Ուկրաինական մամուլի ակադեմիայի նախագահ Վալերի Իվանովը խորհուրդ է տալիս լրագրողներին հիշել, որ իրենք ոչ թե աստվածային առաքելություն ունեցողներ են, այլ արհեստավորներ: Եվ անգամ լրջագույն ինֆորմացիոն պատերազմների ժամանակ հարկավոր է ուղղորդվել արհեստի բազային պահանջներով, այլ ոչ թե քարոզչական պատվերով:
Վալերի Իվանովը կարծում է, որ Ուկրաինան սխալ քայլ է արել` հանրապետության տարածքում դադարեցնելով ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: «Անգամ եթե ալիքները բացարձակ սուտ են տարածում, մարդիկ պիտի այդ սուտը տեսնելու հնարավորություն ունենան: Ինֆորմացիոն դարաշրջանում արգելքը ոչ միայն արդյունավետ չէ, այլև պարզապես հիմարություն է», – ասում է նա:
Այն պայմաններում, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցներն իրենց սեփականատերերն ունեն ու բավականին նեղ խմբի պատվերն են կատարում, ինչպե՞ս կարելի է բնութագրել ազատ մեդիան: Լրագրողները (օրինակ` Հայաստանում) հստակ գիտեն, թե ինչ և ինչպես պետք է գրել աշխատանքը չկորցնելու համար:
Պատասխանը շատ պարզ է. բոլոր իրավիճակներում էլ լրագրողը պետք է կատարի իր լսարանի, այլ ոչ թե գործատուի պատվերը: Ընդհանրապես հստակ տարբերություն կա սովորական և այսպես կոչված` սոցիալապես պատասխանատու մասնագիտությունների միջև:
Երբ, օրինակ, երեխային տանում ենք վճարովի դպրոց, ուսուցչին չենք թելադրում ուսուցման մեթոդիկան: Ինչպես նաև չեք կարող բուժման եղանակը պատվիրել մասնավոր կլինիկայում աշխատող բժշկին:
Լրագրողը տաքսու վարորդ չէ, որին փող ես տալիս ու ասում` տար ինձ իմ ուզած վայրը, որովհետև ես վճարում եմ: Լրագրությունը սոցիալապես պատասխանատու մասնագիտություն է, ինչպես, օրինակ, ոստիկանը, բժիշկը: Այսինքն` գործատուից փող ստանալով` նա անում է իր աշխատանքն այնպես, ինչպես ճիշտ է համարում` ելնելով իր լսարանի շահերից: Իսկ գործատուի առջև նրա պարտականությունը հենց լավ աշխատանքն է` առանց ստի ու համաձայն ստանդարտների:
Մեզ մոտ` Ուկրաինայում, մեդիայի սեփականատերերի ու լրագրողների բախումը չափազանց սուր է: Լրագրողներին հեռացնում են աշխատանքից, կամ էլ իրենք են հեռանում: Ամեն դեպքում չի կարելի ձեռքերը ծալել ու ասել, որ ոչինչ փոխել չես կարող:
Լրագրությունը հենց այն մասնագիտություններից է, որը պայքար է ենթադրում: Պայքար նրանց հետ, ով չի ցանկանում տեղեկատվություն տրամադրել: Պայքար նաև ինքդ քեզ հետ, քանի որ հաճախ ստիպված ես հոդվածը կառուցել` հաշվի առնելով նաև քեզ համար ոչ ցանկալի տեսակետը:
Կարծում եմ` ճանապարհը միակն է. պետք է փորձել հաղթահարել այդ կախվածությունը: Հասկանում եմ, որ դա արագ գործընթաց չէ: Արևմուտքում էլ նման խնդիրներ կան: Լրագրողի աշխատանքը հաճախ կապվում է գովազդի ծավալի հետ: Բայց դա բոլորովին այլ իրավիճակ է: Մեր և նրանց խնդիրների միջև սար ու ձորի տարբերություն կա:
Կարևորը գիտակցելն է, որ մենք աշխատում ենք ոչ թե մեր ինքնասիրությունը շոյելու կամ գործատուի ցանկությունները բավարարելու, այլ լսարանի համար:
Ընդ որում` այդ լսարանը ոչ թե վերացական է (հանրապետության ողջ բնակչությունը), այլ շատ կոնկրետ (քո մեդիայի սպառողները): Լրագրությունը միշտ կոնկրետ հասցեատեր է ունենում:
Ուկրաինայում շատ լրագրողներ, որոնք համաձայն չեն սեփականատիրոջ պահանջների հետ, լքում են այդ մեդիան ու նոր աշխատանք փնտրում: Հաճախ նոր աշխատատեղում զգալիորեն նվազ գումար են ստանում, բայց պահպանում են իրենց անունը: Ձեզ մոտ է՞լ է այդպես:
Մեր շուկան է փոքր, և շատ մեդիա հարթակներ մեկ հոլդինգի մեջ են ներգրավված (նաև ոչ պաշտոնապես): Հեռանալու աղմկոտ դեպքեր գրեթե չկան:
Ի վերջո, կարելի է գնալ ինտերնետ: Շատ ուկրաինացի լրագրողներ միաժամանակ երկու գործ են անում` մեկը խոշոր մեդիայում (ասենք հեռուստատեսային), իսկ մյուսը ինտերնետում, որտեղ կարող են իրենց թույլ տալ գրել այն, ինչն իրապես կարևոր են համարում:
Բայց դա անձի երկատվածություն է առաջացնում:
Կասեի ավելին` դա շիզոֆրենիա է, ներքին կոգնիտիվ դիսոնանս: Բայց ի՞նչ արած: Ի վերջո, լրագրողներ են դառնում հիմնականում պայքարի ընդունակ մարդիկ: Կոնֆորմիստներ դառնում են ավելի ուշ, տարիքի հետ: Շատ բան կարելի է ուղղել, եթե պայքարողները երիտասարդներ են: Իսկ եթե ոչ, հետևանքները սարսափելի են:
Նորմա՞լ եք համարում, որ լրահոսում գերակշռում են քաղաքական լուրերը:
Խաղաղ ժամանակ դա նորմալ չէ, մեդիայում պիտի շատ լինեն սոցիալական ուղղվածության նյութերը: Այսինքն` այն նյութերը, որոնք օգնում են մարդուն ապրել: Իսկ քաղաքական ու տնտեսական ինֆորմացիան անպայման անցնում է սոցիալականի պրիզմայով:
Իսկ եթե գերակշռում են քաղաքական լուրերը (հատկապես ներքին), դա վկայում է լրագրողական ծուլության մասին: Չէ՞ որ քաղաքական ոլորտում նորությունները միշտ էլ շատ են, իսկ գործիքներից շատերը հանդես են գալիս որպես նյուզմեյքերներ` իրենց անհրաժեշտ այս կամ այն լուրը մեդիա դաշտ նետելով: Եվ շատ հեշտ է որևէ քաղաքական գործչի ասածի կամ ասուլիսի հիման վրա նյութ սարքելը: Դա վատ լրագրություն է:
Շատ ավելի բարդ է որևէ հուզող թեմայի շուրջ լուրջ հետազոտություն անել: Օրինակ` պարզել, թե ինչու այս կամ այն առողջապահական կամ կրթական խնդիրն իր լուծումը չի ստանում: Կան կոնֆլիկտային թեմաներ, որոնք շահերի բախում են ենթադրում, և պետք է պատրաստ լինել դրանք ներկայացնել այնպես, որ լսարանը օգուտ ստանա:
Այն ինֆորմացիոն պատերազմը, որը տեղի է ունենում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, ճակատային սովետական պրոպագանդա է հիշեցնում: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է այն այսօր:
Ռուսաստանի պրոպագանդան ավելի նման է խորամանկ խարդավանքի: Սովետական պրոպագանդան քարոզում էր, որ պետք է այսպես լինի, քանի որ այսպես է ճիշտ: Իսկ ժամանակակից պրոպագանդան դիմում է հույզերին, պարզ մարդկային զգացմունքներին: Վառ օրինակը խաչված տղայի մասին ռեպորտաժներն էին, որոնց ամեն կադրի ու բառի մեջ հնչում էր` «տեսե’ք, սրանք մարդ կոչվելու իրավունք չունեն, քանի որ երեխային խաչելով սպանում են»:
Արդյունքում մարդիկ կորցրին ռացիոնալ մտածելու իրենց ունակությունն ու տեղափոխվեցին էմոցիաների տարածք: Ընդ որում` այնպիսի էմոցիաների, որոնք միանշանակ են: Մարդկանց ասացին` կան մեղավորներ ու անմեղներ, և եթե հանկարծ փորձես համակրել մեղավորներին, ուրեմն սրիկա ես ու պիտի դադարես ինքդ քեզ հարգել:
Այդպիսի պրոպագանդան մեծ ներգործություն ունի: Բայց ելքը միակն է` ազնիվ աշխատել: Նույնիսկ եթե պատվիրում են միայն դրական (ինչպես ձեզ մոտ) կամ միայն բացասական (ինչպես մեզ մոտ) տեսակետից ներկայացնել Ռուսաստանի գործողությունները, հարկավոր է ցանկացած լրագրողական նյութ կառուցել մի քանի կարծիքների համադրությամբ:
Եվ ուզում եմ հիշեցնել լեզվի մասին: Լեզուն միայն առաջին հայացքից է անվնաս գործիք թվում, իրականում դա հզոր զենք է: Հենց լեզվի օգնությամբ, օրինակ, Բալկանյան երկները կարողացան թոթափել Օսմանյան կայսրության լուծը: Հատկապես Սերբիան, որը շատ խելացի վարվեց`ծխական դպրոցներում ուսուցումը դարձնելով բացառապես մայրենի լեզվով: Արդյունքում մեծացավ մի սերունդ, որը ազգային մտածելակերպ ուներ:
Լեզուն ձևավորում է վերաբերմունք աշխարհի հանդեպ: Օրինակ` Դոնբասի այն բնակիչները, որոնք ուկրաիներեն են խոսում, հստակորեն Ուկրաինայի պետականության կողմնակիցներն են, իսկ ռուսերենով շփվողները` Ռուսաստանի:
Լեզուն ինքնության նշան է, և եթե նույն ազգը տարբեր լեզուներով է խոսում, ապա մեծ է հավանականությունը, որ կոնֆլիկտների ընթացքում ժողովուրդը բարիկադների տարբեր կողմերում կհայտնվի:
Ես վստահ եմ, որ եթե մենք մի 10 տարի ժամանակ ունենայինք ու հասցնեինք առանց ցնցումների պետության ողջ տարածքում ուկրաիներենի անցնել, անջատողականությունն անհնարին կլիներ: Իհարկե, մեզ մոտ ուսուցումը ամբողջովին ուկրաիներեն է, բայց դա դժվարությամբ էր ընդունվում:
Ուժով դրախտ տանելը ոչ միշտ է լավ գաղափար:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: