: Որտե՞ղ էիք, երբ ստացաք նորությունը:

Այդ պահին Իլինոյսի համալսարանում էի: Առավոտից աշխատում էի ուսանողների հետ, ո՛չ օնլայն էի, ո՛չ էլ հեռախոսս էի ստուգել: Մարդիկ էլեկտրոնային նամակներ ու հաղորդագրություններ էին ուղարկում, իսկ ես գաղափար անգամ չունեի, թե ինչի մասին են նրանք գրում: Մրցանակ ստանալու մասին չէի մտածում, շատ զարմացա: Սկսեցի պատասխանել ընկերներիս նամակներին՝ հարցնելով, թե ինչու են ինձ շնորհավորում:

Հիանալի անակնկալ էր, շատ անսպասելի, ինչը միշտ հաճելի է:

Ձեր հրապարակումներից շատերը, այդ թվում՝ «Ճակատագրի սև շունը» («Black Dog of Fate»), «Այրվող Տիգրիսը» («The Burning Tigris») և «Հայկական Գողգոթան» («Armenian Golgotha»), կոնֆլիկտների մասին են: Որպես պոետ և գրականության դասախոս՝ ընդհանուր կապ տեսնու՞մ եք այս բոլոր կոնֆլիկտների միջև:

Հայոց ցեղասպանության պատմական իրադարձությունը կենսական ուժ է եղել իմ երևակայության համար: Իմ աշխատանքն ու պոեզիան համախմբում են հավաքական հիշողությունն ու տրավմատիկ հուշերը՝ արտացոլելով այդ հիշողության ազդեցությունը ժամանակակից աշխարհում ապրող ես-ի վրա:

Զգում եմ, որ գոյություն ունեն համապարփակ չափորոշիչներ, որոնք հայկական փորձառությունը (ցեղասպանության վերապրումն ու հետևությունները) դարձնում են խորհրդանշական պատմական փորձ:

Ցեղասպանության, այն վերապրածների և դրա հետևանքները կրողների պատմությամբ մենք տեսնում ենք, որ 20-րդ և այժմ արդեն 21-րդ դարերում զանգվածային բռնությունները ողբերգականորեն շատ են, իսկ դրանց ազդեցությունը սոցիալական կառույցների և մարդկային կյանքի վրա՝ չափազանց խորը: Ինչը վկայում է այն մասին, որ ցեղասպանությունը համամարդկային կարևորության հարց է:

Հայերի պատմությունը հանընդհանուր կարևորություն ունի մեր մոլորակի վրա շարունակ տեղի ունեցող նմանատիպ այլ պատմությունները հասկանալու համար: Որպես բանաստեղծ և արձակագիր՝ ես անդրադարձել եմ մարդկային փորձի այս չափորոշիչներից մի քանիսին:

Ինձ համար ավելի հետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչպես է վիշտը՝ տրավման, փոխանցվում սերնդեսերունդ:

Հավատում եմ, որ բանաստեղծությունն ունի բարդ հոգեբանական տիրույթներ ներթափանցելու որոշակի ուժ, քանի որ պոեզիան նրբերանգներով և հանգերով օժտված կատարյալ լեզու ունի՝ ունակ կլանելու հոգեբանական ցնցումները: Իմ բանաստեղծություններից մի քանիսը նույնպես օժտված են այդ ցնցումները կլանելու հատկությամբ:

Ես գրել եմ տարբեր բաների մասին: Ինչպես ցանկացած պոետ՝ գրել եմ սիրո և մահվան, մշակույթի և արվեստի, հարաբերությունների և կորստի, փորձել եմ իմ բանաստեղծությունների ցանցը նետել այնքան հեռու, որքան, հուսով եմ կարող է թույլ տալ պոեզիան:

Բայց առավել հետաքրքրված եմ տրավմատիկ պատմական հարցերով, ներառյալ ԱՄՆ պատմության ցավագին իրադարձությունները: Գրել եմ ԱՄՆ Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների վրա ահաբեկչական հարձակման թողած ազդեցության մասին:

Բանաստեղծություններիս վերջին ժողովածուում որոշ պահերի անդրադառնում եմ 1980-ականների ՁԻԱՀ-ի համաճարակին, մշակութային բարդ պատկեր ունեցող բնակավայրերում ընթացող պայքարին՝ սկսած Դեթրոյթի աֆրոամերիկացիներից, վերջացրած՝ ԱՄՆ-ի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Պուեբլոսի տեղաբնիկներով:

Երևակայությանս մեջ շարունակ թերթում եմ աշխարհագրությունը՝ փորձելով ներխուժել դժվարություններով լի տարածքներ, որտեղ կարծում եմ՝ կարող եմ գտնել հարուստ պատմություններ:

Ինչպե՞ս է պոեզիան զգում իրեն ահռելի ինֆորմացիոն հոսքերում: Արդյոք ներթափանցու՞մ է առօրյա տեքստերի մեջ, թե՞ փորձում է կտրված մնալ ժամանակակից կյանքից և մեդիայից:

Հորիզոնական գրելու իմ գաղափարն այն է, որ պոեզիան հնարավորություն է տալիս բացվել և կլանել ժամանակակից կյանքի բարդ ու խճճված խնդիրները և պարբերաբար առաջացող խելագարությունը:

Պոեզիան փորձում է միավորել անհամահունչ, մոլորեցնող էությունները և մեկ ընդհանուր ֆորմայում տեղավորել տարատեսակ նյութերը՝ տեքստերը, ձայները, դիսկուրսները, որոնք վիճարկում են ժանրային սահմաններն ու թույլ տալիս, որ բանաստեղծությունը ձգվի դեպի խորհրդավոր և գաղտնի տարածքներ: Իսկ հետո՝ այդ տարածքների մեջ եղած այլ տարածքներ:

Այն, ինչը մասնավոր կերպով կոչել եմ «գրել հորիզոնական», ոչ այլ ինչ է, քան բնազդ, անձնական կողմնորոշում և բանաստեղծությունն առավել տարողունակ, բազմաշերտ և ճկուն դարձնելու միջոց:

Ուղղահայաց կառուցվածքը կարող է հորիզոնական բանաստեղծությունն արմատավորել, պարփակել իր մեջ՝ ստեղծելով կարգավորող կենտրոն: Մինչդեռ հորիզոնական կառուցվածքը թույլ է տալիս նրբանկատորեն պատկերել զգացումներն ու ընկալումները, որոնք կարող են սահել մտքի լարերով ու տեսողական միջանցքներով:

Ես ավելի ազատ եմ զգում, երբ սկսում եմ խաղալ բանաստեղծության միահյուսվող և փոփոխական հատվածների հետ: Այդպես ավելի է ընդլայնվում բանաստեղծության «գիտակցությունը», դառնում առավել տարողունակ և շարժվելու հնարավորություն տալիս: Ռիթմն ու երաժշտությունը սահում են դեպի նշմարվող պատկերը:

Հորիզոնական գրելու նպատակներից մեկն այն է, որ բանաստեղծությունն ընդարձակվի ու ներծծի մեր ժամանակի խնդիրները, այդ թվում՝ նաև էկրանա-պատկերային դարաշրջանը և այն ազդեցությունը, որը խոշոր տրավմատիկ իրադարձությունները թողնում են մեր անհատականության վրա:

Պոեզիայի տարբեր ուղղությունները համեմատելիս հաճույք եմ ստանում. դրա հետ մեկտեղ՝ սկսում ավելի սուր զգալ գլոբալ կյանքը:

Ինձ հետաքրքիր է, թե ինչպես են հատվում ես-ն ու աշխարհը, մասնավորն ու հանրայինը, ներքին վիշտն ու զանգվածային բռնությունը:

Տասնամյակներ շարունակ գրում եմ թվային դարաշրջանի և այն դժվարությունների մասին, որոնք կրում ենք որպես անհատներ՝ փորձելով ընդունել և մարսել աղետալի իրադարձությունները այն պահից սկսած, երբ դրանք մեզ փոխանցվում են թվային տեխնոլոգիաներն և մեդիայի տարբեր տեսակները: Ինձ նաև հետաքրքիր է, թե ինչ բարդությունների ենք հանդիպում, երբ փորձում ենք այս ամենի էթիկական պահանջները բավարերելու ուղիներ փնտրել:

Պատկերացնու՞մ եք, որ մի օր, ապագայում, լրագրողները կգրեն Ձեր նշած հորիզոնական տարբերակով: Կարո՞ղ է սա դառնալ լրատվության առանձին տեսակ և ինֆորմացիա հաղորդելու նոր ձև:

Կարծում եմ՝ լրագրողները չափազանց կարևոր ու կենսական նշանակություն ունեցող գործ են անում: Նրանք կարողանում են երբեմն հասցնել մեզ շատ դաժան իրադարձությունների խորքերը: Այնուամենայնիվ, լրագրողներն իրենց գործն անելիս առաջնորդվում են ռեպորտաժի որոշակի կանոններով:

Բանաստեղծը կարող է իրականությանը լրագրողական հստակ և զննող աչքով նայել, բայց նա նաև ազատ է այլ կերպ վարվել իրականության հետ:

Ահա, թե ինչու պոեզիան միշտ գեղարվեստ է, հորինվածք, ոչ թե վավերագրություն:

Իհարկե, անհրաժեշտ է սահմանագիծ դնել բանաստեղծական երևակայության և լրագրողական ցանկացած նախաձեռնության մեջ՝ չնայած հնարավոր են դեպքեր, երբ այս երկուսը նույնպես հատվում են:

Ձեր ստացած մրցանակների շարքում կան հայկականները՝ «Մովսես Խորենացի» շքանշանը և «Դանիել Վարուժան» մրցանակը: Հաճա՞խ եք հետևում հայկական իրադարձություններին՝ սպասելով թարմ տեղեկության:

Այո, ամեն օր հետևում եմ Հայաստանի և Արցախի լուրերին: Եվ ամեն օր էլեկտրոնային փոստով ստանում եմ տարատեսակ նյութեր այն կայքերից ու լրատվամիջոցներից, որոնց բաժանորդագրվել եմ: Կարդում եմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում: Կարծում եմ, որ տեղեկացված եմ Հայաստանում կատարվող ամենաթարմ իրադարձությունների մասին: Դա կարևոր է ինձ համար:

Վերջերս Հայաստանում էի նախագահական շքանշան ստանալու առիթով: Դա մեծ պատիվ էր ինձ համար: Ինձ միշտ մեծ եռանդ է հաղորդել և ոգևորել է այս երկրում գտնվելը, հողի վրա քայլելը, ճամփորդելը, եկեղեցիներով թափառելը, խաչքարներին նայելը, թանգարաններ այցելելը՝ տեսնելու Սարյանին, Մինասին, Փարաջանովին և Այվազովսկուն:

Գիտեք, ես կրում եմ մեր գեղարվեստական նվաճումների արտասովոր ավանդույթների մեծ մասը, ինչպես նաև մեր 2000-ամյա հայկական մշակույթը:

Միշտ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի ներշնչման աղբյուր է: Այն շատ խնդիրներ ունի լուծելու, բոլորս գիտենք դա, բայց այն, որ Հայաստանը գոյատևել է, զարգացել ու էվոլուցիա է ապրել այս ամբողջ ժամանակահատվածում, մեծ սխրանք է:

Հնարավո՞ր է «Ozone Journal»-ը թարգմանվի հայերեն՝ ամբողջությամբ կամ մասամբ:

Հուսով եմ՝ շուտով որակյալ թարգմանություն կունենանք, համենայնդեպս, ուզում եմ, որ այդպես լինի: Պետք է սկսենք աշխատանքը: 1990-ականներին Արտեմ Հարությունյանը թարգմանել է իմ հատընտիր բանաստեղծությունների ժողովածուն, բայց դրա տպագրված տարբերակը չկա:

Կուզեի հայերեն թարգմանված տեսնել իմ ժողովոծուի որոշ բանաստեղծություններ, ինչպես նաև պոետների ու արտիստների, այդ թվում՝ նաև Չարենցի, Սիամանթոյի և Գորկու մասին գրված իմ նոր էսսեները:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի, Արմեն Սարգսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *