Հարություն Հարությունյանը լրագրող է, ղեկավարել է Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագիրը, եղել «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, հանդես եկել հրապարակախոսական նյութերով: Այժմ նա դասավանդում է ու պարբերաբար արձագանքում մեդիա դաշտում հայտնվող մեծ ու փոքր անախորժություններին ու մանիպուլյատիվ հնարքներին:
Հարություն Հարությունյանը առաջնային է համարում մեդիայի կրթական գործառույթը, լեզուն ու լրագրողական տեխնիկան, և բոլոր հարթություններում էլ նահանջ է տեսնում:
«Որքան էլ ասենք, որ մեդիան մասնավոր բիզնես է, այն հանրային գործառույթ ունի ու մտածողություն է ձևավորում»,- ասում է նա: Եվ ավելացնում. «Հիմա որակյալ լրագրությունը պետք չէ, բայց շուտով պետք կգա»:
Հազար ու մի լրատվական կայք, տասնյակից ավելի հեռուստաալիքներ ունենք, և բոլորը համերաշխ գոյատևում են ինտերնետում: Դա ազատությա՞ն նշան է:
Իհարկե, տեղեկատվական նոր տեխնոլոգիաները տվեցին ազատության այդ հնարավորությունը իրենից բխող հետևանքներով: Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի անդամ երկրների վերջին առնվազն չորս խորհրդաժողովներում ինտերնետի նետած մարտահրավերը օրակարգի հարց է եղել:
Հեռուստաընկերությունները որոնումների մեջ են, հետուստատեսությունը ձևափոխվում է, դառնում է ավելի ինտերակտիվ, ավելի հետաքրքիր, իր վերլուծություններով արագ արձագանքող և այլն, մեզ մոտ օր օրի ավելի անդեմ և ալարկոտ են դառնում:
Աշխարհում հրթիռի արագությամբ լուրջ ձևափոխումներ են տեղի ունենում, մեզ մոտ թե՛ հեռուստաեթերը, և թե՛ մյուս լրատվամիջոցները լռում են: Ոչ մի լուրջ վերլուծություն չես գտնի:
Ինչու՞:
Հիմնականում «պետպատվերով» նույն դեմքերն են: Առանց ուղերձի չեն վերլուծում և որպես չգրված կանոն, այդ վերլուծությունները կա՛մ իրականությանը հակառակ են լինում, կա՛մ իրականությունից հեռու:
Փորձագետների, աղբյուրների խնդիր ունե՞նք:
Ընդհանրապես պրոֆեսիոնալների խնդիր ունենք: Չունենք հեռուստաքննադատության դպրոց: Վերջին շրջանում տարբեր կայքեր սկսել են տեսանյութեր պատրաստել: Սա կարելի է ընդունել այլընտրանք, բայց այդ նյութերը որակով, կառուցվածքով ավելի վատն են:
Եվ այդ նույն կայքերում հաճախ հանդիպում ենք հեռուստաոլորտի մասին քննադատական նյութերի: Եթե քննադատում ես, ուրեմն քո նյութերը պետք է լինեն ավելի լավը, ավելի որակյալ:
Չեմ ուզում խոսել տեխնիկական հնարավորությունների մասին, բայց արդեն կան մուլտիմեդիա կայքեր, որոնք իրենց տեխնիկական հնարավորություններով նույնիսկ առաջ են անցել որոշ հեռուստաընկերություններից: Երկու կողմի հիմնական մեթոդն էլ մանիպուլյացիան է:
Իհարկե, բոլոր հասարակարգերում էլ մանիպուլյացիաներ կան, բայց հարցը դրանց չափաբաժինն է:
Ժողովրդական հասարակարգերում մանիպուլյացիաները հիմնականոմ կիրառվում են նախընտրական շրջանում: Դա ընդունված կարգ է, իսկ մեզ մոտ մանիպուլյացիա է ողջ կյանքը: Մեդիայի մանիպուլյացիայի չափաբաժինն այնքան մեծ է, որ ներառում է կյանքի բոլոր կողմերը:
Մանիպուլյացիոն կռիվ է սկսվում, որի արդյունքում տուժում է հասարակությունը:
Լրագրողը մեր օրերում կորցրել է հեղինակությունը, նրան կարող են կոպտել, հրամայել հեռու գնալ: Կարծես նսեմացվել է հենց մասնագիտությունը:
Դասական լրագրության տեսակն է անհետանում: Սոցիալապես անապահով երկրում ամեն ինչ ենթակա է վաճառքի, այդ թվում՝ նաև լրագրողը, որոշ բացառություններով:
Լրագրողների մեծ մասն իր աշխատանքին ստեղծագործաբար չի մոտենում, բավարարվում է ուրիշների գրած մամուլի հաղորդագրություններով, այնինչ բազմաթիվ թեմաներ կան, որ պարզաբանման, հետաքննման, լուսաբանման կարիք ունեն, նյութի որակի մասին էլ չեմ ասում:
Մոռացել ենք, որ հեռուստատեսությունը ստեղծվել է կինոյի հիմքի վրա, որ ռեպորտաժներում պիտի լինի ինտերաղմուկ, կադրի ու տեքստի հարաբերակցություն: Կարծես բոլորը մտածում են՝ դե, տակառ է, գլորում ենք, էլի (գործ է, անում ենք):
Իշխանությունները, մեծ իմաստով, վերահսկելով թուլացրեցին լրատվական դաշտը:
Սկզբից իրենցով արեցին բլոգերներին, հետո պարզվեց դա քիչ է՝ ստեղծեցին կայքեր: Մեկ մարդը կարող է միաժամանակ պահել կամ, այսպես ասենք, ֆինանսավորել մի քանի լրատվամիջոց և, երբ ուզի, կարող է լրագրողներին մեղադրել ծախվածության մեջ:
Աշխարհը դանդաղ ընթերցվող կայքեր է կարդում, իսկ մեզ մոտ դեռ փոքր-մոքր, դեղին լուրիկներն ու բամբասանքներն են եղանակ ստեղծում: Անգամ Ֆեյսբուքում են ստատուսներ գրում փողի դիմաց, հետո դրանք իրենց ենթակա կայքերով տարածում: Խառնաշփոթ սարքելը հատուկ վճարովի գործ է:
Խառնաշփոթը պե՞տք է:
Անհոգ կառավարելու համար՝ պետք է: Լրագրությունը տեսակավորել են՝ ընդդիմադիրի և իշխանամետի: Մեզ մոտ կան ընդդիմադիր լրագրողներ, որոնք հայհոյում են, և իշխանամետ լրագրողներ, ովքեր ծափահարում, գովում են: Եվ կա հասարակություն, որը երկուսին էլ արհամարհում է:
Եթե լրագրողը իշխանամետ է կամ ընդդիմադիր, ուրեմն լրագրող չէ: Բացի այդ,ամեն ինչի չափաբաժինը խախտվել է:
Մանիպուլյացիայի անընդհատ ավելացվող չափաբաժինը մոտենում է մահացու աստիճանի:
Քիչ թե շատ լուրջ լրատվական թողարկումներում չենք տեսնի սոցիալական ուղղվածության լուրջ նյութեր, որոնց արդյունքում տարբեր իշխանական օղակները տեղից կշարժվեն: Փոխարենը՝ տեսնում ենք շատ վատ, խայտառակ, անգամ կասեի՝ հակահիգիենիկ, նյութեր:
Լրագրողական հրապարակումների արդյունքը մեծ հաշվով զրո է: Լուրջ հետաքննություններ են արվում, բայց անհետևանք: Դա թևաթափ է անում լրագրողներին:
Ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ կա՛մ պիտի հայհոյես, կա՛մ քծնես: Երրորդ տարբերակը մաքուր լրագրությունն է, որը կհանդիպես ընդամենը մեկ կամ երկու կայքերում: Բայց այդ կայքերն էլ անտեսված են, քանի որ կողքի արհեստական ստեղծված աղմուկը, այնքան բարձր է, որ նրանց ձայնը աղմուկի մեջ խզվում է:
Մեծ հաշվով, եթե երկրում հասարակության ինստիտուտները զարգացած չեն կամ մատնված են անգործության, լուրջ լրագրության մասին խոսք լինել չի կարող:
Գրեթե բոլոր կուսակցություններն իրենց լրատվամիջոցն ունեն: Դա նորմա՞լ է:
Իհարկե՝ ոչ: Բայց ավելի լավ է, երբ դու գիտես, որ այսինչ լրատվամիջոցը պատկանում է այսինչ կուսակցությանը, քան երբ «գիշերային թիթեռնիկի» կյանքով են ապրում ու պնդում, թե մաքուր են, ազատ և անկախ: Ազատությունն ու անկախությունը լրագրության մեջ տարբեր բաներ են, և պետք չէ երկուսը նույն հարթության վրա դնել:
Մենք այսօր շատ լուրջ մարտահրավերի առջև ենք կանգնած: Ընդ որում՝ այն ոչ թե իշխանությունների, այլ հենց լրատվամիջոցների մեղքով է առաջացել:
Ամեն դեպքում իշխանությունների «անուղղակի աջակցությամբ»՝ մեր լրատվական դաշտը քաոսի է վերածվել:
Հեռուստատեսությունն ու ցանցային մամուլը միմյանցից ընդօրինակում են վատը: Շատ վատ դերում են խմբագիրները, որոնք նորավարտ լրագրողներին միանգամից դնում են պատվերի տակ:
Գլխավոր խմբագիրներից մեկը վերջերս ասաց՝ Հայաստանում լուր չկա: Պատասխանեցի՝ տնից դուրս եկար, ոտքդ դրեցիր փողոց, ամեն քայլափոխի լուր է:
Լուրը արտադրանք է, որ պետք է ստեղծել: Մտածելը, թե լուր չկա, և չաշխատելը ձեռնտու է նրանց, ում համար լուրը միայն կառավարության նիստն է, դեսպանի հավատարմագիր հանձնելը, որևէ պաշտոնյայի որևիցե վայր կատարած այցելությունը և այլն, մի խոսքով ՝ սազանդարությունը:
Հայկական եթերում ֆիլմերը (նաև շատ հաղորդումներ) շարունակում ենք սպառել ռուսերենով: Դա՞ է պատճառը, որ ռուսական հեռուստատեսությունը դեռ պահանջարկ ունի:
Դա չէ պատճառը: Հեռուստադիտողների մի զգալի հատված, դժգոհ լինելով հայկական եթերի լեզվից, որակից ու բովանդակությունից, «արտագաղթում» է ռուսական եթեր: Իսկ սա արդեն ազգային անվտանգության հարց է:
Ռուսական եթերում ազատություն չկա, բայց կա պրոֆեսիոնալիզմ: Մեզ մոտ չկա ո՛չ ազատություն, ո՛չ պրոֆեսիոնալիզմ:
Եթե նույնիսկ որոշ ոլորտների դեպքում կա այդ ազատությունը, միևնույն է, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը թույլ չի տալիս որակով, հետաքրքիր ռեպորտաժներ պատրաստել: Ռուս լրագրողները կրնկի տակ են աշխատում, բայց փորձում են պրոֆեսիոնալիզմի հաշվին փրկել նյութը:
Կարծես ապագա չկա, և դժվար է ծրագրավորել, թե ինչ պետք է անել մի քանի տարի հետո:
Քանի դեռ չկա զարգացման կոնցեպցիա, թե հինգ-տասը տարի հետո ինչ է լինելու, ուր պետք է հասնենք, երբ անհայտ է, թե վաղը ինչ է լինելու, պարտադրվելու է տանը նստել և անորակ հաղորդումներ ու սերիալներ դիտել:
Ես իմ ուսանողներին երբեմն ցույց եմ տալիս «Սուր անկյուն» հաղորդման նյութերը՝ որպես օրինակ, թե ինչպես չի կարելի ռեպորտաժ պատրաստել, բայց նաև հաճախ նկատում եմ, թե նման հաղորդումները ինչպես են ազդում նրանց մտածողության վրա:
Իսկ լավատեսության նշույլները որտեղի՞ց հավաքենք:
Վստահ եմ, որ այս՝ խառնաշփոթի փուլը անցնելու ենք: Իհարկե, անցնելու ենք մեծ կորուստներով (հիմնականում բարոյական): Գալու է մի պահ, երբ պետությանը շատ է պետք գալու իսկական լրագրությունը: Լրագրությունը հին մասնագիտություն է, որը սկիզբ է առել Նոյի ժամանակներից: Հիշենք աղավնուն:
Աղավնին լրագրո՞ղ էր:
Իհարկե, լրագրող էր: Ագռավը գնաց տարածքը հետազոտելու ու մնաց լեշերի վրա: Իսկ աղավնին կարողացավ լուրը տեղ հասցնել (ձիթենու ճյուղը նրա տեքստն էր):
Եվ եթե Նոյը անաչառ, հետաքննող լրագրողի կարիք ուներ, ուրեմն նույնիսկ ամենաապաշնորհ կառավարիչներն էլ ունենալու են:
Հիմա դրա կարիքը չունեն, բայց ունենալու են: Եվ լավ կլինի, որ այսօրվա քաոսի մեջ կարողանանք պահպանել դասական լրագրության տեսակը՝ անաչառ, մաքուր հայերենով և ստեղծագործական մոտեցմամբ:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: