2015.06.12,

Տեսակետ

«Դեռ գործում է այն միֆը, թե ամեն ինչ պետք է անվճար լինի»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսաստանի մեդիա դաշտում «Դոժդ»՝ «Дождь» հեռուստաալիքը յուրահատուկ տեղ է զբաղեցնում. իր հնգամյա պատմության ընթացքում այն լուրջ փորձությունների միջով է անցել և կարողացել է դիմակայել:

Փոքր, անկախ ալիքն իր ստեղծման օրից լուսաբանել է ռուսական ընդդիմադիր շարժումները, իշխանական կոռուպցիայի դեպքերն ու եթեր հրավիրել մարդկանց, որոնք դաշնային հեռուստաալիքներում անցանկալի անձեր էին համարվում:

Լրատվական, վերլուծական, հեղինակային հաղորդումների վրա շեշտը դնող «Դոժդ»-ը վերացման եզրին կանգնեց 2014 թվականի սկզբին, երբ արբանյակային ու մալուխային օպերատորները դադարեցին ալիքի հեռարձակումը (պատրվակը Լենինգարդի պաշարմանը վերաբերող հարցումն էր, իսկ իրական պատճառները քաղաքական ենթատեքստ ունեին):

Վերացման եզրին կանգնած «Դոժդը» ստիպված էր կրճատել իր անձնակազմն ու ծախսերը՝ լիովին տեղափոխվելով ինտերնետ ու ներմուծելով բաժանորդագրման վճարովի մոդելը: Մեկ տարուց էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի ալիքը կրկին ոտքի կանգնի, յոթ միլիոն լսարան հավաքի ու կարողանա գոյատևել որպես բիզնես միավոր:

«Դոժդ»-ի ինտերնետային հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան վստահ է, որ իրենց լսարանն այն մարդիկ են, որոնք անտարբեր չեն: «Ուզում են մեր ալիքի հետ միասին ավելի լավ երկիր կառուցել»,- ասաց նա Երևանում` «Թվապատում» մեդիա կոնֆերանսի ժամանակ, որտեղ ներկայացրեց «Ինչպես լսարանը դարձնել դաշնակից» թեմայով շնորհանդեսը:

Թվում էր, որ անցումը վճարովի ինտերնետային հեռուստատեսության մոդելին անհնարին է: Բայց լսարանը իրոք ձեր դաշնակիցը դարձավ: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

Մենք վստահ ենք, որ լսարանն ավելի արժեքավոր է, երբ վճարում է բովանդակության համար, այլ ոչ թե անվճար է այն ստանում: Եվ հակառակը. բովանդակությունն էլ է դառնում ավելի բարձրորակ, եթե վճարվում է լսարանի կողմից:

Երբ հինգ տարի առաջ եթեր դուրս եկանք, բնավ չէինք մտածում ինտերնետի մասին, քանի որ այնտեղ փող չկար: Փող կարելի էր գտնել միայն «մեծ եթերում»: Երբ մեզ անջատեցին մալուխային փաթեթից, սկզբից մոլորվեցինք: 2013 թվականին մենք արդեն իսկ ինքնածախս ալիք էինք, որը թանկարժեք հետարտադրական ֆիլմեր ու հաղորդումներ էր անում ու գումար բերում մալուխային օպերատորներին:

Դա իսկական աղետ էր. ունեինք արտադրանք, բայց չէինք կարող այն ցույց տալ: Ստիպված տեղափոխվեցինք ինտերնետ ու սկսեցինք զարգացնել ինտերնետային հեռուստատեսությունը: Կտրուկ նվազեց մեր լսարանը, գովազդատուների գումարները: Մենք հրաժարվեցինք թանկարժեք հաղորդումներից ու սկսեցինք աշխատել ուղիղ եթերի ռեժիմում (այդպես ավելի էժան էր):

Շատերը մեզ խենթ էին համարում, երբ սկսեցինք եթերում ցույց տալ մեր ժողովները, «խոհանոցային» քննարկումներն ու վեճերը: Բայց լսարանին դա դուր եկավ, քանի որ այդպես այն դարձավ մեր քննարկումների մասնակիցն ու ցանկացավ աջակցել:

Ելենա Կիրյուշինան և անկախ մեդիա փորձագետ Մանանա Ասլամազյանը`
«Թվապատում» կոնֆերանսին 

«Դոժդ»-ը լուրջ հարվածներ ստացավ և քաղաքական ճնշումների զոհ դարձավ: Իսկ զոհերին, որպես կանոն, շատ բան ներվում է: Չկա՞ր մտավախություն, որ լսարանը աջակցում է ձեզ ոչ այնքան բավանդակության որակի, որքան ընդդիմադիր կեցվածքի համար:

Միգուցե որպես զոհ մենք ընկալվում էինք սկզբում, բայց հիմա ամեն կերպ փորձում ենք հեռանալ դրանից (վերապրեցինք, և փառք Աստծո): Մեր ալիքի հնգամյակին նվիրված համերգը դարձավ այն կետը, որից հետո ազատ շունչ քաշեցինք, քանի որ պարզ դարձավ, որ մենք շատ ենք ու կայացել ենք: Հետաքրքիր է, որ թեթևություն ու ազատություն զգաց ոչ միայն մեր անձնակազմը, այլև լսարանը: Հիմա հպարտ ենք և ներքուստ անընդհատ ուզում ենք մեր փորձառությունը կիսել գործընկերների հետ:

Բաժանորդագրությունը գործուն մոդել է լրատվամիջոցի համար, քանի որ նախ՝գովազդային շուկայի ընդհանուր անկում է նկատվում, և հետո էլ՝մի կողմ են դրվում քաղաքական ռիսկերը (շատ գովազդատուներին, օրինակ, պարզապես թույլ չէին տալիս մեր ալիքում գովազդ տեղադրել):

Իսկ լսարանին ոչ ոք չի կարող արգելել վճարել բովանդակության համար: Եվ եթե մինչ այդ մեր բյուջեի 88 %-ը կազմում էր գովազդը, և մենք մեզ վստահ էինք զգում, ապա հիմա այն ընդամենը 19% է: Մնացածը հենց լսարանի բաժանորդավճարներն են, այս տարի դրանք մեր բյուջեի 61%-ն են:

Իհարկե, սկզբում թվում էր, որ որ լուրերի համար ոչ ոք չի վճարի: Բայց այդ մոտեցումը փոխվեց: Եվ որքան շատ լինեն վճարովի մոդելով աշխատող լրատվամիջոցները, այնքան ավելի արագ լսարանը կընտելանա նոր իրավիճակին: Կարծում եմ՝ Հայաստանում էլ դա տեղի կունենա:

Իմ ամենասիրելի օրը անցյալ տարվա դեկտեմբերի 30-ն է, երբ ռուբլու անկայուն վիճակը դրդեց մարդկանց բաժանորդագրվել «Դոժդ»-ին, քանի որ «Դոժդ»-ը պատմում էր, թե ինչ կարելի է անել իրենց գումարների հետ: Թվում է` սա անհեթեթություն է, և ճգնաժամային իրավիճակում ոչ ոք գումար չի տա ալիքին, բայց մարդիկ վստահելի տեղեկություն էին փնտրում: Եվ գտնում էին այն մեր ալիքում:

Անցյալ տարի ալիքը կտրուկ, անգամ  հարձակվողական ձեռագիր ուներ, հիմա այն կարծես մեղմացել է:

Եկավ մի պահ, երբ հասկացանք, որ վերածվել ենք «հաչող շների», որոնք անընդհատ փնթփնթում ու դժգոհում են: Նույնիսկ մեր լսարանից ստացանք ահազանգ, թե՝ գիտեք, ընկերներ ջան, մեզ թվում է, որ ձեր հեռուստաալիքը չափազանց տարվել է հարձակվողական խաղով:

Բայց այդ ժամանակ ինքնին հասարակությունն էր գտնվում սարսափելի լարման մեջ: Եվ ինձ թվում է, որ մենք կարողացանք ճիշտ ժամանակին հավաքվել ու հրաժարվել ամեն ինչ փնովելու, բացասական լույսի ներքո ներկայացնելու ձեռագրից:

Ի վերջո, չի կարելի ստուդիա եկած հյուրին դեմ տալ պատին ու սադրել ասելու այն մտքերը, որոնց հետ նա ներքուստ համաձայն չէ: Առաջին հերթին պետք է թույլ տալ, որ հյուրը հանգիստ զրուցի, «բացվի» ու իր խոսքը հասցնի լսարանին: Ընդ որում՝ նշանակություն չունի, թե հյուրը ով է (ոճրագործ,  կաշառակեր, միգուցե մարդասպան), նա պիտի արտահայտվի: Իսկ լրագրողը պարտավոր է լինել հանգիստ ու անաչառ:

Ելենա Կիրյուշինան` «Թվապատում» կոնֆերանսին 

Երբ հասարակությունը լարված ու նյարդային է, մեդիա՞ն էլ է դառնում նյարդային:

Հաճախ լարումը ստեղծում է հենց մեդիան: Անցյալ տարի, իհարկե, բոլորիս խենթության հասցրեցին՝ տարանջատելով իշխանությանը սատարող ու «Ղրիմը մերն է» գոռացող  86%-ի և մնացած 14 %-ի: Հիմա հանրային լարվածությունը փոքր-ինչ թուլացել է, թեև, իհարկե, բոլորս էլ մեր խոհանոցներում անընդհատ պատրաստ ենք վիճել: Կարծում եմ՝ հիմա պետք է առավել զգույշ լինել ձևակերպումներ ու եզրակացություններ անելիս: Լրատվամիջոցը պիտի փորձի բալանս պահպանել, չթողնի, որ տաքանա ու թեժանա այն, ինչ արդեն ծայրաստիճան թեժ է:

«Դոժդ»-ը որոշակի «չսանրված», գլամուրային ոճ ունի նաև…

Մեզ ավելի շատ մեղադրում են ոչ թե գլամուրային, այլ սնոբ լինելու համար: Ոմանց թվում է, որ մենք չափազանց խելացի ենք ուզում երևալ, և մեր հաղորդումները հասցեագրում ենք միայն Մոսկվայի կենտրոնի բնակիչներին: Հիմա աշխատում ենք փոխել շեշտադրումները՝ ավելացնում ենք տարբեր վայրերից ռեպորտաժներն ու փորձում խոսել բոլորին հասկանալի լեզվով, այլ ոչ թե այնպես, կարծես փայտ կուլ տված ենք ասմունքում (ինչպես անում էին սովետական հաղորդավարները):

Մենք նաև սխալվում ենք եթերում և ընդունում մեր սխալները: Այո, մենք լպստած, սանրված ու շպարված հաղորդումներ չենք անում (ինչպես, ասենք, «Առաջին» ալիքի հաղորդումներն են): Դա մեզ թույլ տալ չենք կարող և, բարեբախտաբար, չենք էլ ուզում, այլ շեշտը դնում ենք ուղիղ եթերի, օպերատիվության վրա: Կարող ենք հեշտ ու արագ ձևափոխել հաղորդումների ցանցը ու կարծես կախարդական փայտիկի մի շարժումով եթեր դուրս գալ ու խոսել ամենահրատապ թեմաների մասին: Այսինքն` մենք շատ խոչընդոտներից (համաձայնեցնելու, նախապես թղթեր ստորագրելու) ազատ ենք:

Այդ իմաստով՝ մենք ավելի հեշտ ենք աշխատում, քան մյուսները, հատկապես դաշնային հեռուստաալիքները:

Ռուսական մեդիա դաշտում կարծես հստակ բաժանում եղավ (քաղաքական տեսակետից), «Դոժդ»-ին այնտեղ հատկացվեց թեև հետաքրքիր, բայց փոքր տարածք: Ավելին անել փորձելու՞ եք:

Վստահ եմ, որ կարող ենք ավելին անել, պարզապես հիմա մեր սփռումը սահմանափակ է, դեռ չի ստացվում վերադառնալ լայն ծածկույթ ունեցող մալուխային ցանց: Եթե հաջողվի պայմանավորվել մալուխային օպերատորների հետ ու, մի կողմ դնելով քաղաքականությունը, միայն բիզնեսի լեզվով խոսել, հաճույքով կընդլայնվենք ու ավելի մեծ լսարանի համար կաշխատենք:

Փոքր-ինչ սահմանափակեց մեզ նաև ինտերնետային վճարովի մոդելը, քանի որ ամեն դեպքում հասարակության որոշ շերտեր մերժում են վճարման գաղափարը: Մինչև հիմա էլ գործում է այն միֆը, որ ամեն ինչ պետք է անվճար լինի: Եվ եթե մնացած բոլոր լրատվամիջոցներն անվճար են, ինչու՞ պետք է վճարել ընդամենը մեկի նյութերը դիտելու համար:

Շատ բարդ է ընկալվում այն փաստարկը, թե այն, ինչն առաջին հայացքից անվճար է թվում, իրականում վճարվում է մեր հարկերի միջոցով: Հուսով եմ, որ մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Մենք ապրում ենք այնպիսի միջավայրում, որ ստիպված ենք ամեն օր փոխվել և, որպես հետևանք, փոխել նաև բիզնես մոդելը:

Անկեղծ ասած՝ զարգացման մեծ ներուժ ենք տեսնում, քանի որ ինտերնետն ինքնին անսահմանափակ է: Իհարկե, ահռելի Ռուսաստանում անկախ լրատվամիջոցները հաստատ պիտի ավելի շատ լինեն, քան հիմա են, երբ դրանք կարելի է բառիս բուն իմաստով՝ ձեռքի մատների վրա հաշվել:

Եթե անկախ լրատվամիջոցները կարելի է մատների վրա հաշվել, ուրեմն նույնքան հեշտությամբ էլ կարելի է փակել: Կամ էլ՝ զրկել թթվածնից:

Ոչ, փակելը հեշտ չէ: Իսկ թթվածնի հոսքն իրոք արգելափակում են (մինչև վերջ չեն փակում, այլ հենց արգալափակում են), և ցանկալի է, որ անկախ լրատվամիջոցները միշտ հիշեն այդ վտանգի մասին ու մտածեն հավելյալ ֆինանսական աղբյուրներ ու այլընտրանքային տարածման հարթակներ գտնելու մասին:

Ամեն դեպքում՝ ելքերը միշտ գտնվում են:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի
Լուսանկարները` Ջուլիետ Մարտիրոսյանի և Սոնա Քոչարյանի 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *