2013.11.08,

Տեսակետ

«Կինոն ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի ինդուստրիա է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կինոպրոդյուսեր, Araprod պրոդյուսերական ընկերության հիմնադիր Կորիուն Ափրիկեանը (Gorune Aprikian) զբաղվում է տարբեր երկրների համատեղ արտադրության կինոնախագծերով: Նա հաճախ է այցելում Հայաստան եւ փորձում է, իր կապերն ու գիտելիքները օգտագործելով, Հայաստանի կինոոլորտը դեպի իրավաբանական հստակեցում մղել:

Կորիուն Ափրիկեանի կարծիքով՝ կինոյի մասին օրենքի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել, քանի որ առանց դրա հայ-եվրոպական շատ կինոնախագծեր ավելորդ անգամ արգելակում են, եւ Հայաստանը չի կարողանում լիարժեք ինտեգրվել եվրոպական կինոհամակարգ եւ միաժամանակ մտածել ներքին շուկայի ընդլայնման մասին: 

Ձեր կարծիքով՝ հայկական կինոյի զարգացման համար ի՞նչն է առաջնային: 

Հարց եմ ուզում տալ՝ հայկական ֆիլմերը որտե՞ղ պիտի ցուցադրվեն:

Միայն Հայաստանի ուժերով ու Հայաստանի համակարգի համաձայն նկարահանված ֆիլմերը միայն Հայաստանում էլ ցուցադրվում են: Եվ քանի որ կինոսրահներ չկան, որքան ուզում ես տանջվի, ֆիլմը մեծ թվով հանդիսատես չի դիտի: Իսկ այլ երկրներում ցուցադրություններ անել համոզելու համար պետք է լավ ծանոթ լինել համաշխարհային համակարգերին եւ գրագետ օգտագործել դրանք:

Կարծում եմ՝ հայկական կինոյի զարգացման համար նախեւառաջ հարկավոր են կինոթատրոններ: Կինո նկարահանելն անիմաստ է, եթե այն ցուցադրելու վայրեր չկան: Եթե կինոթատրոններ չկան, ֆիլմը կա՛մ հեռուստատեսության, կա՛մ էլ սկավառակի արտադրանք է դառնում:

Կինոթատրոններ բացելը, որպես բիզնես պրոեկտներ, թերեւս, շահավետ չեն Հայաստանում: 

Վստահ եմ, որ այդպես չէ, եւ շատ արագ կարելի է կինոթատրոնների տարբեր ցանցեր բացել: Գիտեմ, որ, օրինակ, «Դալմա» առեւտրային կենտրոնում կինոդահլիճ է բացվելու, նաեւ այլ վայրերում: Եվ որքան արագ տեղի ունենա այդ պրոցեսը, այնքան լավ կինոյի համար: Հիմա նոր տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս ֆիլմերի ցուցադրման ծախսերը զգալիորեն նվազեցնել: Տարբեր կենտրոններում կարելի է փոքր կինոսրահներ բացել, եւ դա բավական լավ կաշխատի՝ որպես մասնավոր բիզնես:

Հայաստանում հաճախ ասում են, որ ժողովուրդը չի գնում ֆիլմեր դիտելու: Բայց ուզում եմ հիշեցնել, որ կինոն ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի ինդուստրիա է:

Եթե դիտելու բան լինի, կգնա՞ն: 

Իհարկե: Հանդիսատեսին չեն հարցնում, թե ինչ է ուզում դիտել, հանդիսատեսին առաջարկում են, ավելի ճիշտ՝ ակտիվորեն գովազդում:

Ֆրանսիայում, օրինակ, կինոթատրոնի տոմս գնել ցանկացողների քանակը տարեցտարի պակասում էր: Բայց անցավ 10 տարի, եւ հանդիսատեսը կրկնապատկվեց: Դա տեղի ունեցավ մի շատ պարզ բանի շնորհիվ. ավելացան, վերանորոգվեցին ու մոդեռնացվեցին կինոսրահները: Դա շատ կարեւոր նախապայման է, քանի որ ցանկացած բնակավայրում ապրող մարդը պետք է կարողանա ֆիլմեր դիտել լավ պայմաններում եւ իր տան մոտ:

Եվ այն երկիրը, որը ցանկանում է կինո զարգացնել, պետք է աշխատի կինոթատրոններով ապահովել ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ բոլոր քաղաքների բնակիչներին:

Հայաստանում կինոոլորտը կարգավորող օրենք չկա, ֆիլմերը հարկվում են այնպես, ինչպես, ասենք, կոշիկի արտադրությունը: Դա չի՞ խանգարում կինոարտադրությանը: 

Փոքր երկրներում օրենքն առաջին հերթին պաշտպանում է սեփական արտադրությունը: Օրինակ՝ Ֆրանսիայում, որը ԱՄՆ-ի հետ համեմատած փոքր երկիր է, այդ օրենքը երաշխավորում է ազգային կինոյի զարգացումը: Եթե օրենք չլիներ, բոլոր ֆրանսիացիները անպայման միայն ամերիկյան ֆիլմեր կդիտեին:

Չկա մի երկիր, որն, առանց կինոյի մասին օրենքի, կարող է դիմակայել ամերիկյան հզոր կինոարտադրանքին: Թերեւս, միակ դիմացողը Հնդկաստանն է, որն իր սեփական կինոտեսակն

«Ֆրանսիական հեռուստատեսությունը պարտավորված է կինոարտադրության մեջ ներդրում անել: Դա ամրագրված է օրենքով եւ դրա շնորհիվ ֆինանսական հատկացումները կինոյին կայուն են»

ունի ու դիմադրում է Ամերիկայի ճնշմանը: Բայց հնդիկները մեկ միլիարդ են, իսկ Բոլիվուդը տարեկան գրեթե նույնքան ֆիլմ է արտադրում, որքան Հոլիվուդը:

 Հիմա մոլորակի բոլոր երեխաները «Դիսնեյ» ալիքն են նայում, շատ հավանում են եւ կամաց-կամաց ընտելանում են ամերիկյան կինոյին՝ դառնալով դրա սպառողները: Ասածս այն է, որ նույնիսկ Հնդկաստանն է փոխվում, քանի որ դա անխուսափելի է:

Կարծում եմ՝ բացի Ամերիկայից, որն ուզում է բաց կինոշուկա կառուցել, մնացած բոլոր երկրները փորձում են իրենց մշակույթը պաշտպանել: Ֆրանսիան այդ պաշտպանական գործի մեծ էքսպերտ է, վարպետ եւ կինոն մշակութային քաղաքականությա նկարեւոր մաս է համարում: Ազգային մշակույթը պաշտպանելու ֆրանսիական փորձը հիմնված է «մշակութային բացառության» գաղափարի վրա, որը ամրագրում է, որ կինոն չի կարող բաց շուկայի մեջ հայտնվել, ինչպես կոշիկը, սնունդը կամ այլ ապրանք:

Իհարկե, ամեն երկիր կինոարտադրությունը պաշտպանելու իր ձեւն է փորձում գտնել: Ընդ որում՝ պաշտպանելու ոչ միայն արվեստագետներին (հավատացնում եմ՝ դա բավականին դյուրին է), այլ տեխնիկական հատվածի աշխատողներին՝ մոնտաժի, ձայնի, գույնի եւ այլ մասնագետներին:

Հայտնի է, որ, օրինակ, հինգշաբթի օրերին, երբ Ֆրանսիայի կինոթատրոններում սովորաբար նոր ֆիլմ է ցուցադրվում, ոչ մի պետական հեռուստաալիք կինոֆիլմ չի ցուցադրում: Այդ օրը կարծես «կինոլռության» օր է եթերում: Այս փոքր քայլերը նույնպես նպաստավո՞ր են:  

Դա լավ աշխատում էր, երբ դեռեւս զարգացած չէին կաբելային հեռուստաալիքները, հիմա դա այդքան էլ արդյունավետ չէ:

Իսկ ինչպե՞ս են համագործակցում կամ մրցում հեռուստաալիքներն ու կինոարտադրողները: 

Նախեւռաջ, ֆրանսիական հեռուստատեսությունը պարտավորված է կինոարտադրության մեջ ներդրում անել: Դա ամրագրված է օրենքով եւ դրա շնորհիվ ֆինանսական հատկացումները կինոյին կայուն են:

Ասեմ, որ ալիքները բնավ էլ ոգեւորված չեն այս օրենքով, քանի որ շատերը շահագրգռված չեն կինոստեղծմամբ, բայց օրենքը նրանց դա ստիպում է: Ալիքներն ուզում են ազատ լինել կինոյից եւ ավելի հեշտ ձեւով աշխատել:

Բայց այս օրենքը շատ կարեւոր դրական դեր ունի: Քանի որ ֆրանսիական ֆիլմերի մեծ մասը պատրաստվում է հեռուստատեսության փողով, գործի է դրվում նախնական վաճառքի մոդելը: Անգամ դեռ չնկարահանված ֆիլմերն են համարվում վաճառված ու դիստրիբյուցիա արվում, քանի որ որ հեռուստատեսությամբ ցուցադրվելու երաշխիքներ ունեն:

Մյուս կողմից էլ՝ երբ հեռուստատեսությունն է դառնում կինոյի ամենախոշոր ֆինանսավորողը, այն սկսում է իր ճաշակը թելադրել կինոյին: Շատ կինոարտադրողներ գերադասում են հենց հեռուստատեսության համար ֆիլմեր նկարահանել: Իսկ մենք գիտենք պատմությունից, որ դա ոչ միշտ է լավ ավարտ ունենում: Դեռ եգիպտական փարավոնների ժամանակ էր հայտնի, որ արվեստը ֆինանսավորողը, որպես կանոն, արվեստի վերջը տալիս է:

Ֆրանսիական կինոն, հայտնվելով հեռուստատեսության ձեռքում, ստիպված փոխվում է: Առաջնային է դառնում փրայմ թայմի պահանջներին ենթարկվելը: Քանի որ ֆիլմերի մեծ մասը ցուցադրվում է երեկոյան, երբ լսարանը մեծ է, սկսում են ուշադիր հետեւել ֆիլմերի ամեն կադրին: Ֆիլմի հերոսներն, օրինակ, չեն կարող կադրում ծխել, փոխվում է նրանց բառապաշարը, էլ չեմ խոսում ավելի լուրջ պարտադրանքների մասին: Կինոն սկսում է խաղալ հեռուստատեսության օրենքներով:

Փաստորեն հեռուստատեսային ցենզուրան տարածվում է կինոյի վրա ու միջինացվա՞ծ ֆիլմերի պատվեր անում: 

Այո, հեռուստալսարանը մեծ է, եւ ամեն ինչ արվում է, որպեսզի բոլոր հեռուստադիտողներն իրենց բավարարված զգան: Հեռուստատեսությամբ բավական հազվադեպ են ցուցադրվում հեղինակային ֆիլմեր, ավելի շատ ընտանիքի բոլոր անդամներին հասկանալի կատակերգություններ են:

Հայաստանում հեռուստատեսությունից դժգոհությունները շատ են: 

Ամբողջ աշխարհում է այդպես, հեռուստատեսությունն ընդհանրապես բարձր ճաշակի վայր չէ: Իտալական հեռուստատեսությունն, օրինակ, այդ ցածր ճաշակի խտացումն է: Ողջ օրը եթերում կիսամերկ աղջիկներ են, որոնք տարբեր խաղեր են վարում: Դրան դիմակայելու ելքը, թերեւս, ալիքների զանազանումն է: Եթե ամեն ալիք իր սեփական ոճն ու լսարանն ունենա, պատկերն այդքան վատ չի լինի:

Դուք երկար տարիներ փորձում եք Հայաստանում աջակցել կինոյի մասին օրենքի ընդունմանը: Ձեր շնորհիվ նաեւ Ֆրանսիայի Ազգային Կինոկնետրոնի՝ CNC-ի մասնագետներն ու տնօրենն են այցելել Երեւան: Ձեր կարծիքով՝ ինչու՞ գործն առաջ չի շարժվում: 

Այդ հարցը համակարգային է: Իհարկե, ես չեմ կարող վստահ ասել, թե ինչպիսի կինոօրենք է հարկավոր Հայաստանին, բայց այն, որ դա անհրաժեշտ է, փաստ է: Կարծում եմ՝ նախեւառաջ օրենքը պետք է տեղական մասնագետներին ու արտադրողներին, որոնք, ապրելով Հայաստանում, կկարողանան իրենց հատկացվող գումարը ծախսել հենց Հայաստանում:

Ուրախ եմ, որ միջազգային կազմակերպությունների (օրինակ՝ Eurimages) հետ կապեր հաստատելու փորձեր արվում են:

Իսկ Հայաստանի Կինոկենտրոնի ու ֆրանսիական CNC-ի միջեւ համագործակցության դաշնագիր է ստորագրվել, բայց ուզում եմ շեշտել, որ դա համատեղ արտադրությունը (կոպրոդուկցիան) կարգավորող փաստաթուղթ չէ դեռ: Իսկ այդ դաշնագիրը շատ է պետք:

Օրինակ՝ եթե ես, որպես պրոդյուսեր, ուզեմ աշխատել Հայաստանի հետ, ապագա ֆիլմի «քաղաքացիությունը» ամրագրելու համար ստիպված եմ այլ երկրի դաշնագիր գործածել, քանի որ Հայաստանի օրենսդրությունն այդ հնարավորությունը չի տալիս: Եվ ստացվում է, որ ես ստիպված եմ երրորդ երկրին դիմել՝ Հայաստանին որպես համաարտադրող ընդգրկելու համար:

507«Փարաջանով» ֆիլմն, օրինակ, չորս արտադրող երկիր ունի՝ Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, որոնցից յուրաքանչյուրը, նվազագույնը 10% մասնակցություն ունենալով, կարողացավ համաարտադրող համարվել: Ես եւ ֆիլմի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանն անպայման ուզում էինք մասնակցել այս նախագծին, եւ խնդիրը միայն ֆինանսավորումը չէր (մանավանդ, որ մեր ներդրումն առանձնապես խոշոր չէր), այլ չէինք պատկերացնում, որ կարելի է Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանել առանց Հայաստանի մասնակցության: Իսկ այդ մասնակցությունն ապահովելը դժվար էր:

Կարծում եմ՝ կինոյի մասին օրենքի ընդունումը կօգնի նաեւ հայաստանյան պրոդյուսերներին, որոնց կարիքն, ի դեպ, Հայաստանում շատ մեծ է:

Հետաքրքիր է, որ «Ոսկե ծիրան» փառատոնին (որի հյուրն էիք) մեծ թվով կինոգետներ ու ռեժիսորներ են մասնակցում, բայց պրոդյուսերներ՝ ոչ:  

Պրոդյուսերի գործը բավական բարդ է, նա բոլոր դժվարություններն իր վրա է վերցնում՝ երբեւիցե վստահ չլինելով, որ կկարողանա ներդրված գումարը հետ բերել: Իհարկե, Հայաստանում պրոդյուսերներ կան, բայց նրանք ավելի շուտ այդ գործն անում են հանգամանքների բերումով: Ասենք՝ ռեժիսորը կամ դերասանը սեփական նախագիծը զարգացնելու համար ստիպված է նաեւ պրոդյուսեր դառնալ: Բայց պրոֆեսիոնալ պրոդյուսերը ինքնաբավ մասնագետ է, ով լավ գիտի տարբեր երկրների օրենքներն ու կարողանում է ճիշտ օգտագործել դրանք:

Իհարկե, ես ամեն կերպ պատրաստ եմ խորհուրդներով օգնել հայ պրոդյուսերներին: Բայց նախեւառաջ՝ հարկավոր է օրենսդրորեն հստակեցնել կինոյի ֆինանսավորման աղբյուրները:

Կինոֆինանսավորման մի քանի օրինակներ բերեմ. Մեծ Բրիտանիայում կինոն ֆինանսավորվում է վիճակախաղի միջոցով, Ֆրանսիայում կինոյի տոմսերից գումար է հարկվում՝ կինոարտադրության համար, իսկ Բելգիայում կինոյում ներդրումներ անողները ազատվում են հարկերից: Այնպես որ զանազան օրենքներ կան, որոնք սնում են կինոն:

Կարեւոր է հասկանալ, որ ֆինանսավորման կայուն հոսքը մի կողմից օգնում է կինոթատրոններին, մյուս կողմից՝ պրոդյուսերներին, որոնք լավ գիտեն՝ ինչպես գումար գտնել, ինչպես այն ծախսել եւ ինչպես համագործակցել միջազգային կառույցների հետ:

Օրինակ՝ Վրաստանում եվրոպական համակարգից տեղյակ շատ պրոդյուսերներ կան: Վրաստանն արդեն վաղուց համագործակցության դաշնագիր է ստորագրել եւ ակտիվ ներգրավված է կոպրոդուկցիայի մեջ: Հայաստանն էլ պետք է դա անի:

Իսկ որքանո՞վ է կինոյի տարածմանը օգնում մեդիա դաշտը: Եվրոպական լուրջ լրատվամիջոցներից շատերը կինոբաժիններ ունեն, որոնք կինոյի PRն են անում եւ կինոնորությունների սպասման մթնոլորտ ստեղծում:

Կինոյի PRը Ֆրանսիայում շատ զորավոր է: Ամեն տեղ՝ հատկապես հեռուստադաշտում, կինոյին վերաբերող շոուներ, դեբատներ են արվում, թերթերում քննադատական հոդվածներ են գրվում: Ընդհանրապես ֆիլմի մասին հարկավոր է բարձրաձայնել, այլապես ժողովուրդը չի գնա այն դիտելու: Եթե ժողովրդի ցանկությամբ լիներ, ոչ ոք կինոթատրոն չէր գնա, այլ կգերադասեր տանը նստել ու սկավառակներով հին ամերիկյան ֆիլմեր դիտել:

Կրկնում եմ՝ ամենից կարեւորը սեփական տան մոտ կինոթատրոն ունենալն է, որտեղ կարելի է լավ որակով լավ ֆիլմեր վայելել: Դա պետք է հատկապես երիտասարդներին, որոնք կինոթատրոն գնալով հաճույք կստանան եւ չեն մտածի այլ վայրեր տեղափոխվելու մասին: Երկիրը լքելու միտքը սովորաբար ծագում է այն ժամանակ, երբ սեփական երկրում հաճույքի վայրեր չես գտնում:

Փաստորեն կինոթատրոնների ցանցի բացակայությունը մեր արտագաղթի հիմնապատճառների՞ց է:

Իհարկե, կինոն էմիգրացիայի պատասխանը չէ, բայց ամեն ճյուղ իր ձեւով է օգուտ բերում հասարակությանը: Արվեստը, հատկապես՝ կինոն, նաեւ այդ «օգտակարությունն» է պարունակում:

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ Հայաստանը ուզում է այդ թեմայով հայկական ֆիլմեր ստեղծել: Միջազգային կոպրոդուկցիայի նախագծեր կա՞ն:

Մի քանի նախագծերից տեղյակ եմ, ինքս էլ երկու պրոեկտ եմ փորձում իրականացնել: Գիտեմ, որ կան նաեւ թուրքական պրոեկտներ: Ֆիլմ է նկարահանում գերմանացի Ֆաթիհ Ակինը, ով ազգությամբ թուրք է: Իհարկե, միջազգային նախագծերում ամեն ինչ էլ կարող է տեղ գտնել, անգամ կտրուկ ժխտողականությունը: Բայց Ակինի ֆիլմի սցենարին ծանոթ եմ եւ կարծում եմ՝ այն լավը կլինի ու մեծ արձագանք կունենա հենց Թուրքիայում:

Այս նյութով ֆիլմեր մենք վաղուց պետք է նկարահանեինք: Իրականում ցեղասպանության մասին պատմող հայաստանյան ֆիլմերը քիչ են, «Նահապետ»-ից հետո կարծես թե լավ ֆիլմ չի եղել:

«Հեռուստատեսությամբ կինոյին վերաբերող շոուներ, դեբատներ են արվում, թերթերում քննադատական հոդվածներ են գրվում: Ընդհանրապես ֆիլմի մասին հարկավոր է բարձրաձայնել, այլապես ժողովուրդը չի գնա այն դիտելու»

Հայաստանն ունի շատ պատմություններ (եւ ոչ միայն հայկական), որոնք կարող են ֆիլմերի վերածվել:Իսկ ֆիլմ նկարահանել միայն Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով փոքր-ինչ անիմաստ եմ համարում: Կուզեի շեշտել, որ հիմա չի կարելի ֆիլմ նկարահանել միայն անցյալի տեսակետից: Նույնիսկ եթե պատմական նյութ ես գործածում, անպայման պետք է լինի ներկան, այսօրվա հետ կապն ու ազդեցությունը:

Մի ավելի ընդհանուր դիտարկում էլ անեմ. աշխարհը կհետաքրքրվի հայկական կինոյով միայն այն ժամանակ, երբ երկիրը զարգանա եւ իր արվեստագետների խոսքը տարածի աշխարհում:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *