Մեկ տարի առաջ առաջարկվեց փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում՝ Հանրային հեռուստաընկերությունում արգելելով առևտրային գովազդը:
Բացառություն է սոցիալական (մշակութային, ուսումնական, գիտակրթական, սպորտային բնույթի) գովազդը, որը համարվում է թույլատրելի և կարևոր ազգային շահերի տեսանկյունից: Որպես օրինագծի կարգավորման նպատակ՝ նշված է. «Է՛լ ավելի բարձրացնել Հանրային հեռուստատեսության տեղն ու դերը, համբավը հասարակական կյանքում»:
Այս օրինագծերը դեռ օրենք չեն, սակայն արդեն մի քանի ամիս է՝ Հանրային հեռուստաընկերության եթերում առևտրային գովազդ չի ցուցադրվում:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը կոմերցիոն գովազդից ինքնակամ հրաժարվելու քայլն այսպես է մեկնաբանում. «Դա խելամիտ որոշում էր, որին ձգտում էինք»:
Հաջորդ տարի նախատեսվում է զգալիորեն ավելացնել Հանրային հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից հատկացվող ֆինանսական աջակցությունը:
Առաջին կետը պետական բյուջեում նշված ծառայություններն են ամբողջ ծավալով,
իսկ երկրորդ կետը վերաբերում է բացառապես Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումներին:
Վերջին երկու տարիներին Հանրային հեռուստընկերությունը լուրջ փոփոխությունների է ենթարկվել. փոխվել է ոչ միայն աշխատակազմը, աշխատաոճը, այլև քաղաքականությունը (թե՛ բովանդակային, թե՛ ֆինանսական): Հանրայինը նաև վարկային պարտավորություններ է ձեռք բերել:
Ռուբեն Ջաղինյանի հետ մեր զրույցը տարբեր հարցերի շուրջ էր: Հարցազրույցի այս հատվածում խոսքը գովազդային հոսքերից հրաժարման պատճառների, բյուջետային գումարների ավելացման ու վարկի նպատակահարմարության մասին է:
Ինչու՞ է Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել առևտրային գովազդից: Թեև օրենքում լրացում է արվել, բայց այն դեռ ուժի մեջ չէ:
Որոշումը դեռ ուժի մեջ չէ, բայց դա այն ուղերձն էր, որը ստիպեց մեզ փոխել մեր մարտավարությունը: Ի վերջո,33 գովազդատուներն առաջնորդվում են նախապես հաշվարկված բյուջեով և պայմանագրեր կնքում առնվազն մեկ տարի ժամկետով:
Եվ ոչ պրոֆեսիոնալ կլիներ գովազդատուին ասել. «Օրենքում փոփոխություններ են արվել, բայց չգիտենք, թե երբ են դրանք գործելու: Եկեք համագործակցենք անորոշ ժամանակով ու գրաֆիկով»: Այդ մոտեցումը գովազդատանուները չէին ընդունի:
Ես երկար տարիներ աշխատել եմ գովազդի դաշտում ու լավ գիտեմ, թե այդ իրավիճակում հեռուստաընկերության դիրքերը որքան թերի ու խոցելի են: Գովազդի պլանավորումն անիմաստ է, երբ գիտես, որ վաղ թե ուշ գովազդ այլևս չի լինի: Մենք ինքներս էինք ուզում հրաժարվել գովազդից, իսկ եթե մինչև վերջին թույլատրված օրը շարունակեինք գովազդ հեռարձակել, անհիմն լարում կստեղծվեր և՛ գովազդատուների, և՛ կառավարության հետ:
Վստահ եմ, որ առևտրային գովազդից հրաժարվելը ճիշտ որոշում էր, քանի որ այդպես են աշխատում աշխարհի շատ հանրային հեռուստաընկերություններ:
Եվ հետո էլ՝ գովազդային հոսքերի կրճատման միտումն արդեն զգացվում էր, մանավանդ երբ փոխվեցին ծրագրերն ու փակվեցին սերիալները: Իհարկե, գովազդի որոշ ծավալ (հիմնականում մշակութային, սոցիալական, իմիջային) պահպանվելու է:
Կարծում եմ՝ այդ գովազդը հիմա չի խանգարում դիտել Հանրայինի ծրագրերը, չի ընդհատում, չի նյարդայնացնում: Եվ լավ է, որ այսուհետ այդպես լինելու է միշտ:
Դա նաև հետաքրքիր փիառ քայլ է:
Դա խելամիտ և արդիական քայլ է, որը թույլ է տալիս ազատվել կախյալ վիճակից ու գովազդատուների քմահաճույքներից: Խոսքը և՛ հաղորդումների, և՛ սերիալների մասին է, որոնք պատրաստավում ենք նկարահանել: Մենք ազատվում ենք այն երկիմաստ վիճակից, երբ գովազդատուն գումար է տալիս և սկսում է միջամտել ստեղծագործական պրոցեսին:
Հանրային հեռուստաընկերությունը նաև վարկային պարտավորություններ է ձեռք բերել: Ինչո՞վ էր պայմանավորված վարկի տեսքով հավելյալ գումար ստանալու որոշումը:
Վարկ վերցնելը բիզնեսի զարգացման նորմալ տեխնոլոգիա է: Դա սարսափելի քայլ չէ, ինչպես որոշ լրատվամիջոցներ փորձում են ներկայացնել: Մանրակրկիտ հաշվարկված են բոլոր ֆինանսական պարտավորությունները, և մենք կրում ենք վարկի պատասխանատվությունը:
Վարկն այն անհրաժեշտ օգնությունն էր, որի շնորհիվ տարրական հարցեր լուծվեցին: Կիսաքանդ վիճակում էր հեռուստաընկերության շենքը, իսկ պատմական նշանակություն ունեցող «Երևան» ստուդիայի պատերը պարզապես փլվում էին: Հիմա այդպես չէ, շինությունների հիմքերը ամրացվել են, արդիականացվել է տեխնիկական և տաղավարային բազան:
Իսկ որքանո՞վ է հաջորդ տարի ավելանալու բյուջետային հատկացումը:
Հանրային հեռուստաընկերությունում 2005 թվականից պետական բյուջեի ֆինանսավորման շոշափելի աճ չի եղել: Հիմա այն զգալիորեն աճելու է, մենք բարձրացնում ենք բյուջեի նշաձողը: Եվ լավ է, որ այսուհետ դա է համարվելու օրինաչափություն:
Հանրային հեռուստաընկերությունը EBU-ի՝ Եվրոպական հեռարձակողների միության անդամ է և սերտորեն համագործակցում է եվրոպացի մասնագետների հետ, որոնք հետևում են մեր զարգացման պլանին և օգնում խորհուրդներով: Ըստ EBU-ի՝ գումարային հաշվարկները կախված են տարբեր գործոններից՝ պետության տարածքից, բնակչության և հեռուստացույցների քանակից, ՀՆԱ-ի ու պետության արտաքին պարտքի համադրությունից և այլն:
Արդյունքում ձևավորվում է այն գումարը, որը տոկոսային հարաբերակցությամբ բյուջեից պետք է հատկացվի Հանրային հեռուստաընկերությանը: Ասեմ, որ մենք այդ տոկոսից շատ հեռու էինք:
Հիմա հույս ունենք, որ տարբերությունը կկրճատվի, ու մենք կկարողանանք մեր երազած հեռուստատեսությունը կառուցել:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Հ.Գ. Ռուբեն Ջաղինյանի հետ հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ հաջորդ շաբաթ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: