2015.04.03,

Տեսակետ

«Լրատվական դաշտը նման է չհավաքած անկողնու»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Վասակ Դարբինյանը երկար, ոլորապտույտ ու հետաքրքիր լրագրողական ուղի է անցել:

Անկախ Հայաստանի ազատ մամուլի բուռն աճն ու հետագա տրանսֆորմացիաները նա զգացել է ներսից՝ տարբեր պարբերականների խմբագրություններում աշխատելիս:

Նա եղել է «Հայք», «02», «Թերթ», «Այբ-ֆե», «Առավոտ», «Ժամանակ» թերթերի խմբագիրը, հիմնադրել ու հրատարակել «Տարեգիր» թերթը, աշխատել մի շարք հեռուստաընկերություններում: Մի խոսքով՝ շատ բան է տեսել ու շատ բան փորձարկել, հաճախ ըմբոստ քայլեր արել ու երբեմն ստիպված որոշումներ ընդունել:

Իսկ հիմա Վասակ Դարբինյանը մեդիա արտադրանքի փորձագետ է։ Նա գտնում է, որ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների բացակայությունը, պրոֆեսիոնալիզմի ոլորտում մրցակցության պակասը գրեթե բոլորին ստիպում է աշխատել իմիջիայլոց, իներցիայով։ Եվ նույնքան էլ մոտավորապես շարադրել մտքերը։ Սեփական խոսքի նկատմամբ անփութությունը ձեւավորում է փնթի լրատվական դաշտ:

Նրա կարծիքով` լավ լրագրող լինելու համար առաջին հերթին հարկավոր է ունենալ այդ մասնագիտությանը համապատասխան խառնվածք ու սուր միտք, պատկերացում ունենալ այն ոլորտից, որի մասին գրում ես եւ հրաշալի տիրապետել լեզվին:

Հիմա Հայաստանում խելքից դուրս լրատվամիջոցներ կամ դրանց նմանությամբ աշխատող տեղեկատվական հարթակներ են գործում: Դրանց քանակը, ի վերջո, կմաղվի՞, թե՞ ոչ: Թվում է, որ դաշտը շուտով կհագենա ու կմաքրվի:

Գուշակություն չեմ կարող անել, բայց կարծես թե մաղվելու նախանշաններ առայժմ չեն երեւում: Հիշում եմ, թե իմ ընկերներից մեկը ինչպես բնութագրեց ցաքուցրիվ մտքեր արտահայտող, նաեւ՝ սանրվելու սեր չունեցող մի քաղաքական գործչի՝ ասելով, թե նա նման է չհավաքած անկողնու… Մի քիչ նենգափոխեմ՝ մեր լրատվական դաշտը ոնց որ չհավաքած անկողին լինի:

Ով հասնի՝ գալիս պառկո՞ւմ է:

Նկատի ունեմ թափթփվածությունը, փնթիությունը, ծուլությունը: Դրա հետեւանքով էլ խեղաթյուրվել են պատկերացումները բուն լրագրության մասին: Մարդիկ ստեղծում են լրատվական կայքեր եւ անգամ հեռուստաընկերություններ, որպեսզի դրանք սպասարկեն իրենց շահերը:

Իրենց թվում է, թե լրագրողներն ու լրատվամիջոցներըը միայն մեկ առաքելություն ունեն՝ ծառայել իրենց տերերին: Դա ամենաանառողջ մտայնությունն է, որը հետին պլան

«Բոլորին թվում է, որ եթե լրատվամիջոցը որեւէ անսպասելի, չպլանավորված բան է գրել, ուրեմն դրա հետեւում մի թաքնված բան կա, մեկի ականջը կա:

Այնքան է կորել վստահությունը լրագրողի հանդեպ, որ ցանկացած հոդված ընկալվում է որպես ինչ- որ մեկի պատվեր»

է մղում պրոֆեսիոնալիզմը:

Մի կողմից իշխանությունն է ստեղծում իր հենարանները, մյուս կողմից՝ տարբեր քաղաքական կամ տնտեսական հավակնություններ ունեցող մարդիկ են հիմնում լրատվամիջոցներ, որ փառաբանեն սեփական մեծագործություններն ու կերտեն իրենց հերոսական կերպարը: Արդյունքը լինում է այն, որ լրատվությունը հեղինակազրկվում է եւ դիտարկվում որպես սպասարկող ոլորտ:

Թեեւ ամիսներ են անցել, բայց հենց նոր տպված թղթադրամի պես չի կորցնում թարմությունը Գալուստ Սահակյանի արտահայտությունը լրագրողների ու լրատվամիջոցների մասին. արտասահմանյան մի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ բոլոր լրագրողները կաշառակեր են: Յուրայիններին լավ ճանաչելով՝ հավանաբար համոզվել է, որ այդպես է:

Փողով եւ հանուն փողի, երբ ստորադասվում եւ ոտնահարվում է ճշմարտությունը, որեւէ մեկի դեմ հոդված գրելը ամենախայտառակ երեւույթն է լրագրության մեջ: Իհարկե, սա նոր երեւույթ չէ, բայց եթե ԱԺ նախագահն ասում է, որ շատ լավ գիտի, թե լրատվամիջոցները որտեղից են սնվում, նշանակում է, որ լրատվամիջոցների մեծ մասին վճարում են հենց իրենք՝ դա համարելով կաշառք:

Ուզում եմ ասածս սխալ չընկալվի. ոչ մի վատ բան չկա, երբ ինչ-որ մեկը ֆինանսավորում է լրատվամիջոցը, վատն այն է, որ այդ բանն անում է իրեն փառաբանելու եւ այլոց վարկաբեկելու նպատակով։

Ցավոք, մասնագիտական հարցերը հաճախ ստորադասում են նաեւ լրագրողները: Մի խոսքով՝ հիմա լրատվական դաշտում փնթիության ու տգիտության զուգակցություն է։ Ես չեմ խտացնում գույներն ու ողբերգական երանգ տալիս, դա է իրականությունը:

Ցածր աշխատավարձով ու արագ ռեժիմով աշխատող լրագրողներից շատ բան ենք պահանջում: Մրցակցությունն այն է, թե ով առաջին կհաղորդի լուրը, իսկ որակը երկրորդական է:

Լրատվական կայքերի այդպիսի մրցակցությունն ինձ համար հասկանալի չէ: Հո չեն կարող մի քանիսը միաժամանակ առաջինը հաղորդել միեւնույն լուրը։ Որպես կանոն՝ գույժը… Է, կայք Աստծո, դու էլ ուրի´շ լուր հաղորդիր առաջինը, ինչու՞ եք գզվռտոցի մեջ ներքաշվում։

Մեր լրատվամիջոցներից շատերը, ի դեպ, դարձել են գուժկան։ Մեկ էլ տեսար՝ զանազան կայքերից ֆեյսբուքում հայտնվեցին «շտապ» գրառմամբ լուրեր: Մինչդեռ դրանց մեծ մասը հիմնականում հնացած է ու ակտուալ չէ, եւ հետո, «շտապ» բառն է սխալ գործածվում. պետք է լինի «հրատապ»:

Դիտումների քանակով մրցակցելու մեջ հաճախ անառողջ տարրեր կան: Մեր լրատվական դաշտը հիվանդ է, եւ այդ մրցակցությունը չի նպաստում առողջացմանը: Ենթադրենք՝ որեւէ կայք դիտումների ահռելի քանակ ունեցավ՝ ի հաշիվ անորակ, էժանագին, «շտապ» հաղորդագրությունների։

Եթե անգիտակից, ստորին խավի նյարդերի հետ խաղալը կամ այդ խավի կրքերը բորբոքելը նպատակ են դարձնում, կնշանակի արդեն իսկ տանուլ են տվել. միեւնույն է, պոռնո կայքերին չեն հասնի։ Այս ոլորտում լուրջ լրատվամիջոցի հավակնություն ունեցողը մրցակցության մեջ չի մտնի։ Մրցակցություն կարող է լինել միայն պրոֆեսիոնալիզմի ոլորտում։ Եթե ոմանք չգիտեն, թե ինչ բան է դա, իրենց խնդիրն է։

Ստացվում է, որ մեդիան զենք է, որն ավելի լավ է՝ գրպանումդ լինի (անգամ եթե գործի չի դրվում), քան դիմացինի ձեռքում:

Մեդիան, այո, ազդեցիկ է, եւ բոլոր իշխանավորները լավ գիտակցում ու օգտագործում են այն, ասենք, ընտրությունները կեղծելու համար: Եվ այդ պատճառով էլ նրանց ձեռնտու է գործ ունենալ կիսագրագետ, բայց ծառայող ու հնազանդ, քան գրագետ, ինքնուրույն ու անկաշառ լրագրողների հետ:

«Լրագրողները ստեղծում են մի տեսակ խեղաթյուրված իրականություն, նրանց հարցազրույցների հերոսները բացարձակապես այն չեն, ինչ կան իրականում։

Եթե այս երեւույթը նկատվեր գրականության մեջ, ապա գրական տվյալ գործը հանգիստ կարելի կլիներ աղբանոց նետել, մինչդեռ լրագրության մեջ իրենց այս կարգի շռայլություն թույլ տվող լրատվամիջոցներն են լսարան ու ընթերցող հավաքում»

Կարծում եմ՝ նաեւ լրատվամիջոցների մեղքով է, որ հասարակությունը ճշգրիտ պատկերացում չունի քաղաքական գործիչների, պետական պաշտոնյաների մասին:

Հասարակությանը մատուցվում են «բնօրինակից» տարբեր, բոլորովին այլ կերպարներ՝ կա՛մ փայլեցրած, կա՛մ մի լավ ցեխոտած…

Լրագրողները ստեղծում են մի տեսակ խեղաթյուրված իրականություն, նրանց հարցազրույցների հերոսները բացարձակապես այն չեն, ինչ կան իրականում։

Եթե այս երեւույթը նկատվեր գրականության մեջ, ապա գրական տվյալ գործը հանգիստ կարելի կլիներ աղբանոց նետել, մինչդեռ լրագրության մեջ իրենց այս կարգի շռայլություն թույլ տվող լրատվամիջոցներն են լսարան ու ընթերցող հավաքում։

Եթե իրականության մասին փորձեինք պատկերացում կազմել լրատվամիջոցների հրապարակումներով, կա՛մ պիտի թվար, թե ապրում ենք դժոխքում, կա՛մ պիտի մոլորվեինք ծիրանագույն բուրաստանում։

1990-ականներին, երբ նոր էր ձեւավորվում անկախ Հայաստանի մեդիա դաշտը, լուրերը կարծես թե այսքան անթաքույց դեղին չէին:

Չէի ասի, որ այն ժամանակ ամեն ինչ շատ լավ էր: Կար նույն այդ տխուր մտայնությունը, որը դեռեւս Լենինն է ձեւակերպել՝ մամուլին սոսնձելով կոլեկտիվ պրոպագանդողի ու ագիտատորի պիտակը (կասեի՝ խարանը): Այդպես էլ շարունակվում է, եւ բոլորին թվում է, որ եթե լրատվամիջոցը որեւէ անսպասելի, չպլանավորված բան է գրել, ուրեմն դրա հետեւում մի թաքնված բան կա, մեկի ականջը կա: Այնքան է կորել վստահությունը լրագրողի հանդեպ, որ ցանկացած հոդված ընկալվում է որպես ինչ- որ մեկի պատվեր: Երեւի պատճառն այն է, որ իշխանավորներն այդպես են սովորեցրել իրենց ձեռնասուն լրատվամիջոցներին:

Եվ լրագրողներից շատերը մտածում են, որ ավելի լավ է աչք փակել սկզբունքայնության եւ այլ վերացական, առանձնապես չգնահատվող բաների վրա: Անկեղծ ասած՝ երբեմն նույնիսկ կարեկցում եմ լրագրողներին: Նյութի մասին պատկերացում չունեն, լեզվին չեն տիրապետում, անգամ ուղղակի խոսքը մեջբերելիս բառեր են բաց թողնում ու խեղաթյուրում ասվածի իմաստը: Անուշադիր, ցրված, աչքաչափով, մոտավորապես են աշխատում:

Մեդիա դաշտն ավելի վատ վիճակում չէ, քան, ասենք, բիզնես դաշտը, գյուղատնտեսությունը եւ մնացած բոլոր ոլորտները:

Իհարկե, լրատվական դաշտը չի կարող բացառություն լինել մեզ արդեն հանրածանոթ գաղջ մթնոլորտից: Լրատվական դաշտում գովազդ չկա, եղածը գիտենք ինչ է, քանի որ բիզնես չկա: Մշակույթ էլ չկա: Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, թե մեր երկիրն ինչպես է կարողանում գոյություն քարշ տալ:

Ճարահատյալ՝ մեզ մնում է ապավինել նոր, չքարացած, ազատամիտ եւ դրական իմաստով՝ հավակնոտ սերնդին՝ բացարձակապես արդարացում չունենալով, թե ինչու հայտնվեցինք այս խայտառակության եզրին… Այդ սերունդը մեզ գուցե եւ փորձի հասկանալ, բայց դժվար թե հանդուրժի այս տխուր, մռայլ ու անհեռանկար իրականությունը:

Նկատելի է նաեւ, որ հոդվածներն ու ռեպորտաժները անդեմ են դարձել, հաճախ չես կարող հասկանալ, թե ով է հեղինակը: Միգուցե հիմա անանուն, մեխանիկական լրագրության պահանջա՞րկ կա:

Չէ, պահանջարկ հաստատ չկա։ Պահանջարկ եթե անգամ լինի, դա հիմք չէ անճաշակություններով եթերը ողողելու։ Արվեստը, մշակույթը, գրականությունը, նաեւ լրագրությունը պիտի ոչ թե պահանջարկ բավարարեն, այլ ճաշակ ձեւավորեն, պիտի ոչ թե սպասարկեն, այլ թելադրեն…

Հիմա լրատվամիջոցներն անգամ խմբագրի կարիք չենք զգում՝ համարելով դա ավելորդ շքեղություն: Մտածում են՝ ինչու՞ փող ծախսեն, լրագրողները գրում են, էլի՛: Եվ այս թափթփվածությունը նաեւ դրա հետեւանքն է: Այդպես է նաեւ կինոյում, հեռուստատեսությունում, գրականության մեջ, թատրոնում, երգերում, ամեն տեղ:

Լեզուն մտածողություն է, կարելի՞ է ասել, որ, փոխելով լեզուն, փոխվում է նաեւ մարդը: Մանավանդ որ արագ գրելու մոլուցք կա:

Դա ավելի շուտ ոչ թե արագ, այլ հեշտ գրելու մոլուցք է: Բացակայում է հարգանքը նախ՝ լեզվի, հետո՝ մասնագիտության հանդեպ: Առհասարակ յուրաքանչյուրին թվում է, որ լրագրող լինելը շատ հեշտ է: Նկատել եմ, որ լրագրողները հիմնականում թույլ են տալիս նույն լեզվական սխալները, շատերը բավարար չափով չեն տիրապետում լեզվին: Ամեն բան արդարացնում են նրանով, որ լեզուն կենդանի ու զարգացող օրգանիզմ է: Բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ թե զարգացում է, այլ այլանդակում եւ

«Լրատվությունը հեղինակազրկվում է եւ դիտարկվում որպես սպասարկող ոլորտ»

խեղաթյուրում: Իհարկե, լեզուն օրգանիզմ է, բայց երբ միաժամանակ մի քանի հիվանդություններով է վարակվում, արդեն հարց է ծագում՝ կենդանի կմնա՞, թե՞ ոչ:

Լրագրողական լեզվի կոնկրետ ի՞նչ սխալներ կնշեք:

Այս մասին առիթ ունեցել եմ խոսելու։ Վերջին տարիներին հայ լրագրության մեջ ցայտուն է մի միտում. լրագրողներից շատերը ստորոգյալը տանում են նախադասության վերջ:

Այսինքն՝ բուն գործողություն կրող, ցույց տվող բառը վտարվում է, որքան հնարավոր է, հեռու, ինչը հայերեն շարադասությանը խորթ է: Իհարկե, մեր լեզվում տրամաբանական շեշտը շարադասությունը դարձնում է շատ ճկուն, սահմանափակումներից գրեթե զերծ, բայց նաեւ ունի ոսկե կանոններ: Օրինակ՝ ենթակա-ստորոգյալ-լրացում շարադասական ատաղձը:

Ճիշտն ասած՝ լրագրողների՝ այդօրինակ նախադասություններում ես տեսնում եմ գործողությունը ուշացնելու, այն հետաձգելու, «էսօրվա գործը վաղվան թողնելու», նաեւ ծուլության չգիտակցված թելադրանք: Կարծես սկսել ենք կարեւորել անկարեւորը, երկրորդականը, լրացումները, բայց ոչ անելիքը:

Հետաքրքրվեցի ու իմացա, որ ստորոգյալը նախադասության վերջում տեղադրելը օրինաչափ է, օրինակ, թուրքերենում: Կարծում եմ՝ ստորոգյալը նախադասության վերջում դնելով՝ թուրքերը իրենց լեզվամտածողությամբ կարեւորում, շեշտադրում են գործողությունը, իսկ մենք, հակառակը, ավելի շուտ ծուլանում, ալարում ենք գործել կամ էլ գործը հաճախ կիսատ ենք թողնում: Իհարկե, իմ ասածը մասնագիտորեն ձեւակերպելու կարիք կա, սա ավելի շուտ զգացական դիտարկում է:

Մի բան էլ է աչք ու ականջ ծակում, ուղեղ սղոցում. հիմա «որ» շաղկապը վտարվել է հայերենից, «որ»-ին փոխարինել է «ով»-ը: Անհեթեթություն այնքան է բարգավաճել, որ անգամ ֆուտբոլի մեկնաբանն է ասում. «Մադրիդի «Ռեալը», ով աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը…»:

Որքան ինձ հայտնի է, «ով»-ի համատարած օգտագործման ցեցը գցեց մի կիսագրագետ պատգամավոր, որը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին բացատրում էր, որ մարդու մասին խոսելիս չի կարելի «որը» ասել, քանի որ մարդը հո անշունչ չէ: Օրինակ՝ չի կարելի ասել՝ Սերժ Սարգսյանը, որը… Պիտի ասվի. «Սերժ Սարգսյանը, ով…», քանի որ Սերժ Սարգսյանը «որը» չէ, այլ «ով» է:

Եվ թքած, որ ստորադասական նախադասություններում «ով»-ը միայն մի դեպքում է օգտագործվում՝ նա, ով…, իսկ մնացած դեպքերում օգտագործվում է «որը» շաղկապը։ Ի վերջո, այս համատարած անգրագիտացման թոհուբոհում ուղեցույց կարող են լինել հայ գրողների ստեղծագործությունները, որոնցից ոչ մեկում չեք հանդիպի մարդուն իբր կարեւորելու եւ «ով»-ացնելու այս արհեստական մոլուցքը։

Իսկ դա ինչու՞ այդքան տարածվեց:

Կարծում եմ՝ որքան մարդուն սկսեցին նսեմացնել Հայաստանում, այնքան հաճախ նրան օգնության եկավ «ով»-ը՝ իբրեւ թե կոմպենսացնելով նրա նվաստացումը։

Առանձին թեմա է հեռուստալրագրողների խոսքի հնչերանգը։ Այս ոլորտում ամենաջանասերը «Արմնյուզ»-ի լրագրողներն են։ Նրանք հայերենի անգերազանցելի քիլլերներ են։

Լրագրության լեզուն իրոք անմխիթար վիճակում է, շատ են սխալները, ավելորդաբանությունները, օտարաբանությունները: Կարող են, օրինակ, լուրը սկսել չակերտներով, երկար մեջբերել ուղիղ խոսքն ու մի տասը տող կարդալուց հետո ընթերցողը կպարզի, թե այդ խոսքի հեղինակն ով է, ինչ առիթով է դա ասել: Հաճախ ձայնագրիչը միացնում են ու հետո սղագրում՝ առանց մտածելու, թե ինչպես է պետք տեքստը կառուցել:

Ցավոք, դա հեշտ գրելու մոլուցքն է։ Հաշվի առնելով հազիվ շնչող տնտեսությունն ու ուղղորդվող գովազդային գումարները, չենք կարող ենթադրել, որ առաջիկայում կունենանք ինքն իրեն պահող լրատվամիջոց:

Մնում է կա՞մքը:

Չեմ կարծում, թե մեդիա դաշտում երաժշտություն պատվիրողները ոլորտը զարգացնելու կարիք են զգում: Նրանց ռաբիսն էլ է «դզում»։

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *