2013.10.25,

Տեսակետ

«Մեդիա դաշտում շատ է PR-ն ու փրփուրը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Արմինֆո» ինֆորմացիոն գործակալությունը անկախ Հայաստանի հասակակիցն է, անցել է երկար ու բարդ ճանապարհ: Տարիներ առաջ այն մեծ հեղինակություն ու պահանջարկ ունեցող լրատվական հարթակ էր, որը, լուրեր հավաքագրելուց ու մշակելուց բացի, բանկային համակարգի, վարկային շուկայի վերլուծություններ էր անում ու վաճառում խորհրդային կառուցվածքից ազատվող մեդիա դաշտին եւ հանրային այլ օղակներին:

1991 թվականին շուկայում գերիշխում էր պետական միակ գործակալությունը՝ «Արմենպրեսը», իսկ արտասահմանյան շատ տեղեկատվական գործակալություններ, թերթեր ու հեռուստաալիքներ տեղեկատվության անկախ աղբյուրներ էին փնտրում: «Արմինֆո»-ն (նախկինում ՝«Սնարք») լրացնում էր նոր ձեւավորվող անկախ մեդիա դաշտի այդ բացը: Այժմ պատկերը փոխվել է. ինֆորմացիայի մշակումն ու հետագա վաճառքն ավելի շուտ տեղի է ունենում ոչ թե շուկայի տրամաբանությամբ, այլ չգրված օրենքների կանոններով:

Մեդիան միաժամանակ ինֆորմացիա թողարկող ու բիզնես կազմակերպություն է: Եվ երբ բիզնեսի բաղադրիչը սկսում է կաղալ (կորցնելով թափանցիկ հաշվետվությամբ աշխատելու մոտեցումը՝ անցնում է ստվերային դաշտ), ապա դա անդրադառնում է նաեւ ինֆորմացիայի որակի ու արժեքի վրա:

Դրանում վստահ է «Արմինֆո»տնօրեն Էմանուել Մկրտչյանը, ով մեդիա դաշտի առողջացումը պայմանավորում է բիզնեսի դաշտի կարգավորման հետ: Նա շեշտում է, որ «Արմինֆոն» ստեղծվել է որպես բիզնես միավոր եւ մինչ օրս էլ այդպես է աշխատում: Այն ինֆորմացիոն նյութեր է մատուցում բիզնես դաշտին, հայաստանյան եւ օտարերկրյա գործընկերներին, բանկային, ֆոնդային համակարգերին, ապահովագրական ընկերություններին: Նաեւ հանրային լայն շերտերին:

Ինֆորմացիան, որպես ապրանք, կարծես կորցնում է իր արժեքը, ավելի շուտ՝ թերեւս, դառնում է քաղաքական կամ տնտեսական կցորդ: Ձեր կարծիքով ի՞նչը խափանեց լրատվական շուկայի զարգացումը:

2000-ականների սկզբին թվում էր, որ Հայաստանի շուկան կարծես թե զարգանում է: Բայց ի՞նչ եղավ: Շուկան սկսեց մասամբ քանդվել:

Առաջին հերթին քանդվեց լրատվական շուկան, հետո՝ բիզնեսի շուկան: Եվ այդ պատճառով էլ մենք, որպես միեւնույն ժամանակ բիզնեսի ենթակառուցվածք եւ լրատվական գործակալություն, բավական տուժեցինք: Եվ մինչ օրս էլ շարունակում ենք տուժել:

Հասկանալի էր, որ լրատվական շուկան զարգացնելու, փոխելու, վերափոխելու էր ինտերնետը, քանի որ ինֆորմացիան սկսելու էր ազատ տեղադրվել ու տարածվել: Բայց շատ երկրներում լրատվական գործակալություններն ու ինտերնետային պորտալները իրար առանձնապես չխանգարեցին: Որոշ դեպքերում նրանց աշխատանքը համընկնում էր, իսկ որոշ դեպքերում՝ ոչ:

Երբ ինտերնետը հասանելի դարձրեց ցանկացած ինֆորմացիա, շատերին PR պետք եկավ: Եվ քանի որ կայք բացելը հեշտ գործ է (բավական է ինֆորմացիան քոփի-փեյսթ անել), ինտերնետային այս մեծ կաղապարում բազմաթիվ կայքեր բուսնեցին: Եվ գրեթե բոլորը «տանիք», այսինքն՝ պահապան-ֆինանսավորող ունեն:

Խնդիրն այն է, որ մեդիա դաշտում աշխատող միավորները ինչ-ինչ քաղաքական հարցեր են լուծում՝ հօգուտ իրենց տերերի: Հիմնականում այդ ծառայությունների համար ծրարներում «սեւ» փող են ստանում եւ հարկեր չեն վճարում, քանի որ որպես իրավաբանական սուբյեկտ ցույց են տալիս, որ ընդամենը 2-3 աշխատակից ունեն (թեեւ ոչ պաշտոնապես նրանց քանակը տասն անգամ ավելի է):

Եվ բնական է, որ իր գոյությունն այդպես կազմակերպած մեդիան սկսում է իր հովանավորի պատվերը կատարել: Իհարկե, մեդիան կարող է ցանկացած պատվեր կատարել, սակայն, որպես բիզնես կառույցներ, այդ կայքերը պարտավոր են թափանցիկ հաշվապահությամբ աշխատել (շահութահարկ մուծել, սոցվճարումներ կատարել): «Արմինֆո», օրինակ, ամսական 5-6 հազար դոլարի հարկեր է վճարում եւ 30 գրանցված աշխատող ունի:

Մենք շուկայից ենք ստանում մեր եկամուտը եւ դրանից հարկեր մուծում: Բայց շուկայում անհավասար աշխատանքային պայմաններ են ձեւավորվել: Իրենց գալիս է, մեզանից գնում է:

«Շուկայի մոնոպոլիզացումը հանգեցրեց նրան, որ նվազեց նաեւ ինֆորմացիայի պահանջարկը: Եթե մի քանի խոշոր ձեռնարկություններ հայտնվում են մեկ մոնոպոլիստի ձեռքում, արդեն պարզ է, որ մեծ հաշվով այդ մարդը ինֆորմացիայի պահանջարկ չունի: Անգամ ընդհակառակը՝ նա ինֆորմացիան փակելու կարիք է զգում»

Բայց այսուամենայնիվ, դիմանում եք…

Դեռ այո, բայց որքան դա կտեւի, չգիտեմ: Ընդհանրապես պարզ չէ, թե դեպի ուր է շարժվում մեր հանրապետությունը եւ ինչպիսի շուկա է ուզում ունենալ:

Իսկ ինչի՞ց սկսվեց ինֆորմացիոն շուկայի եթե կարելի է ասել՝ ոչ շուկայական մոդելը:

Այս մի քանի տարիների ընթացքում մենք տեսանք, որ Հայաստանի բանկային համակարգը ավելի «փակ» է դառնում, այսինքն՝ բանկերն իրենց գործունեության մասին ավելի ու ավելի քիչ ինֆորմացիա են տրամադրում:

Շուկայի մոնոպոլիզացումը հանգեցրեց նրան, որ նվազեց նաեւ ինֆորմացիայի պահանջարկը: Եթե մի քանի խոշոր ձեռնարկություններ հայտնվում են մեկ մոնոպոլիստի ձեռքում, արդեն պարզ է, որ մեծ հաշվով այդ մարդը ինֆորմացիայի պահանջարկ չունի: Անգամ ընդհակառակը՝ նա ինֆորմացիան փակելու կարիք է զգում: Դա տարրական տրամաբանություն է:

Մենք արդեն երկար տարիներ է՝ բանկային համակարգի հետազոտություններ ենք կատարում՝ կազմելով բանկերի վարկանշային սանդղակ: Եվ տարեցտարի հետազոտությունների կարիքն ունեցող պոտենցիալ գնորդներ ենք կորցնում, քանի որ նրանք միավորվում են մեկ օլիգարխին պատկանող կառույցի ներքո: Իսկ այդ օլիգարխը հարցեր լուծելու իր տարբերակն ունի, որը դասական տնտեսական պատկերացումներից խիստ տարբեր է: Նրան ոչ մի բան հարկավոր չէ՝ ո՛չ մրցակցություն ինֆորմացիոն դաշտում, ո՛չ աշխատանքի համար անհրաժեշտ տնտեսական վերլուծություններ:

Շատերը Հայաստանում անգամ չգիտեն, թե այս կամ այն լրատվամիջոցն իրականում ում է պատկանում:

Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ով ում հետ է կապված, այսպես ասած՝ աֆիլիանտներին շատ լավ ճանաչում ենք:

Իսկ հնարավո՞ր է, որ մոնոպոլիցացված ինֆորմացիան դաշտը այնքան ուռճանա ու մոնոպոլիզացվի, որ պայթյունի առջեւ կանգնի:

Ինչպե՞ս կարող է պայթել, եթե մեր փոքր հանրապետությունում ամեն բան վերահսկողության տակ պահելը շատ հեշտ է: Իսկ այդ վերահսկողները նստած են խորհրդարանում եւ միաժամանակ ներքաղաքական ղեկավարության մի մասնիկն են: Պայթյուն կարող է լինել, թերեւս, հեղափոխության արդյունքում: Համենայնդեպս, էվոլյուցիոն այլ տարբերակ ես չեմ տեսնում:

Իհարկե, հեղափոխությունները լավ բան չեն, բայց օգնում են մաքրել իրականությունը: Վրաստանում, օրինակ, Սաակաշվիլիից հետո եկող նախագանհն ավելի բարձր մակարդակից կանի իր գործը, քանի որ վրացի ժողովուրդն արդեն իսկ հասցրել է շատ բան տեսնել ու շատ բան սովորել: Վրացիներին արդեն հնարավոր չէ վերադարձնել Շեւարդնաձեի դարաշրջան, ժողովուրդն արդեն այլ է:

Համաձա՞յն եք, որ պաթետիկ, քարոզչական նյութերով մեդիան նպաստում է վերադարձին դեպի խորհրդային անցյալ: Հեմանայնդեպս, Հայաստանի անկախացումից 20 տարի անց մենք ակնհայտորեն շրջապատվեցինք մեդիա պրոպագանդայով (ամենաճիշտն ենք, ամենահեռանկարային ենք, ապահովն ենք):

Բնական է, որ արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ եղած սխալները ինչ-որ այլ բաներով կոծկելու, փակելու անհրաժեշտություն է լինում: Եվ «փակման» միջոցներից մեկն էլ PR-ն է:

Տեսեք, Ռուսաստանի քաղաքական կյանքի 95%-ը PR է, եւ այդ մասին բոլորը գիտեն: Բայց Ռուսաստանը մեծ երկիր է, որտեղ փրփուրն է շատ: Երկիրը նավթի, գազի փրփուրով է ապրում: Եթե նավթի ու գազի գները իջնեն, Ռուսաստանից ոչինչ չի մնա:

Այնպես որ, մեդիա դաշտում երկու բան կա. փրփուր եւ PR: Մենք փրփուր չունենք, ուրեմն մնում է միայն PR-ը:

Ձեր կարծիքով՝ մեդիայի ո՞ր տեսակն է ամենաազդեցիկը:

Միանշանակ հեռուստատեսությունը: Բայց այն նույնպես չի զարգանում, քանի որ ալիքների միջեւ իրական մրցակցություն չկա: Իհարկե, որոշակի քաղաքական հարցեր ցանկանում են լուծել այն ալիքները, որոնք ընդդիմադիր են ներկայանում ու փորձում եմ տարբերվել ընդհանուր գորշ զանգվածից՝ «Երկիր Մեդիա»-ն, «Կենտրոն»-ը, երբեմն նաեւ «ԱՐ»-ը:

Հասկանալի է, որ այդ ալիքները չեն կարող իրենց գլխից վեր թռչել, բայց գոնե փորձում են տարբերվել մյուսներից: Ավելացնեմ՝ այսօր են փորձում, քանի որ այսօր այդ ալիքների տերերի միջեւ քաղաքական մրցակցության որոշակի տարրեր կան: Եվ դա շատ լավ է, քանի որ մնացած ալիքները կարծես գործում են որպես մեկ հեռուստալրատվական դաշտ:

Իսկ ինչի՞ ցուցանիշ է «դեղին» լուրերի առատությունը:

Դեղնությունը անմիջական կապ ունի պրոպագանդայի հետ: Հիմա ինտերնետային տարածքում ընթերցվող ռեսուրս դառնալու հստակ նպատակ կա, եւ ուրեմն հարկավոր է, որքան կարելի է շատ, ներառել այսպես կոչված «դեղին» լուրերը (կրծքեր, դիակներ, Քիմ Քարդաշյան): Ինտերնետային կայքերի տերերը ամեն ինչ անում են՝ կայքի այցելուների քանակն ավելացնելու համար, քանի որ դրանով իրենց քաղաքական հարցերն են լուծում:

Այս կամ այն քաղաքական ուժի համար կարեւոր ինֆորմացիան ու «դեղին» հոսքը միասին՝ մեկ փաթեթով են փոխանցվում, որպեսզի ընթերցողը, որը հրապուրված է Քիմ Քարդաշյանով, աչքի պոչով նաեւ քաղաքական ինֆորմացիա տեսնի ու սովորի, որ իր տեսադաշտում այդ երկուսը միասին են հայտնվում:

Նպատակը հստակ է. ընթերցողին անընդհատ իրենց PR-ի դաշտում պահելը:

Բայց այդ «դեղնությունը» նաեւ վանում է:

Ընդհակառակը՝ օգնում է թուլացնել հանրային լարվածությունը, դժգոհությունը: Մեդիա դաշտում գործող հիմնական խաղացողները (ավելի ճիշտ՝ խաղացողը) բավական խելացի են դա անում:

«Այս կամ այն քաղաքական ուժի համար կարեւոր ինֆորմացիան ու «դեղին» հոսքը միասին՝ մեկ փաթեթով են փոխանցվում, որպեսզի ընթերցողը, որը հրապուրված է Քիմ Քարդաշյանով, աչքի պոչով նաեւ քաղաքական ինֆորմացիա տեսնի» 

Եվ հիմա անհասկանալի է, թե մենք ինչով պիտի զբաղվենք: Որպես բիզնես միավորներ հիմնված լրատվամիջոցներին աշխատելու տարածք պարզապես չեն թողել: Ինֆորմացիան վաճառել չի ստացվում, իսկ քաղաքական սուտը ոչ թե վաճառքի, այլ մատուցման համար է: Եվ այն էլ Քիմ Քարդաշյանի կրծքերի հետ մեկտեղ:

Իհարկե, կարելի է միանալ այդ մատուցման պրոցեսին, բայց վաճառել չես կարող, քանի որ գնորդը քեզանից օբյեկտիվ ինֆորմացիա է սպասում: Իսկ այդպիսի գնորդները գնալով պակասում են:

Իսկ Հայաստանին վերաբերող ինֆորմացիան միջազգային լրատվամիջոցներին կամ այլ կազմակերպություններին վաճառելը հեռանկարային չէ՞:

Դրսի գնորդները հաճախ չեն կարողանում պատկերացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ընդհանրապես չեն հասկանում, նույնիսկ երբ մանրամասն բացատրում ես: Դա նման է նրան, որ փորձես եվրոպացուն իշլի քյուֆթա վաճառել այն դեպքում, երբ նա երբեք չի էլ լսել այդ ճաշատեսակի մասին ու վստահ է, որ դա ուտելու ենթակա չէ:

Օրինակ՝ երբ փորձում ես բացատրել, որ մեդիան աշխատում է քաղաքական պատվերով, եվրոպացին սկսում է մտածել, որ միգուցե այդ պատվերը նման է, ասենք, BBC-ին արված պատվերին: Նրա մտքով անգամ չի անցնում, որ մեր քաղաքական պատվերը բոլորովին այլ մակարդակ ու ծավալ ունի: Նաեւ բոլորովին այլ տեխնոլոգիաների կիրառմամբ է արվում:

Ինտերնետում հիմա խառնաշփոթ է, ոչ մի օրենք չի գործում: Կայքերում իրար են խառնված տարբեր նյութեր՝ թեժ, «դեղին», հեղինակային, կարեւոր եւ երկրորդական:

Հեղինակային իրավունքները ինտերնետում պաշտպանելու նոր օրինագիծ է պատրաստվել, որը պարտադրելու է հղում անել սկզբնաղբյուրին: Դա կօգնի՞ կարգավորել դաշտը:

Կարծում եմ՝ այդ օրենքը չի աշխատի: Եթե փորձենք այն իրականում կիրառել, հաջորդ օրը կայքերի 95%-ը կփակվի: Եվ հետո էլ՝ եթե այդ օրինագծում օգտագործվում է նպատահարմար ծավալով տեքստի մեջբերման պահանջը, ապա չի նշվում տեքստի կառուցվածքի պահպնաման անհրաժեշտությունը: Եվ ստացվում է, որ այլ աղբյուրները հեշտությամբ կարող են հեղինակային տեքստի դասավորությունը փոխել (ասենք, վերջին նախադասությունը դարձնել առաջինը) եւ ներկայացնել որպես սեփական բովանդակություն:

Վստահ եմ, որ օրենքը ձեւական բնույթ է ունենալու:

Մեդիա դաշտում հնարավո՞ր են վերափոխումները:

Ամեն ինչ փոխկապակցված է, եւ մեդիայի գործունեությունը անբաժան է տնտեսական ոլորտից: Պետք է հիշենք, որ ինֆորմացիան ապրանք է, որը պետք է կարողանալ ստեղծել: Ինֆորմացիոն ապրանք են նաեւ հետազոտությունը, վերլուծությունը: Եվ որպեսզի նման ապրանքները շատ լինեն, Հայաստանի տնտեսությունը պիտի զարգանա: Յուրաքանչյուր տնտեսական ոլորտ պիտի իր ինֆորմացիոն ենթակառուցվածքն ունենա ու կարողանա տեղեկատվական պահանջարկը բավարարել:

«Մուդիս» գործակալությունն, օրինակ, վերջերս իջեցրեց Հայաստանի եվրոպական պարտատոմսերի վարկանիշը: Որպես այդ իջեցման գործոններից մեկը՝ նշվեց ֆինանսական թափանցիկության նվազումը, որի հետեւանքով կրճատվեցին ներդրումային հոսքերը (մեկ տարվա ընթացքում 65%ով): Արդյունքում շուկան մոնոպոլիզացվեց եւ անցանկալի դարձավ դրսի ներդնողների համար:

Իսկ մեդիան տնտեսական դաշտի շարունակությունն է:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *