2015.05.12,

Տեսակետ

«Մեդիայի խնդիրը շատախոսությունն է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը մեր այս բավականին աղմկոտ ու գերհագեցած տեղեկատվական տարածքում գերադասում է ավելի ասկետիկ մոտեցմամբ ներկայացված լինել:

Իր արխիվի հետ վարվում է զգույշ եւ փորձում աղմուկի մեջ որսալ այն լռության պահերը, որոնք արժեք ու համատեքստ են հաղորդում լուսանկարներին:

Միշտ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է զուտ տեղեկատվական լուսանկարը պոկվում իր ստեղծման առիթից ու վերածվում ինքնուրույն պատմության: Կարելի՞ է ասել, թե ինչն է դրան նպաստում:

Լուսանկարը, լրագրողական նյութը մեծ հաշվով՝ երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ մաքրվում են, կերպավորվում` դառնալով բարձրարժեք գրականություն, արվեստ, կա՛մ էժան ապրանքի տեսքով հայտնվում են «լրատվական սուպերմարկետներում»՝ նպատակային կամ աննպատակ:

Ինչպե՞ս կբնութագրեք մեր մեդիա դաշտի հիմնական խնդիրը կամ թերությունը:

Կգերադասեի, որ լիներ մի միջավայր, որտեղ կարեւոր են աշխատանքն ու արարումը: Իսկ թե այս դաշտում ինչպիսինն է պետական մեքենան, կասեի՝ տխմարաբարո (բայց սա զրույցի մի առանձին, հետազոտություն պահանջող նյութ է):

Մի անգամ ընկերներիցս մեկն ասաց՝ ես գիտեմ, թե ով ում է ֆինանասավորում, եթե հարմար է, տպագրենք ու վերջնականապես կողմնորոշենք մեր հասարակությանը: Կարծում եմ՝ շատ պիտանի կլինի սա անել պարբերաբար, հիմնավորված:

Թե չէ, հասարակությունը հաճախ նմանվում է գյուղամիջյան մեյդանի. «զրից» են անում, բամբասում, հայհոյում, արդյունքում ձեւավորվում է փնթփնթացող, նվնվացող հասարակական միջավայր: Այսօր 5-10 000 մարդ Հայաստանում զբաղված է լուր առնել-ծախելով, այսինքն՝ «գործի է գնում», որպեսզի լրագրություն անի:

Մի երկրում, որտեղ կա՛մ տոն-մեռելոց է, կա՛մ բամբասանք ու «զրից», մեծ սպասելիքներ չկան: Մեծ առումով մեր շուրջն այնքան շատ բան չի կատարվում, որքան դրան բառային ու պատկերային նշանակություն ենք տալիս: Մեդիա դաշտի խնդիրներից մեկը շատախոսությունն է:

Կարծես ամեն կողմից մեզ ասվում է՝ եկեք, նկարեք, գրեք, մտքեր լցրեք, հեռախոսով ֆիլմեր ու տեսահոլովակներ նկարահանեք, եղեք ռեժիսոր ու ստեղծագործող: Հետո կգան մարդիկ, որոնք ձեր արածը կգնահատեն, կհավանեն, կտարածեն:

Այսքան տարիների ընթացքում ինչու՞ չկարողացանք ստեղծել հեղինակավոր եւ իսկապես զանգվածային մեդիա:

Կարծում եմ՝ հիմնական պատճառը զանգվածն է. արտագաղթ եւ աղքատություն: Լավ թատրոն, լավ կինո, լավ մեդիա ունենալու պահանջ չձեւավորվեց: Արժեւորվեց էժանը, պլպլանը, սերիալները, քոփի-փեյսթ արված թոք շոուները: Տգետը, «ապերոյագողականը», բամբասկոտը ամենատիրաժավորվածն են:

Ինչի՞ց պիտի խոսի մեդիան, ի՞նչ լուր տա կամ առնի՝ տնտեսությու՞ն, գիտությու՞ն, իրավագիտությու՞ն… Էստեղ պիտի լռենք: Տակը մնաց նորաձեւությունը, արվեստը, որոնց համար մի հանդեսը լրիվ բավարար կլիներ:

Եվ քանի որ շատ մեդիաներ գլամուրի, սկանդալի, «playboy»-ի ձեւաչափով են կառուցվում, երեւի միակ հակադրությունն ու պաշտպանությունը կրթությունն է:

Կարծում եմ՝ լավ կրթությունը ինքնադաստիարակությունն է. զտելու, մաքրելու ներքին կարողությունը: Ասենք՝ պետքական տեղեկատվությունը զատել անպետքից, օգտակար սնունդը՝ վնասակարից, իրական ընկերությունը՝ Ֆեյսբուքյանից:

Հիմա մեծ պահանջարկ ունեն արխիվային նյութերը: Կարծես սկսում ենք կարոտել հինը, բայց անպայման բարի, դրական հուշերով համեմված: Եվ ստացվում է, որ եթե չգիտենք, թե վաղը ինչ է լինելու, մնում է միայն անցյալով հիանալը:

Հետ գնալու համար էլ է պետք զտիչներ (ֆիլտրեր) միացնել: Ի վերջո, արխիվ մտնելը պարզ քայլ չէ, մասնագիտական հմտություն է հարկավոր: Դեպի հետ մի գիտությամբ պիտի գնաս, իսկ դեպի առաջ՝ մեկ այլ կրթությամբ: Հասկանաս, թե ինչն ես կարոտում:

Վերջերս մի նախագծի համար արխիվային լուսանկարներ պիտի գնեի, առաջարկեցին բավականին մատչելի գնով ոչ թե 10, այլ միանգամից 700 լուսանկար: Հիանալի լուսանկարներ էին, մեկը մեկից լավը: Սկսեցի մտածել՝ լավ, ասենք, գնեցի, բայց հետո ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ սկզբունքով աշխատեմ դրանց հետ: Չէ՞ որ պարզապես գնելն ու համակարգչի մեջ առանց դասակարգման լցնելը անիմաստ է:

Ի վերջո, անվճար տրվածը միշտ չէ, որ հարկավոր է վերցնել: Կարծում եմ՝ արխիվ մտնելու համար պիտի մի քիչ գիտնական լինես, մի քիչ՝ գրող, մի քիչ էլ՝ փիլիսոփա:

Երբեմն փորձում եմ լուսանկարներ տեղադրել ֆեյսբուքում, ինչը ինձ հետաքրքիր էր՝ որպես տեսական բնույթի խոսակցություն սկսելու առիթ: Ցանցում ծիծաղելի վեճեր ծագեցին (լուսանկարը մեկնաբանվում է, դառնում բամբասանքի առիթ. ինքնահաստատում, նախանձ, էլի բամբասանք):

Սպասում էի, որ հասարակական հարթակներում հասարակության համար պիտանի հարցերին պատասխանեն պաշտոնյաները, «ընկերներդ» զարգացնեն զրույցն ու ձեւակերպեն հարցը, իսկ լրագրողները մասնագիտական մոտեցմամբ շտկեն եւ ուղղորդեն այն: Սա կլիներ հետաքրքիր եւ օգտակար: Բայց մեր իրականությունը մուննաթ ու հայհոյանք է սիրում, այդ պատճառով էլ ֆեյսբուքյան միջավայրը արագ ձանձրացնում է:

Ծխի պատճառով հիմա սրճարաններ քիչ եմ գնում, ու կարիքը կա մարդկանց հետ հաղորդակցվելու (ինչպես նախկինում): Երբեմն մարդկանց «հանդիպում» եմ վիրտուալ, սա դարձել է դարի աղետը:

Դա է սոցցանցերի պատրանքը. եթե գրում ու մեկնաբանում ես, ուրեմն գոյություն ունես:

Օրդ օր չէ, եթե մի քանի ստատուս չես գրել, սրանից կամ նրանից չես բամբասել, չես մեկնաբանել, չես վիճել ու չես մասնակցել այս համատարած աղմուկին: Եթե այս ամենը չես արել, ուրեմն անելու բան չունես, ավելին՝ դու չկաս, փաստորեն:

Պիտի փորձենք վերադարձնել ասկետիզմը, շատակերությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում:

Պատկերների՞ շատակերությունը:

Ամեն ինչի: Նաեւ բառերի: Երեւի մենք էլ հիմա շատախոսեցինք:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *