2016.02.18,

Տեսակետ

Հայաստանի թերթերի ապագան. «168 Ժամ»

Media.am-ը շարունակում է թերթերի գլխավոր խմբագիրների հետ հարցազրույցների շարքը՝ Հայաստանում տպագիր մեդիայի խնդիրների գոյատևման հեռանկարների շուրջ:

Շարքի ավարտին կամփոփվեն ընդհանուր միտումները:

Մեր զրուցակիցը «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն է:

«Կլինենք այնքան, ինչքան տպագիր գիրքը»

«168 Ժամ» եռօրյա թերթ
Լույս է տեսնում 2004թ. սեպտեմբերից:
Տպաքանակ՝ 5000:
Տպագրությունը՝ սև ու սպիտակ, 8 կամ 16 էջ:
Գինը՝ 150 դրամ:
Ֆինանսական աղբյուրները՝ գովազդ, վաճառք, բաժանորդագրություն և աջակցողներ:
Առցանց տարբերակը՝ 2006թ. (թերթի նյութերի կրկնություն), 2013 թվականից՝ առցանց թարմացվող:

Եթե որպես գլխավոր մեղավոր՝ ինտերնետն արանքից հանենք, Հայաստանում էլի ի՞նչ գործոններ խեղճացրին թերթերին: Օրինակ, իշխանությունների ճնշումնե՞ր:

Եղել են: Այն տարիներին, երբ ես աշխատում էի որպես լրագրող,  շատ կոշտ ճնշումներ կային: Այսօր մամուլը շատ ավելի ազատ է, նույնիսկ հնարավոր չէ համեմատել:  Իհարկե, լինում են նաև առանձին կոշտ դրսևորումներ, բայց դրանք համատարած բնույթ չեն կրում: Ի դեպ, հաճախ տեսնում ենք նաև լրագրողների, որոնք  դիտմամբ են սադրում, որպեսզի սրեն իրավիճակը:

Նույն բանը կարող ես մարդուն շատ նորմալ տոնով հարցնել, ու նա պատրաստակամ կպատասխանի: Եվ այդ բանը կարող ես այնպիսի տոնով հարցնել, որ դիմացինդ զայրանա:

Այսօր բազմաթիվ անհասկանալի կայքեր են հայտնվում, հատկապես՝ ընտրություններից ընտրություն, որոնք, սակայն, նեղ անձնային, կլանային խնդիրներ են լուծում, և դրանք չես կարող լրատվամիջոց կոչել: Նույնիսկ խմբագրակազմ, հասցե չունեն, բայց դաշտն աղտոտում են և լրագրողի աշխատանքի նկատմամբ որոշակի, մեղմ ասած՝ ոչ լավ վերաբերմունք ձևավորում:

Համացանցում նման աղբը շատ է, տեղեկատվական այդ «աղմուկի» մեջ սովորական մարդը դժվարանում է ֆիլտրել, տարբերել  հատուկ «նետված» (ապա)տեղեկատվությունն ու մաքուր ինֆորմացիան: Բայց այս ամենը չեն կարող, ինչպես դու ես ասում, խեղճացնել տպագիր մամուլին: Տպագիր մամուլը թանկ հաճույք է և՛ ընթերցողի, և՛ այն ստեղծողների համար:

Սաթիկ Սեյրանյան
Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի

1990-ականների վերջերին իտալական ընկերությունում քեզ PR մենեջերի աշխատանքից ազատելիս ասել էին՝ կներես, ձեր իշխանություններն են ստիպել: «Առավոտ» թերթում «Դղյակներ» շարքիդ պատճառով էր, հիշում եմ: Մեկ անգամ նման «պատիժ» ստանալը հետագայում մի տեսակ զսպող բան չի՞ դառնում:

Բոլորովին: Բազմաթիվ պաշտոնյաների շքեղ առանձնատներ ենք լուսանկարել, մի կողմից սպառնալիք ստացել, մյուս կողմից՝ հերթական առանձնատան մասին նյութին սպասողների անհամբերությունը: Այն ժամանակ  քչերը կհամարձակվեին նման շարք անել ու սկսել հենց ՀՀ ԱԱԾ պետի դղյակով… Հիմա դղյակատերերի թիվն էլ է ավելացել, դրանց նկատմամբ իմունիտետ էլ է ձևավորվել…

Ավելին, հիմա «դղյակներ» ավելի շատ դրսում են ձեռք բերում: Բայց շարքն այն ժամանակ եղավ, ավարտվեց: Հիմա բոլորս էլ գրում ենք այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի, բյուջեի միջոցների մսխման դեպքերի, բիզնեսների,  փոխկապակցված անձանց բիզնեսների, օֆշորներում հաշիվների, ապօրինությունների մասին… բայց՝ անհետևանք: Լրագրողը խնդիրները վեր հանողն է, դրանից հետո պետք է դեպքերին  ընթացք տան համապատասխան իրավապահ կառույցները, ինչը չի արվում:

Իսկ ընթերցողները պակասում են, տպաքանակները՝ նվազում:

Թերթերի տպաքանակների նվազումը մի քանի պատճառներ ունի, և ամբողջ աշխարհում տարիներ առաջ է այդ տենդենցը սկսվել. նախ՝ ինտերնետի գոյությունը, երկրորդ՝ թերթը սպառողին հասնելու հետ կապված խնդիրները, և երրորդ՝ մարդիկ սոցիալական, օրվա հացի խնդիր ունեն, որպեսզի իրենց թույլ տան շաբաթը մի քանի անգամ թերթ գնել:  

Մի օղակից կախված գործ չի թերթի տպագրությունը: Տպագրական և այլ ծախսերն են ժամանակ առ ժամանակ ավելանում:  Ժամանակին մենք ինքներս էինք ձեռք բերում տպագրության թուղթը, բայց Լարսի ճանապարհը փակվեց՝ խնդիրներ ունեցանք թուղթը ներկրելու հարցում և ստիպված տպարան փոխեցինք:

Հաճախ թերթերի տարածման հետ կապված խնդիրներ են լինում. օրինակ, երբ շատ առատ ձյուն է գալիս Հայաստանում, մեր տպաքանակները ժամանակին չեն հասնում, ասենք, Սյունիքի մարզ, ու ամբողջովին հետ են վերադարձվում մեզ: Իսկ հատկապես մարզերում թերթերին սպասում են. շատ հաճախ մարդիկ նույնիսկ հին համարներ են ուզում՝ կարդալու:

Սաթիկ Սեյրանյանն ու առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը
Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի

Տարածման գործակալություններին թերթի վաճառքի մեջ շահագրգռելու մեխանիզմներ չկա՞ն:

Թերթի վաճառքը որոշ ընկերությունների գործունեության մեջ եկամտի հիմնական աղբյուր չէ, որպեսզի շահագրգռես՝ ավելի շատ վաճառեն: Եթե նկատել ես, մամուլի կրպակներում վաղուց արդեն ավելի շատ տեղ է տրվում ծխախոտի, այլ պարագաների վաճառքին, քան թերթերին:

Մի հետաքրքիր բան էլ. տարիներ շարունակ գործող մեխանիզմ է, թերթի մի ստվար զանգված քեզ, որպես վերադարձ, գալիս է մաշված: Այսինքն՝ ընթերցված, մի քանի ձեռք անցած: Որոշ կրպակավարներ 150 դրամանոց թերթը կարող են 50 դրամով վաճառել՝ այն հետ ստանալու պայմանով: 50 դրամը մնում է կրպակավաճառին: Իսկ թերթը կարդացվում է, բայց, ի վերջո, վերադառնում է մեզ: Ոչինչ անել չենք կարող:

Ինչո՞ւ ես ձեր ֆինանսավորողներին «աջակցող», և ոչ թե՝ «հովանավոր» անվանում:  

Որովհետև «հովանավոր» ասվածը մեզանում ընկալվում է որպես պատվեր  թելադրող: Իսկ մեր սկզբունքներից ամենաառաջնայինը բոլոր կողմերի տեսակետները հնարավորինս և պարտադիր ներկայացնելն է:

Չեմ ուզում ասել, թե չեն եղել քաղաքական առաջարկներ, բայց քանի որ հասկացել ենք՝  դա մեզ կկաշկանդի մեր սկզբունքներում, հրաժարվել ենք:

Մենք ունենք նաև գործընկերներ, որոնց հետ տարբեր՝ ոչ քաղաքական  նախագծեր ենք անում, և նրանք աջակցում են մեզ:

Թեկուզ քաղաքական պատվեր չլինի էլ, հովանավորներն ակամայից ինչ-որ իմաստով վատություն չե՞ն անում: Չե՞ն թուլացնում այն ջանքերը, որ թերթը պիտի գործադրեր ընթերցող գրավելու համար: Մոտավորապես այսպես, եթե դու ամեն օր քո տղայի փոխարեն լուծես նրա թվաբանական խնդիրները, նա դժվար թե թվաբանություն սովորի:

Էդպես չի: Մենք մշտապես փորձում ենք հասկանալ, թե ովքեր են մեր ընթերցողները, որպեսզի նրանց պահանջներին համապատասխան թերթ տպագրենք: Ի վերջո, առաջին պատվիրատուն ընթերցողն է:

Մի քանի տարի առաջ սոցհարցում ենք պատվիրել: Մեր ընթերցողները միջին տարիքի, հիմնականում՝ բարձրագույն կրթություն և աշխատանք ունեցող մարդիկ են: Այդ թվում՝ տնտեսվարողները, ֆինանսական լուրջ կազմակերպությունների աշխատակիցները:

Ընթերցողներից շատերը «168 Ժամն» անվանում են «տուն տանելու թերթ», որովհետև վերլուծություն կամ որևէ նոր մարդու տեսակետ կարող են կարդալ, նոր մարդկանց բացահայտել՝ հեղինակավոր փորձագետների, մտավորականների (Արաքս Մարտիրոսյանի, Գայանե Խաչատրյանի, Նվարդ Մանվելյանի, Օֆելյա Հովհաննիսյանի, մյուսների նյութերը):

Մենք տարիներ շարունակ ներկայացնում էինք նաև սոցիալական նյութեր՝ մարդկային պատմություններ: Անապահով ընտանիքների մասին  պատմությունների շարքն առաջինը մենք ենք սկսել: Մեծ արձագանք ունեինք՝ թե՛ արտերկրից, թե՛ Հայաստանից:

Սաթիկ Սեյրանյան
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի 

Որևէ հիմնադրամ այդքան հարց չի լուծել, որքան մեր այդ շարքը: Եվ մարդիկ վստահում էին այդ շարքը վարող Լուսինե Ստեփանյանին: Հոգեբանորեն շատ ծանր է նման նյութերի պատրաստումը, բայց Լուսինեն կարողանում էր այդ ուժը գտնել և անել, որովհետև արդյունքն ակնհայտ էր:

Հարցեր լուծելը որևէ լրատվամիջոցի ֆունկցիա՞ն է:

Եթե հարցը ճիշտ, բոլոր կողմերից և հետևողականորեն ես ներկայացնում, անմիջապես արձագանքում են համապատասխան մարմինները: Ի՞նչ վատ է, եթե նման հոդվածի արդյունքում մարդը ստանում է օրենքով իրեն հասանելիք անվճար դեղորայքը: Իսկ իրենց գործում թերացած համապատասխան օղակներին ստիպում ես աշխատել: Սովորական մարդիկ էլ, կարդալով այդ պատմությունները, օգնում էին իրենց անծանոթ մարդկանց:

Անհատականություն-լրագրողների դերը մի հարցազրույցում շատ էիր կարևորել: Այդպիսիք կարո՞ղ են փրկել տպագիր մամուլը:

Ինձ համար շատ կարևոր հարց է: Երբ թերթը բացեցի, առաջին հերթին իմ ավագ գործընկերներին աշխատանքի հրավիրեցի: Նախ՝ շատ ճիշտ է, երբ տարբեր սերունդներ միասին են աշխատում: Եվ երկրորդ՝ ինձ համար շատ հեշտ է աշխատել անհատականությունների հետ՝ բոլոր իմաստներով: Ոմանք հիմա էլ այստեղ են, ոմանք գնացին՝ այլ աշխատանքի անցան: Եղել են դժվար պահեր, որ նրանց հետ խորհրդակցել եմ: Ընկերներս են:

Բայց արի անհատականություններին միայն ավագ սերնդի մեջ չփնտրենք:  Տես, մեր տնտեսական մեկնաբան և 168.am կայքի տնտեսական բաժնի խմբագիր Բաբկեն Թունյանը սկսել է «168 Ժամում», և այսօր, որպես փորձագետ, նա հրավիրվում է հանդես գալու այլ հարթակներում:  Առանց թերթի փոխխմբագիր և կայքի խմբագիր, վերլուծաբան Գառնիկ Գևորգյանի ինձ շատ դժվար կլիներ: Քույրս՝ լրագրող Լիլիթ Սեյրանյանը, հսկայական աշխատանք է կատարում, ցավոք, այլևս լրագրությամբ չի հասցնում զբաղվել: Մեր լրագրողներն իսկապես անհատականություններ են:

Այլ բան է, որ ժուռնալիստիկայի, բանասիրության ֆակուլտետներում երիտասարդ անհատականությունների դժվար ես գտնում:

Բայց բազմաթիվ բուհեր այսքան շատ լրագրող են պատրաստում:

Այո, ինքս քանի տարի է՝ դասավանդում եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում. հասնում են չորրորդ կուրս, նրանցից քչերն են ուզում լրագրող դառնալ: Կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանս ընթացքում շատ լավ բնորոշել է այդ երևույթը. «Հայերը միակն են աշխարհում, ովքեր վճարում են չսովորելու համար»:

Վերադառնանք թերթի խնդիրներին: Ասացիր, որ «168»-ի առցանցն է պահում թերթը, քանի որ թերթի ինքնարժեքը միշտ էլ գնից բարձր է եղել, ուրեմն ավելի ձեռնտու չէ՞ տպագիրից հրաժարվելը:

Այսպես ասեմ՝ թերթը և կայքը լավագույնս համագործակցում են: Բացի այն, որ թերթն ինձ հոգեհարազատ է, նաև տպագիր թերթի անհրաժեշտությունը կա: Ընթերցողը կա: Ավելին ասեմ, կան գովազդատուներ, որոնք հետաքրքրված են հենց տպագիր տարբերակով: Կան, որ գովազդը ցանկանում են տեղադրել երկու հարթակներում, քանի որ իրենք էլ են գիտակցում՝ ընթերցողը տարբեր է: Բացի այդ, մարդկանց մեջ ենթագիտակցորեն վստահություն կա տպագիր խոսքի նկատմամբ:

Ինչքա՞ն ժամանակ կդիմանա ձեր թերթը:

Ինչքան կլինի գիրքը, այդքան կլինի նաև տպագիր մամուլը: «168 Ժամը», քանի դեռ ընթերցող ունի, միշտ տպագրվելու է:

Մեր զրույցի ավարտին մեզ միացավ նաև թերթի փոխխմբագիր, 168.am կայքի խմբագիրԳառնիկ Գևորգյանը, որի կարծիքով՝ 2017 թվականից Հայաստանում աստիճանաբար կսկսեն փակվել թերթերը: Այսինքն՝ «խորհրդարանի ընտրությունների ընթացքում տպագիր մամուլը, ամեն դեպքում, իներցիայի ուժով կշարունակի աշխատանքը, բայց ընտրություններից հետո արդեն ինտերնետը դոմինանտ կդառնա»:

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *