Ադրիեն Քոլինը Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) նախագծերի ղեկավարներից մեկն է, IFJ-ում աշխատում է 2010թ.-ից: Ադրիենը մեդիա զարգացման ծրագրեր է իրականացրել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքի լրագրողների համար:
IFJ-ի նոր նախձեռնություններից մեկը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում լրագրողական միությունների կարողությունների զարգացում» նախագիծն է:
Ադրիեն, ինչու՞ որոշեցիք նման նախագիծ իրականացնել, ո՞րն է դրա հիմնական նպատակը:
Գլխավոր նպատակն է վերափոխել եւ արդիականացնել IFJ-ին անդամակցող լրագրողական արհիմությունները: Դրանցից ոչ բոլորն են արհմիություններ, մի մասը ասոցիացիաներ են եւ զբաղվում են մասնագիտական հարցերով: Մենք ուզում ենք, որ այս ծրագրի միջոցով այդ միությունները խոսեն լրագրողների աշխատանքային պայմանների հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ լրագրողական արհմիությունների իրավունքների մասին: Խոսքը լրագրողների՝ արհմիություններում ինքնակազմակերպվելու իրավունքի մասին է:
Ինչու՞ հատկապես արհմիություններ:
Սա IFJ-ի առանցքային աշխատանքն է. մենք աշխատում ենք 134 երկրներում եւ ներկայացնում ենք մոտ 600.000 աշխատողների: Մեր հիմնական մանդատն է՝ զարգացնել արհմիություններն այնպես, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել աշխատողների իրավունքները:
Այս նախագծի գաղափարն առաջացել է մեր նախկին փորձից, մեկ այլ ծրագրից, որ իրականացրել ենք Հարավային Կովկասում, որտեղ բացահայտեցինք, որ տեղական արհմիություններն իրականում չեն պաշտպանում լրագրողների իրավունքները: Զգացինք, որ այս թեմայով հատուկ նախագիծ է հարկավոր իրականացնել, որպեսզի արհմիություններն ավելի շատ համապատասխանեն լրագրողների կարիքներին:
«Հայաստանում, ինչպես եւ այլ երկրներում, պայմանագրերի խնդիր կա. գործատուն իր աշխատողի համար մինիմալ աշխատավարձ է սահմանում եւ ծրարներով է գումարը վճարում լրագրողին» |
Մյուս կողմից՝ Հարավային Կովկասի երկրներում արհմիությունները սակավաթիվ անդամներ ունեն եւ չեն ներկայացնում բավարար թվով աշխատողների, որպեսզի աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում առաջատար համարվեն: Ահա՝ ինչու որոշեցինք իրականացնել այս ծրագիրը, որպեսզի կազմակերպություններն ավելի ներկայացուցչական դառնան՝ ներկայացնեն լրագրողների շահերը, վստահ լինեն, որ նրանք պայմանագրեր ունեն:
Օրինակ՝ Հայաստանում լրագրողների արհմիություն չկա: Փոխարենը մենք ունենք Հայաստանի լրագրողների միություն: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Հայաստանում:
Լրագրողները հաճախ չեն վստահում գործող միություններին, այս խնդիրը կա ողջ տարածաշրջանում: «Միություն» բառ պարունակող կազմակերպությունը միշտ ասոցացվում է սովետական արհմիությունների հետ, որոնք առողջարանային հանգիստ եւ նման այլ հնարավորություններ էին առաջարկում, բայց միայն այդքանը: Մեզ համար արհմիությունը շատ տարբեր է միայն հանգստյան տների ուղեգրեր առաջարկող կառույցից: Այն պետք է պաշտպանի աշխատողների իրավունքները, վստահ լինի, որ մարդիկ ունեն համապատասխան պայմանագրեր:
Հայաստանում, ինչպես եւ այլ երկրներում, պայմանագրերի խնդիր կա. գործատուն իր աշխատողի համար մինիմալ աշխատավարձ է սահմանում եւ ծրարներով է գումարը վճարում լրագրողին: Սա ակնհայտորեն շատ վատ պրակտիկա է, որը հնարավորություն է տալիս ճնշել լրագրողներին: Սեւ ծրարներով գումար ստացած լրագրողներն այլեւս ազատ եւ անկախ չեն եւ չեն կարող զբաղվել բարձրորակ լրագրությամբ:
Բացի այդ՝ մեր տեղեկություններով՝ որոշ լրագրողներ կիրառում են սպառնալիքի պրակտիկան, երբ մարդկանց ասում են, թե վատ հոդվածներ կգրեն, այս կամ այն տեղեկատվությունը կհրապարակեն (որը ապատեղեկատվություն է եւ էթիկայի խախտում), եթե իրենց գումար չտան: Լրագրողների աշխատանքային պայմանները բարելավելը կնպաստի, որպեսզի նրանք հանրությանը ավելի լավ իրազեկեն հիմնական խնդիրների մասին: Սա կարեւոր է նոր ժողովրդավարացող երկրների համար, ինչպիսին Հայաստանն է:
Ակնհայտ է, որ մեր երկրի նման հետսովետական երկրներում արհմիությունների մշակույթի պակաս կա: Եթե անգամ կան արհմիություններ, դրանք թույլ են, եւ շատ երկար ճանապարհ կա անցնելու: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քայլեր կան անելու հատկապես լրագրողների միությունն ուժեղացնելու համար:
Մեզ՝ եվրոպացիներիս, ավելի քան 100 տարի է անհրաժեշտ եղել այնպիսի արհմիություններ ստեղծելու համար, ինչպիսիք հիմա ունենք: Սա իսկապես նոր ժողովրդավարություն է, այն ժամանակ է պահանջում: Դուք Սովետական միության ժառանգություն ունեք, դրա համար այս դաշտում աշխատող կազմակերպությունների համար հեշտ չէ: Արհմիությունների մասին իրազեկության պակաս կա:
«Սեւ ծրարներով գումար ստացած լրագրողներն այլեւս ազատ եւ անկախ չեն եւ չեն կարող զբաղվել բարձրորակ լրագրությամբ» |
Մեր նախագծի կարեւոր մասերից մեկն այն է, որ տեղական կազմակերպությունների համար հնարավորություններ ստեղծենք հայաստանցի լրագրողներին սովորեցնելու, թե ինչ է արհմիությունը, ինչով պետք է այն զբաղվի, ինչպես ինքնակազմակերպվել` աշխատողների իրավունքներն ավելի լավ պաշտպանելու համար, ինչպես ստեղծել մասնաճյուղեր տաբեր մեդիա կազմակերպություններում:
Մեր նախագծի կարեւոր թիրախներից մեկն էլ արհմիութենական միությունների աշխատանքներում երիտասարդ լրագրողների ներգրավումն է: Մենք հատուկ դասընթացներ կկազմակերպենք` պատմելու, թե ինչ է այսօր միությունը, ինչպես կարող ենք նրանք նպաստել դրա արդիականացմանը եւ ավելի ակտիվ լինել դրա աշխատանքներում:
Զուգահեռաբար մենք կզարգացնենք նաեւ իրավական ծրագիր, քանի որ ձեզ մոտ գործատուների կողմից լրագրողների իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքեր կան: Կարեւոր է, որ IFJ-ը տեղական կազմակերպությունների հետ միասին կարողանա լուծում տալ նման դեպքերին` առանց գործը դատարան հասցնելու: Սակայն կարեւոր է նաեւ գործատուին ցույց տալ, որ նա չի կարող խախտել լրագրողի իրավունքները: Նման մի քանի դեպքերը կօգնեն նոր լրագրողներ ներգրավել Հայաստանի լրագրողների միություն եւ այն դարձնել ավելի ազդեցիկ:
Դուք, իհարկե, ունեք օրենքներ, սակայն դրանք միշտ չէ, որ գործում են: Մեր ծրագրի մեկ այլ մասը կառավարության հետ երկխոսությունը եւ արդեն գոյություն ունեցող օրենքների բարելավումն է, դրանց կիրառումը: Մենք, իհարկե, կներառենք այլ հասարակական կազմակերպությունների եւ գործատուների: Մեդիա դաշտի այն գործատուները, որոնց հանդիպել ենք, պատրաստակամություն են հայտնել իրենց կազմակերպություններում արհմիության մասնաճյուղեր տեղավորել: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում:
Նախագծի մեկ այլ կարեւոր մասը միության ներկա ղեկավար կազմի վերապատրաստումն է, որպեսզի այն նոր ռազմավարություն մշակի` իրականությանն ավելի համապատասխան: Ավելի թափանցիկ, հաղորդակցվող եւ լրագրողական համայնքի համար ավելի տեսանելի միություն ունենալու անհրաժեշտություն կա:
Սա նշանակում է, որ Հայաստանի Լրագրողների միությունն ինքը պետք է փոխվի, ավելի հզորանա, շատ աշխատի լրագրողների հետ եւ մեդիա դաշտում ավելի ակտիվ դերակատարություն ունենա:
Ճիշտ այդպես: Մեր կարծիքով` այս պահին միությունն ավելի լավ կարող է անել իր աշխատանքը, կարող է ավելի ակտիվ ներկայացնել լրագրողների կարիքները: Ծրագրի շրջանակում նախատեսում ենք միությունում ներկա իրավիճակի աուդիտ եւ գնահատում իրականացնել, ինչպես նաեւ հետազոտել` արդյո՞ք մեր գործընկերների ներկա նպատակները համընկնում են իրականության հետ, որին բախվում են լրագրողները, ի՞նչ են լրագրողները սպասում միությունից: Սրանով մենք հույս ունենք միությունը համապատասխանեցնել այն մարտահրավերներին, որոնց լրագրողները հանդիպում են իրենց աշխատանքի ժամանակ: Խնդիրներից են, իհարկե, աշխատավարձերը, պայմանագրերը, աշխատանքային պայմանները: Լրագրողները կասեն, թե իրենց համար ինչն է կարեւոր, որ միությունն անի:
Մեկ այլ կարեւոր հանգամանք է մեդիա դաշտի բոլոր մասնակիցներին ներգրավելը եւ դա մասնակցային հիմունքներով կազմակերպելը: Սովետական շրջանում միությունն ասում էր` պետք է այս կամ այն բանը անենք, ինչը, սակայն միշտ չէ, որ համապատասխանում էր իրական կարիքներին: Մենք ուզում ենք փոխել դա` լրագրողներին ներգրավելով:
Միության սիրտը դրա անդամներն են, անդամներն են ստեղծում հզոր եւ դինամիկ միություն: Ահա, թե ինչու է անհրաժեշտ ավելի շատ անդամներ ունենալ:
Հարցազրույցը՝ Գեղամ Վարդանյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: