2016.03.10,

Տեսակետ

Հայաստանի թերթերի ապագան. «Իրավունք»

Media.am-ը շարունակում է թերթերի գլխավոր խմբագիրների հետ հարցազրույցների շարքը՝ Հայաստանում տպագիր մեդիայի խնդիրների և գոյատևման հեռանկարների շուրջ: Շարքի ավարտին կամփոփվեն ընդհանուր միտումները:

Մեր զրուցակիցն «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանն է:

«Իրավունքը» միշտ էլ կդիմանա. ինչքան ինտերնետը տանելու էր, արդեն տարել է»

«Իրավունք» եռօրյա

Հիմնադրվել է 1989թ.:
Տպաքանակը՝ 7000 (փոփոխական):
Տպագրություն՝ երկգույն (սև+լրացուցիչ գույն), 8-16 էջ:
Գինը՝ 100 դրամ:
Ֆինանսական աղբյուրները՝ հատավաճառ, բաժանորդագրություն, գովազդ, նվիրատվություններ:
Առցանց տարբերակը՝ 2000 թ.:

Ճի՞շտ եմ հիշում՝ «Իրավունք» թերթը 25 հազար տպաքանակ ուներ 1990-ականների վերջին, ամբողջովին փակում էր ծախսերը և դեռ շահույթ ուներ…

Այնպիսի շահույթ, որով սեփականաշնորհել ենք էս երկրորդ հարկը (թերթի խմբագրատան զբաղեցրած տարածքն է Երևանի կենտրոնում.- խմբ.): Շահույթն այդպիսին էր մոտավորապես մինչև 2007 թվականը:

Այսինքն՝ մինչև ՍԻՄ-ի ներքին սկանդալն ու թերթի բաժանու՞մը երկու մասի:

Մինչև բաժանումը և ռեյդերային զավթումը: Դրան գումարվեց նաև համացանցի գործոնը:

Իսկ թերթի ուղղվածության փոփոխությու՞ն:

Ուղղվածության փոփոխություն պրակտիկորեն չի եղել: Երկրում փոխվել է վերնախավն ընդամենը:

Վերնախավ, այսինքն, իշխանությու՞ն է փոխվել:

Նկատի ունեմ, որ նախագահ է փոխվել. Ռոբերտ Քոչարյանին փոխարինել է Սերժ Սարգսյանը:

Հարաբերությունները հիմա ինչպիսի՞ն են իշխանությունների հետ:

Դե հիմա մենք բացահայտ իշխանամետ ենք, ավելի ստույգ` նախագահամետ: Բայց դա չի նշանակում, թե իշխանությունները քննադատելի չեն մեր թերթում: Քննադատությունից դուրս միայն նախագահն է:

Հովհաննես Գալաջյան <br> Լուսանկարը՝ անձնական արխիվից

Նախագահի ինստիտու՞տը, թե՞ անձամբ Սերժ Սարգսյանը:

Հույս ունեմ, որ ապագայում նաև նախագահի ինստիտուտն էդպիսին կլինի:

2006թ., երբ բռնության ենթարկվեցիր, ձեր գլխավոր վարկածն էր, թե այդ բռնության թիկունքում Սերժ Սարգսյանն է:

Դա ընդամենը վարկածներից մեկն էր: Բայց հետո պարզվեց, որ այդպես չէր: Իսկ բռնության հեղինակի ով լինելը մենք պարզեցինք բավական արագ:

Երբ պարզեցիք, որ Սերժ Սարգսյանը կապ չունի այդ բռնության հետ, որոշեցիք նրա հետ համագործակցե՞լ:

Արդեն 2007 թ., երբ պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է վերադառնալ՝ այդ ժամանակ: Նրա վերադարձը ինձ համար ուղղակի անընդունելի էր:

Ուղիղ կապ տեսնու՞մ ես թերթի իշխանամետության և վաճառքի անկման միջև. տպաքանակը 25 հազար էր, դարձավ 7 հազար:

Չեմ կարծում, թե ուղիղ կապ կա, որովհետև տպաքանակի նվազումը, ընթերցող կորցնելը նաև ընդդիմադիր թերթերի պարագայում կա: Ամբողջ օրն իշխանությանը հայհոյող թերթերն էլ նույն անկումն ունեն:

Ֆինանսական աղբյուրների մեջ «նվիրատուներ» ասացիր, ովքե՞ր են:

Անուններ ասել չեմ կարող: Ոչ մի թերթի խմբագիր էլ չի ասի: Կոմերցիոն գաղտնիքի մոտեցումն է պատճառը: Մեր դեպքում, ասեմ, որ վաճառքն ու գովազդն ավելի շատ են, քան նվիրատվությունները:

Փորձու՞մ եք որևէ լուծում գտնել՝ վերադառնալու հին փառքին ու մեծ տպաքանակին:

Թղթի տարբերակով դա հիմա հնարավոր չի, վճարովի PDF-ով տարածելու միջոցով ենք փորձում, բայց դեպի դուրս է կողմնորոշված, չնայած, ժամանակի ընթացքում կարող է և ներսում էլ աշխատել:

Բարելավելու տեղ կա միայն տարածումն օպտիմալացնելու, ձևավորումն ու նյութերի որակը ավելի լավը դարձնելու միջոցով: Անընդհատ ուսումնասիրում ենք, ճկունացնում: Որոշ տեղերում էլ տարածող գործակալությունների փոխարեն իրենց աշխատանքն ենք անում:

Հովհաննես Գալաջյանը գործընկերների հետ նախագահական նստավայրում

Իսկ մա՞րդ վարձել, որպեսզի պարզապես փողոցում քայլելով վաճառի թերթը:

Մեր քաղաքացիները շատ պահպանողական են. փորձեցինք խանութներում և բենզալցակայաններում վաճառել, նաև ուրիշ այլընտրանքային տարբերակներ`չարդարացրեց: Մարդիկ սովորել են թերթն առնել կրպակներից:

Գունավոր տպելը չի՞ նպաստի վաճառքին:

Երկու գույնով երանգ ստանալու հնարավորությունները մաքսիմում օգտագործում ենք, բայց լրիվ գունավոր տպագրությունը մինիմում երեք անգամ կավելացնի թերթի տպագրական ծախսերը:

«Իրատես դե ֆակտոյի» հետ հետագա վերամիավորում հնարավո՞ր է:

Ի՞նչ միավորում: Նրանք արդեն ուրիշ են, լրիվ առանձին ԶԼՄ են և՝ ուրիշ անունով: Դարձել է լրիվ այլ լրատվամիջոց, որի հետ մենք ոչ մի կապ չունենք:

Բաժանումը թուլացրե՞ց թերթը:

Չէր կարող իր ազդեցությունը չթողնել:

«Իրավունք» թերթը կարդացողներն ովքե՞ր են:

Ամբողջ վերնախավը կարդում է, կարդում են մեր սերնդի մարդիկ: Երիտասարդությունն էլ կայքն է գերադասում: Ճաշակներն էլ շատ տարբեր են կայքի ու թերթի:

Ժամանակին շատերն «Իրավունք» թերթի համարները գնում էին «Փանջունու անկյուն» բաժնի սուր կատակների համար, որոնք աջ ու ձախ՝ ոչ մեկին չէին խնայում: Հիմա այնքան էլ սուր չեն դրանք:

Միջավայրի փոփոխություն կա: Իրավական միջավայրի: Եվ ես, օրինակ, երևի այն քչերից եմ, որ հակառակորդն եմ զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացման: Երբ որ էդ հոդվածները քրեական դաշտում էին, գործելն անհամեմատ ավելի հեշտ էր և՛ լրագրողի, և՛ ամբողջ թերթի համար: Քրեական գործ կա՛մ կհարուցվեր, կա՛մ չէր հարուցվի…

Այսինքն՝ կողմ ես, որ լրագրողի կամ լրատվամիջոցի դեմ քրեական գո՞րծ հարուցվի, որ բա՞նտ նստեցնեն:

Քրեական գործ հարուցվելու դեպքում աշխատում էր լրագրողական համերաշխության մեխանիզմը, քրեական հետապնդման դեպքերը բավական քիչ էին: Քրեական տիրույթում էսպես էր՝ եթե մեկ նյութում տասը, քսան, հիսուն հոգու անուն էր հիշատակված, ամբողջը մեկ գործի մեջ էր լինում, գործ էիր ունենում մեկ իրավապահ մարմնի հետ: Հիմա քաղաքացիական հայցերի հեղեղ կարող է գնալ դատարան՝ մեկ նյութի դեմ: Դա դժվարացնում է գործը:

Եվ բազմապատկում տուգանքը:

Միշտ ահագին պրոբլեմատիկ է բազում դատավարություններով զբաղվելը՝ ժամանակ, ներվեր և փող է խլում:

Հովհաննես Գալաջյանը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ

Ինչը ստիպում է հաջորդ անգամ վիրավորանքի կամ զրպարտության հարցում  ավելի զգույշ և զու՞սպ լինել:

Այո, դա որոշ չափով կաշկանդող հանգամանք է, որովհետև նորմալ վիճակ չի, երբ դատական անվերջ նիստեր են լինում ամբողջ տարին, երբեմն` աննշան առիթով: Գոնե ենթագիտակցական ձգտումը կա զգուշավորության:

(2015թ. ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն բավարարեց 3 քաղաքացիների հայցն՝ ընդդեմ «Իրավունքի» և նրա գլխավոր խմբագրի՝ վիրավորանքի դիմաց փոխհատուցման չափը սահմանելով 250 հազարական դրամ: Վերաքննիչ դատարանը վճիռը թողեց ուժի մեջ: ՀՀ 16 այլ քաղաքացիներ նույնանման հայցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Հայաստանի դատական ատյանների մերժման որոշումից հետո,- խմբ.):

Անհանդուրժողական, ծայրահեղ ազգայնական մոտեցումները թերթի վաճառքին նպաստու՞մ են. լսարանի որևէ հատված կա՞, որն այդպիսի տեղեկատվություն է ուզում:

Բնականաբար: Բաներ կան, որ մեր ժողովուրդը չի սիրում: Մեր հանրությանը խորթ է սուտ հանդուրժողականության տիրույթը, դա չի ընդունում մեր հանրությունը: Անշուշտ, այլ տերմինաբանությամբ նույն հարցերը կբնորոշեի…

Որտեղի՞ց գիտես, թե ո՛րն է սուտը, ո՛րը՝ անկեղծը, կամ ի՛նչ է ընդունում մեր հանրությունը և ինչ չի՛ ընդունում:

Հետադարձ կապը կա:

Այսինքն՝ այդ գաղափարները ոչ թե քո ինքնահամոզումն են, այլ տուրք ես տալիս հետադարձ կապով եկած կարծիքին:

Իմ համոզումն է, որ ազգային սեփական դեմքը պիտի պահենք:

«Սոցիոսկոպ» կառույցը անհանդուրժողականության ցուցանիշով ճանաչել է առաջատար «Իրավունք» թերթը: Բայց հանդուրժողականության և ոչ հանդուրժողականության ցուցանիշները, որոնցով արվել է ուսումնասիրությունը, մեզ համար «ներմուծողի» անընդունելի ցուցանիշներ են:

Ինքդ էլ ես ընդունում, որ կան բաներ, որոնց նկատմամբ անհանդուրժող ես. օրինակ, նույնասեռականներին պատժելու կոչեր ես արել:

Ինչպե՞ս կարող եմ հանդուրժող լինել դրանց նկատմամբ: Ես չեմ ասում՝ ֆիզիկապես ոչնչացնել, ասում եմ՝ օրենքով սահմանափակել նրանց գործունեությունը և անհանդուրժող լինել բացարձակապես անընդունելի, հանրությունը քայքայող երևույթների դեմ:

Ո՞վ է որոշողը:

Որոշում է այն, ինչ եկել է հազարամյակներով: Օրինակ, ընտանիքի արժեքների պահպանումը:

Դու օգտագործում ես արիական հավերժության նշանը, մոտավորապես որպես քո «լոգո»: Իսկ որպես Ղարաբաղի ազատագրական պատերազմի մասնակից, մտավախություն չունե՞ս, որ դա ֆաշիզմի հետ կասոցացվի:

Դե, ֆաշիզմը զուտ իտալական երևույթ է, նացիզմը` գերմանական: Նժդեհի ցեղակրոն ուսմունքը նրանց հետ ոչ մի կապ չունի: Ու դա ստեղծվել է ավելի վաղ, քան նույն ֆաշիզմի ու նացիզմի գաղափարախոսությունները:

«Իրավունքի» ճակատից Նժդեհի կարգախոսը՝ «Ուժն է ծնում իրավունք», հանելու պատճառը ո՞րն էր:

2006թ. հանեցինք: Ղարաբաղյան շարժման ու պատերազմի ժամանակ էր դա տեղին, խաղաղ ժամանակներին կարող էր սխալ հասկացվել:

Հաշվարկներ ունե՞ս, թե ինչքան կդիմանա «Իրավունքի» տպագիր տարբերակը:

Միշտ էլ կդիմանա: Նաև այն ժամանակներում, երբ ծոռներս կապրեն, իսկ էս 7000 տպաքանակը կկայունանա: Ինչքան ինտերնետը տանելու էր, արդեն տարել է, և էսքանը կմնա:

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *