«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը գտնում է, որ հայաստանյան մեդիան արագորեն փոփոխվում է եւ փոփոխվում հատկապես օնլայն տիրույթում:
Մեդիայի ապագան Հրայր Թամրազյանը համարում է կոնվերգենտ նյուզրումը, որի արդյունքում փոխվում է նաեւ լրագրողի աշխատանքը՝ նրան դարձնելով ունիվերսալ լրագրող:
Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է փոփոխվում հայաստանյան մեդիա դաշտը:
Ամենադրական եւ ամենակառուցվածքային լուրջ փոփոխությունները տեղի են ունենում օնլայն մեդիայում: Ըստ էության՝ դա բնական է, որովհետեւ այստեղ միախառնվում, միաձուլվում են նոր տեխոնլոգիաները եւ լրագրության մեջ նոր մտածելակերպը:
Օնլայն լրատվամիջոցները իրենց թեմատիկայի ընտրության առումով ավելի ազատ եւ անկաշկանդ են, քան մյուս լրատվամիջոցները. այստեղ որեւէ սահմանափակում, վերեւից իջեցված խմբագրական հրահանգ, առանձնապես կոպիտ, կոշտ միջամտություն չկա:
Հեռարձակող լրատվամիջոցների ծրագիրը կարծես կազմված լինի միեւնույն նյուզրումում՝ խմբագրությունում, միեւնույն խմբագրի եւ միեւնույն լրագրողների կողմից: Ցուցադրվում են նույն ասուլիսները, նույն հարցերը եւ նույն պատասխանները: Օրվա լրատվական հոսքը նույնական է: Մեզ մոտ լինում է իրադարձություն, որը տեղ չի գտնում որոշակի լրատվամիջոցում, եւ դա նույնությամբ կրկնվում է նաեւ մյուս հեռարձակողների մոտ, նույնիսկ նրանց, որոնք գոնե ուղղակի կապ չունեն իշխանությունների հետ:
Օնլայն մեդիան ունի իր առանձնահատկությունը՝ անմիջականությունը: Դու ունկնդրին/ հեռուստադիտողին ավելի ես մոտեցնում իրադարձությանը: Նախագահական
«Չի կարելի սահմանափակել լսարանի ընտրությունը միայն ձայնով, միայն տեքստով կամ միայն տեսաշարով: Պետք է նրան հնարավորություն տալ ընտրելու լուրը սպառելու իր նախընտրած ձեւը» |
ընտրությունների շրջանում հանրահավաքներից մեր ուղիղ, չգրաքննվող եթերով մեր ունկնդրին տանում էինք հենց դեպքի վայր: Մոդերացիան կատարվում էր ոչ թե ստուդիայում, այլ հենց իրադարձության վայրում:
Հեռուստատեսությունը այդպես չի՞ աշխատում:
Մարդիկ այսօր հիմնականում օնլայն են տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում: Հեռուստացույց ավելի շատ նայում են սերիալների համար, հավանաբար ուրիշ այլընտրանք չունեն:
Կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեդիա հեղաշրջում է: Շատ ընդունակ է հայկական լրատվական դաշտը: Եթե սահմանափակումները չլինեին, կարծում եմ՝ մենք այսօր կլինեինք ամենազարգացած օնլայն լրատվամիջոց ունեցող երկիրը ողջ ԱՊՀ տարածքում:
Բայց առաջընթաց, այնուամենայնիվ, կա. նույնիսկ պետությանը մոտ կանգնած լրատվամիջոցները հիմա ավելի ազատ են, քան նախկինում, որովհետեւ ստիպված են, այլապես կկորցնեն մեծ թվով հեռուստադիտողներ:
Կարծում եմ՝ ապագան կոնվերգենտ նյուզրումինն է: Ուրիշ նյուզրում չի կարող լինել: Սա այն ապագան է, որը հայկական բոլոր լրատվամիջոցները վաղ թե ուշ պետք է ընդունեն:
Ինտերնետի հասանելիության շնորհիվ շատացել են լրատվամիջոցները, որոնք գրագողությամբ զբաղվելուց բացի՝ անորակ բովանդակությամբ են լցնում կայքերը:
Ժամանակին, երբ Վիլյամ Սարոյանը եկել էր Հայաստան, նրա հետ շրջող անվանի բանաստեղծները, որոնք ակտիվ հրատարակվում եւ լավ վճարվում էին, Վիլյամ Սարոյանին ասում են՝ «Վարպետ, հիմա ով ասես սկսել է գրել, ինչ ասես գրում են, շուրջը աղբ է»: Իսկ նա պատասխանում է՝ «Շատ լավ է, հայը միշտ ասելիք ունի, պետք է գրի»:
Այնքան հանճարեղ բան է ասել: Ի՞նչ աղբի մասին է խոսքը, ու՞մ է խանգարում. չեք ուզում, մի ընթերցեք: Կարծում եմ՝ դա ազատության նշան է՝ թող ինչ ուզում են, գրեն: Եթե միջոցներ ունեն, կարող են ստեղծել ինչ-որ օնլայն լրատվամիջոց, դա իրենց իրավունքն է, ոչ ոք չի կարող արգելել: Փառք Աստծո, այստեղ օլիգարխները մոնոպոլիա դեռ չեն հաստատել:
Հաճախ եմ լսում «լրագրողի կոչում» վերամբարձ խոսքերը: Լրագրողը նա է, ով ամենաօգտակար տեղեկությունն է հաղորդում իր կողքինին, իր թաղամասի, քաղաքի կամ երկրի բնակիչներին:
«Եթե սահմանափակումները չլինեին, կարծում եմ՝ մենք այսօր կլինեինք ամենազարգացած օնլայն լրատվամիջոց ունեցող երկիրը ողջ ԱՊՀ տարածքում» |
Եթե մարդիկ դրանից որեւէ կերպ օգտվում են՝ իրենց կարծիքը ձեւավորելու, ինչ-որ որոշում ավելի ճիշտ կայացնելու, ավելի տեղեկացված լինելու համար, ուրեմն լուր հաղորդողը շատ լավ լրագրող է:
Ես միշտ կրկնում եմ այս օրինակը. թոք շոուի հանրահայտ վարպետ Լարի Քինգին հարցնում են՝ «Ո՞վ է լրագրողը»: Ասում է՝ «Ինձ համար ամենալավ լրագրողն իմ դռնապանն է, ով, երբ ես դուրս եմ գալիս CNN-ից, միշտ ինձ ասում է՝ այս փողոցով կգնաս, հետո ձախ կթեքվես, հետո այնպես կգնաս, որովհետեւ միշտ ինձ կարողանում է ցույց տալ ամենակարճ եւ ամենաչխճողված ճանապարհը, ինչի շնորհիվ ես առանց գլխացավանքի հասնում եմ տեղ»:
Լուր տալու մեջ որեւէ գաղտնիք չկա, պարզապես պետք է ճիշտ լինես, օբյեկտիվ, ամենակարեւորը՝ չխաբես եւ հաղորդես այն, ինչ իսկապես տեսել ես՝ առանց գունազարդելու, չափազանցնելու կամ տվյալ լուրի նշանակությունը նվազեցնելու:
Սոցցանցերում, իհարկե, չճշգրտված լուրեր կան, որոնք հետո ճշտվում՝ կա՛մ հերքվում, կա՛մ հաստատվում են: Բայց ցանկացած մարդու իրավունքն է լինել լրագրող տվյալ պահին:
Ամենալավ լրագրողը նա է, ով երբեք չի ստում իր լսարանին, իսկ վատ լրագրողը անվերջ ստում, մոլորեցնում է: Ուրիշ չափանիշ ես չեմ տեսնում:
Պրոֆեսիոնալ լրագրողը պետք է իմանա լրագրության սկզբունքները՝ ինչպես հավաքել փաստերը, անցկացնել հետաքննություն, աշխատել աղբյուրների հետ, չբացահայտել աղբյուրները: Բայց դժբախտաբար այս օրենքները երբեմն մեզ մոտ չեն գործում, որովհետեւ կա՛մ խմբագիրը չի ցանկանում, որ այդպես լինի, կամ տվյալ լրատվամիջոցը նպատակ չունի ասելու ճշմարտությունը:
Կան ընդդիմադիր լրատվամիջոցներ, որոնք աշխատում են ճիշտ նույն թերություններով, ինչ իշխանական լրատվամիջոցները. իրենց համար էլ գոյություն ունի միայն մեկ կարծիք, տվյալ դեպքում՝ այն ընդդիմադիր ուժինը, որին մոտ է կանգնած տվյալ լրատվամիջոցը:
Հայաստանում քիչ են օբյեկտիվ լրատվամիջոցները, որովհետեւ չկա լրատվամիջոցի գոյության անկախ ֆինանսական աղբյուր: Եթե ձեւավորվի գովազդային դաշտ, որը չի վերահսկվում հստակ ուժերի կողմից, այդ դեպքում կլինեն ազատ լրատվամիջոցներ:
Մեդիայի տրանսֆորմացիայի հետ մեկտեղ ինչպե՞ս է փոխվում լրագրողի աշխատանքը. նկատի ունեմ գործիքների կիրառումը:
Մեզ մոտ՝ «Ազատություն»-ում նախկինում միայն գրում էին, միայն հաղորդում էին ռադիոյի համար: Հիմա եթե մոտենաք լրագրողի սեղանին, կտեսնեք ձայնագրիչ, համակարգիչ եւ տեսախցիկ: Մենք ունենք փոքր տեսախցիկներ, որոնք մեր լրագրողները միշտ տանում են իրենց հետ՝ անկախ նրանից՝ իրադարձությունը հնչեղ կլինի, թե ոչ: Այսօր մեզ մոտ չկա միայն ռադիոլրագրող, որովհետեւ նման բան այլեւս գոյություն չունի:
Մենք փոխել ենք մեր ռազմավարությունը: Ու թեեւ լրագրողները դժվարությամբ դրան համաձայնեցին, որովհետեւ դա լրացուցիչ աշխատանք է, եւ տանջանքը ավելի շատ է, բայց հիմա բոլորը սիրում են դա, իրենք են ասում՝ վիդեոս դրե՞լ ես, թե՞ չէ: Ամբողջ մտահղացման իմաստը հետեւեյալն է՝ եթե մարդը լսում է, կարդում է, բնական է, որ նա կուզենա նաեւ տեսնել:
Իհարկե, կարեւոր են տեխնիկական լավ հնարավորությունները, բայց ամենակարեւորը, ի վերջո, լրագրողին ստեղծագործելու հնարավորություն տալն է, լրագրողի վրա չբռնանալը:
Թեեւ ղեկավար պաշտոնում եք, շարունակում եք զբաղվել լրագրությամբ, ուղիղ եթեր եք վարում հանրահավաքներից: Դա անում եք պարտավորված զգալո՞վ, թե՞ կարոտում եք ակտիվ լրագրությունը:
«Ապագան կոնվերգենտ նյուզրումինն է: Ուրիշ նյուզրում չի կարող լինել: Սա այն ապագան է, որը հայկական բոլոր լրատվամիջոցները վաղ թե ուշ պետք է ընդունեն» |
Երբ նոր գործ ես սկսում, պետք է օրինակ ծառայես գործընկերներիդ: Երբ մենք նոր կոնցեպցիան մշակեցինք, որով պետք է ուղիղ եթեր հեռարձակեինք հենց դեպքի վայրից, տապալվելու կամ հաջողության հասնելու համարձակությունն ինձ վրա վերցրի: Տապալվի՝ կլինի Հրայր Թամրազյանի ձախողումը, հաջողվի՝ վատ չէ, թող լինի Հրայր Թամրազյանի հաջողությունը:
Հաջողության հասանք: Հեռուստադիտողները շատ սիրեցին: Պարզվեց՝ մեր լսարանը հենց դա էր ուզում՝ տեղափոխվել իրադարձության վայր: Այցելությունները 6-7 անգամ աճեցին. մեկ օրվա մեջ ունեցել ենք 600.000 այցելություն: Հիմա մեր երիտասարդ լրագրողներն են նույն գործն անում, բայց դա չի նշանակում, որ ես դադարել եմ: Սիրում եմ լրագրությունը: Եթե լրագրող ես, չես կարող պարզապես գրասենյակային բյուրոկրատ դառնալ, հնարավոր չէ, ուրեմն պետք է պաշտոնապես հայտարարես, որ դուրս ես գալիս լրագրությունից: Ես այդպես էլ չկարողացա հեռանալ լրագրությունից: Դա էլ իմ թերությունն է:
Ձեր կարծիքով՝ որո՞նք են մեդիայի այսօրվա միտումներն ու հեռանկարները:
Ամեն ինչ գնում է դեպի սմարթֆոններ: Ամեն ինչ ի վերջո տեղափոխվելու է այս փոքրիկ շարժական սարքերի՝ սմարթֆոնների եւ թաբլեթների վրա: Եվ այս ամենն ի վերջո
«Լրագրողը նա է, ով ամենաօգտակար տեղեկությունն է հաղորդում իր կողքինին, իր թաղամասի, քաղաքի կամ երկրի բնակիչներին» |
մարդն իր հետ կրելու է: Եվ որքան ինտերնետային կապն արագանա, որքան սարքերը խելոքանան, այնքան ավելի հեշտ կլինի:
Մենք հիմա ունենք մոբայլ հավելված, որը պարունակում է ռադիո, տեքստ եւ հեռուստատեսություն: Չի կարելի սահմանափակել լսարանի ընտրությունը միայն ձայնով, միայն տեքստով կամ միայն տեսաշարով: Պետք է նրան հնարավորություն տալ ընտրելու լուրը սպառելու իր նախընտրած ձեւը:
Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: